Հայաստանի Հետ Հոգեւոր Կապի Բացակայութեան Օրինակ` Թուրքահայերը…

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ

Թուրքիայում ապրող հայերը (ինչքան էլ չսիրեմ այդ բառը` թուրքահայերը) շատ յաճախ պարտաւորուած են բացատրել թուրքերին, որ իրենք Հայաստանից չեն եկել: Այն թուրքահայերը, որոնք հասարակութեան մէջ օգտագործում են իրենց իսկական անունները, (դրանք արդէն մեծ մասամբ եւրոպական են եւ աւելի քիչ` բուն հայկական) թուրքերի մօտ հետաքրքրութիւն են առաջացնում:

Թուրք զրուցակցի մի քիչ կիրթ լինելու դէպքում առաջին հարցը սովորաբար հետեւեալն է. «Ի՞նչ հետաքրքիր անուն է»` ներքուստ մտածելով. «Հոյ լատինամերիկեան հեռուստասէրիալի հերոս չէ, տարօրինակ է, ո՞վ երեխային նման անուն կը դնի, իսկ ի՞նչ է նշանակում»: Սովորաբար նման դէպքերում հայը սկսում է կմկմալ, փորձում է անհեթեթ բացատրութիւններ տալ, իսկ որոշ ,քաջերէ միանգամից «յանձնւում են» ու խոստովանում, որ հայ են:

Դիմացինն անմիջապէս յիշում է իրենց հայ հարեւանին, դերձակին, վարսավիրին, ոսկերչին` շեշտելով, որ ոչ մի խնդիր չեն ունեցել, շատ լաւ մարդիկ էին, բայց ցաւօք, բոլորը հեռացան արտասահման` իրենց ազգականների մօտ: Աւելի յաճախ դիմացինը, զարմանք յայտնելով, թէ ինչ լաւ թուրքերէն են խօսում, հարցնում է` ե՞րբ էք եկել Հայաստանից:

Ցանկացած նման հարցադրման ժամանակ մեր պոլսաբնակ  «քաջերի» մեծամասնութիւնը սկսում է հաւատացնել, թէ ինչքան է սիրում Թուրքիան, որ, ի հարկէ, ոչ մի խնդիր չի ունեցել եւ չունի թուրքերի հետ, կիսավրդովմունքով եւ հիասթափութեամբ նշում է, որ  Հայաստանից չէ, բացատրելով, թէ հայաստանցին ինչքան ուրիշ է եւ իր հետ ոչ մի կապ չունի, հպարտօրէն ընդգծում է, որ ծնուել է Թուրքիայում:

Այստեղ պէտք է յիշել, որ 2000թ. սկզբին Հայաստանի քաղաքացիների հոսքը դէպի Թուրքիայ ոչ մի հիմք չի հանդիսանում նման թիւրիմացութեան համար, քանի որ Թուրքիայի ազգութեամբ հայ քաղաքացիներին որպէս իրաւահաւասար քաղաքացի չընդունելու սովորութիւնը գալիս է աւելի վաղ ժամանակներից:

Թուրք լրագրող Ճենկիզ Չանտարը, օրինակ բերելով վերջին օրերին Կեզի այգու ցոյցերին մասնակցող հայերի դէմ ուղղուած ,եթէ գոհ չէք, գնացէք Հայաստանէ կոչերը, նշում է, որ դրանք նորութիւն չեն եւ յիշեցնում են իրաւահաւասար հայազգի քաղաքացու դժգոհութիւն յայտնելու ժամանակ նրան ուղղուած «ուրեմն գնա Հայաստան» սպառնալիքները: Չանտարը նշում է. Էրտողանը, որ եկել էր Հրանդ Տինքի ընտանիքին ցաւակցելու, երբ դժգոհութիւն յայտնեցին, սկսեց պատմել, թէ Թուրքիայի վարած բարեկամական քաղաքականութեան դիմաց Հայաստանն ինչպիսի սխալ քաղաքականութիւն է որդեգրել:

Թուրքիայի հայերն այսօր, շատ մեծ ցաւին զուգահեռ, նաեւ անվստահութիւն են զգում իրենց պետութեան նկատմամբ: Չեն ընդունւում որպէս իրաւահաւասար քաղաքացիներ: Այդ զգացումը հասկանալի է եւ իսկապէս ցաւոտ,  սակայն հայերն իրենց հերթին, փոխանակ թուրքերին բացատրեն, որ այս հողերի վրայ ոչ թէ իրենք են նորեկ, այլ թուրքերը, փորձում են ապացուցել, որ իրենք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, իրենք արեւմտահայեր են, նոյնիսկ լեզուն է ուրիշ, ոչ մի անգամ չեն եղել Հայաստանում, չեն քայլել Երեւանի փողոցներով, չեն սիրահարուել երեւանցի աղջկայ, չեն հարբել Երեւանի գինետներում…

Յամենայն դէպս, թուրքահայերի` հաւասար քաղաքացիական իրաւունքները պահանջելու համար Հայաստանի հետ ունեցած կամ ունենալիք հոգեւոր կապի բացակայութիւնը շեշտելը, ինչպէս նաեւ եղած կապի ժխտումը դժուար է ասել, թէ պայմանաւորուած է միայն Թուրքիայի հայկական քաղաքականութեամբ: Հայն էլ իր հերթին սխալ ուղի է բռնել:

Հասկանալի է նրանց հակազդեցութիւնը թուրքերի անգիտակից կամ գուցէ նաեւ գիտակցուած վերաբերմունքին, սակայն այն հպարտութիւնը եւ համոզուածութիւնը, որով նրանք ընդգծում են, որ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն, տխրութիւն եւ ցաւ է պատճառում։

«Սիվիլնեթ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )