Ռուսաստանի Ճնշման Տակ. Հայաստանը Կանգնեց Պարտադրուած Ընտրութեան Առաջ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Քանի դեռ Հայաստանը իր չորս հարեւաններից երկուսի` Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ չունի բնականոն յարաբերութիւններ եւ բաց սահմաններ, անհնար է պատկերացնել անգամ, որ պաշտօնական Երեւանը կը կարողանայ արտաքին քաղաքականութեան հարցում վարել չէզոք, հաւասարակշռուած արտաքին քաղաքականութիւն: Քանի դեռ Ազրպէյճանը սպառնում է նոր պատերազմով, իսկ Թուրքիան Հայաստանին տնտեսապէս ծնկի բերելու նպատակով շարունակում է շրջափակման իր թշնամական քաղաքականութիւնը, Հայաստանը այլ ընտրութիւն չի ունենալու, քան` ապաւինել երրորդ ուժին, այսինքն` Ռուսաստանին: Քան` դեռ վերջնականապէս չի կարգաւորուել ղարաբաղեան հակամարտութիւնը, իսկ Թուրքիան անվերապահօրէն աջակցում է Ազրպէյճանին, Հայաստանին այլ ճանապարհ չի մնում, քան` փարուել Ռուսաստանին:
Հայաստանը 1991-ի անկախութիւնից ի վեր յայտարարել է, որ խորացնելու է յարաբերութիւնները համաշխարհային ուժային հիմնական կենտրոնների` Ռուսաստանի, Եւրոպական Միութեան եւ Միացեալ Նահանգների հետ: Պէտք է ընդունել, որ, այո, Հայաստանին դա մասամբ յաջողուել է, սակայն միշտ էլ ռուսական ռազմական, տնտեսական, քաղաքական ու մշակութային ազդեցութիւնը Հայաստանում եղել է ակներեւ:
Այսօր հայաստանեան մամուլը հեղեղուած է Սերժ Սարգսեանի հասցէին քննադատական յօդուածներով: Սեպտեմբերի 3-ին Սարգսեանը Մոսկուայում համաձայնութիւն տուեց, որ Հայաստանը միանայ Մաքսային միութեանը: Այս միութեան ստեղծման հետեւում կանգնած է Ռուսաստանը, իսկ ջատագովը անձամբ նախագահ Վլատիմիր Փութինն է: Միութեանը մաս են կազմում Ռուսաստանը, Պիելոռուսիան ու Ղազախստանը: Ակնյայտ է, որ Սարգսեանի վրայ մեծ ճնշումներ եղան Փութինի կողմից, որքան էլ Հայաստանի իշխանութիւնները յայտարարեն, թէ Հայաստանի շահերից է բխում այդ միութեանը միանալը: Գուցէ, իրաւամբ, Հայաստանի համար աւելի նպաստաւոր է մաս կազմել Մաքսային միութեանը, բայց գրեթէ որեւէ մէկի համար կասկած չկայ, որ Ռուսաստանը պարտադրեց Հայաստանին, Փութինը պարտադրեց Սարգսեանին:
Այսօր հայաստանեան լրատուամիջոցները միտումնաւոր կամ պարզ չիմացութեան պատճառով գրում են, թէ Սարգսեանը իր վերջին քայլով Հայաստանի ինքնիշխանութիւնը զիջեց Ռուսաստանին:
Անկասկած, Մաքսային միութեանը միանալու դէպքում Հայաստանը է՛լ աւելի է կորցնում իր ինքնիշխանութիւնը, իսկ Ռուսաստանի ազդեցութիւնը աւելի է ամրապնդւում Հայաստանում: Սերժ Սարգսեանը կարող էր աւելի արժանապատիւ կերպով Հայաստանը տանել դէպի Մաքսային միութիւն: Նրան թւում էր, թէ հնարաւոր է երկու աթոռի վրայ նստել: Նրան թւում էր, թէ հնարաւոր է միաժամանակ շարժուել երկու հակառակ ուղղութիւններով` դէպի Ռուսաստան եւ դէպի Եւրոպա: Նա եւ նրա արտաքին քաղաքական խումբը սխալուեցին, որի պատճառով Հայաստանը անվստահելի գործընկերոջ դիմագիծ ձեռք բերեց եւբ Ռուսաստանում, եւբ Եւրոպայում: Փաստօրէն, չորս տարի Հայաստանը Եւրոպական Միութեան հետ նախապատրաստում էր Միաւորման պայմանագիրը, որի նախաստորագրումը սպասւում էր Վիլնիւսում այս տարուայ նոյեմբերի վերջին: Եթէ չէինք ստորագրելու այդ պայմանագիրը, եթէ ստորագրելու էինք Մաքսային միութիւն մտնելու փաստաթղթերը, ապա ինչո՞ւ էինք չորս տարի բանակցում եւրոպացիների հետ: Այդ չորս տարիների ընթացքում Հայաստանը արժանանում էր Ռուսաստանի եւ անձամբ Փութինի ոչ բարեացկամ վերաբերմունքին: Աւելի արդարացի կը լինէր եւրոպացիներին ասել, որ Հայաստանը գնում է դէպի Մաքսային միութիւն: Եւրոպացիները այդ դէպքում մեզ աւելի կը յարգէին, իսկ Ռուսաստանը գուցէ այդքան չբարձրացնէր Հայաստանին մատակարարուող բնական կազի գինը, գուցէ այդպիսի ծաւալներով չզինէր Ազրպէյճանին:
Ահա առաջին հերթին դիւանագիտական այս սխալների համար պիտի քննադատել Սարգսեանին: Բայց արդարացի չէ, երբ Հայաստանը Ռուսաստանից կախման մէջ դնելու հարցում քննադատութեան բոլոր սլաքներն ուղղւում են դէպի Սարգսեանը:
Երբ 1991-ի դեկտեմբերին ընդամէնը երեք ամսուայ անկախութեան պատմութիւն ունեցող Հայաստանը Ղազախստանի այն ժամանակուայ մայրաքաղաք Ալմաթիում միացաւ Անկախ պետութիւների համագործակցութեանը (ԱՊՀ), հանրապետութիւնում գրեթէ ոչ ոք չընդվզեց այդ որոշման դէմ: Ոչ ոք չմեղադրեց այն ժամանակ Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին: ԱՊՀ-ի ողնաշարը եւ շարժիչ ուժը Ռուսաստանն էր եւ է, չլինի այդ կառոյցում Ռուսաստանը, չի լինի եւ ԱՊՏ-ն:
Երբ ամիսներ անց` 1992-ի մայիսին, Ուզպեքստանի մայրաքաղաք Թաշքենտում Հայաստանը միացաւ հաւաքական անվտանգութեան պայմանագրին (ՀԱՊ), հանրապետութիւնում գրեթէ ոչ ոք կասկածի տակ չդրեց նախկին խորհրդային երկրներից կազմուած ռազմական այդ կազմակերպութեանը միանալու քայլի նպատակայարմարութիւնը: ՀԱՊ-ը, որի ողնաշարն ու շարժիչ ուժը Ռուսաստանն է, հետագայում վերանուանուեց Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն (ՀԱՊԿ):
Նոյն տարուայ` 1992-ի օգոստոսին Տէր պետրոսեանը համաձայնութիւն տուեց, որպէսզի Հայաստանում տեղակայուած խորհրդային եօթերորդ բանակի հենքով Գիւմրիում ձեւաւորուի ռուսական 102-րդ ռազմակայանը: Այդ ժամանակ էլ ընդվզում չեղաւ: Աւելի՛ն. հայաստանցիներն ուրախ էին` չէ՞ որ ռուս զինուորը հայոց հողն ու հայ մարդուն պիտի պաշտպանի արիւնառուշտ թուրքից:
Ապա Տէր Պետրոսեանը համաձայնուեց, որպէսզի հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանը պաշտպանեն ռուս սահմանապահները: Դրա դէմ էլ ընդվզում չեղաւ: Աւելին, իսկ էլ ո՞ւմ պիտի թուրքից պաշտպանի հայկական սուրբ հողը: Ի հարկէ` ռուսը: Սա էր ընդհանուր տրամադրութիւնը:
Ես չեմ ուզում կասկածի տակ դնել Տէր-Պետրոսեանի դիւանագիտական ու քաղաքական հասունութիւնը: Տէր Պետրոսեանը կարողացել էր արժանանալ Պորիս Ելցինի բարեացկամութեանը, իսկ Վազգէն Սարգսեանը բարեկամական-ընկերական յարաբերութիւններ հաստատել Փաւել Կրաչովի հետ, որից մեծապէս օգտուեց Հայաստանը: Բայց փաստ է նաեւ, որ երբ դու միանում ես ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին, քո տարածքը 25 տարով (յետոյ այն Սերժ Սարգսեանը երկարաձգեց եւս 49 տարով) տրամադրում Ռուսաստանի ռազմակայանին, քո սահմանների պաշտպանութիւնը վստահում ռուս սահմանապահին, ապա դրանով սահմանափակում ես երկրիդ ինքիշխանութիւնն ու անկախութիւնը, անկախ որոշումներ կայացնելու հնարաւորութիւնները:
Ապա տասը տարիների ընթացքում Ռոպերտ Քոչարեանը Ռուսաստանին կամ ռուսական ընկերութիւններինշ յանձնեց Հայաստանի բազմաթիւ ռազմավարական նշանակութեան կառոյցներ: Նախագահ լինէր Քոչարեանը` ստորագրելու էր Մաքսային միութեանը միանալու պայմանագիրը: Նախագահ լինէր Տէր Պետրոսեանը` ստորագրելու էր այդ փաստաթուղթը:
Յատուկ «Ազդակ»-ի համար