Կարելի՞ Է Թուրքիոյ Տնտեսական Պատմութեան Մասին Գիրք Գրել` Առանց Հայերի Տեղահանութեանն (Հայոց Ցեղասպանութեանը, «Ակունք»-ի Խմբ.) Անդրադառնալու

ՍԻՒԼԷՅՄԱՆ ԵԱՇԱՐ

Մեզ մօտ Թուրքիայի տնտեսական պատմութեանն անդրադարձող հեղինակները բոլորովին չեն խօսում հայերի տեղահանութեան (Հայոց ցեղասպանութեան, «Ակունք»-ի խմբ.) մասին: Հայեացք գցէք շուկայում շրջանառուող` Թուրքիայի տնտեսական պատմութեանը նուիրուած գրքերին. գրեթէ ոչ մէկում հնարաւոր չի լինի որեւէ տեղեկութիւն գտնել այն մասին, թէ տեղահանութիւնից յետոյ ի՞նչ է եղել հայերի ունեցուածքը: Ահա` այդ գրքերից մի քանիսը. Քորքութ Պորաթաւի «Թուրքիոյ տնտեսական պատմութիւնը 1908-2009 թթ.» աշխատութիւնը, որն իբր թէ վերատպուել է 17 անգամ, մի խօսք անգամ չի ասում հայերի տեղահանութեան եւ հայկական ունեցուածքի մասին, թէեւ թեմային է անդրադառնում 1908 թ. սկսած: Նմանապէս Օքթայ Ենալի «Հանրապետութեան տնտեսական պատմութիւնը» գրքում եւս որեւէ նախադասութիւն չկայ հայերի տեղահանութեան եւ գոյքի վերաբերեալ: Եահեա Թեզելի «Հանրապետական շրջանի տնտեսական պատմութիւնը» երկում թէեւ նշւում է հայերի տեղահանութեան մասին, սակայն որեւէ նախադասութեամբ չի գրւում, թէ ի՛նչ է պատահել հայերի ունեցուածքին: Վետաթ Էլտեմի «Պատերազմի եւ զինադադարի տարիներին Օսմանեան կայսրութեան տնտեսութիւնը» գրքում նոյնպէս թէեւ անդրադարձ կայ հայերի տեղահանութեանը, սակայն որեւէ տեղեկութիւն չկայ առ այն, թէ ի՛նչ է եղել հայերի հարստութեանը, եւ ովքեր են բռնագրաւել այն: Շեւքեթ Փամուքը հեղինակել է «Օսմանաթուրքական տնտեսական պատմութիւնը 1500-1914 թթ.» գիրքը եւ թերեւս վախից կանգ է առել 1914 թուականի վրայ եւ չի կարողացել անցնել 1915-ին: Նմանապէս Նիյազի Պերքեսը գրել է «Թուրքիոյ տնտեսութեան պատմութիւնը» եւ նա նոյնպէս, չգիտես թէ ինչո՛ւ, չի կարողացել հասնել 1915 թուականին: Սակայն այդ նոյն գրքում օսմանեան տնտեսական մտքի եղափոխութիւնը հասցրել է մինչեւ հանրապետութեան շրջան: Սոյն գրքերից բացի, միւս բոլոր գրքերում եւս, որոնք վերաբերում են Թուրքիոյ տնտեսութեան պատմութեանը, ոչ ոք չի անդրադարձել այդ խնդրին: Քանի որ վերոյիշեալ հեղինակների մեծ մասը գիտնականներ են, խնդրի չափանիշը փոխւում է:

Այս անձանց կողմից գրի առնուած տնտեսական պատմութեան աշխատութիւնները ճի՞շդ են ներկայացնում Թուրքիան: Ո՛չ, չեն կարող ճիշդ ներկայացնել, որովհետեւ Վետաթ Էլտեմի գրքում նշւում է, որ տեղահանութիւնից յետոյ Թուրքիոյ հայ բնակչութեան թւում 1.2 միլիոնի չափ նուազում է գրանցուել, եւ 1927 թ. մարդահամարում այս տարածքներում են մնացել ընդամէնը 77 հազար հայեր: Ի՞նչ է պատահել այդ 1.2 միլիոն հայերի` դրամատներում պահ տրուած գումարների, խաղողի այգիների, պարտէզների, անասունների, տների հետ: Քանի դեռ չգիտենք, թէ այդ ունեցուածքին ովքեր են տիրացել, անհնար կը լինի հասկանալ, թէ ինչպէս են ի յայտ եկել ներկայիս սպիտակ թուրք հարուստները: Մի խօսքով, այդ գրքերի հեղինակներին կարող ենք անուանել «յայտնի ճշմարտութեան մասին գրել չկարողացող գիտնականներ»:

Լա՛ւ, իսկ ինչո՞ւ ներկայացրեցինք այս ամէնը: Ներկայացրեցինք, որովհետեւ այս երկրում, որտեղ կան այնպիսի գիտնականներ, ովքեր թէեւ գիտեն, որ ապօրինի գոյք է ձեռք բերուել, սակայն չեն կարողանում այդ մասին գրել, չեն կարողանում ասել, թէ ովքեր են առանց հնարաւորութեան հարստացածները, ի յայտ եկաւ Ռեճեփ Թայիփ Էրտողան անուամբ մի վարչապետ եւ ասաց. «Ես տէրերին եմ վերադարձնելու պետութեան կողմից ապօրինաբար բռնագրաւուած փոքրամասնութեան համայնքապատկան գոյքը»: Ասաց եւ արեց: Հիմա պետութեան բռնագրաւած` հայ, յոյն եւ այլ փոքրամասնութիւնների ունեցուածքը վերադարձւում է տէրերին: Սակայն այդ կիրառումից անմիջապէս յետոյ սպիտակ թուրքերը սկսեցին բուռն կերպով քննադատել վարչապետ Էրտողանին: Նրանք ձգտում են որպէս բռնապետի ներկայացնել նրան: Այնինչ, բռնապետ եղող անձը չի բաժանի այն գոյքը, որի սեփականութեան փաստաթուղթը գտնւում է այն պետութեան ձեռքին, որի ամենավերին կէտում է ինքը: Ոչ միայն չի բաժանի, այլ հակառակը` կը փորձի աւելացնել այն: Այդ կերպ կ՛ամրապնդի իր հեղինակութիւնը: Այդ պարագայում սպիտակ թուրքերի յարձակումին պատճառը յանկարծ չլինի այն մտահոգութիւնը, թէ` «Էրտողանը պետութեան բռնագրաւած հայկական ունեցուածքը յետ է վերադարձնում, բա՞ որ յանկարծ որոշի մեր զաւթած հայկական գոյքն էլ վերադարձնել, մեր վիճակն ի՞նչ կը լինի»:

«Սապահ»

Թարգմ.` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES