Թուրքիայում Ամէն 1000 Մարդուց Միայն Մէկն Է Հայ, Հրեայ Կամ Յոյն, Իսկ 1913-ին 5-ից Մէկն Էր

«ԷՐՄԵՆԻ ՀԱՊԵՐ»

Ըստ պաշտօնական վիճակագրութեան, Թուրքիայում բնակուող հայերը 50 հազար են, հրեաները` 28 հազար, յոյները` 2 հազար: Մինչդեռ 100 տարի առաջ, 1913 թուականին, ոչ մահմետական էր Թուրքիայի սահմաններում ապրող ամէն 5-րդ բնակիչը:

Այս մասին յայտնում է «t24» լրատուական կայքի սիւնակ վարող թուրք «պլոկը» Պարան Ալփ Ունճուն: Նա ուշադրութիւն է հրաւիրում վերջին 100 տարուայ ընթացքում տեղի ունեցած փոփոխութիւնների վրայ: Նրա բնորոշմամբ, 1915-ի ողբերգութիւնից (Ցեղասպանութիւնից, «Ակունք»-ի խմբ.) յետոյ եւ Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման տարիներին ժողովրդագրական պատկերը փոխուեց. արդէն ոչ մահմետական էր ամէն 40-ից միայն մէկը:

«Դա էլ կարծես քիչ էր, յետոյ էլ վրայ հասան 1934-ի Թրակիայի դէպքերը, Ունեւորութեան յարկը, սեպտեմբերի 6-7-ի վայրագութիւններն ու թալանը, «հայրենակի՛ց, թուրքերէ՛ն խօսիր» արշաւները եւ այլն: Իսկ Կիպրոսի հարցով 1964-ից սկիզբ առաւ ահաբեկման քաղաքականութիւնը ազգային փոքրամասնութիւններին նկատմամբ: Այսպէս եկանք-հասանք մինչեւ մեր օրերը,- գրում է Ալփ Ունճուն` շարունակելով.  եթէ կլորացնենք թուերը, ապա կը ստացուի, որ վիթխարի 80 միլիոնի մէջ մնացել է ընդամէնը 80 հազար ոչ մահմետական: Տոկոսային յարաբերութեամբ սա կազմում է 0.001: Այսինքն ամէն 1000 մարդուց միայն մէկն է հայ, հրեայ կամ յոյն»:

Այս կապակցութեամբ յօդուածագիրը յիշեցնում է հետազօտող-լրագրող Միխայիլ Վասիլիատիսից լսած մի մանրավէպ: Թուրքիա այցելած օտարերկրացիները, երբ իմանում են, որ այդ երկրում ապրում է 2000 յոյն, այսպիսի հարց են տալիս. «Իսկ ո՞ր հիւրանոցում են ապրում»:

Ոչ մահմետական բնակչութեան ժողովրդագրական պատկերի փոփոխութեան հետեւանքով է, որ տասնամեակների ընթացքում խիստ նուազեցին հայ, յոյն եւ հրեայ աշակերտների թիւը հանրակրթական դպրոցներում: Այսպէս, 2012-2013 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում սովորել է 3137, յունական դպրոցներում` 230, հրէականներում` 688 աշակերտ:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )