Հոկտեմբերի 9. Նախագահական Ընտրութիւններ Ազրպէյճանում. Եթերաժամի 98 Տոկոսը Ալիեւին, 2 Տոկոսը` Միւս Ինը Թեկնածուներին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հոկտեմբերի 9-ին Ազրպէյճանում կայանալիք նախագահական ընտրութիւններին ընդառաջ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը հրապարակել է իր երկրորդ միջանկեալ զեկոյցը: Պարզւում է, որ պետակա AzTV եւ հանրային ITV հեռուստաընկերութիւնները եթերային ժամանակի 98 տոկոսը տրամադրել են գործող նախագահ Իլհամ Ալիեւի նախընտրական քարոզչութեանը, իսկ նախագահի միւս 9 թեկնածուներին` միայն 2 տոկոսը:

Ինչպէս Ազրպէյճանում, այնպէս էլ միջազգային հանրութեան շրջանակներում տիրապետող է կարծիքը, որ Ալիեւը երրորդ անգամ անընդմէջ կը զբաղեցնի նախագահի աթոռը: Այդ կարծիքը աւելի հաստատուն դարձաւ այն բանից յետոյ, երբ Ազրպէյճանի կենտրոնական ընտրական յանձնաժողովը չգրանցեց ընդդիմութեան միասնական թեկնածու Ռուստամ Իպրահիմպեկովին, ինչպէս նաեւ` երիտասարդ հեռանկարային գործիչ Իլկար Մամետովին, ով ամիսներ առաջ ձերբակալուել է Իսմայիլի քաղաքում անկարգութիւններ հրահրելու մեղադրանքով: Միջազգային կազմակերպութիւնները դատապարտել են Մամետովի ձերբակալութիւնը` նրան համարելով «խղճի բանտարկեալ»: Ընդդիմութեան միասնական թեկնածու է մնացել Ճամիլ Հասանլին, ով դժուար թէ կարողանայ մարտահրաւէր նետել Ալիեւին եւ նրա ու հօր ժամանակներում հաստատուած բռնապետական համակարգին:

Բացի Հասանլիից ու Ալիեւից, ընտրութիւններին մասնակցող միւս բոլոր ութ թեկնածուները հիմնականում Ալիեւի համակիրներն են: Հեռուստատեսային բանավէճերի ժամանակ, որոնց Ալիեւը չի մասնակցում, նախագահի թեկնածուները ոչ թէ ներկայացնում են իրենց ծրագրերը, այլ` ամենակոշտ բառերով քննադատում Հասանլիին: Ընդդիմութեան թեկնածուի նախընտրական հանդիպումները եւս ուղեկցւում են բռնութիւններով: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի  զեկոյցում ասւում է, որ ընդդիմութեան ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները ենթարկւում են ահաբեկումների: Ազրպէյճանում տիրող նախընտրական իրավիճակի վերաբերեալ իրենց մտահոգութիւնն են արտայայտել Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընը եւ Եւրամիութեան ընդլայնման հարցերով յանձնակատար Շթեֆան Ֆիւլէն:

Իլհամ Ալիեւին աջակցում է Ռուսաստանը: Ռուստամ Իպրահիմպեկովը չկարողացաւ գրանցուել որպէս նախագահի թեկնածու, քանի որ նա Ռուսաստանի եւ Ազրպէյճանի քաղաքացիութիւն ունի: Նշանաւոր բեմադրիչը Ռուսաստանի քաղաքացիութիւնից զրկուելու ցանկութեամբ դիմեց Վլատիմիր Փութինին, սակայն դիմումը մնաց  անպատասխան: Փութինի Պաքու օգոստոսեան այցը եւս անուղղակի աջակցութիւն էր Ալիեւին:

Առաւել ուշագրաւ է Տաղստանի նախագահ Ռամազան Ապտուլատիպովի յատուկ յայտարարութիւնը: Տաղստանը Ռուսաստանի հանրապետութիւններից է, որը սահմանակից է Ազրպէյճանին: Ապտուլատիպովը յորդորել է Ազրպէյճանում բնակուող տաղստանցիներին քուէարկել Ալիեւի օգտին, քանի որ վերջինս «փորձառու քաղաքական եւ իմաստուն պետական գործիչ է», իսկ նրա հայրը` Հայտար Ալիեւը, Ազրպէյճանում հաստատել է «ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու աւանդոյթ»:

Տաղստանցի ազգ գոյութիւն չունի, Տաղստանը աշխարհագրական անուն է, որ թարգմանաբար նշանակում է «լեռների երկիր»: Կասպից ծովի ափին գտնուող եւ շուրջ 50 հազար քառակուսի քիլոմեթր տարածք ու երեք միլիոն բնակչութիւն ունեցող Տաղստանում, որը սահմաններ ունի նաեւ Վրաստանի հետ, բնակւում են շուրջ չորս տասնեակ կովկասեան ազգութիւններ, այդ թւում` աւարներ, տարկինցիներ, քումիքներ, լեզկիներ: Այս ազգութիւններից հայերին ծանօթ են առաջին հերթին լեզկիները, որոնք հարիւրամեակներ առաջ ասպատակել են Հայաստանը:

Լեզկիները բնակւում են հիմնականում Տաղստանի հարաւում եւ Ազրպէյճանի հիւսիսում: Երբ Խորհրդային Միութիւնը փլուզուեց, լեզկիները արհեստականօրէն բաժանուեցին: Ըստ պաշտօնական տուեալների, Ազրպէյճանում լեզկիները ամենամեծ փոքրամասնութիւնն են` բնակչութեան երկու տոկոսից աւելին կամ` շուրջ 180 հազար: Այլ տուեալներով, սակայն, Ազրպէյճանում լեզկիների թիւը 700 հազարի սահմաններում է կամ` առկայ բնակչութեան շուրջ 10 տոկոսը: Ահա թէ ինչո՛ւ է Տաղստանի նախագահը Ազրպէյճանում բնակուող տաղստանցիներին` կովկասեան ժողովուրդներին, յորդորում քուէարկել Ալիեւի օգտին:

Խորհրդային Միութեան փլուզման տարիներին սահմանի երկու կողմերում գործում էր լեզկիական «Սատվալ» (միասնութիւն) շարժումը, որի հիմնական նպատակներից էր անկախ Լեզկիստանի ստեղծումը այն տարածքների վրայ, որտեղ դարեր ի վեր անընդմէջ  բնակուել են լեզկիները: Սիւննի լեզկիների եւ շիի ազրպէյճանցիների յարաբերութիւնները երբեք էլ բարեկամական չեն եղել: Լեզկիների լեզուն պատկանում է կովկասեան լեզուաընտանիքին (ինչպէս` վրացերէնը, աբխազերէնը, չեչեներէնը) իսկ ազրպէյճանցիները թուրքալեզու են: Ազրպէյճանի լեզկիների բազմաթիւ բողոքներից յետոյ, կապուած Պաքուի կողմից իրականացուող խտրական եւ բռնի ձուլման քաղաքականութեան հետ, Եւրոպական խորհրդարանը վերջերս Ազրպէյճան է գործուղել փաստահաւաք առաքելութիւն` տեղում պարզելու իրավիճակը:

Լեզկիների եւ ազրպէյճանցիների յարաբերութիւնները լարուած են նաեւ Տաղստանի 120 հազարանոց Դերբենտ (հին հայկական աղբիւրների Ճորա Պահակ բնակավայրն է) քաղաքում, որտեղ  լեզկիների եւ ազրպէյճանցիների թուաքանակը 30-ական տոկոս է: Յունիսին լեզկիները բողոքով դուրս եկան փողոց այն բանից յետոյ, երբ Դերբենտի փողոցներից մէկը վերանուանուեց Հայտար Ալիեւի անունով: Ընդհանուր առմամբ, Տաղստանում ազրպէյճանցիների թիւը շուրջ 130 հազար է:

Ըստ պաշտօնական տուեալների, Ազրպէյճանում բնակւում են շուրջ 50 հազար աւարներ, ինչպէս նաեւ` տաղստանեան (կովկասեան) բազմաթիւ այլ ազգեր: Տաղստանի ամենամեծ ցեղային խումբը` բնակչութեան շուրջ 30 տոկոսը կամ 900 հազար, հէնց աւարներն են: Նախագահ Ապտուլատիպովը եւս ազգութեամբ աւար է:

Ազրպէյճանին անմիջական հարեւան միւս երկրները հրապարակային յայտարարութիւններ չեն արել այն մասին, թէ ում կը ցանկանային տեսնել նախագահի պաշտօնում, բացառութեամբ Հայաստանի: Վերջերս Սերժ Սարգսեանը ցանկալի էր համարել Իլհամ Ալիեւի` նախագահի պաշտօնում նոր ժամկէտով մնալը, ինչը առաջ էր բերել Պաքուի զայրոյթն ու կոշտ հակադարձութիւնը:

Վրաստանը Ազրպէյճանում նախագահի թեկնածու պաշտպանելու ժամանակը չունի. հոկտեմբերի 27-ին այդ երկրում սպասւում են նախագահական ընտրութիւնների: Ազրպէյճանում ծագումով վրացիների (նրանց անուանում են ինկիլոներ) թիւը 15-20 հազարի սահմաններում է:

Ազրպէյճանում ազգային փոքրամասնութիւնների շարքում զգալի է թալիշների քանակը: Իրանական ժողովուրդ թալիշները բնակւում են Ազրպէյճանի հարաւում` Կասպիցի մերձափնեայ շրջաններում, ինչպէս նաեւ` Իրանի հիւսիսում: Պաշտօնական տուեալներով, Ազրպէյճանում նրանց թիւը շուրջ 80 հազար է, ոչ պաշտօնական տուեալներով` աւելի քան 250 հազար: Միջազգային տարբեր զեկոյցներում երբեմն հանդիպում է անգամ մէկ միլիոն թիւը:

1993-ի ամրանը ազգութեամբ թալիշ Ալիաքրամ Հումմատովը Ազրպէյճանի Լենքորանի, Եարտիմլիի, Մասալիի, Լերիքի եւ Ասթարայի շրջաններում հռչակել էր Թալիշ-մուղանական հանրապետութիւնը, որը ընդամէնը երկու ամսուայ կեանք ունեցաւ: Գնդապետ Հումմատովը, ով Ազրպէյճանի նախկին նախագահ Ապուլֆազ Էլչիպէյի համախոհներից էր եւ իր հրամանատարութեան տակ գտնուող զինուած ուժերով կռուել էր Արցախի դէմ, ձերբակալուեց, դաւաճանութեան մեղադրանքով երկար տարիներ անցկացրեց ազրպէյճանական բանտում, համաներման ենթարկուեց եւ հեռացաւ Ազրպէյճանից:

Եւրոպայում քաղաքական ապաստան ստացած Հումմատովը վերջերս այցելեց Հայաստան եւ Արցախ: Նրան հրաւիրել էր Երեւանի պետական համալսարանի ղեկավարութիւնը` մասնակցելու մայր բուհի իրանագիտութեան ամբիոնում «Թալիշագիտութիւն» մագիստրոսական ծրագրի բացման արարողութեանը մասնակցելու ու դասախօսութեան կարդալու նպատակով:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )