Բազմաբեւեռ Իրողութիւնները, Մերձաւոր Արեւելքը Եւ Ցեղասպանութիւնը` «Վազող Տողի» Տեսքով (Մաս 2)

ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Ցանկացած պաշտպանութեան նախարարի, որը
նախագահին կրկին խորհուրդ կը տայ խոշոր ամերիկեան
ցամաքային ուժեր ուղարկել Ասիա կամ Մերձաւոր Արեւելք,
կամ Ափրիկէ, անհրաժեշտ է հոգեբուժի մօտ ուղարկել զննման:

ՌՈՊԵՐԹ ԿԷՅՑ
Միացեալ Նահանգներու պաշտպանութեան
նախարար 2006-2011թթ.

 

«Հետգարնանային Բնանկար»

Այսօր կարելի է փաստել, որ արաբական աշխարհում զարգացումները դեռ հեռու են աւարտուած լինելուց. Եգիպտոսում յեղափոխութիւնն ընդունում է շարունակական բնոյթ, ինչպէս երազում էին 20-րդ դարասկզբի յայտնի գաղափարախօսները, իսկ իսլամականների ու նրանց հակառակորդների առճակատումը փոխանցուել է անգամ կայուն համարուող Թուրքիա: Հարկ է առանձին դիտարկել Սուրիան, որտեղ երրորդ տարին է` պատերազմ է, եւ այս հարցին մենք դեռ կ՛անդրադառնանք: Սակայն այսօր արդէն կարելի է որոշ նախնական ամփոփումներ անել: Եթէ բաց թողնենք փոքր-ինչ առանձնայատուկ Թունուզը, որտեղ գործընթացներն ընթանում են համեմատաբար մեղմ ձեւով, ապա տարածաշրջանի երկրների համար առաւել ընդհանուր արդիւնքն ինքնատիպ «ապապետականացումն» է: Օրինակ, նախկինում քաղաքական ազդեցութեան եւ տնտեսական զարգացման որոշակի աստիճան ունեցող Լիպիան փաստօրէն պետութիւնից վերածուել է մի «տարածքի», որտեղ կան ուժանիւթի պաշարներ եւ բնակչութեան` միմեանց հետ հակամարտող խմբեր: Յատկանշական է, որ պատերազմի եզրափակիչ արարից Քազզաֆիի սպանութիւնից յետոյ Լիպիան (կամ, ինչպէս գրում են որոշ մեկնաբաններ` «նախկին Լիպիան») փոխադրուել է համաշխարհային լրահոսքերի «գորշ գօտի», եւ անգամ դիւանագէտների դէմ իրականացուող ահաբեկչութիւնները լոկ թեթեւակի են աշխուժացնում այս երկիրը տեղեկատուական տարածքում:

Արաբական աշխարհի առաջատար համարուող Եգիպտոսում, ըստ էութեան, իշխում է ոչ օրինաւոր ռազմական «Խունթան», իսկ վերջին ընտրութիւններում յաղթանակած Իսլամ եղբայրները եւ նրանց հարող սալաֆիներն առայժմ անյաջող փորձում են վերականգնել պաշտօնազրկուած Մուրսիին: Անկախ այդ դիմակայութեան ելքից` երկրի հասարակութիւնը, թերեւս, անդառնալիօրէն, դարձաւ պառակտուած ու ապադասակարգայնացուած. սրընթաց աճեց յանցաւորութիւնը (կողոպուտների թիւը վերջին տարուայ ընթացքում աճել է 350 առ հարիւրով): Բնական է, որ անկման մէջ յայտնուեց նաեւ տնտեսութիւնը. եթէ մի կողմ թողնենք Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ միջազգային այլ կազմակերպութիւնների չոր թուերը, ապա այս մասին աւելի պերճախօս կերպով վկայում են 2011 թուականից երկրում 4500 գործարանների փակման փաստը եւ այն, որ աղքատութեան եզրագիծը հատել է (եգիպտական չափանիշներով) բնակչութեան 25 առ հարիւրը: Այս բոլոր հիմնախնդիրները Եգիպտոսին գրեթէ զրկում են զարգացման որեւէ հեռանկարից առնուազն տեսանելի ապագայում:

