Ազրպէյճանը Ունի Պաշտպանութեան Նոր Նախարար. Սաֆար Ապիեւին Փոխարինեց Զաքիր Հասանովը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ազգութեամբ լեզգի Սաֆար Ապիեւը, ով 1995-ից ի վեր անփոփոխ զբաղեցնում էր Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարի պաշտօնը եւ յայտնի է իր ռազմատենչ յայտարարութիւններով ու փտածութեամբ, չի ընդգրկուել նոր կառավարութեան կազմում, որը ձեւաւորուել է հոկտեմբերի 22-ին` Իլհամ Ալիեւի երդմնակալութիւնից երեք օր անց: Ապիեւը պաշտպանութեան նախարարի պաշտօնը ժամանակաւորապէս զբաղեցրել է նաեւ 1993-ի յունիս-օգոստոս ամիսներին. հէնց այդ շրջանում Լեռնային Ղարաբաղի դէմ պատերազմում Ազրպէյճանը կորցրեց Աղդամի, Ֆիզուլիի, Ճեպրայիլի եւ Ղուբաթլուի շրջանները, ինչպէս նաեւ` աւելի վաղ գրաւած Մարտակերտի շրջանը:

Ազրպէյճանական ընդդիմադիր մամուլը, ոչ կառավարական ու միջազգային կազմակերպութիւնները բազմիցս անդրադարձել են Ազրպէյճանի բանակում տիրող ոչ կանոնադրական յարաբերութիւններին, մահացութեան յաճախակի դէպքերին եւ կաշառակերութեանը` այդ ամէնի մէջ առաջին հերթին մեղադրելով հէնց Ապիեւին: Միշտ կասկածներ են եղել, որ տարէցտարի աւելացող ազրպէյճանական ռազմական պիւտճէի մի մեծ հատուած զոհ է գնում հէնց փտածութեան:

2014-ի համար Ազրպէյճանը պետական պիւտճէով ռազմական կարիքների համար նախատեսել է ծախսել շուրջ 3.8 միլիառ տոլար, որը զգալիօրէն աւելի է, քան Հայաստանի եւ Արցախի պետական ողջ պիւտճէները միասին: Յունիսին ազրպէյճանական բանակի տօնի առիթով կազմակերպուեց հերթական ռազմական շքերթը, որ ընթացքում ունեցած ելոյթում Իլհամ Ալիեւը յիշեցրեց, որ 2003-ին, երբ ինքը ստանձնում էր երկրի ղեկավարի լիազօրութիւնները, Ազրպէյճանի ռազմական պիւտճէն կազմում էր ընդամէնը 163 միլիոն տոլար: Այսպիսով, տասը տարուայ ընթացքում Ազրպէյճանի ռազմական պիւտճէն աւելացել է 23 անգամ:

Ազրպէյճանական կողմը այս տարի Ռուսաստանից գնեց շուրջ մէկ միլիառ տոլար ընդհանուր արժողութեամբ զինատեսակ, այդ թւում` յարձակողական «Սմերչ»  համակարգեր: Վլատիմիր Փութինի Պաքու այցելութեան ընթացքում յայտարարուեց, որ 2010-ից ի վեր Ազրպէյճանը Ռուսաստանից գնել է 4 միլիառ տոլար ընդհանուր արժողութեամբ ռազմական սարքեր: Օգոստոսին Ազրպէյճանի պաշտօնեաները յայտարարեցին, որ առաջիկայում Ազրպէյճանը շուրջ 3 միլիառ տոլար արժողութեամբ սպառազինութիւն ձեռք կը բերի Հարաւային Քորէայից: Ռուսաստանի, Թուրքիոյ, Պիելոռուսիոյ հետ մէկտեղ Ազրպէյճանի հիմնական ռազմական գործընկերներից է Իսրայէլը: Վերջինս 2012-ին Ազրպէյճանին վաճառել է շուրջ վեց տասնեակ անօդաչու սարքեր, որոնք կարեւոր նշանակութիւն ունեն օդուժի կողմից նշանակէտային հարուածներ հասցնելու համար:

Իլհամ Ալիեւը, ով երրորդ անգամ անընդմէջ զբաղեցնում է նախագահի պաշտօնը, պաշտպանութեան նոր նախարար է նշանակել Զաքիր Հասանովին, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարութեան ներքին զօրքերի հրամանատարի պաշտօնը: Հէնց Հասանովի հրամանատարութեան տակ գտնուող զօրքերն են ճնշել վերջին շրջանում ազրպէյճանական ընդդիմութեան եւ քաղաքացիական հասարակութեան անհնազանդութեան փորձերը Իսմայիլի եւ Ղուպա քաղաքներում: Հասանովը ծնուել է գերազանցապէս թալիշաբնակ Ասթարա քաղաքում` Կասպիցի հարաւ-արեւմտեան ափին:

Հասանովը արհեստավարժ զինուորական է, Խորհրդային Միութեան գոյութեան տարիներին ծառայել է Արեւելեան Գերմանիայում, ապա Սիպիրում: Նա անկախացած Ազրպէյճան է վերադարձել  1993-ին` Արցախ-Ազրպէյճան պատերազմի թէժ շրջանում, սակայն յստակ տեղեկութիւններ չկան ռազմական գործողութիւններին նրա մասնակցութեան մասին: Յայտնի է, որ վերադառնալուց յետոյ Հասանովը ծառայութեան է անցել Ազրպէյճանի սահմանապահ զօրքերում: 2003-ին Հայտար Ալիեւի հրամանագրով նա նշանակուել է ներքին զօրքերի հրամանատար: Այսպիսով, նա տասը տարի ներքին զօրքերի հրամանատարն էր:

Ազրպէյճանական «Թուրան» գործակալութիւնը, որը քննադատաբար է տրամադրուած Ալիեւների հարստութեան հանդէպ, Հասանովի` պաշտպանութեան նախարար նշանակելու մասին գրեց, որ նա անցնող տասը տարիներին ներքին զօրքերն օգտագործել է Ազրպէյճանի ներսում ընդդիմութեան բողոքի ելոյթները ճնշելու եւ անկարգութիւնները կանխելու նպատակով:

«Ազատութիւն» ռատիոկայանը մէջբերել է Հասանովի` դեռ 2003-ին ռուսական ռազմական մի պարբերականի տուած հարցազրոյցը, որում նա ընդգծել է, որ կ՛անի ամէն ինչ Ազրպէյճանի տարածքում «գունաւոր յեղափոխութիւն թոյլ չտալու համար»: Անդրադառնալով ղարաբաղեան խնդրի ռազմական լուծմանը` Հասանովն ասել էր. «Ազրպէյճանական կողմի առաւելութիւնն այն է, որ մենք յստակօրէն պատկերացնում ենք, թէ որտեղ ենք վարելու ռազմական գործողութիւնները: Պարզ է, որ պատերազմի դէպքում մենք գերադասելու ենք յարձակողական մարտավարութիւնը: Այդ իսկ պատճառով, մեր գլխաւոր հրամանատարի նախաձեռնութեամբ, Պաքուի մերձակայքում զօրավարժութիւնների համար յատուկ տարածք է յատկացուել, որտեղ բնական պայմանները շատ նման են Ղարաբաղին»:

Ընդդիմադիր հայեացքներով յայտնի ազրպէյճանցի քաղաքագէտ Արասթուն Օրուճլուն Հասանովի նշանակման առիթով ասել է. «Այս նշանակման նպատակը ոչ թէ բանակում բարեփոխումներ իրականացնելն է, այլ` իշխանութեան ամրապնդումը: 2003-ին եւ 2005-ին ներքին զօրքերը Զաքիր Հասանովի գլխաւորութեամբ մասնակցում էին յետընտրական բողոքի արտայայտութիւնների ճնշմանն ուղղուած դաժան գործողութիւններին»:

Ապիեւի հեռացումից յետոյ Ազրպէյճանի կառավարութեան վեթերան անդամ դարձաւ վարչապետ, 78-ամեայ Արթուր Ռասիզատէն, ով ծնուել է Գանձակ քաղաքում եւ ինչպէս բազմիցս գրել են ազրպէյճանական լրատուամիջոցները, նրա մայրը հայ է եղել: Նա անընդմէջ վարչապետի պաշտօնը զբաղեցնում է 1996-ից, բացառութեամբ 2003-ի օգոստոս-նոյեմբեր երեք ամիսների, երբ Հայտար Ալիեւից գահը փոխանցւում էր Իլհամ որդուն:

Ազրպէյճանի նոր կառավարութիւնը ունի միանգամից վեց փոխվարչապետ` Եաղուբ Էյուպով, Ապիտ Շարիֆով, Էլչին Էֆենտիեւ, Ալի Ահմետով, Ալի Հասանով եւ Իսմեթ Ապպասով:

Իսմեթ Ապպասովը եղել է գիւղատնտեսութեան նախարարը: Նա ծնուել է Երեւանում, վարժ խօսում է հայերէն: Երեք տարի առաջ միջազգային խորհրդաժողովի մասնակցելու նպատակով նա եկել էր Հայաստան եւ ասուլիսը սկսեց մաքուր հայերէնով` առաջ բերելով հայ լրագրողների զարմանքը:

Սակայն Ապպասովը չէ Ազրպէյճանի կառավարութեան ամէնից լաւ հայերէնին տիրապետող անդամը: Տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆայեւը ծնուել է Նոյեմբերեանի շրջանում եւ գերազանցութեամբ աւարտել Նոյեմբերեանի հայկական միջնակարգ դպրոցը: Նրա կենսագրականում գրուած է, որ ծնուել է Արեւմտեան Ազրպէյճանում, այսինքն` այն շրջանը, որտեղ ծնուել է Մուսթաֆայեւը եւ այն դպրոցը, որն աւարտել է (այդ նոյն դպրոցն է աւարտել նաեւ տողերիս հեղինակը), ըստ ազրպէյճանական նոր պատմագրութեան, այլեւս Հայաստան չէ:

Ազրպէյճանի նոր կառավարութեան կազմում իրենց տեղը պահպանել են նաեւ երկու սակաւապետ նախարարները` Քեամալէտտին Հայտարովը (արտակարգ իրավիճակների) եւ Զիյա Մամետովը (փոխադրամիջոցների): Մի քանի յայտնի երգերի հեղինակ Հայտարովը նախիջեւանեան քլանի ներկայացուցիչներից է, ծնուել է Նախիջեւանում, ղարաբաղեան պատերազմի ողջ ընթացքում գործարարութեամբ զբաղուել է Ուզպեքստանում: Հայտարովը, ով հայր Ալիեւի կողմից 1995-ին նշանակուել է մաքսային ծառայութեան ղեկավար, իր ազդեցութեամբ եւ ունեցուածքով զիջում է միայն Ալիեւների եւ Փաշայեւների (Առաջին տիկին Մեհրիպան Ալիեւայի ծնողներն են) ընտանիքին:

Արտաքին գործերի նախարար է վերանշանակուել Էլմար Մամետեարովը, ներքին գործերի` Ռամիլ Ուսուպովը (ծնուել է Խոջալու), ազգային անվտանգութեան` Էլտար Մահմուտովը, ուժանիւթի` Նաթիկ Ալիեւը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES