«Մենք Ապրելու Ենք Մեր Երկրում» Ծրագիրը

Ծրագրային Գործողութիւններ

21.- Իրականացնել քաղաքական եւ տնտեսական գործառոյթների զուգակցումը բացառող, անձի չվարկաբեկուածութեան, անհրաժեշտ ունակութեան ու փորձառութեան յատկանիշների գերակայութիւնը երաշխաւորող, իսկ հանրային ծառայութեան ոլորտում` նաեւ հանրային ծառայողների բնականոն առաջխաղացումն ապահովող քատրային քաղաքականութիւն:

Առ այդ`

21.1.- պետական պաշտօններից ազատել ցոփութեամբ, թմրամոլութեամբ եւ այլ նեկաթիւ դրսեւորումներով տարուած ու քրիստոնէական արժեհամակարգը ոտնահարող անձանց,

21.2.- օրէնքով արգելել հանրային ծառայողի կողմից խաղատներում շահումով խաղերին մասնակցելը եւ նախատեսել այս պարտաւորութեան խախտման դէպքում աշխատանքից անմիջապէս ազատելու օրէնսդրական հնարաւորութիւնը,

21.3.- օրէնքով արգելել բարձրագոյն պաշտօնատար անձանց եւ նրանց հետ փոխակապակցուած անձանց կողմից, պաշտօնավարման ընթացքում, արտերկրում խոշոր ներդրումներ կատարելը, (անշարժ գոյք, արժէթղթեր, պանքայի հաշիւներ եւ այլն),

21.4.- հասարակութեան բոլոր շերտերում յայտնաբերել հայ ազգի հաւաքական կերպարի յատկանիշներով օժտուած անհատներին եւ խրախուսել նրանց գործունէութիւնը: Աջակցել ու օգնել բոլոր հարցերում` անձնական եւ տեսակային յաջողութիւններ գրանցելու համար,

21.5.- գործադիր ոլորտում պաշտօններ նշանակելիս առաջնորդուել անձի պրոֆեսիոնալ, վարկաբեկուած չլինելու, հասարակութիւնում յարգանք եւ հեղինակութիւն վայելելու սկզբունքներով, բացառութեամբ առանձին քաղաքական պաշտօնների, բացառել կուսակցական պատկանելիութեամբ պաշտօնի նշանակման ձեւաւորուած արատաւոր պրակտիկան, իսկ պաշտօնի նշանակելուց յետոյ պաշտօնեան պէտք է դադարեցնի իր կուսակցական պատկանելիութիւնը կամ կասեցնի այն պաշտօնավարման ողջ ժամանակահատուածում,

21.6.- ձեւաւորել քաղաքական ընդդիմութեան գործուն դերակատարութիւնն ապահովող իշխանութիւն-ընդդիմութիւն միասնական քաղաքական համակարգ, այդ թւում` ընդունել ընդդիմութեան եւ ընդդիմութեան կողմից վերահսկողութեան մասին օրէնքները, հանրային ծառայութիւնների էթիկայի յանձնաժողովը վերակազմաւորել հակակոռուպցիոն մարմնի, դրա, ինչպէս նաեւ հակամենաշնորհային քաղաքականութիւնն իրականացնող մարմնի եւ, քաղաքացիական ծառայութեան խորհրդի ղեկավարումը վերապահել ընդդիմութեան կողմից ներկայացուած թեկնածուներից նշանակուած անձին: Նոյն կարգով վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմութեանը տալ քուոտա,

21.7.- Ֆինանսա-տնտեսական ոլորտում կատարուող ստուգումների արդիւնքների քննարկումը դարձնել թափանցիկ, բացառել հանրային միջոցներն անարդիւնաւէտ ծախսած պաշտօնատար անձի հետագայ պաշտօնավարումը,

21.8.- ձեւաւորել ընտրական յանձնաժողովների անաչառութիւնն ապահովող ու պատասխանատուութիւնը յստակ հասցէաւորող անկախ եւ ինքնուրոյն գործող ընտրական նոր կառոյց` ԿԸՀ նախագահի ընտրութիւնը վերապահելով ԱԺ-ին,

21.9.- Հայաստանի վարչատարածքային նոր բաժանման հենքի վրայ անցում կատարել մարզպետների ընտրութեան համակարգին, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազօրութիւնները եւ աշխատատեղերի ստեղծման հարցում ամրագրել նրանց պարտականութիւնը,