Անկախ ձեւաւորման մեքանիզմներից` աւելի վաղ «տարածքի» կարգավիճակ ստացել էր նաեւ Իրաքը: Այդ երկիրն ամերիկեան ներխուժումից յետոյ բաժանուել է ըստ ցեղային եւ դաւանական յատկանիշների, պետական համակարգը գրեթէ չի գործում, իսկ միջդաւանական բախումներն ու ահաբեկչութիւններն ամէնօրեայ երեւոյթներ են դարձել: Այսպիսով, Իրաքի զարգացման հեռանկարները նոյնքան մշուշոտ են, որքան Լիպիայինն ու Եգիպտոսինը:

Տարածաշրջանում դիտւում է նաեւ մէկ այլ ընդհանրութիւն: Այդ նոյն Իրաքում, օրինակ, կառավարման պետական համակարգի բարեփոխման արդիւնքում կառավարութիւնը գլխաւորեցին շիայ մեծամասնութեան ներկայացուցիչները, որոնք ամենեւին էլ չեն պաշտպանում Սուրիոյ հանդէպ վարուող ամերիկեան քաղաքականութիւնը եւ աւելի շուտ իրանամէտ դիրքորոշում ունեն: Մօտաւորապէս նոյն դրութիւնն է ստեղծուել Եգիպտոսում, որտեղ Միացեալ Նահանգները չկարողացան լիարժէք համագործակցութիւն հաստատել ինչպէս իշխանութեան եկած Իսլամ եղբայրների (չնայած նախկին նախագահ Մուրսիի «ամերիկեան հետքի». նա ժամանակին աշխատել է Ամերիկայում), այնպէս էլ ներկայիս զինուորականների հետ (դատելով օդուժի մատակարարումների դադարեցումից): Իսկ եթէ խօսելու լինենք ինչ-որ օրինաչափութեան մասին` «նոր իշխանութիւնների» համայնապատկերին, ապա կարելի է փաստել միայն տարածաշրջանի «վերաիսլամացման» մասին` հաւանաբար ներշնչուած Րէնտի` «չափաւոր իսլամութեան» մասին փոքր-ինչ հնացած գաղափարներից, որոնք ներկայացուած են «Չափաւոր իսլամական ցանց կառուցել» նախագծում:

Այսպիսով, ստացւում է, որ չկատարուեց դրսից յարուցուող յեղափոխութիւնների կամ ուղղակի ներխուժումների` աւանդաբար գլխաւոր խնդիրը` հաւատարիմ իշխանութիւնների ձեւաւորումը (ինչպէս տեղի ունեցաւ, օրինակ, Ուքրանիայում, Վրաստանում կամ էլ Աֆղանիստանում): Սրանից նաեւ հետեւում է, որ իշխող վարչակարգերին «իրենց քատրերով» փոխելն ամենայն հաւանականութեամբ տեղի ունեցողի գլխաւոր դրդապատճառը չէ: Չի կարելի լիովին բացառել, որ կատարուել է վերը նշուած ենթադրութիւնը ՀԿ, ԶԼՄ կամ էլ «ներքին պետութիւնների» ինքնուրոյն գործողութիւնների մասին, իսկ Միացեալ Նահանգների վարչակազմը կանգնեցուել է փաստի առջեւ: Բայց այս ոչ կառավարական կազմակերպութիւնների եւ/կամ «ներքին պետութիւնների» գործողութիւններն աւելի շուտ ընդգծում են «ազգային շահ» հասկացութեան բարդ կառուցուածքն արդի աշխարհում եւ յատկապէս Ամերիկայում:

