Հայոց Կոտորածի Միջոցով Ձեռք Բերուած 5 Միլիոնի Ճակատագիրը
ԶԷՅՆԵՓ ԹՈԶՏՈՒՄԱՆ
Թուրքիայի ոչ մահմետական ժողովուրդների ճակատագիրը փոխած 1915 թ. կոտորածը (մասնաւորապէս` 16 ամսուայ կարճ ժամանակահատուածում հայկական բնակչութեան կէսից աւելին ոչնչացուեց երիտթուրքական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի 12 հոգանոց յատուկ խմբի կողմից), մարդկութեան դէմ մեծ ոճիր լինելուց բացի, գոյքի եւ բանկային հաշիւների իւրացման, տնտեսական եւ պատմամշակութային ցեղասպանութեան սեւ դրոշմն իր վրայ կրող մի հետք է:
1915 թ. յունիսի 10-ին կայացած մեճլիսի նիստում, երբ գլխաւոր խորհրդի նստաշրջանն աւարտուած էր, գոյքային հարցերով զբաղուող խորհրդարանական յանձնաժողովի կողմից ընդունուեց բռնագրաւման եւ հանրայնացման մասին ժամանակաւոր օրէնքը:
Աքսորուած հայերին պատկանող գոյքն ու դրամատնային հաշիւները ճանաչուեցին «լքեալ» եւ պետութեանն իրաւունք շնորհուեց դրանք իրենց ձեռքն առնելու: Պետութեան շահերից բխող այս անօրինականութիւնը թուրքական մեճլիսում միայն եզակի անձանց կողմից արժանացաւ քննադատութեան: Մինչեւ 1918 թ. բազմաթիւ անգամներ ընդդիմախօսութեամբ հանդէս եկած պատգամաւոր Ահմեթ Ռըզան այդ մասին ասել էր. «Այդ գոյքը լքեալ գոյք համարելը անօրինական է, քանի որ գոյքի տէրերը իրենց ցանկութեամբ չեն լքել այն, նրանք բռնի ուժով իրենց տեղերից հեռացուել են: Կառավարութիւնն այժմ նրանց գոյքը վաճառում է իր պաշտօնեաներին: Սա սահմանադրութեան 21-րդ յօդուածի ուղղակի խախտում է: Սա դաժան ողբերգութիւն է: Ինձ թեւիցս բռնիր ու գիւղիս սահմաններից դուրս նետիր, յետոյ էլ գոյքս ու ապրանքս վաճառիր: Սա անթոյլատրելի է»:
Օսմանեան կառավարութիւնը 1915 թ. յունիս ամսին միայն 5 միլիոն թուրքական լիրային համարժէք գումար էր ներդրել պետական պարտատոմսերի մէջ:
Աւելի ուշ այս ներդրումներն ապահովութեան համար ուղարկուեցին Պերլին ու Վիեննա եւ պահպանութեան յանձնուեցին` ոսկու տեսքով:
Օսմանեան այս գումարները ներդրուեցին եւրոպական դրամատներ` պատերազմից յետոյ օգտագործելու նկատառումներով: Իր հերթին Գերմանիան, առիթն օգտագործելով, այս գումարները հաշուեց օսմանեան պետական պարտքի փոխարէն, քանի որ գերմանական տարբեր կազմակերպութիւնների եւ դրամատների կողմից 1915 թ. առաջին երեք ամսում հայերին (որոնք հետագայում սպաննուեցին կամ գաղթեցին, ՍՀ) տրուած վարկերի պատճառով գերմանացիների կրած վնասները յայտարարուեցին 5 միլիոն թուրքական լիրայի չափով եւ, հետեւաբար, այս գումարն այլեւս Թուրքիային չվերադարձուեց:
Թուրքիայի կողմից պահպանութեան համար Պերլին ուղարկուած 5 միլիոն լիրայի մի մասը ձեռք էր բերուել հայ կանանց եւ երեխաներին ստրկութեան վաճառելով:
1915 թ. ցեղասպանութեան ժամանակ հայ կանանց եւ երեխաներին վաճառելու համար բացուած ստրուկների շուկաների վայրերում թուրք զինուորների համար կազմակերպւում էին հասարակաց տներ: Նմանատիպ օրինակներից կարող ենք յիշատակել Մարտինի զինուորական հրամանատարութեան առջեւ բացուած ստրուկների շուկան:
Փախցուած եւ ստրկացուած հայ կանանց մահմետական հարեմներում պահելը, հայկական ծինի «առգրաւուումը», տղամարդկանց որպէս ձրի աշխատուժ օգտագործելուց յետոյ սպաննելն ու նրանց կանանց ու երեխաներին որպէս սեռական ստրուկ աշխատեցնելը, այսպիսով հայ ժողովրդին բազմանալու հնարաւորութիւնից զրկելը Ցեղասպանութեան մեքանիզմում կարեւոր հենքերից մէկն է: Սեռական ստրկութիւնը Ցեղասպանութեան եւ դրան յաջորդող շրջանում մեծ տարածում է ունեցել: Սեռական ստրկութիւնը նաեւ օգտագործուել է կազմակերպիչների կողմից որպէս հարստացման մեքանիզմ, սակայն, դրանից զատ, այն օգտագործուել է նաեւ որպէս նուաստացման միջոց:
Թուրքիայի եւ իր դաշնակիցների մարդասպան քաղաքականութեան արդիւնքում հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքն ու կեանքը, այլեւ` տնտեսական միջոցները:
եռեակ դաշինքի պարտութիւնից յետոյ էլ դաշնակիցները գողացուած հայկական գոյքը միասին են իւրացրել:
Այս ընթացքում նոր կազմաւորուած Թուրքիայի Հանրապետութիւնը կառավարութեան 1925 թ. դեկտեմբերի 26-ի յայտարարութեամբ շարունակեց երիտթուրքերի կառավարման շրջանում ոչնչացուած «տարրերի» գոյքի առգրաւումը:
5 միլիոն լիրայի ճակատագիրը քննարկուեց 1925 թ. սեպտեմբերի վերջին` Լոզանի պայմանագրի կնքնման ժամանակ:
1944 թ. հոկտեմբերի 10-ին գերմանացիներից անգլիացիների ձեռքն անցած 5 միլիոն լիրայի հարցի վերաբերեալ Սթենլի Պոլտուինին նամակ էր յղել Մերի Թերզեանը:
Բրիտանական կառավարութեան հետ մէկտեղ ինչ-որ անտեսանելի ուժերէ խափանում են Պոլտուինի 1924 թ. յուշագրի պատճէնը ցոյց տալու գործընթացը: Մերի Թերզեանի նախաձեռնութիւնն այսպիսով անարդիւնք է մնում:
Ցեղասպանութեան վերաբերեալ ֆինանսական պարտաւորուածութիւնների մասին նամակի հարցը երկրորդ անգամ բարձրացուեց այն ժամանակ, երբ եւս մէկ նամակ ուղղուեց Ուաշինկթընում Բրիտանիայի դեսպան լորտ Հալիֆաքսին` «Թուրքիայից գերմանական «Տէօշէ» դրամատուն, իսկ հետագայում Լոնտոն ուղարկուած եւ հայերին պատկանող 5 միլիոն թուրքական լիրան ի՞նչ եղաւ» հարցի պատասխանը անօգուտ փնտռելով:
Այստեղ թուրքերի կողմից հայերից գողացուած, Գերմանիայում պահպանուած ու հետագայում Լոնտոն ուղղուած 5 միլիոն լիրայի չափով ոսկու հարցում ոչ միայն Թուրքիայի եւ Գերմանիայի, այլ նաեւ Բրիտանիայի մեղքի բաժինը կայ: Բրիտանացի պետական պաշտօնեաները, բրիտանական ապահովագրական ընկերութիւնները պատերազմից առաջ հայերի հանդէպ ստանձնած ֆինանսական պարտականութիւնների ի կատար ածումը կանխել են: Որպէս ամենայայտնի օրինակ կարող ենք նշել գոյքի եւ կեանքի ապահովագրութեամբ զբաղուող բրիտանական Ինշուրընս Քոմբենի ապահովագրական ընկերութիւնը: Հայերի հետ կնքուած պայմանագրերի համաձայն, հետագայում համապատասխան փոխհատուցումներ, վճարումներ չկատարելու հարիւրաւոր, նոյնիսկ հազարաւոր դէպքեր կան:
Անմեղ ժողովրդի արիւնով ձեռք բերուած գումարը ոչ ոքի օգուտ չի կարող բերել:
Ի հարկէ այս գումարները մինչեւ չվերադարձուեն հայ ժողովրդի` այժմ ապրող թոռներին, վաղ թէ ուշ «այրելու» են իրենց:
Ինչպէս մարդկութեան դէմ յանցագործութիւնները չեն ճանաչում որեւէ ժամկէտային սահմաններ, այնպէս էլ այդ յանցագործութիւնների հետ կապուած պահանջները, այդ թւում` տնտեսական, չունեն ժամանակային սահմանափակումներ:
Սա հակասում է դրամատիրական տնտեսութեան գաղափարախօսութեան եւս: Կարծում եմ, որ այսօր Եւրոպայում, Ամերիկայում եւ Աւստրալիայում ապրող հայկական սփիւռքի ներկայացուցիչներն իրենց ապրած երկրների խորհրդարաններում կարող են բարձրացնել այս 5 միլիոն թուրքական լիրայի ճակատագրի խնդիրը: Յոյսս այն է, որ հայ ժողովրդի դէմ գործուած յանցանքը նախ` միջազգային հարթակում, ապա եւ` Թուրքիայի Հանրապետութեան օրէնսդիր մարմինների կողմից պէտք է դատապարտուի. Թուրքիայիում ֆինանսատնտեսական պատասխանատուութեան հարցը պէտք է բարձրաձայնուի:
Թուրքերէնից թարգմանեց
Սոֆիա Յակոբեանը
Akunq.net
Բացառիկ հարցազրոյց է, նամանւանդ երբ հարցազրոյցը մեր երկար տարիներու բարեկամ Զէյնէպին հետ է. Լաւ կըլլայ եթէ Արեւմտեան հայաստանի հողերուն վրայ բնակած աւելի քան հինգ միլիոն Հայու ժառանգորդներուն պատմութիւնները եւ արձանագրութիւններ ուսումնասիրութիւններ եւ պրպտումներ ընողներուն հետն ալ հարցազրոյցներ ունենաք, որ երկու չափ երկու կշռի հարց չըլլայ:
Հրեան երբ Սննկանայ Հին Տէտրակները կը բանայ!!!