«Մենք Ապրելու Ենք Մեր Երկրում» Ծրագիրը

Առ այդ անհրաժեշտ է`

27.1.- ընդլայնել եւ առնուազն կրկնակի մեծացնել հանրային ծառայութեան սոցիալական փաթեթը` ներառելով առողջապահութեան, մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան ոլորտի բոլոր աշխատակիցներին,

27.2.- վերանայել կենսաթոշակային բարեփոխումների համակարգը` ներդնելով արդարացի եւ սերունդների համերաշխութիւնը երաշխաւորող, յաւելեալ ռիսքերից զերծ պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգ: Այն պէտք է ապահովի նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայ խնամող չաշխատող կանանց, ժամանակաւոր արտագնայ աշխատանքի մեկնող, ինչպէս նաեւ գիւղատնտեսական գործունէութեան մէջ ներգրաւուած անձանց աշխատանքային ստաժի ճանաչումն ու արժանապատիւ կենսաթոշակի վճարումը,

27.3.- ձեւաւորել հիմնադրամ եւ սահմանել մինչեւ 7 տարեկան երեխաների ամէնամսեայ նպաստ` առաջին երեխայի դէպքում` 20,000 դրամ, երկրորդ երեխայի դէպքում, 25,000 դրամ, երրորդ երեխայի դէպքում` 40,000 դրամ, չորրորդ, հինգերորդ եւ յաջորդ երեխաների դէպքում` 60,000 դրամ: Հինգ եւ աւելի երեխայ ունեցող ընտանիքներին անհատոյց տրամադրել բնակարան:

28.- Ապահովել քաղաքացու նուազագոյն բնակտարածք ունենալու բնական իրաւունքի իրացումը:

Առ այդ անհրաժեշտ է`

28.1.- ներդնել ամբողջական ռազմավարութիւն` թիրախ սահմանելով իւրաքանչիւր տարի 5-6 հազար սոցիալական բնակարանների շինարարութիւնը,

28.2.- բնակարանների ապահովման ոլորտում ներդնել հերթագրման կարգ` ֆինանսաւորման հետեւեալ յարաբերակցութեամբ. պետական միջոցներ` 30-40 տոկոս, կորպորացիաների միջոցներ` 10-20 տոկոս, քաղաքացիների միջոցներ` 20-40 տոկոս, համայնքային միջոցներ` 5-ից մինչեւ 20 տոկոս, բարեգործական միջոցներ` մինչեւ 5 տոկոս,

28.3.- Երեւանից 30 քմ հեռու գտնուող համայնքներում նորաստեղծ երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու համար անհատոյց տրամադրել հողատարածք եւ արտօնեալ վարկեր` առնուազն տասը տարի բնակութիւն հաստատելու պայմանով:

29.- Ընդունել եւ գործադրել առողջութեան պարտադիր ապահովագրութեան պետական-կորպորատիւ վճարումների համակարգի ներդրման ճանապարհին քարտէզը, խրախուսել մարզերում եւ հեռաւոր բնակավայրերում աշխատող բուժանձնակազմի անդամներին: Առաջնահերթ եւ հրատապ կարգով ներդնել ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների անդամների առողջութեան պարտադիր ապահովագրութեան համակարգ` պետութեան եւ հասարակութեան մասնակցութեամբ: Լիարժէք ֆինանսաւորմամբ երաշխաւորել վերարտադրողական առողջութեան պահպանման համակարգի գործունէութիւնը:

30.- Իրականացնել անպատժելիութեան վերացմանը միտուած քրէական, վարչական եւ քաղաքացիական արդարադատութեան օրէնսդրակիրառական վերփոխումներ:

Առ այդ անհրաժեշտ է`

30.1.- փոփոխել քրէական օրէնսդրութիւնը` ապահովելով յանցագործութիւնների համար սահմանուած պատիժների համապատասխանեցումը յանցագործութեան հանրային վտանգաւորութեան աստիճանին, բացառելով պատուիրուած քննութիւնները, նուազեցնելով կալանաւորումը որպէս խափանման միջոց կիրառելու դէպքերը, գործադրելով ազատազրկման հետ չկապուած եւ պայմանական ազատազրկման պատժի կիրառման ամբողջական համակարգի գործադրումը, բեռնաթափելով քրէակատարողական հիմնարկները, լուծարելով այսպէս կոչուած «անկախ» յանձնաժողովները եւ ներդնելով եւրոպական բազմաթիւ երկրներում կիրառուող` անկախ փորձագէտների եզրակացութեան հիման վրայ պատժի կրումից ազատելու համակարգը,

30.2.- բարձրացնել յանցագործութիւնների բացայայտման աստիճանը, ապահովել «հզօր» անձանց պատիժների անխուսափելիութիւնը,

30.3.- ապաքրէականացնել քաղաքական եւ պետական համակարգը` նպաստելով քաղաքական համակարգի եւ քաղաքական գործիչների նկատմամբ հաւատի վերականգնմանը, ազգային գործիչների դաստիարակման համակարգի ձեւաւորմանը,

30.4.- ընդունել վարչական պատասխանատուութեան վերաբերեալ նոր օրէնսգիրք, որն համահունչ կը լինի անկախ պետականութեան հիմնադրոյթներին եւ կը պարզեցնի ու կը համահարթեցնի վարչական բնոյթի զանցանքների պատասխանատուութիւնը,

30.5.- օրէնքով արգելել մասնաւոր անձանց եւ կազմակերպութիւնների կարիքների համար քաղաքացիների սեփականութեան օտարումը` գերակայ հանրային շահի անուան տակ,

30.6.- ընդունել եւ գործադրել առեւտրային կազմակերպութիւնների փոքր մասնակցութեան սեփականատէրերի (բաժնետէր, փայատէր եւ այլն) իրաւունքների պաշտպանութեան մասին օրէնքը,

30.7.- մատչելի, անվտանգ ու որակեալ հանրային տրանսպորտի ենթակառուցուածք ձեւաւորելու նպատակով ընդունել եւ գործադրել հանրային տրանսպորտի կառավարման միասնական համակարգի հայեցակարգն ու տրանսպորտային օրէնսգիրքը,

30.8.- քրէական պատասխանատուութիւն սահմանել շահումով խաղի խաղադրոյք վերցնողի համար, եթէ այն վերցւում է ապառիկ վճարման պայմանով,

30.9.- օրէնքով երաշխաւորել քաղաքացիաիրաւական բնոյթի, յատկապէս տնտեսական գործունէութեան եւ ներդրումների պաշտպանութեան հարցերով վէճերի քննութեան դէպքերի համար` օտարերկրեայ ճանաչուած եւ հեղինակութիւն վայելող արբիտրաժային տրիբունալի Հայաստանում կայացուած վճիռների ճանաչման եւ գործադրման աստիճանը:

31.- Ապահովել երկրի անվտանգութեան մակարդակի եւ հասարակութեան վստահութեան բարձրացում, ընդլայնել սփիւռքին հանրապետութեան զարգացման գործում ներգրաւելու գործիքակազմը, իրականացնել վերաբնակեցում:

Առ այդ`

31.1.- արդիականացնել զինատեսակները, ձեռք բերել նոր միջին հեռաւորութեան ճշգրիտ հրթիռներ, իսկ դրանց առկայութեան դէպքում հասարակութեան համար պատրաստել արտաքին անվտանգութեան ապահովութեանը նպատակաուղղուած հեռուստահաղորդումներ,

31.2.- նախատեսել սփիւռքահայի պայմանագրային կարգով բանակում ծառայելու հնարաւորութիւնը, տրամադրել նրան անհրաժեշտ բնակտարածք եւ առողջութեան պետական ապահովագրութիւն,

31.3.- բանակում իրականացուող բարեփոխումների հիմնական չափորոշիչ սահմանել եւ հրապարակաւ ներկայացնել հայրենիքին ծառայելու արժանավայել պայմանների ստեղծումը, զինուած ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելաւումը, արատաւոր, ոչ կանոնագրային երեւոյթների բացառումը,

31.4.- ընդլայնել եւ ներկայացնել ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պայմանների բարելաւման համար մատուցուող ծառայութեան տեսակներն ու յատկացուող ֆինանսական միջոցները:

31.5.- օրէնքով նախատեսել ոչ մեծ եւ միջին ծանրութեան տնտեսական յանցագործութիւնների (ինչպէս նաեւ մինչեւ 4 տարուայ ազատազրկման դատապարտուած այլ բնոյթի յանցագործութիւնների) համար դատապարտուած անձանց համար սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում պատժի կրկնակի չափով բնակուելու այլընտրանքային կամ պայմանական պատժատեսակով փոխարինելու հնարաւորութիւնը: Ընդ որում, դատապարտուածը կարող է բնակութիւն հաստատել նաեւ իր ընտանիքով, որի դէպքում նրանց կը տրամադրուի անհրաժեշտ նուազագոյն ֆինանսաւորում,

31.6.- ձեւաւորել սահմանամերձ բնակավայրերի եւ ազատագրուած տարածքների վերաբնակեցման հիմնադրամ եւ կազմակերպել վերաբնակեցման աշխատանքները,

31.7.- մշակել Հայաստանի տնտեսութեան մրցունակութեան եւ դիմադրողականութեան բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ու գաղափարների ներմուծման, ֆինանսական հոսքերը մեծացնելու գործում հայկական սփիւռքի մասնակցութեան ռազմավարութիւն: Այն պէտք է ձեւաւորի սփիւռքի գիտական եւ կազմակերպական ներուժի, յաջողակ գործարար փորձի, հմտութիւնների եւ ֆինանսական միջոցների հանրապետութիւնում ներդրման համակարգ,

31.8.- ընդլայնել կանանց մասնակցութիւնը պաշտպանութեան ոլորտում (օրինակ` կապի եւ էլեկտրոնային միջոցների օգտագործման, ինչպէս նաեւ դրանց դէմ պայքարում), (մանրամասնութիւնները քննարկումներում):

31.9.- ստեղծել պաշտպանական դիրքերի ինժեներական կառոյցների մոնիտորինգի եւ այդ կառոյցների անվտանգութեան չափանիշներին համապատասխանեցման, գնահատման եւ առաջարկների, պլանաւորման եւ կառոյցների մարտական խնդիրների կատարման համապատասխանեցման յանձնաժողով: Այն իր էութեամբ չպէտք է կրկնի այժմ գործող ԳՇ համապատասխան կառոյցին (մանրամասնութիւնները քննարկումներում):

31.10.- զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրման համար բոլոր զօրամասերում ստեղծել յանձնաժողովներ: Այն հրամանատարներին կը ներկայացնի տուեալ ստորաբաժանման զինծառայողի բարոյահոգեբանական վիճակը` սպասուելիք հնարաւոր դժբախտ դէպքերի կանխարգելման համար: (Մանրամասնութիւնները քննարկումներում):

32.- Բացառել հակահայաստանեան քարոզչութիւնը, դիմագրաւել հակահայաստանեան արտաքին քարոզչութեանը եւ ձեւաւորել Հայաստանում արժանապատիւ ապրելու համոզումն ու քաղաքացու կերպարը:

Առ այդ`

32.1.- քաղաքական իշխանութեան եւ նրա ծրագրերի քննադատութիւնը չպէտք է դիտուի որպէս երկրի քննադատութիւն, իսկ իշխանութիւններին եւ նրանց ծրագրերը քննադատողները չպէտք է այն վերածեն երկրի քննադատութեան, ուստի անհրաժեշտ է դադարեցնել հակահայաստանեան քարոզչութիւնը եւ ԶԼՄ-ներով (յատկապէս` եթերով ու կայքէջերով) բացասական էներգիայի փոխանցումն ու անբարոյականութեան տարածումը հասարակութիւնում, Հայաստանի մասին եւ Հայաստանին առնչուող բացասական եւ իմաստազուրկ լուրերով գերյագեցումը (ինքնասպանութիւններ, սպանութիւններ, դժբախտութիւններ, յանցագործութիւններ, վթարներ եւ այլն),

32.2.- պէտք է ներկայացուեն այլ երկրներում առկայ բացասական երեւոյթները, ուր ցանկանում են արտագաղթել հայաստանցիները,

32.3.- անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանում գործող յաջողակ ՓՄՁ-ների եւ երիտասարդների կողմից հիմնադրուած փոքր եւ յաջողակ ձեռնարկութիւնների օրինակները: Armenian Success Stories,

32.4.- ներկայացնել Հայաստան ներգաղթած կամ վերադարձած անձանց յաջողակ օրինակները,

32.5.- ներկայացնել առանձին ոլորտների բարեփոխումների վերաբերեալ ամբողջական եւ իրական դրական արդիւնքները,

32.6.- պրոպագանդել հայրենական արտադրողների դրական փորձը: Աշխատաւորի աշխատանքի նկատմամբ ձեւաւորել յարգանքի մթնոլորտ,

32.7.- քարոզել ազգային մտածողութիւնը, արժէքներն ու սէրը հայրենիքի հանդէպ: Հասարակութեան բոլոր շերտերի հարցման միջոցով եւ մտաւորականների քննարկման արդիւնքներով ձեւաւորել հայ ազգի տիպային կերպարը եւ քարոզել նրա որակական յատկանիշները: Կոչ անել նշուած տեսակի անհատների եւ խմբերի ներգաղթի անհրաժեշտութեան մասին,

32.8.- Հանրային եւ այլ հեռուստաընկերութիւններով իրականացնել հաղորդաշար, իսկ կայքէջերում շաբաթական երկու-երեք յօդուած տպագրել ուղղուած արտագաղթի կասեցմանը,

32.9.- քարոզել քաղաքականութիւնից դուրս ազատամարտիկի կերպարը, ով հայրենիքի ազատագրումը զուգակցում է արդար աշխատանքով,

32.10.- հեղինակութիւն վայելող մտաւորականների ներգրաւմամբ իրականացնել եկեղեցու դերի վերիմաստաւորման քարոզչութիւն, որի ներքոյ հանրապետութիւնում բարոյահոգեբանական վիճակը փոխելու համար եկեղեցին կարող է իր ռեսուրսներն աւելի արդիւնաւէտ օգտագործել,

32.11.- ներկայացնել երկրում միասնութեան մթնոլորտ ապահովող դէպքերը, քննադատել միջանձնային ագրեսիան, ատելութիւնը, քարոզել բարեկիրթ շփուելու եւ հաղորդակցուելու կուլտուրան` յարգանքը մեծերի նկատմամբ, կիրթ շփումը մարդկանց միջեւ, ամէնօրեայ հաղորդակցումը խանութում, թաքսիում, փողոցում եւ այլն,

32.12.- իրականացնել մարտունակ բանակի քարոզչութիւն եւ բարձրացնել քաղաքացիների մէջ երկրի ապահովութեան եւ անվտանգութեան զգացումը,

32.13.- արգելել առեւտրային գովազդը հանրային հեռուստաընկերութեան եթերում, հեռուստահաղորդումներից բացառել անորակ, սոցիալ-հոգեբանական բացասական լիցքեր հաղորդող հեռուստահաղորդումները:

Ծրագրի Կատարման Կազմակերպում

33.- Ծրագրի գործադրման հարցում պատասխանատուութիւն պէտք է ստանձնի քաղաքական իշխանութիւնը, անելիքներ ունեն ընդդիմութիւնը, զանգուածային լրատուութեան միջոցները, քաղաքացիական հասարակութիւնը, հասարակական-քաղաքական հատուածը, եկեղեցին, սփիւռքի ազդեցիկ շրջանակները, մտաւորականութիւնը եւ յատկապէս երիտասարդութիւնը:

34.- Ծրագրային գործողութիւնները դասակարգւում են անմիջապէս գործադրման ենթակայ, միջին ժամկէտ եւ հեռանկարային գործողութիւնների: Եթէ գործողութիւնների մի մասի արդիւնաւէտ իրականացման համար անհրաժեշտ է դրա հրապարակային ներկայացումն ու քննարկումը, մէկ այլ մասի դէպքում աւելորդ հրապարակայնացումը կարող է վնասել ծրագրի նպատակին:

35.- Ծրագրի արդիւնաւէտ գործադրման երաշխիքը հասարակութեան լայն համախոհութիւնը, պահանջների բիւրեղացումն ու կազմակերպուածութիւնն է, ինչն ապահովելու նպատակով նշուած բոլոր հասցէատէրերի հետ, ՀՅԴ-ն իբրեւ ծրագրի նախաձեռնող սկսելու է հրապարակուող գործողութիւնների քննարկումների շարք` մասնագէտների (սոցիոլոգներ, ազգագրագէտներ, հոգեբաններ, ժողովրդագիրներ եւ այլն), լրատուամիջոցների ներկայացուցիչների, ՀՀ նախագահի եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչների, ՆՍՕՏՏ Գարեգին Բ.ի եւ Արամ Ա. կաթողիկոսի, մտաւորականների, հասարակական-քաղաքական միաւորումների, սփիւռքի ազդեցիկ շրջանակների, ինչպէս նաեւ շահագրգիռ այլ անձանց եւ կառոյցների հետ:

36.- Համաձայնութիւնների ձեռք բերումը, գործողութիւնների նախաձեռնումը, ծրագրի առաջընթացն ու արդիւնքները կը ներկայացուեն հրապարակային միջոցառումների, մամլոյ ասուլիսների, եթերային հաղորդումների, գրաւոր յօդուածների եւ այլ ձեւերով:

37.- Լայն համաձայնութեամբ ձեւաւորուած ամբողջական ծրագրի գործադրմանը խոչընդոտող կամ դիմադրող ցանկացած արգելք` համախմբուած հասարակութեան կողմից գնահատուելով որպէս անկախ պետականութեան սպառնալիք, պէտք է վերացուի, սահմանադրութեամբ չարգելուած ցանկացած գործողութեան միջոցով: Պահի լրջութիւնը պահանջում է. մէկտեղել բոլորիս ուժերը, ցուցաբերել կամք եւ վճռականութիւն, ձեռնարկել գործողութիւններ` վերականգնելու ապագայի նկատմամբ հաւատը, նուազեցնելու արտագաղթի տեմպերը, հիմքեր ստեղծելու ներգաղթի կազմակերպման, պետականութեան հզօրացման եւ ներազգային համերաշխութեան ձեւաւորման համար:

Մենք Ապրելու Ենք Մեր Երկրում Ծրագրի
Կատարման Գործողութիւնները

N Գործողութեան անուանումը

1.- Նախագծի պատրաստում

2.- Ծրագրի հիմնադրոյթների ներկայացում մամլոյ ասուլիսի միջոցով

3.- Նախագծի քննարկում սոցիոլոգների, ազգագրագէտների, ժողովրդագիրների հետ

4.- Նախագծի քննարկում մտաւորականների հետ

5.- Նախագծի քննարկում ՀԿ-ների հետ

6.- Նախագծի քննարկում ուսանողների հետ

7.- Նախագծի քննարկում քաղաքացիական նախաձեռնութիւնների հետ

8.- Նախագծի քննարկում պիզնեսի ներկայացուցիչների հետ

9.- Նախագծի քննարկում ԶԼՄ ղեկավարների հետ

10.- Նախագծի քննարկում քաղաքական ուժերի հետ

11.- Նախագծի քննարկում սփիւռքի ներկայացուցիչների հետ (մասնաւորապէս Կազմակերպել հանդիպում Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի հետ, յատկապէս յաջողութիւններ արձանագրած անձերի: Հանդիպման նիւթը պէտք է լինի թէ ինչպէս իրենք կարող են օգտակար լինել խնդրի լուծմանը, ինչ առաջարկներ ունեն, ինչ դժուարութիւններ են հանդիպել Հայաստանում հաստատուելու ժամանակ, որ կ՛ուզենային վերանար)

12.- Անհրաժեշտութեան դէպքում` նախագծի վերանայում

13.- Ծրագրի ներկայացում Մամուլի ասուլիսների միջոցով

14.- Ծրագրին նուիրուած Հեռուստահաղորդումներ

15.- Ծրագրի ներկայացում ՀՀ Նախագահին

16.- Ծրագրի ներկայացում պետական այլ մարմիններին

17.- Ծրագրի ներկայացում ՆՍՕՏՏ Գարեգին Բ.ին

18.- Ծրագրի ներկայացում Արամ Ա. կաթողիկոսին

19.- Ծրագրի կատարման պահանջների առաջադրման նպատակով ցուցական միջոցառումների անցկացում Երեւանում եւ մարզերում

20.- Ծրագրի կատարմանն ուղղուած օրէնսդրական նախագծերի ներկայացում

21.- Այլ գործողութիւններ

22.- Կազմակերպել երկօրեայ գիտաժողով հրաւիրելով մասնագէտների եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների: Պահանջել, որ զեկուցաբերները գրաւոր կերպով ներկայացնեն իրենց զեկոյցները: Հրատարակել գիտաժողովի զեկոյցները գրքի ձեւով: Կազմակերպել գրքի շնորհահանդէս

23.- Հիմնել «սփիւռքահայերի գրասենեակ»: Գրասենեակի գլխաւոր պարտականութիւնը համարել Հայաստանում հաստատուած կամ հաստատուելու ցանկութիւն ունեցող անձանց խնդիրների լուծումը: Գրասենեակում պէտք է ներգրաւուեն իրաւաբաններ:

(Շար. 3 եւ վերջ)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )