ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԿԱՊԷՍ ԶԱՐԳԱՑԱ՞Ծ Է

Թուրքիան «զարգացել է»: Թուրքիայի տնտեսութիւնը աճում է, ներկայում աշխարհի 17-րդ ամենամեծ տնտեսութիւններից է եւ ծրագրում է 2023 թուականին (երբ նշելու է իր հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը) դառնալ աշխարհի 10-րդ ամենամեծ տնտեսութիւնը….

Թուրքիան «զարգացել է»: Քաղաքական աշխարհում, յատկապէս` արաբական երկրների ընդվզումներից ու յեղափոխութիւններից յետոյ, խօսւում է, թէ Թուրքիան կարող է մոտել եւ օրինակ հանդիսանալ այդ երկրներում նոր կարգեր հաստատելու համար, յատկապէս` իր ժողովրդավարական հիմքերով, որ ունի…

Թուրքիան իր զարգացած մշակոյթը տարածում է արաբական աշխարհ` իր երգիչներով ու հեռուստասերիալներով, երկրի զբօսաշրջական կենտրոնները չեն զիջում աշխարհի ամենաառաջնակարգ զբօսաշրջական կենտրոններին ու գրաւչութիւններին…

Թուրքիան «զարգացել է»: Քաղաքները շլացուցիչ են, Պոլսի փողոցներում խցանումը ապացոյցն է «զարգացման». վերջին տեսակի ինքնաշարժներ… թուրքերը բջջային ունեն իրենց գրպաններում… թուրք գործարարները փողկապ կապած` շրջում են աշխարհի չորս կողմը եւ քարոզում իրենց որակեալ արտադրանքները:

Թուրքերը սիրում են միանալ Եւրոպային ու դա համարում են օգուտ` Եւրոպայի համար…

Բայց կայ մի այլ իրականութիւն…

Թուրքիան բաւականին աղքատ է, որ զարգացած երկիր համարուի, դեռ շատ երիտասարդ է ու անփորձ` իր ժողովրդավարութեամբ, որ կարողանայ օրինակ հանդիսանայ որեւէ երկրի համար:

Ի՞նչ է անցնում Թուրքիայում:

Չեմ ուզում խօսել այդ երկրի քիւրտերի կամ միւս փոքրամասնութիւնների վրայ բանեցրած ճնշումների մասին կամ խօսքի ազատութեան պակասի վերաբերեալ… Թուրքիայի ժողովրդի կէսը ճնշուած է եւ դա կանայք են…

Միացեալ ազգերի զարգացման ծրագրերի կազմակերպութեան, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Տնտեսական զարգացումների ու համագործակցութիւնների եւ մի շարք այլ միջազգային կազմակերպութիւններ, ինչու չէ նաեւ հէնց Թուրքիայում մի շարք կազմակերպութիւնների տեղեկագրերի հիման վրայ` Թուրքիան համարւում է աշխարհի վատթարագոյն երկրներից, ուր գոյութիւն ունի ուժեղ սեռային խտրականութիւն (134 երկրների շարքում

126-րդ երկիրն է, ուր կանայք ճնշումների ու խտրականութիւնների են ենթակայ), եւ այդ տեսակէտից գտնւում է Զիմպապուէից ու Եթովպիայից յետոյ (երկրներ, որ շատ էլ «զարգացած» տնտեսութիւն չունեն Թուրքիայի պէս): Երկրի տնտեսութեան մէջ իրենց մասնակցութիւնը ցածր է. «զարգացած» քաղաքներում աշխատանքի ատակ կանանց 24-25 (մէկ չորրորդ) տոկոսն է, որ աշխատում է, եւ ընդհանրապէս կանանց շատ առիթներ չեն տրւում` աշխատանքի ասպարէզ մուտք գործելու:

Ըստ հէնց Թուրքիայի ներքին կազմակերպութիւնների տեղեկագրերի, անցեալ տարի` 2010 թուականին, 217 կիներ սպաննուել են, 164 կիներ վիրաւորուել են, ֆիզիքապէս վնասուել են իրենց անմիջական կամ բարեկամ տղամարդկանց միջոցով. դեռ չենք ակնարկում այն կանանց պարագային, որոնք սեռային խնդիրների զոհ են դարձել: Ընդհանրապէս, կանանց նկատմամբ ոճիրները Թուրքիայում, համեմատ անցեալ տարիների, 14 տոկոսով աճ են արձանագրել:

Սա մի մասն էր այն անմարդկային ու քաղաքակրթութիւնից հեռու երեւոյթների, որոնք պատահում են «զարգացած» Թուրքիայում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Share this Article
CATEGORIES