Մայրամուտ, Որը Պէտք Է Կասեցնել (Մաս VI)

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Այս յօդուածների շարքին վերաբերող մեկնաբանութիւններում պարզորոշ երեւում է հետեւեալ հարցը. «Լաւ, հասկացանք, համաձայն ենք վերլուծութեան հետ, իսկ ՀԻՄԱ ի՞նչ անենք». Այդ հարցի պատասխանին մօտենալու համար նախ եւ առաջ պէտք է հասկանալ` իսկ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել: Եւ ո՞ւմ վրայ յոյս դնենք, ումի՞ց պահանջենք: Ուզո՞ւմ էք իմանալ: Դէ, գնացինք:

Ընտրանիի Մասին

Դուք երեւի լսել էք Նափոլէոն Պոնափարթի արտայայտութիւնը. «Այն ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպուած կը լինի կերակրել ուրիշինը»: Գրեթէ նոյն բանը կարելի է ասել ընտրանիի մասին: Կարելի է նոյնիսկ վերափոխել. «Այն ժողովուրդը, որը ունակ չէ ստեղծել սեփական ընտրանի, անխուսափելիօրէն կը դառնայ օտար ընտրանիի ստրուկ»: Կարելի է նաեւ այլ կերպ ասել. «Այն ընտրանին, որը ընդունակ չէ ապահովել իր ժողովրդի մրցունակութիւնը եւ կենսունակութիւնը, դատապարտուած է, որպէսզի այն ենթարկուի ստորացման եւ արհամարհանքի»:

«Ընտրանի» հասկացութիւնը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ոչ մէկը չի վիճարկում գլխաւորը. ընտրանին է իր մէջ կենտրոնացնում փորձը, բանականութիւնը, գիտելիքները, հոգեւոր արժէքները եւ ժողովրդի յիշողութիւնը: Տարբեր դարաշրջաններում եւ տարբեր հասարակութիւններում ընտրանիական խմբերի ձեւաւորումը կարող է հիմնուել ծագման, իշխողների քմահաճոյքի, հարստութեան, անձնական վաստակի վրայ եւ այլն: Սակայն շատ ընկերաբաններ ընդգծում են, իմ կարծիքով, գլխաւոր անհրաժեշտ յատկանիշը – ընտրանիի իսկութիւնը: Անկախ ընտրանիական խմբի ծագումից, նրա իսկութիւնը որոշւում է շատ չափանիշների պրիսմակով, որոնցից գլխաւորը, անկասկած, հետեւեալն է. ընտրանին հասարակութեան կամ նրա մասի այն շերտն է, որը տուեալ հասարակութեանը բնորոշ կարեւորագոյն արժէքների կրողն է: Իսկ այդ հասարակութիւնն իր հերթին ընդունում է ընտրանիի անհերքելի գերակայութիւնը եւ ձեռնհասութիւնը այս կամ այն ոլորտում` քաղաքական, մշակութային, տնտեսական, ընկերային եւ այլն:

Ինչո՞ւ է ընդունում: Միայն այն պատճառով, որ պարզ տեսնում է` բոլոր այն որակները, որոնք բնորոշ ենք այդ ընկերային խմբին եւ որոնցով տարբերւում է իսկական ընտրանին, ծառայում են այդ հասարակութեանը առաւելագոյն օգուտ բերելուն` նուազագոյն կորուստներով: Հայ հասարակութիւնում լրագրողների եւ գովազդային գործակալների «թեթեւ ձեռքով» «ընտրանի» բառը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել: Առաջ են եկել «էլիտար» տներ, կանացի միջադիրներ, ինքնաշարժներ, կահոյք, զուգարանակոնքեր, հանգստեան տներ, սալիկներ եւ այլն: Իսկ «ընտրանի» սկսել են անուանել միմիայն իշխանութեան ներկայացուցիչներին` նախարարներին, պատգամաւորներին, սակաւապետներին, դատախազերին, զօրավարներին, որոնց համար էլ, ըստ երեւոյթին նախատեսուած են այդ տները, մեքենաները, զուգարանակոնքերը եւ այլն:

Իրականում ընտրանին բոլորովին պարտադիր չէ, որ իշխանութիւն լինի: Իսկ մեզ մօտ ընտրանիի դերում յայտնուել են նրանք, ովքեր եկել են փոխարինելու խորհրդային նոմենկլատուրան, այսինքն` նախկին խորհրդային կոմսոմոլ-գործիչները, բեռնատար մեքենաների վարորդները, պուֆեթապանները, թերուս ֆիզիքները, սովխոզի նախագահները, ցեխի պետերը, ճարպիկները եւ նախկին խոհանոցային շատախօսները, իսկ հիմա արդէն նաեւ նրանց երեխաները: Մի խօսքով` բարձրագոյն, բայց ոչ միջնակարգ կրթութիւն ունեցող զանգուած: Հէնց դա է այն անփոփոխ իշխանութեան հիմքը, որն արդէն երկու տասնամեակ է տարբեր ցուցանակների ներքոյ մնում է մեր քաղաքական բեմում: Նրա շուրջ եւ նրա ներքոյ ձեւաւորուել է օժանդակ մի շերտ, որը բաղկացած է պիզնըս-հանրութեան ներկայացուցիչներից, քաղաքագէտ-«փորձագէտներից», բարձրաստիճան պաշտօնեաներից, շոումեններից, իշխող կուսակցութեան միջին օղակի ղեկավարներից, զանգուածային լրատուամիջոցների սեփականատէրերից, էսթրատայի եւ պաստառի ինքնակոչ «աստղերից» եւ, ցաւօք, նոյնիսկ որոշ հոգեւորականներից:

Իսկական գիտնականները, բանաստեղծները, երաժիշտները եւ նկարիչները պահանջուած չեն ընտրանիի հայկական մոտելում: Նրանց փոխարէն օժանդակ էշելոնում են յայտնուել կեղծ գիտութեան եւ ռապիս մշակոյթի ճարպիկ ներկայացուցիչները: Այդ ամբողջ խառնուրդը որոշ ընկերաբաններ առանձնացնում են որպէս հասարակութեան առանձին շերտ, անուանելով այն, կեղծ ընտրանի: Այն կրում է ընտրանիի միայն արտաքին որակները. նրա ներկայացուցիչների արժէքները դուրս չեն գալիս սեփական շահերի շրջանակից: Եթէ իսկական ընտրանին ընդունակ է ճկուն փոխել աշխարհայեացքը` ինչպէս իր, այնպէս էլ ամբողջ սոցիումի, ելնելով վերջինիս պահանջներից, սակայն չոտնահարելով նրա շահերը, ապա կեղծ ընտրանին խուսափում է ամէն նոր, անսպասելի բանից, ունակ չէ կողմնորոշուել անսովոր իրադրութիւնում, սակայն միեւնոյն ժամանակ կարող է հեշտութեամբ կուլ տալ փայլփլուն խայծը` չնկատելով վտանգը: Ընտրանին պատրաստակամ իր վրայ է վերցնում հայրենիքի համար պատասխանատուութիւնը: Կեղծ ընտրանին սիրով իր ձեռքն է վերցնում իշխանութիւնը եւ դրա հետ կապուած արտօնութիւնները, սակայն ոչ մի դէպքում` պատասխանատուութիւնը: Եթէ իրական ընտրանին իր առաքելութիւնը տեսնում է յանուն հասարակութեան շահերի ստեղծագործ աշխատանքի մէջ, ապա կեղծ ընտրանին ձգտում է հասարակութեան հանդէպ լիարժէք գերակայութեան, ճնշման: Այդ պատճառով էլ իրական ընտրանին ծառայում է հասարակութեանը, իսկ կեղծը ստիպում է հասարակութեանը, ծառայել իրեն: Արդիւնքում իրական ընտրանին իր ընկերային որակներով, առաջին հերթին` ազգային շահերին նուիրուած եւ ինքն իր հանդէպ պահանջկոտ լինելով, արժանանում է յարգանքի, իսկ կեղծ ընտրանին հասարակութեան վզին է փաթաթում իր հեղինակութիւնը ուժով եւ խորամանկութեամբ, գործի դնելով կեղծ հայրենասիրական հռետորաբանութիւն, արհեստական կարեւորութիւն եւ գերակայութեան արտաքին յատկանիշներ` շքեղ առանձնատներ, ինքնաշարժներ, հագուստ, հաստավիզ թիկնապահների բանակ, բարդ դիւանակալական ընթացակարգեր եւ այլն:

Իրական ընտրանիի` իր հանդէպ պահանջկոտ լինելը իրան իրաւունք է տալիս պահանջկոտ լինել ժողովրդի հանդէպ, իսկ կեղծ ընտրանին հասնում է նպատակին սուտ խոստումների միջոցով: Իսկական ընտրանին կարող է եւ իշխանութիւն չլինել, իսկ կեղծն առանց դրա գոյութիւն ունենալ չի կարող: Եւ ամենակարեւորը` իրական ընտրանիի ներկայացուցիչները կարողանում են զիջել եւ մի կողմ քաշուել, իսկ կեղծ ընտրանին կը պնդի իրենն ամէն գնով: Դրա համար էլ իրական ընտրանին ունակ է երազել եւ, ի տարբերութիւն կեղծ ընտրանիի, երբեք չի դառնում լոկ գործնապաշտութեան գերի…

Այժմ համեմատենք նշուած բնութագրերը մեզ շրջապատող իրականութեան հետ: Կարծում եմ` տեսնում ենք բաւականին ճշգրիտ արտացոլում այն բաների, ինչ ունենք եւ ինչ չունենք: Մենք չունենք իրական ընտրանի: Ինչու չունենք` դա առանձին եւ շատ բարդ հարց է. մենք դրան մէկ այլ յօդուած կը նուիրենք: Այն, ինչ մենք ունենք, կեղծ ընտրանիի իշխանութիւն է: Եկէք դիտարկենք, թէ ինչպէս է դա անդրադառնում մեր հասարակութեան քաղաքական, ընկերային, տնտեսական եւ մշակութային կեանքի վրայ: Ընթերցողին, անկասկած, յայտնի է «ոսկէ միլիառ» հասկացութիւնը: Մանրամասն չեմ խորանայ այդ հասկացողութեան ակունքների եւ հիմնաւորման մէջ, որոնց հիմք են առնում Մալթուսի տեսութիւնից: Պարզ բացատրենք. աշխարհի պաշարները սահմանափակ են եւ կարող են ապահովել միայն մէկ միլիառ մարդու արժանավայել գոյատեւումը: Այդ «ոսկէ միլիառը» կամ թէկուզ մէկուկէս միլիառը կազմում են զարգացած եւրոպական, հիւսիսամերիկեան եւ մի քանի այլ երկրների բնակչութիւնները: Մնացածին, ըստ այդ տեսլականի, սպասւում է ընդմիշտ հազիւ գոյատեւող գաւառի դեր` էժան աշխատուժով, հումքով եւ երբեմն զբօսաշրջական հրաշալիքներով: Ընդ որում` «ոսկէ միլիառի» խումբը ամենեւին փակ խումբ չէ. նրա ներքին ժողովրդագրական խնդիրները տէրերին ստիպում են դուռը կիսաբաց պահել: Մուտքն ի հարկէ ազատ չէ, ներս են թողնում ընտրովի: Օրինակ, հաճոյքով ներս են թողնում երիտասարդ, տաղանդաւոր ծրագրաւորողների, բժիշկների կամ տնտեսագէտների` Հնդկաստանից, Փաքիստանից, Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից: Այդ երեւոյթն ընդունուած է անուանել «ուղեղների արտահոսք»: Հարուստ կարողական ներդրողներին նոյնպէս չեն մերժում, նոյնիսկ քրէական անցեալ ունեցողներին:

Շատ աւելի հազուադէպ, ելնելով քաղաքական շահերից եւ սեփական անվտանգութեան նկատառումներից, ներս են թողնում ամբողջ երկրներ եւ տարածաշրջաններ (Արեւելեան Եւրոպան, օրինակ), որոնց օգտագործում են վտանգաւոր հարեւաններից պաշտպանուելու համար: Սակայն ընդհանուր առմամբ, այնուամենայնիւ, ցուցաբերում են անհատական մօտեցում: Այդ պայմաններում հայկական կեղծ ընտրանին անում է ամէն ինչ` իր համար դէպի այդ յարգի ակումբ մուտք ապահովելու համար, իսկ հայրենիքում մնացողների եւ աղքատութեան պատճառով աշխարհով մէկ սփռուածների ճակատագիրը կեղծ ընտրանիին ամենեւին չի հետաքրքրում:

Դա այն դէպքում, երբ իրական ընտրանիները այն երկրներում, որտեղ նրանք գոյութիւն ունեն, պայքարում են այն բանի համար, որպէսզի «ոսկէ միլիառի» մաս դառնան ոչ թէ իրենց առանձին հայրենակիցներ, այլ հասարակութիւնն ամբողջութեամբ: (Այդպէս է, ի դէպ, վարւում Թուրքիայի ղեկավարութիւնը, որը նախանձելի յամառութեամբ ձգտում է դէպի Եւրոպական միութիւն): Հայաստանում դեռեւս վերջնական չեն կողմնորոշուել եւրոպական համարկումի հարցում. ամէն դէպքում, ոչ յայտարարողական, իրական քայլեր չեն երեւում: «Իրական քայլեր» ասելով` ես հասկանում եմ ոչ թէ բանակցութիւնները, այլ երկրի ներսում համապատասխան փոփոխութիւններ, որոնց սպասում է ողջ հայ ազգը` ինչպէս հայրենիքում, այնպէս էլ դրսում:

Ի հարկէ, յետճարտարարուեստական զարգացումները կարող են «ոսկէ միլիառ»-ի տեսութիւնը ուղարկել արխիւ, սակայն այստեղ գլխաւորը հասկանալն է հասարակութեան վերնախաւի վերաբերմունքը այս խնդրին: Պատասխանատուութեան զգացողութեան իսպառ բացակայութիւնը մեր կեղծ ընտրանիի մօտ լաւ երեւում է մի զարմանալի օրինակի վրայ, մինչ օրս գրեթէ ոչ մի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան չի բարեհաճել հայրենիք վերադառնալ ծառայութեան աւարտից յետոյ: Եթէ ինչ-որ մէկը կարծում է, որ դա այնքան էլ կարեւոր չէ, եւ որ նման բանը կարող է աննկատ մնալ Ռուսաստանի կամ միւս երկրների դիւանագիտական շրջանակներում եւ չթողնել ամօթի դրոշմ երկրի քաղաքական վարկանիշի վրայ, նա խիստ սխալւում է: Իսկ մեր կեղծ ընտրանիի պէտքն էլ չէ: Կարելի է բերել եւ ուրիշ օրինակներ, այլ երկրների հետ կապուած, բայց ինչի՞ համար: Չէ՞ որ խնդիրը չվերադարձած քաղաքացիական ծառայողներին չի վերաբերւում (նրանց կարելի է հասկանալ. արտասահմանում յարմարաւէտ ապրուստից յետոյ հայրենի անօրինականութիւնները այդքան էլ գրաւիչ չեն): Խնդիրը վերաբերում է այն եզրակացութիւններին, որոնք արել է (կամ չի արել) իշխանութիւնը: Սա սեփական հասարակութեանը անհաշուելի վնաս հասցնող կեղծ ընտրանիի վարքի ընդամէնը մի օրինակ է: Միւս յօդուածում մենք կը դիտարկենք, թէ ինչպէս է արձագանգում հայկական կեղծ ընտրանին կարեւորագոյն խնդիրներին, որոնք նրա առջեւ են դնում ժամանակը եւ հասարակութիւնը:

 

yerkir.am

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )