Լիբանանում Հայաստանի Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Աշոտ Քոչարեանի Ուղերձը Հայաստանի Անկախութեան 22-րդ Ամեակի Կապակցութեամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհաւորում եմ  Հայաստանի անկախութեան 22-րդ տարեդարձի կապակցութեամբ: Հայաստանի Հանրապետութիւնն իր բոլոր քաղաքացիների եւ համայն հայութեան իղձերի մարմնաւորումն է եւ բոլորիս երազանքների իրականացման գրաւականը:

Անկախութիւնը մեր հզօր ուժն է, հպարտութիւնը, մեր պատասխանատուութիւնը, զէնքն ու իրաւունքը: 22 տարուայ ընթացքում մենք միասին արժանապատուօրէն անցանք տարաբնոյթ ճգնաժամեր ու փորձութիւններ: Ունեցանք կորուստներ եւ բացթողումներ, ձեռքբերումներ, յաջողութիւններ եւ յաղթանակներ: Այսօր մենք ունենք ամրացած հայոց պետութիւն, հզօր Հայոց բանակ, որ մեր գոյութեան ու անվտանգ ընթացքի  անսասան երաշխիքն է, բաց զանազանեցուած տնտեսութիւն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառոյցներ, իր իրաւունքներին իրազեկուած  բնակչութիւն:  Հայաստանի Հանրապետութիւնն այդ ամէնին հասել է համեստ ռեսուրսների, Թուրքիայի եւ Ազրպէյճանի կողմից շարունակուող անօրինական շրջափակման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ տարածաշրջանային համագործակցութեան բացակայութեան պայմաններում:

Հայաստանը հաւատարիմ է ժողովրդավարական արժէքների վրայ հիմնուած քաղաքացիական հասարակութիւն կառուցելու նպատակին:

Մեր նորանկախ պետութիւնն իր ստեղծման օրուանից դիմակայելով բազմաթիւ մարտահրաւէրների հետեւանքներին` աստիճանաբար ոտքի է կանգնել, որդեգրել ժողովրդավարութեան իտէալները եւ ձեւաւորել անկախ պետականութեան կարեւորագոյն կառոյցներ: Յաղթահարւում են տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական լրջագոյն մարտահրաւէրները, ստեղծւում են նոր աշխատատեղեր, ակնառու յաջողութիւններ են գրանցւում տեղեկատուական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, փոքր եւ միջին ձեռնարկութիւններին օժանդակութեան, մշակոյթի եւ սպորտի բնագաւառներում, զարգանում է զբօսաշրջութիւնը: Մեծ պատասխանատուութիւն է դրուած անկախութեան սերնդի վրայ, որը պէտք է  լինի հայրենասէր, կրթուած, աւելի ազատ ու առաջադէմ, նուիրուած եւ նպատակասլաց:

Միջազգային ասպարէզում այսօր Հայաստանը  կայուն, կանխատեսելի եւ յուսալի գործընկեր է: Հայաստանն ակտիւօրէն ներգրաւուած է կարեւոր գործընթացներում եւ շարունակում է   ընդլայնել դիւանագիտութեան աշխարհագրութիւնը: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը կառուցուած է փոխվստահութեան, փոխադարձ շահերի ու պարտաւորութիւնների, ինչպէս նաեւ համատեղ պատասխանատուութեան հիման վրայ, որոնք միտուած են տարածաշրջանում քաղաքական կայունութեան, անվտանգութեան, համերաշխութեան եւ տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը:

Մեր արտաքին քաղաքական թիւ մէկ մարտահրաւէրը շարունակում է մնալ արցախեան հիմնահարցի խաղաղ կարգաւորումը:  Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հիմք պէտք է հանդիսանայ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման ճանաչումը:

Ինչպէս նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, նոր Հայաստանին այլեւս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանթաժի ենթարկել: Նրա հետ հնարաւոր է բարեկամանալ ու համագործակցել, յաջողութիւններ տոնել եւ ցաւ կիսել:

Հայաստանը գրաւիչ է դառել աշխարհասփիւռ մեր հայրենակիցների եւ օտարերկրեայ զբօսարշջիկների համար: Հայաստանում անց են կացւում կարեւոր միջազգային գագաթաժողովներ ու համաժողովներ, կինօ եւ երգի փառատօներ, սպորտային մրցաշարեր, համաշխարհային  եւ համահայկական կարեւորութիւն ունեցող միջոցառումներ: Օրէցօր խորանում է Հայաստան-սփիւռք գործակցութիւնը: Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ վերջին շրջանում Հայաստանում իրականացուել են բազում ծրագրեր, անց են կացուել բազմաթիւ մասնագիտական հանդիպումներ մեր հայրենակիցների ակտիւ մասնակցութեամբ: Այսօր հպարտանում ենք աշխարհասփիւռ մեր իւրաքանչիւր հայրենակցով, որի միջոցով ձեւաւորւում է պատկերացում Հայաստանի եւ հայի մասին աշխարհի տարբեր ծայրերում:

Այս տօնական օրը ցանկանում եմ լաւագոյն բարեմաղթնանքներս յղել լիբանանահայութեանը: Այսօր լիբանանահայութիւնն իր ուրոյն դերակատարութեամբ եւ ներուժով հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը եւ Լիբանանը միացնող ամուր եւ յուսալի կամուրջ: Ցեղասպանութիւն վերապրած մեր հայրենակիցները Լիբանանում ստեղծել են ծաղկուն հայկական գաղթօճախ բազմազան եւ բազմաբնոյթ ենթակառուցուածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառոյցներով եւ աճեցնում են հայախօս ու հայրենասէր նոր սերունդներ:  Աշխատասիրութեան, նուիրուածութեան  եւ տաղանդի շնորհիւ լիբանանահայութիւնը շարունակում է  ազգանուէր եւ հայապահպան գործունէութիւնը` պահպանելով հարուստ ազգային մշակոյթն ու արժէքները:

Այսօր մենք սրտով եւ հոգով  սուրիահայ մեր հայրենակիցների հետ ենք: Մեր պետութիւնն իր հնարաւորութիւնների սահմաններում փորձում է սատար լինել ծանր փորձութեան մէջ յայտնուած հայորդիներին:

Կրկին շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի անկախութեան հռչակման 22-րդ տարեդարձի առթիւ: Այսօր մեծ տօն է մեր երկրում, մեծ տօն է նաեւ աշխարհի բոլոր հայերի համար:

Համոզուած եմ, որ բոլոր մարտահրաւէրները կարող ենք յաղթահարել Հայաստանի, Արցախի ու սփիւռքի միասնականութեամբ ու նուիրումով, այն միասնութեամբ, որի ծնունդն է անկախութիւնը:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:

Փա՛ռք հայ ժողովրդին:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )