Ցաւն Իրենց Մէջքին Պատուով Կրողները

ԼՈՐԱ ՍԱՐԸ

Ուղուր Էկեմեն Իրես. «Մեծ հօրս մկրտուելու հիմնական դրդապատճառն իր իրական ինքնութիւնը բացայայտելն ու մեզ մեր ով լինելը ցոյց տալն է, մեզ ուղեցոյց լինելը: Որոշում կայացնելու իրաւունքը մեզ է թողել ի հարկէ. կ՛ուզենք, կ՛ասենք՝ հայ ենք, չենք ուզի՝ չենք ասի: Ասենք, թէ ես այսօր կարող եմ ցանկութիւն չունենալ որպէս հայ եկեղեցի գնալ ու մկրտուել. հաւատացեալ չեմ, նմանատիպ արարողութիւնները չեմ կարեւորում եւ այլն: Սակայն պապիս դէպքում դա այլ է. նա մեծացել է՝ ականատես լինելով, թէ ինչպէս է իր ընտանիքը գաղտնի կերպով աղօթում: Թերեւս այդ կերպ նա ուզում է պահպանել ընտանիքից իրեն ժառանգուած յուշերը: Երեւի իր պարտքն է համարում հայութիւնը պահպանելը»:

Բեմադրիչ Ուղուր Էկեմեն Իրեսը սրանից 2 տարի առաջ թերթերից էր տեղեկացել իր 71 տարեկան պապի՝ Եուսուֆ Իրեսի մկրտուելու մասին: Այս 2 տարիների ընթացքում ձգտել էր վարժուել այն գաղափարին, թէ իր ընտանիքը, որը կարծում էր, թէ Տէրսիմի ալեւիներից է, իրականում հայկական ծագում ունի: Մեծ հօր՝ բացայայտած գաղտնիքի շարունակութիւնը նման էր գուլպայի քանդուած կարին: Քանի ընտանեկան գաղտնիքները շարունակում էին ի յայտ գալ, այնքան Ուղուրը հարկադրուած էր լինում առերեսուել դրանց հետ, մարսել դրանք: Այս վայր ի վերոյ ժամանակաշրջանից յետոյ ծնուեց կարճ վաւերագրական մի ժապաւէն: «Պարզւում է, որ…» վերնագիրը կրող ժապաւէնը այս տարի «Ոսկէ բոժոժ» փառատօնի շրջանակներում մրցելու է «Ուսանողական ազգային ժապաւէններ» բաժնում:

«Պարզւում է, որ…» ժապաւէնը չի պատմում 71 տարեկանում մկրտուած մի մարդու՝ քրիստոնեայ դառնալու հետ մէկտեղ փոխուած կեանքի մասին: Սոյն վաւերագրական ժապաւէնում չկան նաեւ բացատրութիւններ այն մասին, թէ իր ինքնութիւնը տարիներ շարունակ թաքցրած մարդը տհաճ յուշերով է ամրապնդում դրա պատճառները: Ժապաւէնն օրակարգ է բերում աւելի որոշակի մի հարց. ի՞նչ է անում դաւանափոխ եղած, սակայն իր կնոջ հետ նոյն գերեզմանոցում թաղուել ցանկացող մարդը: Եուսուֆ պապը տարիներ առաջ Քարաճաահմեթթից երկու տեղանոց մի գերեզման է գնում իր եւ կնոջ՝ Էմինէի համար: Սակայն այլեւս անհնար է դառնում քրիստոնեայ դարձած Եուսուֆի՝ այդ գերեզմանոցում թաղուելը: Այդ պատճառով ձգտում է կնոջը համոզել իրեն հետ նոյն գերեզմանում «քնել»: Իսկ Էմինէն երկու տարուայ ընթացքում դարձել է մէկը, որի վախերը հետզհետէ աւելացել են՝ Եուսուֆի կայացրած արմատական որոշման հետ մէկտեղ, մտահոգութիւնները՝ երեւան եկել: Այսինքն՝ Եուսուֆի հայ դառնալով՝ գործերը մի քիչ խառնուել են: Գերեզմանոցի հարցի վերաբերեալ նրանց տարաձայնութիւնը ժապաւէնում ընդգծուող աւելի կարեւոր մի տարակարծութեան ցուցանիշն է. մէկը ցանկանում է գաղտնի պահուած ամէն ինչ բացայայտել եւ ապրել իր պապերից մասունք թողնուած հայութեամբ եւ քրիստոնէութեամբ, իսկ միւսը վախենում է, մի մեծ մտահոգութիւն է ապրում՝ անցեալում իրենց հետ պատահածների կրկնուելու՝ կոտորուելու, աքսորուելու, արհամարհուելու գաղափարից… Վախենում է ոչ թէ իր, այլ՝ երեխաների համար: Այդ պատճառով էլ նրան անհանգստացնում է ամուսնու՝ մոռացուած հայ ինքնութեանը վերադարձը:

