Որտե՞ղ Են Գոյքամատեանները

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ

Փրոֆ. Սիւլէյման Եաշարը «Սապահ» օրաթերթի` սեպտեմբերի 13-ի համարում շարունակել է հայկական գոյքի կողոպտման եւ սպիտակ թուրքերի վերաբերեալ քննարկումը եւ առաջ քաշել այն տեսակէտը, թէ առկայ է որոշակի կապ Էրտողանին որպէս բռնապետ որակելու եւ փոքրամասնութիւնների գոյքի վերադարձի միջեւ: Հեղինակը, որպէս այդ պնդման ապացոյց, բերել է Եունուս Նատիի եւ «Ճիւմհիւրիյէթ» թերթի օրինակը, որն իրօք կարեւոր տեղեկութիւն է:

Այս հարցում ցանկանում եմ նշել, թէ Էրտողանի նախաձեռնութիւնն, ընկալելի քայլ լինելով հանդերձ, բոլորովին էլ բաւարար չէ` փոքրամասնութիւնների վագըֆներին (համայնքապատկան կալուածներուն Ա.) պատկանող գոյքի վերադարձի ուղղութեամբ կատարուող գործողութիւնների առումով: Վերադարձուող գոյքն անգամ 20 տոկոսը չի կազմում այն ունեցուածքի, որը պէտք է յետ տրուի: Յանձնուող գոյքի մէջ է նաեւ Թուզլա որբանոց-ճամբարը, որտեղ մեծացել է Հրանդ Տինքը:

Արդիւնքում, մէկը թերեւս կարող է սոյն նախաձեռնութիւնը գնահատել որպէս չափազանցութիւն, միւսը` «պատմական մեծ քայլ» կամ «աչքին թոզ փչելու գործողութիւն»:

Ես ցանկանում եմ թեման շարունակել` ասելով, թէ սպիտակ թուրքերի մտավախութիւնը միայն մէկ դէպքում է հաւանական: Խօսքը վերաբերում է այն հաւանականութեանը, որի դէպքում հորիզոնում կը լինի ոչ միայն վագըֆների գոյքը, այլ նաեւ` անհատների կողմից եւս կողոպտուած գոյքը վերադարձնելու կամ դրա դիմաց փոխհատուցում վճարելու հարցը: Այնժամ այդ ունեցուածքը թալանած իւրաքանչիւր ոքի վախն ընկալելի կը լինի, բայց դրա մասին մտածելն անգամ երեւակայութիւնից դուրս է:

Մի կողմ թողնենք գոյքի վերադարձման հարցը. ես շատ աւելի համեստ ցանկութիւն ունեմ: Այն է` կալուածագրերի քատասթրի գրանցումները դադարեն ազգային անվտանգութեան գաղտնիք լինելուց:

Ինչպէս յայտնի է, ներկայում ոչ մի ուսումնասիրող չի կարող կալուածագրերի քատասթրի վարչութիւններ մուտք գործել եւ հայկական գոյքի վերաբերեալ տեղեկութիւններ քաղել:

1983 եւ 2001 թուականներին կալուածագրերի քատասթրի գլխաւոր վարչութիւնը, երկու շրջաբերական հրապարակելով` արգելել է տեղեկութիւններ տրամադրել բոլոր նրանց, ովքեր նման դիմումով հանդէս կը գան:

Բացի այդ, 2006 թ. Ազգային անվտանգութեան խորհուրդը, թուայնացուած գոյքային գրանցումները արխիւներ փոխադրելով, արգելել է դրանք ուսումնասիրողներին տրամադրել` դա ազգային անվտանգութեանը սպառնալիք համարելով:

Մենք ապրում ենք մի երկրում, որն ազգային անվտանգութեամբ մտահոգուելով` դեռ թաքցնում է 100 տարուայ վաղեմութեամբ գոյքային գրանցումները եւ վախենում, թէ դրա տէրերը կը բացայայտուեն:

Մի կողմ թողնենք գոյքը վերադարձնելու հարցը. անգամ բաւարար կը լինի, եթէ այդ սկզբունքային արգելքը վերանայ:

Դրա շնորհիւ գոնէ կը կարողանանք իմանալ` ճի՞շդ է արդեօք փրոֆ. Եաշարի այն պնդումը, թէ` «Արեւմտեան Անաթոլիայում եւ Պոլսում կողոպտուած հայկական ունեցուածքը, որպէս տնտեսական արժէք, աւելի մեծ է եղել, քան` արեւելեան շրջաններում նրանց ունեցած հարստութիւնը»:

Խիստ կարեւոր պնդում է դա, սակայն ոչ մի լուրջ ուսումնասիրութիւն չկայ սոյն խնդրի շուրջ: Չնայած այն փաստին, որ հայերի 70 տոկոսը բնակուել է Արեւելեան Անաթոլիայում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.), արեւմտեան շրջաններում ապրած հայերի հարստութիւնն իրօ՞ք աւելի մեծ է եղել:

Դրա համար պէտք է քաղաքային մակարդակով ուսումնասիրութիւն կատարել: Նման մի աշխատութեան համար բաւարար չի լինի միայն գոյքային գրանցամատեանների բացումը: Հարկ կը լինի, որ ուսումնասիրողներին հասու դառնան նաեւ 1915 թ. հայերի ունեցուածքի վերաբերեալ պահուած գոյքամատեանները:

Թաներ Աքչամ

Գուցէ յայտնի չէ այն փաստը, որ 1915 թ. սեպտեմբերի 26-ով թուակիր ժամանակաւոր օրէնքի երկրորդ յօդուածի համաձայն,  հայկական հարստութիւնը, ըստ ունեցուածքի բնոյթի, արձանագրուել է կա՛մ վագըֆների նախարարութեան (ներկայիս վագըֆների գլխաւոր վարչութեան), կա՛մ էլ` ֆինանսների նախարարութեան անունով: Վճռուել է, որ 1915 թ. նոյեմբերի 8-ով թուագրուած որոշման համաձայն պահուելիք գոյքամատեանների մէկական օրինակներն ուղարկուեն Պոլիս, իսկ միւսները պահուեն համապատասխան միաւորման մէջ: Երբ 1923 թ. ապրիլին սոյն օրէնքը վերակարգաւորուեց, կրկնուեց նոյն կանոնը:

Եթէ հնարաւորութիւն ունենանք գտնել այդ գոյքամատեանները, կը կարողանանք տեղեկանալ, թէ ո՞ր քաղաքի հարստութիւնն ի՛նչ է եղել, եւ յետոյ` ո՞ւմ ձեռքն է անցել այդ ունեցուածքը, բայց այդ մատեանների գտնուելու վայրն էլ է անյայտ: Ես ենթադրում եմ, որ դրանք չեն ոչնչացուել, այլ պահւում են մի որեւէ տեղ:

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը, եթէ լուրջ է տրամադրուած այդ հարցում, նախ պէտք է վերացնի կալուածագրերի քատասթրի վրայ դրուած արգելքը եւ 1915 ու 1923 թուականներին պահուած այդ մատեանները գտնելով` դրանք տրամադրի ուսումնասիրողներին: Եթէ նկատի ունենանք այն փաստը, որ 11 տարի շարունակ այդպէս չի վարուել, կարող ենք ենթադրել, որ թերեւս Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն էլ է վախենում…

[email protected]

http://www.taraf.com.tr/taner-akcam/makale-defterler-nerede.htm

Akunq.net

«Թարաֆ»

Թարգմ.` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»

Share this Article
CATEGORIES