ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ. ԵԿԵՂԵՑԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԷՏՔ Է ՎՃԱՐԵ՞Լ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնուող Հաւուց Թառի վանական համալիրի (Ժ. դար), Աղջոց վանքի (ԺԳ. դար) եւ Կաքաւաբերդ ամրոցի (Թ. դար) ամէն այցելու պէտք է վճարի 3500 դրամ: Հէնց այդքան գումար է պահանջում վերոնշեալ հնավայրեր մեկնողներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցը` «ճանաչողական այցի թոյլտուութիւն» տրամադրելու պատրուակով:
Գիտակցելով հանդերձ պետական արգելոցի կարգավիճակով սահմանուած բոլոր առանձնայատկութիւնները, այնուամենայնիւ, դժուար է արդարացնել սրբատեղիներ այցելելու համար գումար գանձելու քաղաքականութիւնը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնութիւնը դիտարկում է առանց այդ էլ ֆինանսապէս անապահով հայրենանուէր երիտասարդ արշաւորդներից գումար գանձելը որպէս Հայաստանի պատմամշակութային վայրերի ճանաչմանն ուղղուած խոչընդոտ:
Նախաձեռնութիւնն անընդունելի է համարում Խոսրովի անտառի ղեկավարութեան հնարամտութիւնը եւ կոչ անում Մայր աթոռ Ս. Էջմիածնին, ինչպէս նաեւ Հայաստանի մշակոյթի եւ բնապահպանութեան նախարարութիւններին` ձեռնարկել համապատասխան միջոցներ:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնութեան մամուլի բաժին