21.10.- օրէնքով ամրագրել դատաւորների առաջադրման ու ազատման հակակշռող մեքանիզմներ եւ դատարանների նախագահների ռոտացիոն կարգով ընտրութիւնը: Արդարադատութեան խորհրդի անդամ դատաւորների լիազօրութիւնները կասեցնել խորհրդի անդամութեան ողջ ժամանակահատուածում: Խորհրդի կազմում չընդգրկել այն իրաւաբան-գիտնականներին, ովքեր ունեն մերձաւոր ազգական դատաւորներ: Սահմանել դատախազների եւ դատաւորների պիտանելիութեան ցուցակներում ընդգրկուելու համար քննութիւնների թափանցիկ ընթացակարգ եւ բացառել 5 տարուց աւելի պիտանելիութեան ցուցակում անձի գտնուելը,

21.11.- բարձրացնել եւ կարեւորել կանանց դերը` դրական լիցքերով տրամադրուած, վստահութիւն ներշնչող եւ երկրի ապագայի նկատմամբ հաւատ ունեցող կանանց նշանակել հասարակական, քաղաքական, պետական պաշտօններում,

21.12.- հանրային ծառայութեան այն պաշտօնների մրցոյթներում, որտեղ աշխատանքային փորձ չի պահանջւում, նախապատուութիւնը տալ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ մասնագէտներին` երաշխաւորելով գենդերային հաւասարութիւնը,

21.13.- հանրային հեռուստաընկերութեանը ապահովել ամբողջական եւ լիարժէք ֆինանսաւորմամբ եւ այն ազատել սոյն մասում նախատեսուած չափանիշներին չբաւարարող անձանցից,

21.14.- ստեղծել երկում իրականացուող բարեփոխումների մշտադիտարկման յանձնաժողով` հասարակութիւնում վստահութիւն վայելող եւ հեղինակութիւն ունեցող անձանց մասնակցութեամբ:

22.- Բարելաւել պիզնես միջավայրը, հարկային եւ մաքսային քաղաքականութիւնը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող եւ եկամուտների բաշխման արդարութեան սկզբունքն ապահովող:

Առ այդ`

22.1.- օրէնքով ամրագրել, որ հարկային դրոյքաչափերի բարձրացումը, հարկերի հաշուարկման եւ վճարման կանոնների բարդացումը չեն կարող ընդունման պահից 3 տարուց ոչ շուտ ուժի մէջ մտնել,

22.2.- վերանայել եկամտահարկի սանդղակը, լայնօրէն կիրառել փրոկրեսիւ հարկման համակարգը:

22.3.- վերանայել գոյքահարկի համակարգը` առաւելագոյնս համապատասխանեցնելով ըստ արդարութեան գանձելու սկզբունքին, այդ թւում սահմանել շքեղութեան հարկ (փրոկրեսիւ գոյքահարկով հարկել մէկ ընտանիքին 750 քառ. մեթրից աւելի բնակտարածութիւնը),

22.4.- վերանայել ներկրուող թեթեւ մարդատար աւտոմեքենաների մաքսազերծման համակարգը` նպատակ ունենալով ապահովել նոր, ժամանակակից, տնտեսող, էկոլոգիապէս մաքուր մեքենաների մատչելիութիւնը եւ 3-5 տարուայ ընթացքում երկրի շարժակազմի ամբողջական արդիականացումը,

22.5.- վերանայել մաքսային օրէնսգիրքը, մաքսադրոյքներն ու մաքսային խթաները դարձնել գործիք` ակտիւ արդիւնաբերական քաղաքականութեան, ինչպէս նաեւ արտահանմանն ուղղուած հայրենական արտադրութեան ծաւալների ընդլայնման համար,

22.6.- առողջութեանը վնաս հասցնող ապրանքների եւ ծառայութիւնների նկատմամբ ներդնել հանրային առողջապահական ոլորտի ֆինանսաւորման նպատակային հարկեր,

22.7.- օրէնքով բացառել քաղաքացիների եւ իրաւաբանական անձանց համար մասնաւոր կազմակերպութիւններից ծառայութիւններ գնելու եւ դրանց դիմաց պարտադիր վճարումներ կատարելու (աւտոկայանման, տեսանկարահանող սարքերով հսկողութեան, բնակչութիւնից այլ մեթոտներով գումարներ հաւաքելու համար) հակասահմանադրական պահանջները,

22.8.- վերանայել շրջանառութեան հարկը` նուազեցնել հարկային դրոյքաչափերը եւ աւելի հեշտացնել փոքր պիզնեսի հարկային հաշուառման համակարգը,

22.9.- ձեւաւորել օրէնքների եւ կառավարութեան որոշումների կոռուպցիոն ռիսքերի բացահատմամբ զբաղուող, ԱԺ բոլոր խմբակցութիւնների առաջադրմամբ ձեւաւորուող միաւոր, որի հիմնական գործառոյթը կը լինի իրաւական ակտերում ձեւակերպուած առերեւոյթ կամ թաքնուած կոռուպցիոն շղթաների բացայայտումն ու դրանք վերացնելուն ուղղուած առաջարկութիւնների ներկայացումը,

22.10.- 5 տարով մինչեւ 50%-ով եկամտային հարկից ազատել կամ նշուած մեծութեամբ սուբսիդաւորել տարաբնակեցման ծրագրի շրջանակներում վերաբնակեցուած անձանց եկամուտները:

23.- Աշխատատեղերի ստեղծման գործում ամրագրել պետութեան պարտաւորութիւնը, գործադրել արտաքին շուկաների նուաճման եւ երկրի աշխատաշուկայի ակտիւ պետական կարգաւորման քաղաքականութիւն:

Առ այդ`

23.1.- յառաջիկայ չորս տարիների համար մշակել եւ ներկայացնել առնուազն 200 հազար աշխատատեղերի ստեղծման ճանապարհային քարտէզ` գործողութիւններով, ժամանակացոյցով եւ արդիւնքների կոնկրետ նկարագրութեամբ:

23.2.- մշակել արտաքին շուկաներ մուտք գործելու ռազմավարութիւն` հիմնուած Հայաստանի մարզերի համաչափ եւ բազմակենտրոն զարգացման տարաբնակեցման հայեցակարգի վրայ,

23.3.- ստեղծել արտաքին շուկաներ այլ երկրներից ներմուծուող ապրանքային շուկաների ուսումնասիրման հետազօտական խումբ, որը պէտք է ուսումնասիրի այդ ապրանքատեսակների արտադրութեան կազմակերպման հնարաւորութիւնը Հայաստանում, ներկայացնի դրա համար անհրաժեշտ քատրային-մասնագիտական, ֆինանսական եւ կազմակերպական պահանջները: Ձեւաւորուած արտադրական պատուէրը Հայաստանում տեղաբաշխելու ժամանակ նկատի պէտք է առնուեն ինչպէս հայաստանցի գործարարները, այնպէս էլ այլ երկրներում գործունէութիւն ծաւալող հայերը, որոնք պատրաստ են հայրենիքում կազմակերպել տուեալ արտադրութիւնը: Տեղաբաշխուած արտադրական պատուէրների անհրաժեշտ չափանիշները պէտք է համարուեն աշխատատեղերի քանակը, վարձատրութեան համակարգը, ապրանքի որակը, որոնց հսկողութեան լիազօրութիւնը պէտք ստանձնի կառավարութիւնը` աջակցելով նաեւ այդ ապրանքատեսակների մուտքին տուեալ շուկաներ: Սոյն կէտի կատարման շրջանակներում հետազօտական խումբը առանձին ուշադրութիւն պէտք է դարձնի նաեւ այն ձեռնարկութիւնների արտադրական կարողութիւնները օգտագործելու վրայ, որոնք տարբեր ծրագրերի շրջանակներում յանձնուել են այլ երկրների սեփականութեանը (օրինակ` գոյք պարտքի դիմաց Ռուսաստանին յանձնուած ձեռնարկութիւնները: Սա կարող է դիտուել նաեւ Ռուսաստանի կողմից իրականացուող հայրենակիցներ ծրագրի այլընտրանք:):

23.4.- ստեղծել այլ երկրներից ներմուծուող ապրանքատեսակները տեղական արտադրութեամբ առաւելագոյնս փոխարինելու հնարաւորութիւններն ուսումնասիրող հետազօտական խումբ, հետազօտութեան հիման վրայ հաստատել այդ ապրանքատեսակների ցանկը: Առաջին երկու տարիներին ամբողջութեամբ սուբսիդաւորել այդ ապրանքների արտադրութեան կազմակերպման մէջ ընդգրկուող փոքր ու միջին պիզնեսի` երիտասարդներով համալրուած կամ սահմանամերձ բնակավայրերում ձեւաւորուող ձեռնարկութիւնների մինչեւ 100 միլիոն դրամի չափով վարկերի տոկոսադրոյքները,

23.5.- աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գործադրել առկայ աշխատուժի (այդ թւում` գործազուրկների) վերամասնագիտացման համակարգ` ուսուցման ողջ ժամանակահատուածում ապահովելով կրթաթոշակով,

23.6.- արտադրութեան համար ներգրաւուող վարկային տոկոսադրոյքները նուազեցնել` 8-10 տոկոս միջակայքում, այլ պետութիւններից եւ միջազգային կազմակերպութիւններից ներգրաւուած նպատակային վարկային միջոցները առեւտրային պանքերին եւ վարկային կազմակերպութիւններին տրամադրել առանց յաւելեալ տոկոսադրոյքի` սահմանելով, որ դրա վրայ կարող է աւելացուել միայն գնաճը,

23.7.- Էթնո եւ էկո տուրիզմի զարգացման նպատակով մարզերում տրամադրել արտօնեալ վարկեր` ընդհուպ մինչեւ առաջին երկու տարուայ վարկային տոկոսադրոյքի ամբողջական սուբսիդաւորմամբ:

23.8.- գրանցուած գիւտերի կիրառման, ինչպէս նաեւ նորարարութիւնների, գիտահետազօտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման համար փոքր եւ միջին ձեռնարկութիւններին տրամադրել արտօնեալ վարկեր մինչեւ 50 միլիոն դրամի չափով` ընդհուպ մինչեւ առաջին երկու տարուայ վարկային տոկոսադրոյքի ամբողջական սուբսիդաւորում,

23.9.- ընդլայնել պայմանագրային կարգով զինուորական ծառայութեան թուակազմը` առաջնահերթութիւնը տալով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Սա կ՛ապահովի նաեւ այդ բնակավայրերի զարգացումը,

23.10. աշխատանքային էմիգրանտների իրաւունքները պաշտպանելու, նրանց հանրապետութիւն վերադարձնելու ամբողջական համակարգ ձեւաւորելու նպատակով լիցենզաւորել եւ կանոնակարգել մասնաւոր զբաղուածութեան գործակալութիւնները,

23.11.- սահմանել եւ գործադրել կառավարութեան պարտաւորութիւնը` ժամկէտային զինուորական ծառայութիւնն անցած երիտասարդների զօրացրուելուց յետոյ մէկ տարուայ ընթացքում ապահովել նրանց աշխատանքով,

23.12.- ներդրողների համար կանխատեսելիութիւնը բարձրացնելու եւ ներդրումային ռիսքերը նուազեցնելու նպատակով երաշխաւորել, որ կազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները չեն բարձրանայ առաջիկայ 5 տարիներին,

23.13.- Երեւան քաղաքից 30 քմ եւ աւելի հեռաւորութեան վրայ, 10-ից ոչ պակաս աշխատատեղով արդիւնաբերական եւ գիւղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկութիւններ հիմնելու դէպքում, պետութիւնը պէտք է ապահովի դրանց անհրաժեշտ ենթակառուցուածքների (էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում եւ այլ) կառուցումը:

24.- Ներդնել ըստ մասնագիտութեան եւ որակաւորման արդարացի վարձատրութեան համակարգ:

Այդ թւում,

24.1.- հանրապետութիւնում նուազագոյն ժամային աշխատավարձի համար նախատեսել, որ այն սահմանւում է իւրաքանչիւր տարի` առաջիկայ տարուայ պետական պիւտճէի նախագծի հետ միասին, տուեալ տարուայ առաջին եռամսեակի միջին ժամային աշխատավարձի 50 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս կենսապահովման նուազագոյն պիւտճէից, որի աճը չպէտք է պակաս լինի տարեկան գնաճի ցուցանիշից,

24.2.- հանրային ծառայողների համար սահմանել աշխատավարձերի միասնական պազային դրոյքաչափ` նուազագոյն աշխատավարձի 120 տոկոսի չափով,

24.3.- առաջնահերթութեան կարգով, առնուազն կրկնակի, բարձրացնել ազգային անվտանգութեան, պաշտպանութեան, ոստիկանութեան, առողջապահութեան համակարգերի աշխատակիցների աշխատավարձերը,

24.4.- գեղարուեստական կրթութեան եւ դաստիարակութեան ոլորտի մանկավարժների աշխատավարձերը մօտեցնել հանրակրթութեան ոլորտի մանկավարժների միջին աշխատավարձին:

25.- Ընդունել եւ գործադրել գիւղատնտեսութեան պետական աջակցութեան մասին համակարգային օրէնքը, որի գործադրումը կ՛ապահովի գիւղատնտեսութեան խոշորացումը, սոցիալականից արդիւնաբերական գիւղատնտեսութեան անցումը, կը նպաստի ոչ գիւղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանն ու գիւղի զարգացմանը:

Առ այդ`

25.1.- պետական աջակցութեամբ սուբսիդաւորման ընդհանուր ծաւալը տարեկան հասցնել գիւղատնտեսութեան ոլորտի համախառն ներքին արդիւնքի հինգ տոկոսին,

25.2. ձեւաւորել կարեւոր պարենային եւ գիւղատնտեսական մթերքների (հացահատիկ, կաթ, միս եւ այլն) նուազագոյն շահաւէտ գնով երաշխաւորուած իրացման եւ ինտերուենցիոն համակարգեր,

25.3.- պետութիւն-մասնաւոր համագործակցութեամբ, Հայաստանի իւրաքանչիւր մարզում ձեւաւորել առնուազը մէկ գիւղատնտեսական կօօպերատիւ, ներկայացնելով եւ քարոզելով դրա տնտեսական եւ սոցիալական առաւելութիւնները,

25.4.- ամբողջութեամբ բացայայտել գիւղատնտեսութիւնում առկայ ռիսքերը եւ դրանց նուազեցման ուղղութեամբ իրականացնել կոնկրէտ ծրագրեր,

25.5.- չորս տարիների ընթացքում ամբողջութեամբ ներդնել գիւղատնտեսական ապահովագրութեան համակարգը,

25.6.- վերացնել ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղէնի սառնարանային պահպանութեան տնտեսութիւնների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսուած սահմանաչափերից աւելի օգտագործուող հողամասերի համար քատասթրային արժէքների տարբերութեան վճարման օրէնսդրական պահանջը:

26.- Կրթութիւնը վերածել ազգային մտածողութեամբ երիտասարդների դաստիարակութեան գործիքի, այն ապակուսակցականացնել, դարձնել որակեալ եւ մատչելի:

Այդ թւում`

26.1.- նախադպրոցական ուսումնական հաստատութիւնները դարձնել անվճար ամբողջ երկրի տարածքում,

26.2.- վերանայել հանրակրթական ծրագրերն ու դպրոցական դասագրքերը` նոր սերնդին դաստիարակել ազգային մտածողութեամբ եւ պայքարի վճռականութեամբ,

26.3.- վերանայել միջին մասնագիտական եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների կրթավճարները, ուսումնական հաստատութիւններում ուսման վճարի չափը կապակցելով շահառուների եկամուտների, ինչպէս նաեւ տրամադրուող կրթութեան որակի եւ գիտելիքի հետ:

26.4.- ուսանողներին, ըստ առաջադիմութեան, տրամադրել կրթաթոշակ նուազագոյն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով,

26.5. երեխաներ ունեցող ուսանողներին ազատել ուսման վճարից,

26.6. ամբողջութեամբ գործադրել պարտադիր զինուորական ծառայութիւնն անցած երիտասարդների` ուսումնական հաստատութիւններում անվճար սովորելու ծրագիրը,

26.7. պետութեան կողմից իրականացուող երիտասարդական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ ուսումնական հաստատութիւնները ապակուսակցականացնել,

26.8.- բացառել պետական երիտասարդական քաղաքականութեանն ուղղուող միջոցների խտրական օգտագործումը,

26.9.- տնտեսութեան կարիքներին եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ներդնել կրթական հաստատութիւնների ռեյտինգաւորման համակարգ` նպաստելով կրթութեան նկատմամբ մասնաւոր պահանջարկի ձեւաւորմանը:

27.- Օրէնքով աղքատութեան շեմ համարել կենսապահովման նուազագոյն պիւտճէի մեծութիւնը, սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմքում դնել եւ երաշխաւորել իւրաքանչիւր քաղաքացու դրանից ոչ ցածր եկամուտ կամ սոցիալական պաշտպանութիւն ունենալու իրաւունքը:

(Շար. 2)

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )