Բազմաբեւեռ Իրողութիւնները, Մերձաւոր Արեւելքը Եւ Ցեղասպանութիւնը` «Վազող Տող»-ի Տեսքով (Մաս 1)

ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Ցանկացած պաշտպանութեան նախարարի,
որը նախագահին խորհուրդ կը տայ
խոշոր ամերիկեան ցամաքային ուժեր ուղարկել Ասիա
կամ Մերձաւոր Արեւելք, անհրաժեշտ է  հոգեբանի մօտ ուղարկել զննման:

ՌՈՊԵՐԹ ԿԷՅԹՑ
Միացեալ Նահանգներու
պաշտպանութեան նախարար

Այսօր դժուար է վիճել այն փաստի հետ, որ անցեալ դարավերջին միաբեւեռ գերիշխանութեան հաստատումից յետոյ սկսուած ազդեցութեան ոլորտների համատարած զաւթումը փոխակերպւում է բազմաթիւ միջաշառաւիղներու յամառ դիմակայութեան, որն ընթանում է բազմաբեւեռ աշխարհակարգի նոր եւ աւելի քան յեղյեղուկ կանոններով, իսկ երբեմն էլ` ընդհանրապէս առանց դրանց: Այս նոր իրավիճակն առաջին հերթին պայմանաւորուած է նրանով, որ Միացեալ Նահանգները, համաշխարհային առաջատար մնալով, դադարել են գերագահ լինելուց: Հետաքրքիր է, որ ոմանք կանխատեսում են անգամ գերտէրութեան փլուզումը, եւ այդ կանխատեսողների մէջ միայն Ռիկընի վարչակազմի ելեւմուտքի փոխնախարար, Փոլ Կրեյկ Ռոպերցը կամ էլ «Թրենտների հետազօտութիւնների հիմնարկ»ի տնօրէն Ճերըլտ Սելենդէն չեն, այլ նաեւ` հեղինակաւոր համալսարանական փրոֆէսէօրներ: Անհանգստացնող են նաեւ այլախոհներ Ճ. Ասանժի եւ Էտ.Սնոուտընի հետապնդումները, որոնք հանդէս են գալիս տեղեկատուական ամբողջական վերահսկողութեան դէմ: Այդ գործողութիւններն (ինչպէս նաեւ` շարքային Պ. Մենինկի «խղճի բանտարկեալի» կարգավիճակ ստանալը) աշխարհով մէկ այժմէականացուցին Ճորճ Օրուէլի հանճարեղ ստեղծագործութիւնները:

Բայց եթէ հեռանանք կանխատեսումներից եւ ընդունենք Ֆարիտ Զաքարիայի «Յետ ամերիկեան աշխարհ»ի աւելի իրատեսական եզրաբանութիւնը, ապա աշխարհաքաղաքական այլ դերակատարների հզօրացումն էապէս փոխել եւ շարունակում է փոխել ուժերի դասաւորութիւնը համաշխարհային ասպարէզում: Այս պարունակում տեղի ունեցող գործընթացները նկատելիօրէն իջեցրել են համաշխարհային անվտանգութեան ընդհանուր մակարդակը, եւ դա, առաջին հերթին, վերաբերում է միջուկային ոլորտին: Նկատուող միտումը տարբերւում է փորձագէտների` նախկինում ունեցած այն ենթադրութիւններից, թէ բազմաբեւեռութիւնը համաշխարհային մակարդակով յանգեցնում է համեմատական կայունութեան, ինչպիսին էր այն, օրինակ, երկբեւեռ Պաղ պատերազմի դարաշրջանում: Սակայն չի կարելի բացառել, որ բազմակեդրոն աշխարհի կայացման «Անցումային շրջանից» յետոյ կնքուի մի նոր ուեսթֆալիական պայմանագիր եւ յարաբերական կայունութիւն հաստատուի:

«Նոր ժամանակների» տրամաբանութեան առաւել ցայտուն արտայայտութիւնն են Եւրասիայի մի ընդարձակ հատուածում` «նոր Մերձաւոր Արեւելքում» (Մարոքից մինչեւ Փաքիստան) ընթացող զարգացումները: Յայտնի է, որ ամերիկացիները կրճատում են իրենց ռազմական ներկայութիւնն այս տարածաշրջանում` զօրքերը դուրս բերելով Իրաքից եւ Աֆղանիստանից, ինչը կապուած է տնտեսական միջանցքների անբաւարարութեան հետ: Միեւնոյն ժամանակ, ռազմական նահանջն ուղեկցւում է եւրոպական եւ տարածաշրջանային գործընկերների աշխուժացմամբ եւ քաղաքականութեան վարման աւանդական, իսկ աւելի յաճախ` ոչ աւանդական մեթոտների սաստկացմամբ: Բոլոր պարագաներում պէտք է փաստել, որ ռազմաքաղաքական վայր ի վերումների արդիւնքում մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքը յայտնուել է ապակայունացած իրավիճակում: Աւելի՛ն. այդ զարգացումները յանգեցրել են խոշոր մարդկային աղէտի` ցեղասպանութեան:

Այսօր կարելի է հանդիպել «նոր ժամանակներում» ընթացող քաղաքական գործընթացների խիստ տարաբնոյթ մեկնաբանութիւնների: Կարծում ենք, որ նման բազմազանութիւնը լոկ նպաստում է իրողութիւնների աւելի համարժէք ընկալմանը, ուստիեւ ներկայացնենք նաեւ այդ հիմնախնդիրների վերաբերեալ մեր տեսլականը: Սակայն այս հարցերի քիչ թէ շատ որոշակի քննարկման համար փորձենք հակիրճ ներկայացնել բազմաբեւեռ աշխարհի որոշ բնութագրական գծերը:

«Այդ Բազմաբեւեռ Աշխարհը»

Քաղաքական եզրերի իմաստը ժամանակի ընթացքում փոփոխութիւններ է կրում, եւ դա վերաբերում է նաեւ «բազմաբեւեռութեանը»: Այս հասկացութեան բովանդակութիւնն այսօր նկատելիօրէն ընդլայնուել է առաջին հերթին այն պատճառով, որ «բազմա-» («մուլթի») բառի մէջ, պայմանականօրէն ասած, «մտել» են ոչ միայն ազգային պետութիւնները, այլեւ` ոչ պետական կառոյցները (այս նոր աշխարհն առաւել պատկերաւոր նկարագրել է, թերեւս, Պարակ Հաննան): Վերջինները պայմանականօրէն կարելի է բաժանել հետեւեալ կարգերի:

Համաշխարհային տնտեսութիւնում աճել է անդրազգային ընկերութիւնների (ԱԱԸ) դերը, որոնց ելեւմտական եւ կազմակերպչական հնարաւորութիւնները համադրելի են, իսկ երբեմն էլ գերազանցում են զարգացած պետութիւններին: Յայտնի է, որ ԱԱԸ-երի մի մասն ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն կապակցուած է այս կամ այն երկրի հետ, սակայն դրանց մի մասն արդէն գործում է բաւական անկախ` ելնելով բացառապէս իր շահերից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ զուիցերիացի հետազօտողների` ԱԱԸ-երի միջուկն են կազմում 147 ընկերութիւններ, որոնք, նկատի ունենալով նրանց գործընկերներին եւ մասնաճիւղերը` իրենց ձեռքում են պահում համաշխարհային արտադրութեան 60 առ հարիւրը: Յատկանշական է, որ այս ընկերութիւններու միջազգային համախմբումին մէջ  պարահանդէսը ղեկավարում են ոչ թէ արտադրական, այլ ելեւմտական ընկերութիւնները Պարսլէյ, ՃԲ Մորկան Չէյսը, Մերրիլ Լինչ էնտ քո. ինք եւ այլն: Նման իրավիճակում զարմանալի չէ, որ «գերտակ»-ն ի զօրու է իր պայմանները թելադրել ազգային պետութիւնների կառավարութիւններին: «կառավարութիւն-ելեւմտական ոլորտ» յարաբերութիւնների համակարգում տեղի ունեցող եղափոխութիւնը լիովին համապատասխանում է անգլիացի ընկերաբան Քոլին Քրաուչի «յետժողովրդավարական» հասարակութեան հայեցակարգին, համաձայն որի` պետական կառոյցներում գերիշխում է սակաւապետութիւնը, իսկ արեւմտեան հասարակութիւններում տեղի է ունենում ժողովրդավարական կարգուկանոնների  կազմալուծում:

Վերջին տասնամեակներում էապէս աւելացել է միջազգային ոչկառավարական կազմակերպութիւնների, կամ այլ խօսքերով` Հասարակական Կազմակերպութիւնների (ՀԿ) թիւը (հիմնականում «տեղերում» դրանց բազմանալու արդիւնքում): Մեծացել է նաեւ ցանցային համակարգում գործող այդ կազմակերպութիւնների ազդեցութիւնը. յիշենք, որ որոշ (ՀԿ)-ների ուղղակի աջակցութեամբ են իրագործուել, օրինակ, «գունաւոր յեղափոխութիւնները» նախկին խորհրդային հանրապետութիւններում եւ Մերձաւոր Արեւելքում: Աւելի վաղ (ՀԿ)-ները, ինչպէս եւ ԱԱԸ-երը, բացառապէս ընկալւում էին որպէս գործիքաշար խոշոր տէրութիւնների քաղաքական զինանոցում: Դա որոշ երկրների (մասնաւորապէս` Ռուսաստանին) դրդեց օրէնսդրօրէն սահմանափակել նման (ՀԿ)-ների ազդեցութիւնը ներքին կեանքում: Նշենք, որ նմանօրինակ գործողութիւնները հնարաւոր էին դարձել սոսկ բազմաբեւեռութեան շնորհիւ, քանի որ աւելի վաղ ՀԿ-ները «սրբազան կովերի» կարգավիճակ ունէին եւ անգամ քննադատութիւնը նրանց հասցէին ոտնձգութիւն էր համարւում ժողովրդավարութեան հիմքերի դէմ:

Սակայն ժամանակի ընթացքում (ՀԿ)-ները սկսեցին ձեւափոխուել: Տեղեկատուական հոսքերի խճանկարից այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ «իրենց տեղն ամրացրած» որոշ (ՀԿ)-ներ (ոչ վերջին հերթին` գաղափարախօսական ուղղուածութեան) սկսեցին աւելի ինքնուրոյն գործել: Այսօր դրանք կատարում են ոչ միայն որոշակի պետական կառոյցների պատուերները, այլեւ սպասարկում են քաղաքական ու ելեւմտական խմբաւորումների (օրինակ, այդ նոյն ԱԱԸ-երին), ինչպէս իրենց երկրի ներսում, այնպէս էլ նրանից դուրս, իսկ յաճախ էլ գործում են ինքնուրոյն, ըստ իրենց հայեցողութեան: Դրան նպաստում է ՀԿ-ների գաղափարականացուածութիւնը, որոնց մի մասը հանդիսանում է Մ. Պեթաթիի եւ Պ. Քուշների հայեցակարգի հետեւորդը, համաձայն որի` անհրաժեշտ է «պաշտպանել մարդու իրաւունքները` առանց հաշուի առնելու ազգային ինքնիշխանութիւնը» (այս թեզը 2005-ին Մակ-ի կողմից ընդունուեց որպէս միջազգային իրաւաբանական կանոն): Յայտնի է, որ ցանկացած գաղափարի բացարձակացումը յղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ (ՀԿ)-ների գործունէութեան արդիւնքները Մերձաւոր Արեւելքում դրա վառ ապացոյցն են:

Ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպութիւնների կարգին պէտք է դասել աւանդական եւ համեմատաբար վերջերս կազմաւորուած կրօնադաւանաբանական (յաճախ` որպէս տարբեր տեսակի աղանդներ) կառոյցները: Նման կառոյցների (որոնք վաղուց օգտագործում են, պայմանականօրէն ասած, ցանցային կառավարման մեթոտները) դերն անշեղօրէն աճում է ոչ միայն հանրային կեանքում, այլեւ միջազգային քաղաքականութիւնում: Մասնաւորապէս, Մերձաւոր Արեւելքում քաղաքական դիմակայութիւնն ընդունեց դաժան առճակատման ձեւ սիւննիականութեան եւ շիականութեան տարբեր ճիւղերի ներկայացուցիչների, իսլամականների եւ հակաիսլամականների միջեւ, եւ անհանդուրժողականութեան այս խորապատկերին տարածաշրջանի քրիստոնէական համայնքները յայտնուեցին վերացման շեմին:

Տեղեկատուական բազմափուլ յեղափոխութեան դարաշրջանում ազդեցիկ ոչ պետական դերակատարների խմբին պէտք է դասել նաեւ զանգուածային խոշոր լրատուամիջոցները, համացանցի ընկերութիւնները եւ այլն: Յատուկ նշանակութիւն են ձեռք բերել համացանցի ընկերային ցանցերը, որոնք մասնաւորապէս կարեւոր դեր խաղացին մերձաւորարեւելեան յեղափոխութիւններում: Երկրագնդի համատարած «ֆէյսպուքացումը» լուրջ ազդեցութիւն է գործում մեր մոլորակի բոլոր երկրների հասարակութիւնների վրայ: Նշենք, որ տեղեկատուական ոլորտում նոյնպէս տեղի է ունենում միջոցների մենաշնորհումը եւ, ասենք, տպագիր զանգուածային լրատուամիջոցների (ԶԼՄ) հանդէպ վերահսկողութիւնը կենտրոնացած է հինգ լրատուական հսկաների ձեռքում: Այդ կառոյցները համաշխարհային տեղեկատուական քաղաքականութիւն են վարում, որը ՌԱՆՏ-ի փորձագէտներն անուանում են անգամ ոչ թէ որպէս քաղաքականութեանն ուղեկցող եւ այն ուժեղացնող գործընթաց, այլ առանձնացնում են որպէս ինքնուրոյն ժանր` նոր քաղաքականութիւն` լիովին համապատասխան երկրորդ սերնդի տեղեկատուական պատերազմների հայեցակարգին:

Տեղեկատուական հոսքերն այսօր աւելի, քան երբեւէ, ձեւաւորում են ողջ համաշխարհային հանրութեան արժեհամակարգն ու մտայնութիւնը: Զարմանալի չէ, որ ոլորտի խոշոր դերակատարները հետապնդում են նաեւ սեփական շահերը եւ անտեսում պետական ու մանաւանդ հանրային շահերը: Յատկանշական է, որ աւելի վաղ տեղեկատուական հարթութիւնում լիովին գերիշխում էին արեւմտեան լրատուամիջոցները: Սակայն, շնորհիւ «բազմաբեւեռ միտումների», այժմ դրանց հետ փորձում են մրցակցել այլ երկրների, առաջին հերթին` չինական եւ ռուսական լրատուամիջոցները: Արդիւնքում` փոքր-ինչ փոխուել է անգամ համաշխարհային «նորալեզուն»`, «Նովոեազ»-ը. օրինակ, Սուրիոյ վերաբերեալ մեկնաբանութիւններում «ընդդիմադիրներ», ծայրայեղ դէպքում` «ապստամբներ» «քլիշէ»-ի կողքին սկսել են ի յայտ գալ նաեւ աւելի համարժէք մակդիրներ. ասենք` «զինեալներ» եւ «վարձկաններ»:

Եւ վերջապէս, միջազգային զարգացումներում էապէս աճել է ահաբեկչական եւ յանցաւոր այլ կազմաւորումների դերը: Այդ կառոյցները միշտ ոչ միանշանակ եւ խճճուած յարաբերութիւններ են ունեցել տարբեր երկրների յատուկ ծառայութիւնների հետ եւ դրանց գործիքն են համարուել ստուերային քաղաքականութիւնում: Բայց իրավիճակի փոփոխութեան հետ` դրանց մի մասը, ինչպէս ցոյց են տալիս զարգացումները նոյն Սուրիայում, դուրս է եկել վերահսկողութիւնից եւ իր ինքնուրոյն խաղն է վարում, ինչն, ի դէպ, նախկինում էլ էր պատահում:

Ձեւաւորուող աշխարհակարգը, մեծ թուով դերակատարների` «փոփոխականների» պատճառով, շատ աւելի բարդ համակարգ է, քան` երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհակարգի դարաշրջանում: Որոշ իմաստով, աշխարհը յետ է գլորուել, ինչպէս գրում են որոշ մեկնաբաններ, մինչ Ուեսթֆալիական դարաշրջան, որը, սակայն, ունի համացանց ու զանգուածային ոչնչացման զէնք (ԶՈԶ): Նման իրավիճակն առարկայականօրէն դժուարացնում է շրջապատող աշխարհի արագ փոփոխուող բնութագրերի ընկալումն ու իմաստաւորումը: Բնական է, որ բարդանում է նաեւ այդ փոփոխութիւններին համապատասխան արձագանգումը: Ներկայ պայմաններում աճում է անգամ Միացեալ Նահանգների` առաւել «մտաւորականացուած» տէրութեան կողմից սխալներ թոյլ տալու հաւանականութիւնը, որի քաղաքականութիւնը ձեւաւորւում է բարձրակարգ բազմաթիւ Թինք-թանք-երի (ուսումնասիրական կեդրոններ), համալսարանների եւ գիտական կենդրոնների հիմքի վրայ: Այս պարունակում զարմանալի չէ, որ Միացեալ Նահանգների ռազմական փորձագէտներն իրենց հետազօտութիւններում ընդգծում են պետական հաստատութիւնների ամրապնդման կարեւորութիւնը: Սակայն տուեալ պարագայում` Միացեալ Նահանգներում, ներքին շահերի բախումներ են առաջանում. ազգային ռազմարդիւնաբերական համալիրի ուժեղացումն, օրինակ, կարող է յանգեցնել այսպէս կոչուած «ներքին պետութիւնների» ստեղծմանը հէնց պետութեան ներսում:

Այս բոլոր գործօնների ամբողջութիւնը յանգեցրել է նրան, որ ճգնաժամային երեւոյթները սկսել են զգացուել ոչ միայն համաշխարհային տնտեսութիւնում, այլեւ` հանրային եւ միջազգային կեանքի բոլոր ոլորտներում: Պատահական չէ, որ այսօր կարելի է հանդիպել աշխարհում տեղի ունեցող գործընթացների յաճախ վախճանաբանական մեկնութիւնների: Այս ամէնն ընդհանուր առմամբ աւելի ցայտուն եւ, միեւնոյն ժամանակ, տրամադիք դրսեւորում է ունենում Մերձաւոր Արեւելքում ընթացող զարգացումներում:

«Ողջ Մերձաւոր Արեւելքում Երկինքն Անամպ Է»

Մերձաւորարեւելեան գործընթացների յատկանշական գիծը, մեր կարծիքով, տեղի ունեցող իրադարձութիւնների դրդապատճառների եւ վերջնանպատակների բազմաթուութիւնն է: Եթէ փորձենք հիմնական յատկանիշներով ընդհանրացնել մեզ յայտնի հրապարակումներն այս հարցի վերաբերեալ, ապա արդիւնքում կը ստանանք միմեանց չհակասող, ընդհակառակը` փոխլրացնող հետեւեալ վարկածները:

«Արաբական գարուն» վարկած. Այս վարկածի հիմնական թեզն այն է, որ տարածաշրջանի երկրներում կուտակուել է ընկերային-տնտեսական, ժողովրդագրական, ցեղային եւ կրօնադաւանաբանական հիմնախնդիրների վտանգաւոր զանգուած: Դա յանգեցրել է զանգուածային բողոքների` արդի պատկերացումներին համապատասխան բարեփոխումների, արդիականացման եւ ժողովրդավարացման պահանջներով:

Այն, որ հիմնախնդիրները Մերձաւոր Արեւելքում աւելի քան շատ էին, որեւէ կասկած չի յարուցում: Այս հարցը քննարկւում է հիմնարար շատ աշխատութիւններում, այս մասին են վկայում նաեւ «յեղափոխական ներուժի» ցուցատախտակները, որտեղ 16 երկրների շարքում աղիւսակի վերին 5 տեղերը զբաղեցնում են արաբական երկրները: Բայց վարկանիշային թերթիկից երեւում է նաեւ, որ յեղափոխական իմաստով շատ աւելի «առաջադէմ» այլ երկրներում մինչեւ այժմ ոչ մի առանձնայատուկ բան տեղի չի ունեցել: Հնարաւոր է, որ արաբական հանրութիւններն ընտրէին եղափոխական զարգացման այլ ճանապարհ, եթէ այդ առարկայական ներքին հանգամանքներին չգումարուէին արտաքին գործօնները` գունաւոր յեղափոխութիւններ կատարելու յայտնի արհեստագիտութիւնների գործարկումը, այս անգամ` «ուրբաթօրեայ աղօթքների» շեշտադրման «ապրիլի 6-ի շարժման» տիպի կազմակերպութիւններն իրենց «քիֆայա»` (բաւական է) կարգախօսով (յիշենք «Քմարան» Վրաստանում): Դրա հետ մէկտեղ, ապստամբական շարժման մէջ ի յայտ եկաւ տեղեկատուական գործառնութիւնների այնպիսի արդիւնաւէտ գործիք, ինչպիսին են ընկերային ցանցերն ու «պլոկ»-ները: Օրինակ, դեռ 2010թ. յունիսին Կուկըլ-ի մերձաւորարեւելեան բաժանմունքի տնօրէն Վաէլ Կոնիմը հակամուպարաքեան էջ բացեց «Ֆէյսպուք»-ում, որն օրական այցելում էր մինչեւ կէս միլիոն մարդ: Չի կարելի լիովին բացառել հնարաւորութիւնը, որ սոյն պարագայում գործում էր ոչ այնքան Միացեալ Նահանգները կամ նրա դաշնակիցները, որքան ինքնուրոյն գործող «ժողովրդավարացնող» (ՀԿ)-ները` խոշոր ԶԼՄ-ի հետ մէկտեղ, որոնք մեծ խանդավառութեամբ մեկնաբանում էին իրադարձութիւններն ու ամէն կերպ քաջալերում Թահրիր հրապարակի ցուցարարներին:

Այս ամէնից կարելի է եզրակացնել, որ, ի հարկէ, դժուար է պատկերացնել յեղափոխական զարգացումներն առանց առարկայական նախադրեալների, բայց արդի աշխարհում նաեւ դժուար է պատկերացնել ծաւալուն հասարակական շարժումներն` առանց արտաքին միջոցների սնուցումների, լինեն դրանք պետութիւններ, թէ բազմաբեւեռ աշխարհակարգի նոր ենթակաները: Եթէ դա չի բաւարարում, ապա կազմակերպւում է ռազմական միջամտութիւն, ինչպէս տեղի ունեցաւ Լիպիայում: Բայց սա արդէն մեզ մօտեցնում է տեղի ունեցող դէպքերի աշխարհաքաղաքական դրդապատճառների վարկածին:

«Աշխարհաքաղաքականութիւն» վարկած. Այս մօտեցման համաձայն, յեղափոխական շարժումները նախաձեռնուել էին ոչ թէ յանուն արաբական երկրների արդիականացման եւ համաշխարհային հանրութեանը նրանց համարկման (ինչպէս յայտնի է` տեղի ունեցաւ ուղիղ հակառակը), այլ` որոշակի աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար: Նման հարցադրումն օրինաչափ է եւ այնքան էլ ինքնատիպ չէ, քանի որ դրսից հրահրուող յեղափոխութիւններն առնուազն վերջին տասնամեակներում (իսկ ոմանց կարծիքով` վերջին հարիւրամեակում) հէնց նման նպատակներ են հետապնդել: Սակայն աւելի վաղ այդ վերջնանպատակները որոշ չափով միանշանակ էին եւ յատուկ գաղտնազերծման կարիք չունէին: Իսկ արաբական աշխարհի գործընթացների պարագայում մեքենայութիւնը շատ աւելի բարդ է, մանաւանդ եթէ հաշուի առնենք հարցի նախապատմութիւնը, այն է` ամերիկեան ներխուժումն Իրաք 2003թ.:

Այս ամէնը լաւ հասկանալու համար փորձենք գնահատել այսպէս կոչուած մերձաւորարեւելեան տակնուվրայութեան որոշ միջանկեալ արդիւնքներ:

ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրէն

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
Disqus ( )