Այս համայնապատկերում, մանաւանդ հաշուի առնելով Սուրիոյ եւ Իրաքի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանի երկրների փոխակերպման հիմնական դրդապատճառներից մէկը կարող էր լինել «թիւ 1» ռազմավարական գործընկերոջ` Իսրայէլի անվտանգութեան ապահովումը: Չէ՞ որ ակնյայտ է, որ որքան էլ ռազմատենչ լինի իշխանութիւնների հռետորաբանութիւնը, եթէ նրանց երկրները գտնւում են փլուզուած վիճակում, ապա հրէական պետութեան համար, որն ահաբեկչական կազմաւորումների դէմ պայքարի յաջող փորձ ունի, այն որեւէ իրական վտանգ ներկայացնել չի կարող: Ի հարկէ, այս պնդումն արդարացի է միայն կարճ ժամանակահատուածի համար. ստեղծուած իրադրութեան հետագայ եղափոխութիւնը այնքան էլ միանշանակ չէ, եւ այս հարցին մենք դեռ կ՛անդրադառնանք:

Միեւնոյն ժամանակ, «տարածաշրջանային նման բեմագրութեանը լիակատար իրագործումն այսօր մեծ հարցականի տակ է: Ներքին անկարգութիւնների հրահրման մեքանիզմը, իսկ եթէ դա բաւարար չլինի,  նաեւ ոչ մեծ ռազմական արշաւի կազմակերպումը` «ֆիզիքական հաշուեյարդարից ընդդիմութեան փրկութեան համար», արդիւնքում ստանալով բոլոր իմաստներով անկում ապրող երկիր կամ էլ պարզապէս տարածք պետութեան փոխարէն, չաշխատեց Սուրիայում: Այդ երկրում արդէն երրորդ տարին է` յամառ պատերազմ է ընթանում:

«Առաջին Բազմաբեւեռ Պատերազմը»

Մերձաւորարեւելեան գործընթացներն առաջին փուլում ընթանում էին միաբեւեռ աշխարհի կանոններով. անգամ Իրաքի բռնագրաւումը կամ ռազմական միջամտութիւնը լիպիական գործերին լուրջ դիմադրութեան չհանդիպեց. առանձին երկրների (այդ թւում` հիւսիսատլանտեան դաշինքի անդամ երկրների) առաջնորդների քննադատական արտայայտութիւններին կամ էլ ՄԱԿ-ի արժէզրկուած բանաձեւերին միջազգային հանրութիւնն արդէն հասցրել է վարժուել: Իրավիճակը փոխուեց Սուրիայում զարգացումներին համընթաց, որտեղ`

– Պաշար Ասատի կառավարութիւնը, յենուելով իշխանութիւնների հանդէպ հիմնականում հաւատարիմ բազմազգ բնակչութեան վրայ (նշենք, որ Սուրիան առհասարակ չկար վերոնշեալ «ապստամբելու ցուցատախտակում» քաղաքական կամք դրսեւորեց եւ սկսեց կոշտ պատասխան տալ զինուած վարձկանների գործողութիւններին, որոնք ուղղուած էին ոչ միայն իշխանութիւնների, այլ նաեւ խաղաղ բնակչութեան եւ կրօնադաւանական փոքրամասնութիւնների դէմ:

– Վարձկանները (տարբեր գնահատականներով` զինեալների մէջ սուրիական քաղաքացիների թիւը մօտ 20 հարիւր է) Սուրիա են գալիս տարածաշրջանային եւ անգամ ԱՊՀ երկրներից (մասնաւորապէս` Ազրպէյճանից, Հիւսիսային Կովկասից եւ միջինասիական հանրապետութիւններից): Նրանց մէջ կան իսլամական տարբեր ահաբեկչական խմբաւորումների (որոնցից առանձնանում են «Քաիտան» եւ «Ճապհաթ նուսրան») ներկայացուցիչներ: Զինեալները սպառազինութիւն եւ նիւթական օժանդակութիւն են ստանում Միացեալ Նահանգների, Ֆրանսայի եւ Մեծն Բրիտանիայի կողմից: Առանձնապէս զգալի է աջակցութիւնը տարածաշրջանային երկրներից, առաջին հերթին` Թուրքիայից, Սէուտական Արապիայից եւ Քաթարից:

– Իրադարձութիւններն Իրանի կարեւոր դաշնակից Սուրիայում սկզբից եւեթ յստակ հակաիրանական ուղղուածութիւն են ունեցել եւ ընկալուել են որպէս այդ երկրի դէմ պատժամիջոցների «ուժային յաւելուած»: Բնական է, որ իրանեան իշխանութիւններն սկսեցին ռազմական օգնութիւն ցուցաբերել Սուրիոյ (ինչպէս զինուորական արհեստագիտութեամբ, այնպէս էլ յատուկ զօրամասերի կամաւորներով): Յատկանշական է նաեւ, որ Սուրիան օգնութիւն է ստանում իր անմիջական հարեւաններից` Իրաքից (Իրաքի շիաների առաջնորդ Մոքթատա Սատրի մարտական խմբաւորումները) եւ լիբանանեան «Հըզպալլայից» (նրա հսկողութեան տակ գտնուող շրջաններից):

– Իրանի հետ Սուրիայի լծակից խումբի գործունակութիւնը վստահութիւն հաղորդեց Ռուսաստանին եւ Չինաստանին` աւելի յամառօրէն պաշտպանելու իրենց ազգային եւ դրանով իսկ` սուրիամէտ դիրքորոշումները միջազգային ասպարէզում: Բայց գործը դիւանագիտութեամբ չսահմանափակուեց. Ռուսաստանը եւ Չինաստանն օժանդակում են Սուրիային ինչպէս ռազմական արհեստագիտութեան մատակարարմամբ (հիմնականում` ռուսական, բաւական է յիշել համեմատաբար վերջերս ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը 4-5 միլիառ ամ. տոլարի օդանաւերու եւ հրթիռային արհեստագիտական տրամադրման մասին), այնպէս էլ տնտեսական առումով:

Այսպիսով, Սուրիոյ շուրջ ծաւալուող գործընթացներում անմիջականօրէն ներգրաւուած են բազմաթիւ երկրներ, այդ երկրների հետ կապուած (երբեմն էլ` ոչ այնքան) կրօնական, մարտական եւ ահաբեկչական կառոյցներ: Ներկայ հակամարտութեանը բնորոշ են Պաղ պատերազմի տարիներին ընթացող տեղական հակամարտութիւնների տարրերը. կողմերը լայնօրէն կիրառում են դիւանագիտական, ռազմական, տեղեկատուա-հոգեբանական, տնտեսական եւ ահաբեկչական ներգործութեան բոլոր հնարաւոր միջոցները: Սուրիայում առանձնապէս աշխուժ են յատուկ ծառայութիւնները, որոնք իրենց առանձնայատուկ գործառոյթները կատարում են տեղեկատուական-խափանարարական ոլորտում. մամուլում կարելի է հանդիպել տեղեկութիւններ մարտական գործողութիւններին թուրքական, ֆրանսական եւ բրիտանական յատուկ ջոկատայինների եւ իրանական «Յեղափոխութեան պահապանների» մասնակցութեան մասին վկայող բազմաթիւ փաստերի վերաբերեալ:

Այս ամէնը թոյլ է տալիս պնդել, որ սուրիական ճգնաժամը «համաշխարհային» կարգավիճակ է ձեռք բերել: Սուրիական պատերազմում պէտք է կարեւորել այն, որ Պաղ պատերազմի աւարտից յետոյ առաջին անգամ ԱՊՀ սահմաններից դուրս «թէժ պատերազմի» տեսքով բախուեցին Ռուսաստանի եւ, մասնաւորապէս, ՕԹԱՆ երկրների շահերը: Առանձին տարրերով վիեթնամեան պատերազմը յիշեցնող այս հակամարտութիւնը կարելի է համարձակօրէն անուանել «Առաջին բազմաբեւեռ պատերազմ»: Այս առնչութեամբ նշենք հետեւեալ հանգամանքը:

