2014-ի Մոնտիալ. Այսօր` Հայաստան – Պուլկարիա
Եւրոպայի սահմանագօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 11 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ պիտի հիւրընկալէ Պուլկարիան:
Նշենք, որ Պէյրութի ժամանակացոյցով, ժամը 18:00-ին սկսելիք այս մրցումը ուղղակիօրէն պիտի պատկերասփռուի «ԱՐՄԵՆԻԱ» պատկերասփիւռի կայանէն:
Մրցումի նախօրեակին, հաւաքականին գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան 9 հոկտեմբերին տուաւ կարճ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին ըսաւ, թէ լաւ վիճակի մէջ գտնուող 20 ֆութպոլիստներ հրաւիրուեցան հաւաքական:
Արթուր Եդիկարեան կախակայուած ըլլալով, դաշտ չի կրնար ներկայանալ, մինչ Մասիս Ոսկանեանի մասնակցութիւնը հարցականի տակ է:
Բերդապահ Ռոման Պերեզովսքի արդէն վերակազդուրուած է եւ պատրաստ է մրցումին:
Շարունակելով` Մինասեան ըսաւ, որ Բ. խմբակին 2-րդ դիրքը գրաւելու յոյսերը թէեւ բաւական քիչ են, սակայն պիտի փորձեն անպայման յաղթել, որովհետեւ Հայաստանի մէջ զտումի մրցումներուն ցարդ Հայաստան յաղթանակ չէ արձանագրած. «ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուելիք դասաւորման մէջ լաւ դիրք գրաւելու համար, այլ պատճառ մը եւս ունինք յաղթելու», դիտել տուաւ ան:
Եզրափակելով` մարզիչը ըսաւ, թէ անպայման պիտի փորձեն գոհ պահել իրենց համակիրները, անոնց պարգեւելով յաղթանակ մը:
Նշենք, որ այսօր տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին, Բ. խմբակին դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||||
| 1.- Իտալիա | 8 | 6 | 2 | 0 | 15 | 5 | 20 | ||||||||
| 2.- Պուլկարիա | 8 | 3 | 4 | 1 | 13 | 6 | 13 | ||||||||
| 3.- Դանիա | 8 | 3 | 3 | 2 | 9 | 10 | 12 | ||||||||
| 4.- Չեխիա | 8 | 2 | 3 | 3 | 8 | 8 | 9 | ||||||||
| 5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 8 | 3 | 0 | 5 | 8 | 10 | 9 | ||||||||
| 6.- Մալթա | 8 | 1 | 0 | 7 | 4 | 18 | 3 |

