Մուսա Լերան Հերոսամարտի 100-Ամեակի Սեմին. Տարիներ Անց
1946-47 հայրենադարձութեան օրերուն արդէն իսկ Այնճար հայաւանին մէջ հաստատուած մուսալեռցիներուն շուրջ կէսը մեկնեցաւ հայրենիք: Հակառակ անոր որ մուսալեռցիները հայրենիքի մէջ ենթարկուեցան հալածանքներու, եւ անոնցմէ շատեր քշուեցան նաեւ Սիպիր, այնուամենայնիւ անոնք տոկացին, ծնունդ տուին սերունդներու, որոնցմէ շատեր եղան բժիշկներ, գիտնականներ, բանասէրներ, լեզուաբաններ եւ այլն: Իսկ ուրիշներ, յանուն ազգային գոյատեւման, լծուեցան նաեւ ազգային հայրենասիրական գործունէութեան, յաճախ` գաղտնի եւ վտանգաւոր պայմաններու տակ:
Մուսա Լերան հերոսամարտի 98-րդ տարեդարձին առիթով ստորեւ կու տանք վկայութիւն մը, որուն հեղինակը` Մացակ Այնթապլեան, եղած է 1965-ի Եղեռնի 50-ամեակին առիթով «օփերայի դէպքեր»-ուն կազմակերպիչներէն մէկը` գործակցելով յայտնի այլախոհ փրոֆ. Լեւոն Ներսիսեանի հետ: Վկայութիւնը, ինչպէս պիտի նշմարէ ընթերցողը, անոր հօրեղբօր` Պետրոս Այնթապլեանին մասին է, որ հակառակ ներգաղթի օրերուն երդուեալ համայնավար, հայրենիք մեկնելէ ետք, շատերու նման, յուսախաբ կ՛ըլլայ, կը տանի հակախորհրդային ընդյատակեայ աշխատանք, եւ բնականաբար նաեւ կը հալածուի:
Ծանօթ.- Սոյն վկայութիւնը կ՛արտատպենք «Բագին»-ի 50-ամեակին նուիրուած թիւէն, սակայն տրուած ըլլալով, որ հոն թիւրիմացաբար հատուած մը վրիպած է խմբագրութեան ուշադրութենէն, կը վերականգնենք եւ ապա կը հրատարակենք:
Սեպտեմբերեան մի գեղեցիկ օր բջջային հեռախօսիս վրայ մի զանգ է հնչում, վերցնում եմ, եւ ի՞նչ, մի ծանօթ ձայն, որ երկար տարիներ էր անցել` չէի լսել: Հեռաձայնողը առաջարկեց հանդիպել, սիրով ընդունեցի հրաւէրը եւ գնացի: Մենք հանդիպեցինք, ողջագուրուեցինք, անցանք մօտակայ սրճարանը եւ տեղաւորուեցինք յարմարաւէտ բազկաթոռների մէջ: Եւ անմիջապէս մեզ մօտեցաւ մատուցողը: Պատուիրեցինք երկու սուրճ, որ մի քիչ հանդարտուենք:
Հանդիպումը ինձ համար շատ անակնկալ էր անշուշտ, բայց միեւնոյն ժամանակ` շատ հաճելի, որովհետեւ հրաւիրողը իմ հայրենակից Մովսէս Հերկելեանն էր: Մինչ մենք կ՛անցնէինք մեր հանդիպման բուն նիւթին, ես մտովի գնացի այն տարիները, այնքա՜ն հետաքրքրական եւ անմոռաց յիշատակների պահերը, յատկապէս ուսանողական տարիներին: Բնականաբար խօսքս մեր նիւթին հետ շատ անմիջական կապ ունի: Կապ ունի այնքանով, որքանով մեր թեմայի համար աղբիւր հանդիսացող կապն է, եւ այստեղ է, որ պիտի ասեմ խօսքս Մովսէս Հերկելեանի մասին:
Մեր մտերմիկ զրոյցը գնալով հետաքրքրութիւնս աւելի բարձրացրեց, երբ Մովսէսը ասաց, որ «Բագին» գրական հանդէսի յիսնամեակի կապակցութեամբ ուզում է, որ ես գրեմ իմ շատ սիրելի լուսահոգի հօրեղբօրս` Պետրոս Այնթապեանի մասին: Ինչ խօսք` առաջարկը իր կողմից ինձ համար մեծ պատիւ էր: Դրանով անշուշտ ուզում էր նաեւ իր երախտագիտութիւնը յայտնել հօրեղբօրս, քանի որ երկար ժամանակ մտերիմ լինելով, լաւ ճանաչելով` քաջատեղեակ էր իր բնաւորութեանը, միշտ ասում էր, թէ այս փոքրամարմին մարդու մէջ որքան թաքնուած գանձեր կան, գանձեր, որոնք շատուշատ օգտակար կարող են լինել իւրաքանչիւր մարդու համար, առաւելապէս` ուսանողի համար:
Հօրեղբայրս բնաւորութեամբ բարդ մարդ էր, բայց երբ կարողանում էիր ընտելանալ եւ հասկանալ, սկսում էիր կապուել եւ ուշադիր լսել: Լինելով շատ գրքասէր, ծանօթ էր եւրոպական գրականութեանը, հայ գրականութեանը եւ պատմութեանը, կարող էր պատասխանել իւրաքանչիւր հարցի, տալ դրանց մանրակրկիտ պատասխանները եւ մեկնաբանել:
1946 թուականին, ներգաղթի ժամանակ, հօրեղբայրս ոգեւորուած լինելով համայնավար գաղափարախօսութեամբ, մեծ ազդեցութիւն է ունեցել իր հարազատների եւ շրջապատի վրայ հայրենիք մեկնելու գործում: Միշտ եղել է արդարամիտ եւ սկզբունքային մարդ: Իր կենսագրական մանրամասնութիւններին շատ տեղեակ չեմ, բայց գիտեմ, որ իմ պապիս` Թովմաս Այնթապեանի առաջին կնոջից է, եւ կրթութիւն է ստացել Կիպրոսում, Մելգոնեան հաստատութիւնում, ամուրի էր, ընտանիք չէր կազմել, գուցէ դա էլ իր ճակատագիրն էր: Ինքը եղաւ ինձ համար ծնող եւ կեանքի լաւագոյն ուսուցիչ, ոչ միայն իմ, այլ նաեւ` շատերի: Սկզբնական շրջանում բազմաթիւ առաջարկութիւններ է ստանում որեւէ բուհում դասաւանդելու, բայց չգիտես ինչու` մերժել է: Գուցէ դրա պատճառը իր բնաւորութեան գիծն է եղել, չգիտեմ` ինչն է:
Այդ ծանր ու դժուար տարիներին, մի կողմից մարդկանց հիասթափութիւնը, որի պատկերացումները չունէին, որը անշուշտ իր հոգեբանական ազդեցութիւնը ունեցաւ, այդ թւում նաեւ հօրեղբօրս պատկերացումների` համայնավար գաղափարախօսութեան նկատմամբ:
Ես ծնուել եմ 1946 թուականին, Լիբանանի Այնճար գիւղում: Դեռ ինը ամիսը չբոլորած` շատերի հետ ներգաղթում ենք Խորհրդային Հայաստան: Սկզբում մեր ընտանիքը հաստատւում է Նոյեմբերեանի Բաղանիս գիւղում, որտեղ էլ ծնւում է իմ միջնեկ քոյրիկս: Շատ երկար չենք ապրում այնտեղ, ընտանիքս տեղափոխւում է Տաւուշի Այգեհովիտ գիւղը, որտեղ էլ կային մի քանի մուսալեռցի ընտանիքներ: Սկսեցի յաճախել գիւղի դպրոցը, որ բաւականին հեռու էր մեր տնից: Սովորեցի այդ դպրոցում մինչեւ 9-րդ դասարանը: Մօրս առողջական վիճակի պատճառով մենք ստիպուած եղանք գալ Երեւան: Ընտանիքիս ծանր վիճակը ինձ ստիպեց, որ ես պէտք է աշխատէի եւ ուսումս շարունակէի երեկոյեան դպրոցում: Ի հարկէ այդ ամէնը շատ դժուար էր, ինչ խօսք` ընտանիքի հոգսը, ուսումս, մօրս առողջական վիճակը, որը գնալով վատանում էր:
Շատ չանցաւ` մայրս մահացաւ, հոգսերը աւելի շատացան, բայց կեանքը շարունակւում էր: Աւարտեցի դպրոցը եւ 1965 թուականին ընդունուեցի Երեւանի պետական համալսարանի բանասիրական, լեզուի եւ գրականութեան բաժինը: Հէնց այն ժամանակուանից էլ սկսուեց իմ եւ հօրեղբօրս կապը: Միշտ հետաքրքրւում էր իմ ուսանողական կեանքով, ընկերներով, խորհուրդ էր տալիս եւ օգնում էր բոլոր հարցերում: Մեր շփումները աւելի էին դառնում ջերմ, յատկապէս` ուսանողական հարցերում, որը ինձ շատ օգնեց դիմակայելու եւ յաղթահարելու բոլոր հարցերը: Երբ ես առաջին անգամ ծանօթացրի իմ համալսարանական ընկերներին հօրեղբօրս հետ, բոլորն հիացած էին նրա բանիմացութեամբ: Ընկերներս յաճախ էին ցանկութիւն յայտնում հանդիպել եւ ուշադիր լսել հօրեղբօրս: Մեր զրոյցները վերաբերւում էին ազգային հարցերին, անշուշտ` մեր ուսմանը, խօսում եւ քննարկում էինք, լսում էինք իր թելադրանքները եւ մեկնաբանութիւնները: Չկար որեւէ բնագաւառ որից հարցեր էին առաջանում, նա յստակ եւ սպառիչ պատասխանում էր: Ընկերներս շատ գոհ էին եւ` հիացած: Զրոյցի թեմաները բազմազան էին` գրականութիւն, պատմութիւն, քաղաքականութիւն, ընտանեկան: Հօրեղբայրս լաւ ծանօթ լինելով արեւմտահայ մեծ գործիչներին` ծանօթացնում էր բոլոր այն գործերին, որոնց մասին չգիտէինք, որովհետեւ արգելուած էր այն ժամանակ: Այդ բացը ի հարկէ լրացնում էր ինքը` ներկայացնելով բոլոր երեսներով:
Այդ ժամանակ նկատելի էր քաղաքական կեանքում աշխուժութիւնը, երիտասարդների նախանձախնդիր պրպտումները դէպի մեր արմատները, ջանում էին աւելի մանրամասն ծանօթանալու մեր յեղափոխական գործիչների կեանքին ու գործունէութեանը:
Համախոհների թիւը բնականաբար գնալով մեծանում էր, քանի որ ժամանակի հրամայականն էր: Իմ եւ ընկերներիս կողմից հնարաւոր ամէն ինչ անում էինք, որ իրենք կարողանային օգտուել մեզ հասնող «աղբիւրներից», որը մեծ դեր խաղաց իրենց աշխարհաընկալման գործում: Դրական այսպիսի տեղաշարժերը տեսնելով` իմ հօրեղբայրս միշտ ասում էր, որ այս հրաշալի երիտասարդները կերտելու էին մեր վաղուայ փայլուն ապագան, միշտ լաւատես էր: Սրանց զուգահեռ, կար նաեւ մի գործընթաց (ոչ պակաս կարեւոր) մեր հոգեւոր կեանքին աւելի աշխուժօրէն մաս կազմելուն. պարզ է, որ հանրակրթական դպրոցներում, բուհերում աթէիստական գաղափարախօսութիւնն էր քարոզւում, աշխատում էին միշտ հեռու պահել մեզ եկեղեցուց, Աստծուց, բայց` ապարդիւն: Դարերով օտար զաւթիչներն էին աշխատել եւ այդ ուղղութեամբ չեն կարողացել: Ո՞ւր մնաց` «սրանք»:
Կային մարդիկ, որոնք քաջատեղեակ էին եւ գիտէին, թէ ինչպիսի դեր ու նշանակութիւն է ունեցել եկեղեցին մեր ժողովրդի գոյատեւման եւ մշակոյթի կեանքում, գիտէին նաեւ մեր հոգեւոր հայրերի սրբազան, ազգային գործունէութեան մասին:
Հետեւապէս նպատակայարմար եմ համարում շեշտելու, որ այդ ժամանակ շրջանառւում էր Աստուածաշունչը, մարդիկ կարդում էին եւ հաղորդակցւում Աստծու հետ:
Ճիշդ է եւ անժխտելի, որ մեր ժողովուրդն առաջինն է որպէս պետական կրօն ընդունել քրիստոնէութիւնը, բայց երբեւէ չի խանգարել, որ Աստուածաշունչը լինի իրենց ամէնօրեայ գիրքը:
Մի առիթով ինձ լաւագոյն անակնկալ մատուցեց Մովսէսը` նուիրելով ինձ Աստուածաշունչը, ուրախացայ եւ շնորհակալութիւն յայտնեցի: Հիւմորով հարցնելով իրեն` «չլինի Աստուածաշունչն էլ ես դու տարածում», կամաց ժպտաց, մնացեալը պարզ էր:
Այս ամէնը անշուշտ ունեցաւ իր դրական ազդեցութիւնը մեր հետագայ կեանքի վրայ, սրանց շնորհիւ էր, որ մեր հայրենասիրական, յեղափոխական պատկերացումները աւելի խորացան: Շնորհիւ հօրեղբօրս` մենք կարողացանք խորութեամբ ըմբռնել այն յեղափոխական դաշնակցական գաղափարները, որոնցով առաջնորդուել էին մեր մեծ նուիրեալները:
Այս ամէնը տեղի է ունենում այնպիսի մի ժամանակաշրջանում, որ ապրում էր հայ ժողովուրդը, յատկապէս` ուսանողութիւնը: Բոլորս մեծ խանդավառութեամբ պատրաստւում էինք նշելու մեր Մեծ եղեռնի 50-ամեակը: Եւ պատահական չէր նաեւ այն հանգամանքը, որ թարգմանուել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա Լերան քառասուն օրը» գիրքը, որը մեծ խանդավառութեամբ կարդացւում էր: Ոգեւորութիւնը աւելի մեծացաւ, երբ շնորհիւ Փայլակ Այնթապեանի եւ Փաշայեանի` կազմակերպուեց համալսարանի հին շէնքի սրահում Մուսա Լերան հերոսամարտի մասնակիցների հանդիպումը ուսանողների հետ: Այդ միջոցառմանը մասնակցում էին նաեւ իմ ուսանողական ընկերներս, որոնք գիտէին անշուշտ ինձանից, որ այդ հերոսամարտի հերոսներից է նաեւ իմ տատիկս` ՄԱՆՈՒՇԱԿԸ (Այնթապեան-Մանուկեան): Ընկերներիս հետաքրքրութիւնը գնալով աւելի էր մեծանում, միշտ ցանկութիւններ էին յայտնում ծանօթանալու տատիկիս հետ: Ծանօթացան, ի հարկէ, միշտ սիրում էին լսել իր պատմութիւնները այդ հերոսամարտի մասին եւ միշտ ոգեւորւում էին:
Մեր ամէնօրեայ հանդիպումների ժամանակ մի անգամ հօրեղբայրս հարցրեց, թէ ես վստահո՞ւմ եմ ընկերներիս: Հարցումը ի հարկէ ինձ անակնկալի բերեց, բայց առանց տատամսելու` պատասխանեցի, որ լիովին վստահում եմ: Այդ ժամանակ ինքը վերնաշապիկի տակից հանեց խնամքով թերթով փաթեթաւորուածը: «Բագին» ամսագիրն էր, եւ «Ազդակ Շաբաթօրեակ»-ը: Այդ օրուանից սկսուեց իմ ծանօթութիւնը ամսագրի հետ, որի համար շատ ուրախ եմ: Լաւ չեմ յիշում, թէ թիւ որ ամսագիրն էր այդ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ամսագրում ընդգրկուն յօդուած կար Համաստեղի մասին: Ուրախութեանս չափ չկար, պիտի տանեմ ընկերներիս եւ բոլորս միասին պէտք էր կարդայինք: Այն ժամանակ երբեւէ հօրեղբօրս չէի հարցնում, թէ որտեղից է ձեռք բերում, ինձ համար դա այնքան էլ կարեւոր չէր: Կարեւորը այն էր, որ մենք բոլորս օգտւում էինք այդ հնարաւորութիւնից:
Հօրեղբայրս շատ զգուշաւոր էր իմ նկատմամբ, վախենում էր, որ ինձ հետ որեւէ տհաճ պատահար տեղի չունենար: Ես այդ ժամանակ հասկացայ, որ միեւնոյն ժամանակ ինքը շփւում էր որոշ մտաւորականների հետ, բայց երբեք էլ չէի հարցնում դրա մասին, ուրախ էի, որ կայ այդպիսի շփում:
Բաւական վստահութիւն շահած ըլլալով հօրեղբօրս մօտ` մի անգամ զրոյցի ժամանակ հասկացայ, որ այդ գործում իր մասնակցութիւնը ունի իմ զրուցակիցը` Մովսէս Հերկելեանը: Այդ օրերին մեր քննարկման առարկայ էր նաեւ Ծառուկեանի «Թուղթ առ Երեւանը», որը նոյնպէս Հերկելեանի միջոցով էր հասել: Թեման շատ արդիական էր եւ համապատասխան` ժամանակի ոգուն: Հետաքրքրական էր նաեւ մի միջադէպ, երբ հերթական «Բագին» ամսագիրը համալսարան էի տարել ընկերներիս հետ կարդալու, մոռացել էի գրասեղանի դարակում: Յաջորդ օրը գնացի փնտռելու, բայց` ապարդիւն: Այս մասին երբ տեղեակ պահեցի հօրեղբօրս, նա չյանդիմանեց ինձ` աւելացնելով, թէ մէկ այլ համալսարանական ուսանող կ՛օգտուի եւ կը կարդայ, դա լաւ է: Դրանից ես ինձ թեթեւցած զգացի:
Թէեւ մասնակի ձեւով յիշելով եւ ներկայացնելով այս ամէնը` ուզում եմ ասել, որ դա մեծ քաջութիւն էր իր կողմից այն ժամանակ:
Հօրեղբայրս լինելով համեստ մարդ` երբեք իր մասին չէր բարձրաձայնում… Մնացեալը յաջորդ սերունդների գնահատականն է: Նա վստահ էր, որ կը գայ ժամանակը, եւ ամէն ինչ իր տեղը կ՛ընկնի: Ինչ խօսք` այս ամէնը այն սերմերն էին, որոնք սերմանել էր ինքը, հետագայում ծիլ տուեցին, ծնուեց 1988 թուականի շարժումը եւ Արցախի ազատագրումը:
Մենք աւարտեցինք համալսարանը, ոմանք աշխատում էին իրենց մասնագիտութեամբ, ոմանք` այլ գործերով: Ընտանիքներ կազմեցին, բայց մեր կապը հօրեղբօրս հետ շարունակւում էր:
Մի առիթով հօրեղբայրս գնացել էր Արցախ, եկաւ եւ հիացած պատմում էր Արցախի բնութեան մասին, քանի որ ինքը քաջատեղեակ էր ողջ պատմութեանը, սկսեց ինձ բացատրել մանրամասն: Զրոյցի վերջում ասաց, որ` «գիտե՞ս` ես կարծում եմ որ մեր պապերը դէպի Մուսա Լեռ գնացել են Արցախ աշխարհից»: Ես զարմացած էի, բայց նա պնդում էր, որ ինչ-որ կապ տեսնում էր: Անկախ ամէն ինչից, ես միշտ հպարտացել եմ իմ հերոս տատիկներով եւ պապերով, ես հպարտ եմ, որ մուսալեռցի եմ:
Օգտուելով այս գեղեցիկ պատեհութիւնից` իմ եւ ընկերներիս կողմից շնորհաւորում եմ «ԲԱԳԻՆ»-ի 50-ամեակի կապակցութեամբ, ցանկանում եմ ստեղծագործական անձնակազմին արեւշատութիւն եւ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ:
Այդ օրերին «Բագին»-ը մեզ տալիս էր հոգեւոր ազգային աւանդ, որի համար մենք բոլորս երախտապարտ ենք:
23/08/2012


