«Ես Միայն Կ՛աղօթեմ, Որ Սուրիան Իր Բարւոք Վիճակը Գտնի»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Սուրիահայութեան կացութեան մասին «Ազդակ»-ը զրուցել է Սուրիոյ Բերիոյ թեմի նախկին առաջնորդ Սուրէն արք. Գաթարոյեանի հետ: Նա 27 տարի` 1978-2004 թթ. եղել է Սուրիոյ Բերիոյ թեմի առաջնորդը:

ՀԱՐՑՈՒՄ.- Դուք եղել էք Սուրիոյ թեմի առաջնորդը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- 1978-2004 թթ. եղել եմ Սուրիոյ Բերիոյ թեմի առաջնորդը: Դա իմ եկեղեցական  կեանքի առանցքային ժամանակաշրջանն էր: Ես ինձ բախտաւոր եմ համարում, որ Բերիոյ թեմի առաջնորդն եմ եղել սփիւռքեան տարածքի, որը զատորոշւում էր իր հայկականութեամբ, իր տոկուն կամքով, իր վերելքներով եւ արձանագրուած յաջողութիւններով: Ափսո՜ս: Այսօր ափսոս եմ ասում այն բոլոր իրագործումներին, որոնք մի հարուածով փորձեցին փճացնել:

Հ.- Ի՞նչ էք զգում այսօր:

Պ.- Կսկիծը մեծ է, հաւատացէ՛ք: Ես այնքան ուրախ եմ, որ անցեալ կիրակի մասնաւոր պատարագ  արեցի Սուրբ Սարգիս եկեղեցու մէջ եւ բոլոր հալէպահայերին հրաւիրեցի այնտեղ` իմ խօսքն ասելով նրանց: Ես աղօթեցի, որ Սուրիան իր խաղաղութիւնը գտնի, որովհետեւ ներկայ ժողովրդի իւրաքանչիւրը տուն ունի, գործ ունի, զաւակ ունի: Այսօր ցիրուցան, դարդոտուած վիճակ է ներկայացնում: Եթէ այս տագնապը շարունակուի, ցաւը մեծ պիտի լինի, բայց թելադրեցի ժողովրդին, որ ամէն ճիգ թափեն եւ հաստատուեն հայրենիքում, որովհետեւ միայն հայրենիքի երկնակամարն է, որ Հալէպից յետոյ  իրենց հայ կարող է պահել եւ հայկական պատկանելիութիւնը հաստատել: Իմ համոզմամբ, Հայաստանից դուրս միայն ձուլում կայ: Դա կարող է 10 տարի յետոյ լինել, կարող է 50 տարի յետոյ լինել:

Հ.- Սրբազա՛ն, յատկապէս վերջին տարիներին ձուլման խնդիրն աւելի տագնապալի է դարձել: Ինչո՞ւ:

Պ.- Որովհետեւ հայութեան հիմնական կայքը եղել են Սուրիան, Լիբանանը, եւ, ինչո՛ւ չէ, Յորդանան, Իրաք, Եգիպտոս: Սա իսլամական աշխարհն էր, որտեղ  անցնող  100 տարիների ընթացքում, Եղեռնից յետոյ դժուարութիւններ ունեցան, գաղթականութեան զգացումը դիւրութեամբ չկարողացան թօթափել, եւ տարիների աշխատանքից յետոյ, իրենց ճակտի քրտինքով նոր կեանք ստեղծեցին յատկապէս Հալէպի եւ Պէյրութի մէջ: Այդ կեանքը եղաւ ազգային դրուածքներով, հայ վարժարաններով, հայ մշակութային կենտրոններով: Այսօր մտածում եմ` 10,000 հայ աշակերտ ունէինք Սուրիայում, ի՞նչ եղան այդ աշակերտները: Հոկտեմբերին դպրոցները բացւում են, բայց դպրոցների դռները փակ են: Սա ցաւալի երեւոյթ է: Ո՞ւր պիտի գնան այս աշակերտները: Իմ սրտի մէջ երախտագիտական խօսք կայ բոլոր այն տղաներին, ովքեր այդ դժուար պայմաններում պատնէշի վրայ կանգնած տակաւին փորձում են դիմակայել ամէն տեսակ դժուարութիւններին, որոնց ես մօտէն ծանօթ եմ, որոնք իմ գործակիցներն են եղել, իմ սիրելի եւ հարազատ երիտասարդներն են եղել:

Հ.- Ինչո՞ւ որոշեցիք գնալ Սուրիայից:

Պ.- 2004 թ. առողջական խնդիրների պատճառով,  2 անգամ սրտի վիրաբուժական գործողութեան էի ենթարկուել: Ես իմ պարտաւորութիւններն այնքան խղճով էի ստանձնել, որ երբ զգացի, որ նոյն ձեւով չէի կարողանալու շարունակել առողջական խնդիրների պատճառով, մտածեցի, որ պէտք է հրաժարուեմ, որպէսզի  նոր մի երիտասարդ գայ եւ շարունակի աշխատանք Սուրիոյ մէջ: Անշուշտ այդ աշխատանքներն ամբողջութեամբ իրագործուեցին, ողջամիտ ժողովական կեանքով: Այդ ժողովական կեանքը, լինի ազգային քաղաքական ժողով թէ  կուսակցական վերին մարմին, որոնք, իսկապէս,  հիմնական լծակները դարձան հալէպահայութեան վերելքին: Ես անձնապէս, որպէս առաջնորդ, իմ ձեռքը դրեցի իրենց ձեռքի մէջ եւ յաջողութեան գաղտնիքը դա էր: Անցնող 27 տարիներին մենք միայն վերելք արձանագրեցինք, շինարարական հսկայ ծրագրեր իրագործեցինք:

Հ.- Սրբազա՛ն, իսկ ի՞նչ մարտահրաւէր կ՛առանձնացնէք, որ այսօր դրուած է սփիւռքի առաջ:

Պ.- Ճակատագիրը մեզ կապեց յատկապէս միջինարեւելեան երկրներին, որոնք մէկը միւսի յետեւից հարուածներ ստացան: Անշուշտ առաջին հարուածը Լիբանանն ինքը ստացաւ: Լիբանանի հարուածը մեծ էր, բայց դիմակայեցին ամէն տեսակի դժուարութիւններին, Իրաքը խորտակուեց, Եգիպտոսն այս օրերին տեսնում էք, թէ ի՛նչ վիճակում է, Սուրիան էր տակաւին մնում, բայց Սուրիան էլ հարուած ստացաւ: Սուրիոյ Հալէպ քաղաքը, ուր հայութեան մեծ զանգուածն էր ապրում, ի՞նչ կարող եմ ասել այս ժողովրդին, պիտի ապրեն, կարող են ապրել Սուրիոյ մէջ, կը յամենան իրենք տակաւին այնտեղ մնալ: Շատերը դուրս եկան, բայց տակաւին կորիզ կայ, որ կառչած է սուրիական ազգային կառոյցներին եւ փորձում են տէր կանգնել այդ բոլորին: Ես միայն կ՛աղօթեմ, որ Սուրիան իր բարւոք վիճակը գտնի, որովհետեւ դարձեալ Սուրիոյ մէջ ապրելը լաւագոյն միջոցն է, Լիբանանի մէջ ապրելը լաւագոյն միջոցն է: Եթէ  այս երկրներից դուրս գան, ապա այդ երկիրը պէտք է լինի հայրենիքը, Հայաստանը: Այսօր ես ապրում եմ Քանատայում, որտեղ ամուսնութիւնների 100-ից 80-ը օտար են առնում` հրեայ կ՛առնեն, չին կ՛առնեն, խայտաբղէտ մթնոլորտ է ստեղծուել: Իսկ խառը ամուսնութիւններից յետոյ առաջացած սերունդն ինչպէ՞ս պէտք է պահես որպէս հայ: Վերջիվերջոյ, այս բոլոր երեւոյթների եւ պարագաների մէջ հայրենիքը մնում է յաւերժական` անցեալից եկող մեզ կտակուած մեծագոյն հարստութիւնը: Սուրբ Սարգիս եկեղեցում քարոզի ժամանակ հալէպահայութեանն ասացի, որ մենք մեր պատմական հողերից գաղթական եկանք  Հալէպ, եկանք տառապանքով, այսօր այս գաղթական հողերից գնում ենք դէպի հայրենիք: Որոշ տարբերութիւն կայ: Այնպէս, ինչպէս մեր նախնիները տոկացին գաղթական օրերի դժուարութիւններն ու տառապանքը` լինի Լիբանանի մէջ, Սուրիոյ  մէջ, մենք կարող ենք մի քիչ տառապել մեր հայրենիքում, որովհետեւ սա մեր հողն է, եւ պիտի կարողանանք յաղթահարել այդ բոլոր դժուարութիւնները:

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )