Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել (Մաս VIII).Վերնախաւի Մասին (Եզրափակում)

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Բարեփոխումների իմաստն ու տրամաբանութիւնը իշխանութեան պահպանման եւ վերարտադրման գերխնդրին ծառայեցնելու օրինակներ Հայաստանում բաւականին շատ են: Հարկ է ընդունել, որ դրանց թւում կան մասնաւոր դէպքեր, երբ իշխող դասակարգի «գագաթն» ակնյայտօրէն դիմադրում է կառավարութեան դրական նախաձեռնութիւններին (նման բան երբեմն պատահում է): Այդ «գագաթը» քաղաքական կեղծ վերնախաւի բաղկացուցիչ մասն է, եւ յայտնի է, որ պարբերաբար Ազգային ժողովում զաւթում է տեղերի մեծ մասը, այնպէս որ` կառավարութեան, առաւել եւս` ընդդիմութեան ոչ մի բարեփոխիչ նախաձեռնութիւն այդ արգելքը յաղթահարել չի կարող: Սակայն բարեփոխումների մեծ մասը լոյս աշխարհ է գալիս արդէն դրանցում ներդրուած մեքանիզմներով, որոնք զտում են ցանկացած վտանգ, որը կարող է խոչընդոտել մեր «էսթեպլիշմենթ»-ի` բազմիցս արդէն յիշատակուած գլխաւոր նպատակին` իշխանութեան պահպանմանն ու վերարտադրմանը:

Չեմ խորանայ պետական կարգի վերաբերեալ շատ հետաքրքիր ու կարեւոր առաջարկների մէջ, որոնք ի յայտ եկան եւ բուռն քննարկուեցին մեր` դեռեւս անկախութեան առաջին տարիների թարմ ու լիայոյս հասարակութեան կողմից: Դրանք բոլորը` սկսած Սահմանադրական ժողովի առողջ գաղափարից, թաղուեցին Հայաստանի յետխորհրդային նոր նոմենկլատուրայի կողմից: 90-ականների վերջի ցնցումները` առաջին նախագահի հրաժարականից մինչեւ 1999 թուականի հոկտեմբերի 27-ի գնդակահարութիւնը խորհրդարանում, ի ցոյց դրեցին մեր պետական կարգի ինչպէս դրական կողմերը, այնպէս էլ բազմաթիւ սխալները. փոփոխութիւնների անհրաժեշտութիւնն ակնյայտ էր: Օրինակ` սահմանադրութեան փոփոխութիւնը հասունացել էր 2005-ից առաջ, սակայն իրագործուեց ոչ այնքան ընդդիմութեան պահանջով, որքան իշխող համաձայնական կառավարութիւն մտած Դաշնակցութեան «ներքին» ճնշման շնորհիւ: Փոփոխութիւններն ու լրացումները թէեւ կարեւոր էին, սակայն` կիսատ:

Որոշներում ի սկզբանէ թաքնուած իմաստ կար` դարձեալ գերխնդրին ծառայող: Օրինակ` խորհրդարանի պատգամաւորներին սկսեցին ընտրել ոչ թէ 4, այլ 5 տարին մէկ, ինչպէս նախագահին: Թւում է` այնքան էլ զգալի նորամուծութիւն չէ, սակայն միայն առաջին հայեացքից: Բանն այն է, որ մինչեւ 2005 թուականը նախագահական ընտրութիւնները երբեմն նախորդում էին խորհրդարանականին, երբեմն` հակառակը: Դա քաղաքական գործընթացին որոշակի ճկունութիւն էր հաղորդում եւ պարունակում ընտրութիւնների արդիւնքների անկանխատեսելիութեան տարր, ինչը, իր հերթին, կարող էր ժամանակի ընթացքում ժողովրդավարական աւանդոյթների հիմք դառնալ: Սակայն իշխանութիւնն այլ կերպ որոշեց: 2007 թուականի ընտրութիւններից սկսած` խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների ժամանակային յարաբերակցութիւնն ու հերթականութիւնը յստակ ամրագրուել է` կէս տարուց փոքր-ինչ մեծ ժամանակահատուած. նախ` գարնանը` խորհրդարանական ընտրութիւններ, դրանցից յետոյ ընդամէնը մի քանի ամիս անց` ձմրանը` նախագահական: Այդպիսով` խորհրդարանական ընտրութիւնները դարձան նախագահականի նախապատրաստական փուլը, կորցրեցին իշխանութեան անկախ ճիւղ ձեւաւորող ինքնուրոյն քաղաքական քայլի բնոյթը եւ ձեռք բերեցին օժանդակ նշանակութիւն, ըստ որի էլ ընկալւում են ինչպէս իշխանութեան, այնպէս էլ ընդդիմութեան ու հասարակութեան կողմից: Ի դէպ, սա դարձաւ մէկն այն գործօններից, որոնք հետզհետէ նուազեցրին խորհրդարանի դերը` որպէս օրէնսդիր իշխանութեան հաստատութեան, իջեցրին դրա նկատմամբ հասարակական պահանջների նշաձողը եւ, որպէս արդիւնք, յանգեցրին դրա որակական կազմալուծման:

Մօտաւորապէս նմանօրինակ պատկեր է գործնականում բոլոր այն դէպքերում, երբ իշխանութեան նորամուծութիւնները իբր կոչուած են ընդդիմադիր ուժերի ծրագրային պահանջներում արտացոլուած` հասունացած հասարակական անհրաժեշտութեան արձագանգը դառնալու: Հանրային խորհուրդը, որի ստեղծման գաղափարը ժամանակին առաջ էին քաշում տարբեր քաղաքական շրջանակներ, իշխանութիւնները, վերջ ի վերջոյ, ստեղծեցին: Սակայն գոյութիւն ունեցող, կարողական եւ կանխատեսելի հասարակական տարաձայնութիւններն ու դիմակայութիւնները (օրինակ` աշխատաւորների տարբեր հատուածների եւ գործատուների, գիւղական եւ քաղաքային համայնքների, Հայաստանի եւ սփիւռքի հայերի, ներսի եւ դրսի ներդրողների միջեւ եւ այլն) քննարկող եւ հայեցակարգային մակարդակով լուծում առաջարկող հաստատութիւն լինելու փոխարէն խորհուրդը, իշխանութիւնների ջանքերով, դարձաւ քաղաքական թոշակառուների անատամ ակումբ:

Նմանապէս` ընդամէնը մի քանի տարի առաջ Հայաստանում, Ղարաբաղում եւ սփիւռքի` դեռեւս վերջնականապէս չհիասթափուած շրջանակներում պահանջուած սփիւռքի նախարարութիւնը վերածուեց կառավարական «Փի. Ար.» գործակալութեան:

Աւելի անփառունակ ճակատագրի արժանացան մեր քաղաքական կեղծ վերնախաւի փտածութեան դէմ պայքարի ջանքերը: Փտածութիւնը ոչնչացնում է երկիրը եւ դարձել է ազգային անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը` սա պարզ էր դեռեւս 10-15 տարի առաջ: 2000-ականների առաջին կէսին այդ հարցը երկրի քաղաքական օրակարգում գլխաւորներից մէկն էր: Հասարակական մթնոլորտը նպաստում էր վճռական գործողութիւններ իրականացնելուն, եւ դա այն ժամանակ բաւականին աշխուժ Դաշնակցութեանը մղեց այդ ուղղութեամբ լայնածաւալ յարձակման անցնելու` օտարերկրեայ հեղինակութիւնների ներգրաւմամբ: Մի շարք բանակցութիւններից, օրէնսդրական նախաձեռնութիւններից եւ ԿՐԵՔՕ միջազգային կազմակերպութեան հետ համաժողովներից յետոյ դաշնակցականներին յաջողուեց երկրի այն ժամանակուայ ղեկավարութեանը համոզել անդամակցել այդ կազմակերպութեանը, ընդունել դրա յանձնարարականները եւ ստեղծել համապատասխան կառոյցներ: Եւ այստեղ գերանդին քարին դէմ առաւ: Դաշնակցականները եւ նրանց միացած ընդդիմադիր ուժերը պահանջում էին ստեղծել անկախ հակափտածութիւն մարմին` լայն իրաւունքներով: Սակայն իշխանութիւնն այլ կերպ վարուեց: 2003-ին ստեղծուած Հակափտածութեան խորհրդում ընդգրկուեցին կառավարութեան, ուժային գերատեսչութիւնների, դատական իշխանութեան ներկայացուցիչներ, իսկ նոր կառոյցը գլխաւորեց վարչապետը, այսինքն` փտածութեան դէմ պայքարի գործը յանձնեցին այն մարդկանց ու հաստատութիւններին, որոնց գործունէութիւնն էլ, ըստ էութեան, փտածութեան վտանգների տեսանկիւնից պէտք է լինէր ուշադիր ուսումնասիրութեան առարկայ: Ճիշտ է, Խորհրդում եւ Դիտարկումի խմբում ընդգրկեցին նաեւ դաշնակցականների, սակայն նրանք այնտեղ փոքրամասնութիւն էին եւ շուտով դադարեցրեցին իրենց մասնակցութիւնն այդ խամաճիկային, ոչ երկարակեաց կառոյցների աշխատանքներին:

