Կառավարութիւնը` Տնտեսութեան Զարգացման Խոչընդոտ

Հարցազրոյցը վարեց` ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆԸ

«Երկիր»-ը հարցազրոյց կատարած է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ, «Ֆինանսավարկային եւ պիւտճէական հարցերի մշտական յանձնաժողով»-ի նախագահի տեղակալ Արծուիկ Մինասեանի հետ: Զրոյցը կը հրատարակենք ստորեւ:

Հ.- Պարոն Մինասեան, նախագահ Սերժ Սարգսեանը օգոստոսի 28-ին կրթութեան ու գիտութեան նախարարութիւնում յայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են յունուարի 1-ից: Պետական պիւտճէով, սակայն, նախատեսուած է յուլիսի 1-ից: Դրանից էլ առաջ` մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսեանը խոստացել էր յուլիսից միջին աշխատավարձի բարձրացում, ինչը տեղի չունեցաւ: Կա՞յ, արդեօք, ըստ ձեզ, անհամաձայնութիւն եւ հակադրութիւն կառավարութեան ու նախագահի միջեւ:

Ա. Մ.- Տրամաբանութիւնը յուշում է, որ նախագահի ցանկացած խօսք պէտք է հիմնուած լինի կառավարութեան կողմից իրականացուած վերլուծութիւնների հիման վրայ, եւ ցանկացած հրապարակային խօսք պէտք է դառնայ իրականութիւն: Ոչ միայն իրար հետ չեն համագործակցում, այլեւ կառավարութիւնն է սխալ հաշուարկ ու համադրում իրականացնում:

Մարտի 18-ին նախագահը ոչ միայն խօսեց աշխատավարձի բարձրացման ու տնտեսական 7 տոկոս աճի մասին, այլեւ ասաց, որ աշխատավարձերի աճը աւելի պէտք է լինի, քան գնաճը: Բայց մենք օգոստոսի դրութեամբ տեսանք, որ գնաճն աւելի արագ է աճում, քան` միջին աշխատավարձը:

Երեւի մեր իշխանութիւնները չեն հասկանում հրապարակային խօսքի արժէքը: Չի կարելի հրապարակաւ յայտարարել մի բան եւ յուսախաբ անել:

Դեռ 2009 թուականին կառավարութիւնը խոստացել էր միասնական աշխատավարձի համակարգ մշակել, ներդրել հանրապետութիւնում եւ դա կապել կենսապահովման նուազագոյն զամբիւղի, նուազագոյն պիւտճէի եւ աղքատութեան ցուցանիշների հետ: Մենք տեսանք, որ դա էլ չիրականացաւ, եւ 4 տարի անց ներկայացուել է մի փաստաթուղթ, որտեղ միասնական աշխատավարձի մասին է խօսք գնում: Աշխատավարձի հարցը, որպէս քաղաքացիների առաջային եկամուտ, խիստ կարեւոր է, եւ եթէ այդ քաղաքականութեան մէջ կառավարութիւնն ինչ-որ տեղ նահանջ է արձանագրում, պէտք է գիտակցի, որ այդ նահանջն անդրադառնում է քաղաքացիների թէ՛ կենսագործունէութեան եւ թէ՛ նրանց արտադրողականութեան վրայ:

Հ.- Խօսակցութիւններ են շրջանառւում, որ կառավարութիւնն աշխատավարձի բարձրացումը լուծում է այլ աշխատատեղերի կրճատումների հաշուին:

Ա. Մ.- Ընկերային նման լարուած իրադրութեան պայմաններում իւրաքանչիւր աշխատատեղի կրճատում բերելու է էլ աւելի բացասական դրսեւորումների: Դրա արդիւնքում ոչ միայն աշխատավարձը չի բարձրանալու, այլեւ բերելու է պետութեան ֆինանսների մէկ այլ անարդիւնաւէտ իրագործման: Չէ՞ որ գործազուրկ աշխատողը դիմելու է, որ ստանայ գործազրկութեան նպաստ, հիւանդութեան պայմաններում պետութիւնը պիւտճէով պէտք է գումար յատկացնի նրա բուժման խնդիրներն իրականացնելու համար: Ընկերային պաշտպանութեան համակարգում քաղաքացին յայտնուելու է մի վիճակում, որ կարիք է առաջանալու պետութեան կողմից օժանդակութիւն ստանալու եւ եթէ դա չարուի, կը մեծանայ աղքատութեան մակարդակը:

Հանրակրթական հաստատութիւններում վարչական, ոչ ուսումնական անձնակազմի հսկայական թուով կրճատումներ են իրականացւում` պատճառաբանելով, թէ ստուերի դէմ պայքար է գնում: Իրականում հակառակ միտումն է լինելու. պատկերացրէք, որ հանրակրթական դպրոցում կրճատում են հաւաքարարներին եւ 20 հազար քառ. մեթր տարածք մաքրելու համար երկու հաւաքարարի հաստիք են պահում. սա նշանակում է, որ դպրոցական անձնակազմը պէտք է ուզած-չուզած` ծնողների խնդրի, որ լրացուցիչ գումար հաւաքեն եւ մաքրեն այդ տարածքը: Նշանակում է, որ ստուերը իրականում խրախուսւում է: Մի կողմից կառավարութիւնն ասում է, որ դրամահաւաքը սահմանափակում ենք, բայց ստեղծում է դրա համար պայմաններ: Կրճատուած հաստիքի դիմաց ո՛չ ուսուցիչն է հաւաքարարութիւն անելու, ո՛չ էլ աշակերտը:

Հ.- Կառավարութեան կողմից յայտարարուող աշխատավարձի քաղաքականութիւնը ընկերային-տնտեսական զարգացումներին համապատասխանո՞ւմ են:

Ա. Մ.- Բոլորովին ոչ: Եւ այդ ամէնը բերելու է շատ լուրջ անհամամասնութիւնների, ստուերի մեծացման: Չնայած կառավարութիւնն ասում է, որ աշխատավարձերի կտրուկ բարձրացումը կարող է բերել ստուերի կտրուկ խորացմանը, բայց մեր վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ ուղիղ հակառակն է: Արդար վարձատրութիւնը կը նպաստի ստուերի կրճատմանը, արտադրողականութեան աճին եւ տնտեսական վերելքին, ինչը կառավարութեան այսօրուայ յայտարարուած քաղաքականութեան կարեւոր թիրախ է, բայց չի իրականացւում: Աշխատավարձի բարձրացումը որեւէ խնդիր չի առաջացնում երկրի պետական ֆինանսների հետ կապուած: Միշտ էլ երկիրը կարող է ունենալ այնքան փող, որքան անհրաժեշտ է. կարեւոր է, թէ դու այդ փողը ինչպէս ես ծախսում: Եթէ դու դա ծախսելու ես ներկայ փուլում աշխատվարձերի վրայ, արհեստագիտութիւնների, ներդրումների վրայ, դրանք բերելու են տնտեսութեան աճի, զարգացման: Եթէ ոչ արտադրական ծախսումների վրայ ես շեշտը դնում` բարձր տոկոսով վարկաւորումներ եւ այլն, արդիւնքում մենք կորցնելու ենք հսկայական միջոցներ: Տնտեսութեան ներքին պահանջարկը կը խրախուսուի, նոր արտադրատեսակներ կը թողարկուեն, նոր աշխատատեղեր կը ստեղծուեն, նոր եկամուտներ շարժման մէջ կը դրուեն: Զարմանում եմ, որ կառավարութիւնն իրականացնելով նման մաքրոտնտեսական վերլուծութիւններ, նման անկարողութիւն է ցուցաբերում: Մէկ յայտարարում են, որ մենք ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մէկ յայտարարում են, որ միջազգային կազմակերպութիւնները աւելի ցածր տոկոս են կանխատեսել, եւ մեր սպասումները փշրւում են: Դա կարող է անել այն կառավարութիւնը, որ չունի անհրաժեշտ կամք ու վճռակամութիւն իրական բարեփոխումներ իրականացնելու, բայց նաեւ մարդկանց մօտ վստահութիւնն է սպաննում:

Նախագահն ասաց 7 տոկոս աճի մասին. որեւէ այլ պատճառաբանութիւն պէտք չէ փնտռել, թէ միջազգային զարգացումները թոյլ չեն տուել տնտեսական աճ ապահովել կամ երկրում բնակլիմայական պայմանները խանգարել են գիւղատնտեսութեանը. նախագահը խնդիրները ձեւակերպել է եւ չի լուծել. պատասխանատուները պէտք է պատժի ենթարկուեն:

Հ.- Կառավարութիւնն աշխատավարձի բարձրացումը հիմնաւորում է պիւտճէում ունեցած 90 միլիառ դրամ խնայողութիւններով: Կայ նաեւ տեսակէտ, որ տնտեսական աճի հաշուին է բարձրացումը: Մի մասն էլ պնդում է, թէ` կրճատումների: Ի վերջոյ, ինչի՞ հաշուին է:

Ա. Մ.- Դեռեւս կառավարութեանը հնարաւոր կը լինի հարց ուղղել, բայց ինչպէս երեւում է, ուզում է աշխատավարձը բարձրացնել կրճատումների եւ խնայողութիւնների հաշուին:

Գումարը մեծ չէ, սակայն կառավարութիւնը փորձում է ցոյց տալ, թէ հերոսական ջանքեր է գործադրում այս բարձրացումների համար:

Հ.- Նուազագոյն աշխատավարձը եւս, փաստօրէն, բարձրանում է երկու տարում երեք անգամ` 18 հազար դրամ ընդհանուր գումարով:

Ա. Մ.- Քանի դեռ նուազագոյն աշխատավարձը համադրուած չէ նուազագոյն սպառողական զամբիւղի հետ, որեւէ օրկանական կապ այս երկուսի մէջ եթէ չկայ, ստացւում կոյրի քաղաքականութիւն: 45 հազար դրամից թող դառնայ 50 հազար դրամ, բայց սպառողական զամբիւղի արժէքը նորից առաջանցիկ աւելի բարձր է, քան` նուազագոյն աշխատավարձը: Ազատականութեան գիրկն ընկած կառավարութիւնն ու որոշ գործիչներ մտածում են, որ նուազագոյն աշխատավարձը տնտեսական գործառոյթից զատ ունի ընկերային, քաղաքական եւ զարգացման գործառոյթ: Մոռանալով այս ամէնի մասին` իրականացնում են աղքատութեան խրախուսման քաղաքականութիւն: Այն մօտեցումը, երբ կառավարութիւնն ասում է, որ գնաճի եւ այլնի ժամանակ կը պաշտպանի կարիքաւոր խմբերին, աղքատածին քաղաքականութիւն է: Դու պէտք է այնպէս անես, որ աղքատներ չառաջանան, այլ ոչ թէ նրանց փշրանքներ նետես: Ես կը զարմանամ, որ հանրապետութեան նախագահը ների ներկայ կառավարութեան` գործադիրի այսպիսի վարքը:

Հ.- Սերժ Սարգսեանը խոստանում է նուազագոյն աշխատավարձը դարձնել 90 հազար դրամ` 2017 թուականին. նոյն թուականի համար կառավարութիւնը սահմանել է 70 հազար դրամանիշը: 20 հազար դրամով տարբեր են թուերը: Ինչո՞ւ:

Ա. Մ.- Դա եւս խօսում է հերթական անհամաձայնեցուած գործողութեան մասին: Մենք առաջարկում էինք բանաձեւ, որը կարող էր հաշուարկի արդիւնքում պարզել աշխատավարձը: Եթէ ունես բանաձեւ, թէ ինչպէս է որոշւում նուազագոյն աշխատավարձը, սա բնակչութեան մէջ դրական սպասումներ է արթնացնում, կառավարութիւնը դառնում է սպասելի հանրութեան համար:

Նուազագոյն աշխատավարձը պէտք է նուազագոյն սպառողական զամբիւղից պակաս չլինի, միջին աշխատավարձի կէսից պակաս չլինի: Ներկայ իշխանութիւնները ցոյց են տուել, որ իրենց յայտարարութիւնները իրականութեան հետ առնչութիւն չունեն, տրուած խոստումներն էլ չեն կատարւում, պատճառաբանւում են տարբեր հանգամանքներով, արհամարհում են նաեւ մարդկանց սպասումները, ինչը շատ բացասաբար է անդրադառնում տնտեսութեան զարգացման վրայ:

yerkir.am

Share this Article
CATEGORIES