Չնայած Միացեալ Նահանգներին այսօր իր ռազմական հզօրութեամբ գերազանցում է մնացած բոլորին, սակայն գերտէրութեան քաղաքական եւ տնտեսական հնարաւորութիւնները նկատելիօրէն սահմանափակուել են: Այս փաստը համարժէք է ընկալւում Միացեալ Նահանգներում, եւ այն կառոյցները, որոնք մշակում են ամերիկեան քաղաքականութիւնը, փորձում են օգտագործել իրենց արդէն «ժամանակաւոր» գերազանցութիւնը` իրենց դիրքերը լաւագոյնս ամրապնդելու համար: Սակայն վերջին հանգամանքը հաշուի են առնում նաեւ Միացեալ Նահանգների ընդդիմախօսները. նրանց ներկայիս «անհնազանդութիւնը» պայմանաւորուած է ոչ միայն համաշխարհային բազմաբեւեռ աշխարհակարգի փիլիսոփայութեամբ, այլեւ` որոշակի հաշուարկներով: «Նոր Մերձաւոր Արեւելքը» «տակնուվրայ տարածքի» վերածելու ամերիկեան նախագիծը ենթադրում է ոչ միայն զրկել Ռուսաստանին եւ Չինաստանին կարեւորագոյն տարածաշրջաններից մէկում ռազմաքաղաքական ու տնտեսական լծակներից, այլեւ սպառնում է «վարակել» նաեւ այդ տէրութիւններին: Ուստի, նման ծրագիրներին նրանց դիմակայութիւնն, աւելի շուտ, պայմանաւորուած է կենսական անհրաժեշտութեամբ: Սակայն պէտք է հաշուի առնել, որ Ռուսաստան-չինաստան-իրան յարաբերութիւնները դեռ չեն վերաճել լայն ռազմաքաղաքական համագործակցութեան: Այս առումով շատ աւելի շահաւէտ են թւում Միացեալ Նահանգների, Իսրայէլի, նրանց եւրոպական ու տարածաշրջանային գործընկերների դիրքորոշումները, որոնց միջեւ տասնամեակների ընթացքում ռազմավարական գործընկերութեան հարուստ փորձ է կուտակուել եւ ձեւաւորուել է ընդհանուր քաղաքական մշակոյթ:

Սուրիական հակամարտութիւնում կարեւոր դեր խաղացող` վերը թուարկուած գործօնների ցանկը կարելի է շարունակել: Նման բազմաթիւ փոփոխականների պարագայում Սուրիայում պատերազմի հեռանկարների միանշանակ կանխատեսումը չափազանց դժուար է, գուցէեւ` անհնար: Ակնյայտ է, որ հակասուրիական «պլոք»ի երկրների ենթադրած արագ ռազմական յաղթանակը պատրանք էր: Ռազմական առումով, փաստերը խօսում են այն մասին, որ կառավարական զօրքերը եւ նրանց աջակցող տարածաշրջանային ուժերն առայժմ տիրում են նախաձեռնութեանը եւ վարձկանները ցաւագին պարտութիւններ են կրում: Ահաբեկիչների կողմից գերեալների հանդէպ ահաւոր բռնութիւնների մասին տեղեկատուութեան տարածումից յետոյ փոխուել է նաեւ ընդհանուր տեղեկատուական մթնոլորտը Սուրիոյ շուրջ:

Կասկած չի յարուցում այն, որ ռազմական պարտութիւնը Սուրիայում առաջին հերթին կը հեղինակազրկի Միացեալ Նահանգներին: Ելնելով այս հանգամանքից` նախագահ Օպաման, գաղափարական առումով կրկնելով իրաքեան սադրանքային բեմագրութիւնը, մեղադրել է սուրիական կառավարութեանը քիմիական զէնք կիրառելու մէջ եւ որոշում է ընդունել նուազագոյնը «սահմանափակ հարուածներ» հասցնել Սուրիոյ: Կանխատեսել այս նոր շրջադարձի բոլոր հետեւանքները, մասնաւորապէս հաշուի առնելով պատերազմական գործողութիւններին Իրանի հնարաւոր ներգրաւումը, բաւական բարդ է: Նման պատերազմն, անշուշտ, կտրուկ կը փոխի տարածաշրջանային (եւ համաշխարհային) իրավիճակը: Սակայն, անկախ այս կամ այն ռազմական բեմագրութիւնը, սուրիական պատերազմի գլխաւոր արդիւնքն այն է, որ այդ հակամարտութիւնը ներազդակ հանդիսացաւ բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւաւորման գործընթացում: Սուրիան իւրովի նախազգուշացում է ոչ միայն Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին, այլ նաեւ, հնարաւոր է, այլ երկրներին: Եւ եթէ այդ նախազգուշացումն ազդանշան հանդիսանայ, օրինակ, Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցման համար (իսկ նման գործընթացի ուրուագծերն այսօր արդէն ինչ-որ չափով նկատւում են), ապա դա կասկածի տակ կը դնի Միացեալ Նահանգների եւ նրա դաշնակիցների մեծ ռազմավարութեան պարկեշտութիւնը: Բայց գործը դրանով չի սահմանափակւում:

Համաձայն որոշ բեմագրային-կանխատեսական մշակումների ճգնաժամային երեւոյթները համաշխարհային կառավարման արդի համակարգում կարող են յանգեցնել համաշխարհային տարածքի հատուածայնացման` ըստ քաղաքակրթական կամ այլ յատկանիշների: Ձեւաւորուող հատուածները` երկրների եւ ժողովուրդների զուգորդութիւնները, փորձում են մեկուսանալ համաշխարհայնացուող աշխարհից ու նրա կանոններից: Ելնելով արդի իրողութիւններից, հաշուի առնելով վերաիսլամացման կայուն տարածաշրջանային միտումը` պէտք չէ բացառել, որ Մերձաւոր Արեւելքի երկրների զարգացումը կարող է տեղի ունենալ այս ուղղութեամբ: Բնական է, որ նման ընդարձակ եւ ծայրայեղ գաղափարականացուած իսլամական աշխարհի ձեւաւորումը կարող է յանգեցնել «աշխարհաքաղաքական ճեղքուածքների» եւ դրանով իսկ` տարբեր տեսակի հակամարտութիւնների հաւանականութեան աճի` քաղաքակրթութիւնների բախման տեսութեան ոգուն համապատասխան:

Ի հարկէ, պէտք չէ լիովին բացառել, որ արդի համաշխարհային քաղաքական արհեստագէտների վերջնանպատակը Ռուսաստանի եւ Չինաստանի հարեւանութեամբ հէնց նման «հատուածների» ստեղծումն է եղել: Սակայն նման կազմաւորումը, հաշուի առնելով նրա հասարակութիւններում տիրող հակաարեւմտեան տրամադրութիւնները, ինչպէս նաեւ միջուկային արհեստագիտութեան համեմատական հասանելիութիւնը, խիստ պայթիւնավտանգ է եւ կարող է ծանր հետեւանքների վերածուել այդ նոյն Միացեալ Նահանգների, իսկ առաւել եւս` նրա տարածաշրջանային դաշնակիցների համար:

Մինչդեռ, յայտնութենական (աղէտներու) բեմագրութիւններ սպասւում են ոչ միայն ապագայում: Այսօր արդէն Մերձաւոր Արեւելքում տեղի է ունենում խոշոր մարդկային աղէտ:

Ցեղասպանութիւն` «Վազող Տողի» Տեսքով

Մերձաւոր Արեւելքում խաղաղ բնակչութեան մէջ զոհերի եւ փախստականների թիւը հաշուելու փորձերը նախապէս դատապարտուած են անյաջողութեան. տարբեր աղբիւրների (ՄԱԿ, ԵՈՒՆԻՍԵՖ, տարածաշրջանի երկրների վիճակագրական ծառայութիւններ, խոշոր լրատուամիջոցներ, հեղինակաւոր այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են Costs of War Project-ը, Business Survey-ը, Associated Press-ը եւ այլն) ներկայացրած տուեալները յաճախ էապէս տարբերւում են միմեանցից: Եւ դա զարմանալի չէ. տարածաշրջանում տիրող քաոսում մարդկային կեանքը թանկ չի գնահատւում եւ յատուկ հաշուառման կարիք չունի: Բայց փորձենք, մի կողմ նետելով, մեր կարծիքով, չափազանցուած տուեալները եւ յենուելով նուազագոյն թուերի վրայ, մօտաւոր պատկերացում կազմել մերձաւորարեւելեան գործընթացների մարդկային չափման մասին այն երկրներում, որոնցում մարտական գործողութիւններ են տեղի ունեցել:

Աղիւսակ

Երկիրը Գաղթականներ Կորուստներ
Իրաք (2003-ից) 2 400 000 1 000 000
Լիպիա (2011-ից) —600 000 —-20 000
Սուրիա (2011-ից) 2 000 000 —100 000
Ընդհանուրը 5 000 000 1 120 000

Այս տպաւորիչ թուերը համեմատելի են Վիեթնամում 1954-1975թթ. զոհուած խաղաղ բնակիչների թուի հետ (մօտ 2 միլիոն մարդ), բայց այն տարբերութեամբ, որ Հնդկաչինում որոշ իմաստով դասական պատերազմ էր ընթանում, որին մասնակցում էին նաեւ կանոնաւոր զօրքերը, իսկ ամերիկացիները քիմիական զէնք էին կիրառում, զանգուածաբար ռմբակոծում էին բնակավայրերը եւ այլն: Մինչդեռ Մերձաւոր Արեւելքում մարդիկ ոչնչանում են գլխաւորապէս տարածաշրջանի բնիկների գործողութիւններին իբրեւ հետեւանքով: Միեւնոյն ժամանակ, որակել այս իրողութիւնն իբրեւ քաղաքացիական պատերազմ` ճիշդ չէ, քանի որ խիստ աշխուժ է օտարերկրեայ միջամտութիւնը: Ըստ մեզ, այս պարագայում մենք գործ ունենք ցեղասպանութեան նոր ձեւի հետ:

Ըստ ՄԱԿ-ի Ուխտիչ` ցեղասպանութիւն են համարւում այն գործողութիւնները, որոնք «կատարւում են որեւէ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրօնական խմբի լրիւ կամ մասնակի ոչնչացման մտադրութեամբ»: Նման սահմանումը համապատասխանում է նաեւ նրան, ինչ տեղի է ունենում Մերձաւոր Արեւելքում: Սակայն, ի տարբերութիւն պատմութեանը յայտնի այլ դէպքերի, օրինակ` Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան կամ նացիական Գերմանիայում հրեաների ողջակիզման, սոյն պարագայում խնդիրներ են ծագում կատարուող յանցագործութեան մեղաւորների ինքնութեան հետ կապուած: Այստեղ աւելի շուտ հարկ է հիմք ընդունել ՄԱԿ-ի ուխտի հետեւեալ կէտը, որի համաձայն, ցեղասպանութիւն է համարւում նաեւ «որեւէ խմբի համար միտումնաւոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հաշուարկուած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիքական ոչնչացման համար»: Հնարաւոր է, եթէ հիմք ընդունենք արտաքին միջամտութեան վարկածը, ներկայիս մերձաւորարեւելեան քաղաքական ձեւաչափի կառուցողներն ի սկզբանէ նկատի չեն ունեցել մարդկանց զանգուածային ոչնչացումը: Բայց երբեմն օգտակար է դատել ըստ արդիւնքների: Բնութագրական է նաեւ այս նոր ցեղասպանութեան «տեղեկատուական կերպարը»: Երբ ահաբեկչական գործողութեան զոհ են դառնում մարաթօնեան վազքի մի քանի անմեղ վազորդներ եւ հանդիսատեսներ, դա համաշխարհային քննարկումների թեմայ է դառնում: Իսկ Իրաքում կամ Սուրիայում ամէն օր տեղի ունեցող ահաբեկչութիւնները, որոնք ամէն օր հարիւրաւոր մարդկանց կեանք են խլում, այսօր տեղեկատուական առումով յայտնուել են «վազող տողի» կարգավիճակում:

ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«Նորավանք» գիտակրթական
հիմնադրամի գործադիր տնօրէն

 

Share this Article
CATEGORIES