Յիշու՞մ էք Միդաս արքայի մասին հին առասպելը. նա ոսկի էր դարձնում ամէն ինչ, ինչին հպւում էր, ի վերջոյ, քաղցից մահացաւ: Մեզ մօտ էլ համարեա նոյն բանն է` հակառակ նշանով. ցանկացած առողջ գաղափար, որը իշխանութիւնը յանձն է առնում իրագործել, վերածւում է… մի խօսքով` բոլորովին այլ նիւթի, ի հարկէ, որը նոյնպէս չի ուտւում: Իշխանութիւններին դա, անշուշտ, քաղցի չի մատնի, սակայն հասարակութեանը զգալի վնաս կը հասցնի:

Քաղաքական կեղծ վերնախաւի կողմից հասարակական պահանջի խեղաթիւրման ամենաակնառու օրինակը Անվտանգութեան խորհրդի հետ կապուած պատմութիւնն է: Չեմ պատրաստւում անդրադառնալ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի անձի վերաբերեալ` մամուլի կողմից «ծամուած» հարցին. այդ պաշտօնին մի մարդու նշանակելը, ով բոլորովին վերջերս մոլի նախագահամէտ թերթերի կողմից անարգանքի սիւնին էր գամուել կասկածելի օտարերկրեայ կապերի համար եւ համարեա թէ դաւաճանութեան ու լրտեսութեան մէջ մեղադրուել, անձամբ ինձ ամենեւին չի զարմացնում եւ նոյնիսկ չի հետաքրքրում: Անարգել կարող են նաեւ անմեղին, հարցն ամենեւին անձը չէ: Աւելի լաւ է խօսենք այն մասին, թէ ինչպիսին պէտք է լինէր Անվտանգութեան խորհուրդը մեր փոքրիկ, մահացու սպառնալիքների աքցաններում սեղմուած երկրում եւ ինչպիսին այն դարձաւ:

Առաջին մակարդակի կառոյցները (նախարարութիւններ, գերատեսչութիւններ) երկարակեաց չեն. ընտրութիւնից ընտրութիւն նոր քաղաքական բովանդակութեամբ են լցւում եւ իրականացնում են կարճաժամկէտ ու միջնաժամկէտ ծրագրեր` կապուած անմիջական վարչական խնդիրների եւ, ի հարկէ, առաջիկայ ընտրութիւնների հետ: Գործադիր իշխանութեան երկրորդ մակարդակը` Անվտանգութեան խորհուրդը, պարտաւոր է իրականացնել ոչ թէ ներկայի, այլ ապագայի Հայաստանի վիրթուալ կառավարումը: Դրա համար, նախ եւ առաջ, այն պէտք է մշակի ու մշտապէս թարմացնի ազգային անվտանգութեան հայեցակարգը` հիմնուած հասարակութեան կողմից կառուցուելիք կենսունակ, մրցունակ երկրի պատկերացման վրայ: Եւ նախ հարկաւոր է, որ գոնէ ինքդ քեզ համար պատկերացնես ապագայի այդ Հայաստանը. ինչպիսին այն կը լինի (պէտք է լինի) 20 տարի, 50 տարի, 100 տարի անց… Ինչ տարածք կը զբաղեցնի, ինչ բնակչութիւն կ՛ունենայ, ինչ պաշտպանական կարողականութիւն, ովքեր են լինելու հարեւանները, ինչպիսին կը լինի աշխարհը, դրա բնական պայմանները, ինչպիսի բարեփոխումների, գիտական, արդիւնաբերական, գիւղատնտեսական, մշակութային, կրթական առաջնահերթութիւնների է հարկաւոր տեղ տալ, որպէսզի ապահովուի թռիչքաձեւ, իսկ այնուհետեւ հանդարտ, առաջընթաց ազգային զարգացում:

Ահա այսպիսի մանրամասն մշակուած հայեցակարգի պրիսմակով Անվտանգութեան խորհուրդը պէտք է դիտարկի գործող կառավարութեան բոլոր որոշումները` որքանով են դրան համապատասխանում կամ, ծայրայեղ դէպքում, չեն հակասում: Եւ Անվտանգութեան խորհուրդը պէտք է ոչ միայն սեփական կարծիքի իրաւունքն ունենայ, այլեւ` գործադիր իշխանութեան առաջին մակարդակի որոշումների վրայ ազդելու անխափան մեքանիզմ: Դա կը պահանջի համակարգային փոփոխութիւններ` հաւանօրէն կապուած սահմանադրութեան եւ ազգային անվտանգութեան հայեցակարգի վերանայման հետ, սակայն գործադիր իշխանութիւնը նախ պէտք է գիտակցի, որ Անվտանգութեան խորհուրդը օժանդակ մարմին չէ, այն չի կարելի լցնել գործող կառավարութեան անդամներով` «ծառայողական դիրքին համապատասխան», օգտագործել այսրոպէական քաղաքական նպատակներով` որպէս առուծախի առարկայ, կամ վերածել ինչ-որ մէկի քաղաքական յաւակնութիւնների բաւարարման միջոց: Հայաստանում հէնց այդպէս է: 2000-ականների կէսին հասարակութեան առաջադրած խնդիրը` ստեղծել հաստատութենական Անվտանգութեան խորհուրդ` ունակ նախանշելու Հայաստանի ապագայ ճանապարհը, այդպէս էլ չիրագործուեց:

Հաւանօրէն նկատել էք, որ, խօսելով կեղծ վերնախաւի մասին, ես աւելի շատ անդրադարձայ դրա քաղաքական բաղադրիչի գործունէութեանը: Մշակոյթի, գիտութեան, կրթութեան ոլորտների եւ հասարակական յարաբերութիւնների աւերածութիւնների մասին համարեա չխօսեցի: Սակայն արժէ՞ մանրացնել: Ամէն ինչ շատ պարզ բացատրում է հայկական ամենայայտնի կատակերգութիւն-ֆիլմաշարերից մէկը: Պաստառային ընտանիքի անդամների թւում ամենախեղճը, վախկոտը, ստորացուածը, ագահը, կամազուրկը եւ յիմարը մտաւորական է` մի քանի օտար լեզուների տիրապետող բժիշկ: Կարծում էք` դա պատահակա՞ն է: Ցաւօք, ոչ, բարեկամնե՛ր: Յիշէք` Պլատոնի «երկխօսութիւններ»-ից մէկում մեծ աթենացիների քաղաքացիական որակների մասին բանավէճը յանգեցնում է հետաքրքիր եզրակացութեան` առաջնորդի արժէքը իր համաքաղաքացիներին լաւը դարձնելու մէջ է: Լաւը դառնալով` այդ համաքաղաքացիները լցւում են առաջնորդի հանդէպ քննադատական ոգով, դառնում աւելի պահանջկոտ նրա եւ հէնց սեփական անձի նկատմամբ: Հայրենիքում մնացած մեր համաքաղաքացիների զգալի մասն անկախութեան տարիներին հաստատ լաւը չդարձան: Ահա պաստառից էլ հայկական կեղծ վերնախաւը բացատրում է` մտաւորականութիւն այլեւս չկայ, չկան նրանք, ում վրայ կարելի էր յոյս դնել, ում ուսին կարելի էր յենուել, չկան քննադատական ոգի ունեցողներ, չկան սեփական անձի եւ ուրիշների հանդէպ պահանջկոտութեան ընդունակ մարդիկ` ունակ ըմբոստութեան, ազատամտութեան, պատրաստ ինքնազոհողութեան, այսինքն` չկայ իրական վերնախաւ, մոռացէ՛ք: Կան միայն փողերի, իշխանութեան, տեղեկատուութեան այսօրուայ տէրերը: Ժամանակը չէ՞, արդեօք, բարեկամնե՛ր, ապացուցելու, որ նրանք խորապէս սխալւում են:

Սակայն մինչ իշխանութեանը մատնացոյց անելը ու միայն նրան մեր դժբախտութիւնների մէջ մեղադրելը, գուցէ հարկ է մեր հասարակութեանը, մասնաւորապէս` մտաւորականներին, հայելու մէջ նայել: Ահա սա էլ կը քննարկենք յաջորդ յօդուածներում:

yerkir.am

 

 

Share this Article
CATEGORIES