«Երեւան Սիթի» Դարձած Երեւանի Փակ Շուկան Բացուել Է

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

 

 

 

 

 

 

Երկուշաբթի Երեւանի Փակ շուկայից արդէն գնումներ էին կատարում մարդիկ: Շէնքն արտաքինից պահպանել է իր տեսքը, դրսից ոսկեգոյն երանգով ներկել են շուկայի «ասեղնագործի» նմանուող հատուածը, իսկ շէնքի ներսում կատարուել են  որոշակի փոփոխութիւններ, մասնաւորապէս, հանուել են կամարները, երկրորդ յարկ տանող հարթակ է ստեղծուել, որտեղ տեղադրուել են շարժասանդուխներ: Շէնքի ներսը ներկուել է բաց դեղնագոյնով (լիմոնի գոյնի մօտ գտնուող գոյնով): Ներսում` մուտքի այսպէս ասած «ճակատային» մասում տեղադրուել են գիւղմթերքի վաճառասեղաններ, իսկ դրանցից քիչ հեռու սուպերմարկետի տարածքն է: Ի դէպ, գիւղմթերք վաճառողները մեզ հետ զրոյցում նշեցին, որ իրենք շուկայի աշխատակիցներ են: Երբ հետաքրքրուեցինք, թէ հնարաւո՞ր է, որ մի քանի օրից իրենց պահանջէն ազատել այդ տարածքը, նրանք բացառեցին դա` նշելով, որ իրենք աշխատելու են այնքան, որքան ցանկանան: Նրանք նաեւ ասացին, որ աշխատում են առանց տեղի համար վարձավճար տալու շուկայի տնօրինութեանը: Նրանց խօսքով` շէնքը մաքրուել է, երբ նախկինում առողջապահական ոչ յարմար վիճակ էր, մարդիկ էլ աւելի քիչ էին գալիս իրենց շուկայ, հիմա ամէն ինչ փոխուել է` շէնքում մաքրութիւն է եւ կարգուկանոն:

Շուկայի ներսում գտնւում էր Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան պատգամաւոր Սամուէլ Ալեքսանեանը, ով շուկայի սեփականատէրն է:  Նա գոհունակութեամբ հետեւում էր շուկայի անցուդարձին, կարծես, փորձելով հասկանալ մարդկանց տրամադրութիւնները:

Այնուհետ  համացանցում տարածուեց մի լուսանկար, որտեղ շուկայի շէնքի վերնամասում  տեղադրուել էր եւս մի յարկ, որի ճակատային հատուածում  գրուած էր «Երեւան սիթի», իսկ դրա ներքեւում` 5 աստղեր, որոնք խորհրդանշում էին խորհրդային կարգերը:  Սա խառնաշփոթ ստեղծեց համացանցում, որովհետեւ շուկայի ճարտարապետութիւնն ու  դրան կցուած հատուածը հակադրութիւն էին ստեղծում, խաթարում քաղաքի տեսքը: Չնայած դրան յաջորդող մի քանի րոպէներից յետոյ պարզուեց, որ դա արուել է ֆոթոշոփի միջոցով, բայց մարդկանց արիւնը «մեկնաբանութիւնների» տեսքով դեռ եռում էր: «Երեւան սիթի» դարձած իմ Էրեբունի»` այս եւ նման այլ արտայայտութիւններով մարդիկ իրենց բողոքն էին արտայայտում կատարուածի դէմ: Աւելին` շատ արագ տարածուեց նաեւ Օրսէի թանգարանի լուսանկարը, որը բաւական նմանութիւններ ունէր Փակ շուկայի ճարտարապետութեան հետ:

Տուեալ պարագայում խնդիրը կողմ կամ դէմ լինելը չէ, այլ այն, որ հասարակութիւնը մասնատուեց այս հարցում, եւ հիմնական մեխը մնաց այն, որ յուշարձանը պէտք է չքանդուէր, բայց` մասնակիօրէն քանդուեց: Ըստ  Փակ շուկայի պահպանման համար բողոքի ցոյցի մասնակիցների` շուկան հանրային սեփականութիւն է, յուշարձան է, որը պէտք է պահպանել: Ի հարկէ, պէտք է նկատել, որ այդ մարդկանց շնորհիւ շուկայի արտաքին մասը պահպանուել է, թէեւ դեռ յայտնի չեն հետագայ զարգացումները:

Քաղաքակիրթ երկրներում նման դէպքերում պետական մարմինները հաշուետու են լինում հասարակութեան առջեւ, լսում են նրա բողոքը, քննարկումներ են լինում, մեր դէպքում` ամէն ինչ վարագուրւում է: Չգիտես ինչու: Այն, ինչ կատարուել է, սակայն, անդառնալի է, եւ որակների քննարկման հարցը չէ այստեղ, այլ քաղաքակիրթ միջավայր ստեղծելը, եւ պետութիւնն էլ պէտք է իր մէջ ուժ գտնի իրեն պատկանող սեփականութիւնը պաշտպանելու, հակառակ դէպքում փողատէր մարդիկ միշտ կը գտնուեն` այս կամ այն պետական գոյքը գնելու առաջարկով…

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES