Սիրոյ Ու Տառապանքի Գինը
ՄԵԼԱՆԵԱՅ ԲԱԴԱԼԵԱՆ
«… Օրը սովորական, խաղաղ օր էր…»: Թւում է այդպիսին են կեանքի գրեթէ բոլոր օրերը, նման իրար այնքան, որ յանկարծ կարծում ես` ապրել ես մի օր ընդամէնը: Մի պահ միայն: Եւ երբ դրանք, օրերն այդ «հանգաւորուեն» այնպէս, որ յիշողութեանդ մատեանում վերածուեն բազմաձայն երգեցողութեան, բազմերանգ խճանկարի, ուրեմն հոգուդ հայեացքը արթուն է եւ աչքդ` աշխարհին բացուած, ուրեմն բաց-պատուհան ես, ոչ թէ գոց-դուռ:
Այդ սովորական օրուայ խաղաղութիւնը խզում է մորթուած Ծառի պատգամը եւ ձայնում իրեն յիշող հեղինակին. «Մի եղիր այդքան լի ու այդքան թանձր, ուժեղ եւ քո ներսում իսկ հարուստ, այլապէս մի օր ճաք կը տաս քո սեփական ծանրութիւնից: Ու այս աշխարհում կը գտնուի մէկը, ով օգտուելով քո ինքնաճեղքուածութիւնից, վրայ կը տայ հասցնելու քեզ վերջին հարուածը: «Բարի նպատակներով»: Քեզ քո ճեղքուածութիւնից ազատելու վեհ մղումով, եւ իր աչքերը քո շքեղութեամբ չծակելու մարդասիրական օգնութեամբ»:
Թամար Յովհաննիսեանը վերջերս հրատարակած իր նոր ժողովածուն խորագրել է «Կեանքիս խճանկարը», ես կը սրբագրէի` «Հոգուս խճանկարը»: Մի տեղ նա ասում է, թէ ծով չի սիրում, իրենը երկինքն է, իր մղումը դէպի վերեւ է, իր սաղարթները դէպի երկինք են ձգւում: Մարմնաւորուած մեր հոգին աշխարհն ընկալում է միջնորդուած ու մնում հիմնականում չհասկացուած, մարդկային պատկերացումների պարտադիր աղաւաղումների մէջ, անհաղորդ: Արուեստը երեւի նաեւ դրա՞ համար է ստեղծուած, որ հնչիւնի, բառի, գոյնի գեղարուեստական երեւակայութեան յօրինուածքներում ստեղծագործողը փորձի ինքնաթարգմանուել, երբեմն` ինքնամերկութեան աստիճան անթաքոյց բացուել, որպէս բարձրաձայն մտորում, ինքնախոստովանանք աշխարհին:
Այս պարագայում մենք հանդիպում ենք ոչ թէ երեւակայական, հնարածին-տեսիլքային գեղարուեստական պատկերաւորման, այլ կեանքային իրականութեան մղումների անձնական արձագանգների, որոնք հեղինակի ներաշխարհի պրիսմակի միջով անցել ու բանաստեղծական յուզականութիւն են ձեռք բերել:
Ժանրային առումով դժուար է տարբերակել` էսսենե՞ր, ակնարկնե՞ր, թէ՞ նամակներ են արձակ այդ գրութիւնները, մէկ բառ է միտքս յուշում` ինքնագրութի՞ւն, ինքներգութի՞ւն, որովհետեւ հեղինակը գրում է իր մասին, մենախօսում կամ զրուցում ինքն իր հետ, իր տեսածի, զգացածի ու ապրածի մասին, դա իր հայրենիքն է, կտրած ծառի վիշտը, մարդու երկրային անցուղիներն են` ցաւից մինչեւ հաճոյք, դաշնամուրի կողքին կախուած բեմազգեստը, միեւնոյն է. ինքը խօսում է աշխարհի ամէն երեւոյթի, ամէն բանի հետ` ծղրիդի, զգեստի, իր արխիւի, մենակութեան, ազատութեան, սիրոյ ու մահուան հետ` այդ զրոյցների մէջ բացելով աշխարհընկալման անհատական նուրբ ու զգայական շերտեր, որտեղ ցաւը միշտ անպակաս է, անպակաս է, քանզի անկատար է աշխարհը. «Այս մոլորակին Մայր է պակասում: Որբանում է մոլորակը քո ձեռքին, տղամարդ»: Սեռային հաւասարութիւնից հեռու այս զգացումները գովքն են աշխարհի երկսեռ ներդաշնակութեան, դրանց նախաստեղծ վիճակների` բնական ու ճշմարիտ: Զգացմունքների այս թափանցիկ կտաւին հեղինակը օր օրի աւելացնում է նոր գոյն, թարմ գիծ, պատկեր, ու ստեղծւում է սեփական կեանքի խճանկարը, որտեղ ազատութիւնը յստակ անուն ու պատկեր ունի` Ընտրութի՛ւն:
«Դու ընտրեցիր ազատութիւնը, զի ազատ է նա, ով ստեղծագործում է, ես չկամ այնտեղ, որտեղ զբաղւում են ո՛չ արարումով: Ես չկամ այնտեղ, որտեղ զբաղւում են «հաշուապահութեամբ», ոչ թէ` սիրում»: Ստեղծագործումը ազատագրում է մարդու հոգին, ազատ մարդն է, որ կարող է հասկանալ ինքնաճանաչողութեան արժէքը եւ անհրաժեշտութիւնը, եւ գիտակից է Նորին մեծութիւն մահի… հարցերին: Նա գիտի` իր ներսի թատրոնի գլխաւոր գործող անձինք երեքն են` Հաւաքարարը, Փոստատարն ու Մահը. առաջինը` փոշու նստուածքը իր ներսի կացարանից հաւաքելու, երկրորդը` ճիշդ հասցէով սիրոյ նամակը տեղ հասցնելու: Ու այնժամ մահը կ՛ասի իրեն. «Դու ապրեցիր քո կեանքը, որպէս Միջնարար մահուան ու մահուան միջեւ: Դու ապրելու ես քո մահը` որպէս Միջնարար կեանքիդ ու կեանքիդ միջեւ»:
Երեւանից յետոյ Պէյրութը Թամար Յովհաննիսեանի կեանքի խճանկարի յաջորդ տիրապետող գոյնն է: Պէյրութը այնպէ՜ս աննկատ նուրբ ու սերտօրէն է ներհիւսուել իր կեանքին, որ արեւելեան այս քաղաքի տաք բոյրը նա փոխանցում է զարմանալի հարազատութեամբ` այնտեղ ապրող հայի առտնին, ամէնօրեայ սպասումից մինչեւ, չնայած օտարութեան մէջ ապահովութիւն գտած, բայց հոգում անթեղուած հայրենիքը վերագտնելու թրթռացող յոյսը:
Ահա «Դրացին»` միմեանց օտար, միմեանց լեզուն չիմացող երկու մարդկանց լուռ, մտերմացած զրոյցը: Ահա արաբ խանութպանի հետ հանդիպումը` ֆրանսա-անգլո-արաբերէնով միմեանց սահուն հասկանալը (Բաբելոնի աշտարակի տխուր հետեւանքը), ահա տան պատուհանից ամէն օր իր հետ լոյսը դիմաւորող ծառի պատգամը, որպէս մարդու` բնութիւնից հեռանալու սուր ցաւ: Ահա Արաքսը` Պէյրութի Պուրճ Համուտ հայկական թաղամասի հիմնական մայրուղին. «Արաքսը մի աշխարհ է: Տարօրինակ, ինքնատիպ: Արաքսը ոգի ունի: Հոգի, դէմք ունի: Ձայն: Երազանք»: Արաքսի մայթերին խանութներ են, հայերի խանութներ: Ինքը սիրում է քայլել այս փողոցով, հայեացքը դիպչում է անցորդներին, հայրենակից անցորդներին, խանութի ապակիների յետեւում նստած օրիորդի աչքերին. «Չեմ կարողանում նայել քո աչքերին: Ներիր ինձ: Տէ՜ր գթա… Կա՛մ նրան, կա՛մ ինձ: Դի՛ր իմ գրպանի մէջ այնքան փող, շատ փող, որ այս աղջիկը այսօր լիաթոք ժպտա: Տուր ինձ` որ ես տամ: … Ով գիտի տառապանքի գինը, իմ տառապանքի գինը Արաքսի մայթերով քայլելիս` անչափելի: Ինչպէս անչափ ու անտակ է այս մարդկանց աչքերում ապրող ցաւն ու կարօտը: … Այստեղ է աշխարհի այն տեղը, ուր անասելի քաղցրութեամբ զգում ես քո հայ լինելը: Գուցէ այնպէս, ինչպէս երբեք եւ ոչ մի տեղ: Այստեղ է, որ ամբողջ էութեամբ զգում ես, ենթագիտակցօրէն եւ գիտակցօրէն հասկանում, որ նրանք եւ դու նոյնն էք, նոյն արիւնն էք, այս Տիեզերքի ընդհանուր նոյն մասնիկը»:
Գրքի երկրորդ բաժնում հոգու խճանկարի զգայական գոյներն ու պատկերները «հաւաքւում» են բանաստեղծական չափատողերով. դրսեւորւում է կեանքը բանաստեղծօրէն ապրող, ընկալող ու վերարտայայտող մտաւորական կնոջ զգայուն-խոհական կերպարը:
«Իմ զօրեղ թշնամի`
Ժամանակ` կողոպտող,
Ես ամէն առաւօտ
Մերկ եմ արթնանում:
Եւ նման եմ
Խեղճ շինականի,
Որն օրէցօր
Նոյն պատն է շարում»:
«Ազգ», 09.09.2013
Երեւան

