«Ինձ Բերման Ենթարկեցին Ոստիկանութիւն, Բերման Ենթարկողներն Էդպէս Էլ Չգտնուեցին Ու Էդպէս Էլ Առանց Արձանագրութիւն Կազմելու Դուրս Եկայ» Ասում Է Երեւանի Քաղաքապետարանի Մօտ Նստացոյցի Մասնակիցներից Դուինը
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Երեւանի քաղաքապետարանի մուտքի հարեւանութեամբ կանգնած ինքնաշարժի վրայ ամրացուած տիկնիկը` Շրեքը, կարծես, նայում է ոչ միայն քաղաքային իշխանութեան անցուդարձին, այլեւ քաղաքապետարանի առջեւ շարք կանգնած ոստիկաններին, ովքեր աչալրջօրէն հետեւում են նստացոյցի մասնակիցներին: Վերջիններիս արգելուած է ոչ միայն կանաչ տարածութիւնով քայլելը, այլեւ քաղաքապետարան տանող աստիճաններին նստելը:
Արդէն մէկ ամիս է` Երեւանի քաղաքապետարանի մուտքից փոքր-ինչ հեռու «Չենք վճարում 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնութեան գործիչները նստացոյց են կազմակերպել` պահանջելով Երեւանի քաղաքապետարանի փոխադրամիջոցների վարչութեան պետ Հենրիկ Նաւասարդեանի եւ «Երեւան-Թրանս» փակ բաժնետիրական ընկերութեան տնօրէն Միսաք Համբարձումեանի պաշտօնական հրաժարականները եւ համապատասխան պատասխանատուութեան ենթարկելը: Յիշեցնենք, որ դեռեւս մէկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել երթուղային թաքսիների ուղեվարձը 150 դրամ դարձնելու մասին` 100 դրամի փոխարէն:
Անժամկէտ նստացոյցի հիմնական մասնակիցներից Գոռ Առաքելեանը «Ազդակ»-ի հետ զրոյցում անդրադառնալով մէկ ամսուայ ընթացքում արձանագրուած տեղաշարժին կամ զարգացումներին` ասաց, որ ինքը նկատում է զարգացումներ, ինչը կարող է նկատելի չլինել շատերի համար: Գոռի խօսքով` ինքն օրուգիշեր գտնւում է նստացոյցի վայրում, եւ գուցէ դա է պատճառը, որ իր համար նկատելի են տեղաշարժերը: Նստացոյցի մասնակիցի ասելով` այս օրերին քաղաքապետի եւ նշուած երկու անձանց կողմից մուտք չի եղել քաղաքապետարան: Նա միայն մատնանշեց մի դէպք, երբ քաղաքապետը շէնքի գլխաւոր մուտքից էր դուրս եկել` միանալով բակում գտնուող այն փոխադրակառքերին, որոնք պէտք է տեղաշարժուէին զօրամասեր: Քաղաքապետի եւ նշեալ պաշտօնեաների հետ որեւէ բաց բանակցութեան առաջարկ չի եղել: Իսկ նստացոյցի մասնակիցները պնդում են, որ հնարաւոր բանակցութիւնը պէտք է լինի բաց, որպէսզի հասարակութիւնը եւս հնարաւորութիւն ունենայ մասնակցել դրան:
Գոռի նկատառմամբ` այս մէկ ամսուայ ընթացքում փոխուել է ոստիկանների վերաբերմունքը: Ըստ նրա` եթէ նախկինում ոստիկաններն, այսպէս ասած` «սահմանադրօրէն» էին առաջնորդւում, ապա հիմա աւելի կտրուկ, ուժային գործողութիւնների են դիմում: «Մի պահ եկաւ, որ մեր եւ ոստիկանների փոխյարաբերութիւններից, ժողովրդի լեզուով ասած` «սահմանադրութեան» հոտ էր գալիս, այսինքն` յստակ կանոնակարգուած իրավիճակ էր մի քանի օր շարունակ, այսինքն` ոստիկաններն իրենց գործողութիւններով մեր գործողութիւններին բացարձակ չէին խոչընդոտում, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինչ-ինչ անձանց, չեմ կարող թուարկել անունները, այս «սահմանադրական» հոտը դուր չեկաւ, դուր չեկաւ, որ ոստիկան եւ քաղաքացի յարաբերութիւնը գնում է դէպի օրէնքով սահմանուած դաշտ: Վերջին մի քանի օրերի ընթացքում պարբերաբար օրինախախտումներ են նկատում ոստիկանութեան կողմից, այսինքն` մարդկանց անհիմն բերման են ենթարկում բաժանմունք», «Ազդակ»-ի հետ զրոյցում ասաց Գոռ Առաքելեանը: Նրա խօսքով` անժամկէտ նստացոյցի հիմնական մասնակիցները երեքն են` ինքը, Վահագն Մինասեանը եւ Սուրէն Սահակեանը:
Նստացոյցի մասնակիցներից Դուին Իսանեանի խօսքով` շաբաթ երեկոյեան իրեն բերման էին ենթարկել ոստիկանութիւն, սակայն ինքը մինչ օրս էլ չի հասկանում, թէ ինչու՞ իրեն բերման ենթարկեցին: Բացի Դուինից, նոյն օրը, նոյն ժամին եւս 15 հոգու բերման էին ենթարկել ոստիկանութիւն: Հարցին, թէ ոստիկանութիւնում իրենց հարցաքննե՞լ են կամ որեւէ արձանագրութիւն կազմուե՞լ է, Դ. Իսանեանը պատասխանեց. «Ինձ բերման ենթարկեցին ոստիկանութիւն, բերման ենթարկողներն էդպէս էլ չգտնուեցին ու էդպէս էլ առանց արձանագրութիւն կազմելու դուրս եկայ, որովհետեւ երեք ժամը լրացաւ»:
Դուինի հետ զրոյցից յետոյ Գոռը յաւելեց, որ նստացոյցը բողոքն արտայայտելու միակ գործիքը չէ, եթէ այն դադարի գործել, ապա իրենք կը կիրառեն բողոքն արտայայտելու այլ գործիք: Գոռը նաեւ պատմեց, որ շաբաթ գիշերը «Արարատ» հիւրանոցի յարակից տարածքում նստացոյցի գործիչներից երկու հոգու ծեծի են ենթարկել անյայտ անձինք, ովքեր դեռեւս որոնման մէջ են: Այդ մասին հաղորդում է ներկայացուել ոստիկանութիւն: Գոռի խօսքով` ծեծի ենթարկուած տղաները կոտրուածքներ են ստացել: «Յստակօրէն այդ անձինք, ովքեր յայտնուել էին եւ յանկարծակի ծեծի էին ենթարկել տղաներին, մէջբերում եմ նրանց խօսքերը. նրանք, նախ փորձել են ճշդել, թէ տղաները ցոյցի մասնակիցների՞ց են, թէ՞ ոչ, եւ իրենց հարցը տալուց յետոյ հետեւեալ արտայայտութիւնն էին արել. «Մեր հայրերի դէմ էք դուրս եկել, արա՛» եւ նմանատիպ արտայայտութիւններով ծեծի էին ենթարկել մօտ 10 անյայտ անձինք: Նրանք նաեւ յափշտակութիւն էին արել` տղաներից մէկի հեռախօսը եւ անձնագիրը չկայ, ենթադրւում է, որ նոյն անձինք յափշտակել են դրանք»:
Անժամկէտ նստացոյց յայտարարած Սուրէն Սահակեանն էլ նշեց, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ: Նրա ասելով` այս օրերին ոստիկանների միջոցով փորձում են սահմանափակել իրենց խօսքի ազատութեան իրաւունքը: Սուրէնին մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանութիւն, ըստ նրա` մի անգամ հովանոց տեղադրելու, միւս անգամ` աստիճաններին բարձրանալու պատճառաբանութեամբ: «Ոստիկանութիւնը բացարձակ որեւէ հիմք չի ներկայացրել բերման ենթարկելու համար, իսկ ոստիկանութեան բաժանմունքում արձանագրութիւն է կազմուել, որը ո՛չ կարդացել ենք, ո՛չ էլ ստորագրել ենք: Չգիտեմ` ի՞նչ են գրել», ասաց Սուրէնը` նշելով, որ ինքը հիասթափութիւն է ապրում ոստիկանութեան կեցուածքից, որն ամէն օր բարի համբաւը նուազեցնում է, իսկ պայքարելու հարցում իրենք լցուած են վճռականութեամբ:
Երեւան-Պէյրութ