«Պապս, Երկու Տարի Է, Ինչ
Աւելի
Երջանիկ Է»

Ուղուր Էկեմեն Իրեսը, ով նախընտրել է իր մեծ հօր եւ մեծ մօր՝ սոյն թեմայի շուրջ բռնուած, տեղ-տեղ ողբերգակատակերգական վէճերը ներկայացնել նրանց առօրեայ կեանքի պարունակում, հետեւեալ կերպ է մեկնաբանում իր այդ ընտրութեան պատճառները. «Դժուարին դրութիւն է առկայ նրանց կեանքում: Պապս սրճարան գնալու սովորութիւն չունի, օրինակ: Տնից՝ աշխատավայր, այստեղից էլ՝ տուն: Նրա աշխատավայրն էլ տնից ընդամէնը երկու փողոց այն կողմ է գտնւում: Նրանց ամբողջ կեանքն այդպէս է անցել: Գոնէ հիմա, երկու տարի է, ինչ եկեղեցի է յաճախում: Ինչ վերաբերում է տատիկիս, ապա նա թէ՛ հիւանդութեան եւ թէ՛ կենսակերպի պատճառով տնից դուրս չի գալիս. տանն է իր կեանքն անցկացնում: Շուրջը միայն պատուհանից է նայում: Պատուհաններն անընդհատ բացւում ու փակւում են այդ տանը»:

Եուսուֆ Իրեսի մկրտուելու հետ մէկտեղ ընտանիքի մէջ իրարից նեղանալու դէպքեր էլ են գրանցուել: Օրական 5 անգամ նամազ անող զարմիկները նեղացել են Եուսուֆից՝ իրենց հայ լինելը բացայայտելու պատճառով: Ուղուր Իրեսը նշում է, որ այդ պատճառով ժապաւէնում սպասում էլ է առկայ: Նրանք ակնկալում են, որ նեղացածները կը վերադառնան: Ուղուրը յաւելում է, թէ չնայած այս ամէնին՝ երկու տարի է, ինչ աւելի երջանիկ է իրեն համարում. «Որքան էլ դժուար լինի, տարիներով ձեր մէջ պահած մի գաղտնիք էք բացայայտում: Սկսում էք սովորել, ճանաչել մի մշակոյթ, որին, զգում էք, որ դուք էլ էք պատկանում»:

Սակայն հօրական տատս` Էմինէն, միշտ անհանգստութիւն է զգում, որ պապս եկեղեցի է յաճախում: Մտահոգւում է, թէ շրջապատը կ՛իմանայ մեր հայ լինելու մասին: Հէնց տանը խօսակցութեան մէջ «Հայ» բառն է ասւում, թեման փոխում է: Չի ուզում, որ ոեւէ մէկն տեղեկանայ, խօսի դրա մասին:

«Իսկ տատիկդ ինչպէ՞ս համոզուեց այս ժապաւէնում նկարահանուել», հարցնում եմ Ուղուրին: Յայտնում է, թէ ինքը երկու տարի շարունակ սպասել է մեծ մօր խօսելուն, կարողացել է ըմբռնել այդ վախը. «Նրանք 1915 թ. յետոյ թաքցնում են իրենց հայ լինելը եւ Տէրսիմում ապաստանում ալեւի աշիրեթների մօտ: Իսկ 1938 թ. յետոյ երկու տարի աքսորի մէջ են գտնւում: Երբ վերադառնում են, ո՛չ նրանց ալեւի լինելն է յայտնի լինում, ո՛չ էլ՝ հայ. ամէն ինչ ոչնչացուած է լինում: Վեր են կենում, գալիս Պոլիս՝ իրենց հետ կատարուածը մոռանալու համար: Այս անգամ էլ նրանց արհամարհում են՝ որպէս ալեւիների: Հրանդ Տինքի խօսքերով՝ ցաւն իրենց մէջքին պատուով կրող մարդիկ են նրանք»:

Մի ողջ կեանքի ընթացքում իր ինքնութեան պատճառով պատժուած, ընկճուած մի կնոջ մասին է խօսքը: Անշուշտ նրա համար դիւրին չի լինելու իր իմացածները պատմելը: Այն փաստը, որ մի հայ կին, զազայերէն խօսելով, կատաղի կերպով ժխտում է իր հայ լինելը, թերեւս այս երկրի՝ սեփական քաղաքացիներին պատճառած վէրքերի ամենաակնառու ապացոյցներից մէկն է:

Ասել «Ես Հայ Եմ»՝ Պետական
Քաղաքականութեանը
Հակառակ

Ինձ յատկապէս հետաքրքրում է այն հարցը, թէ Ուղուրն ինքը երկու տարուց յետոյ որքանո՞վ է իրեն հայ զգում: Ուղուրն ասում է. «Ես ինձ հայ եմ համարում: Նոր մշակոյթ եմ իւրացնում եւ շատ ոգեւորուած եմ այդ առումով: Ես ցանկանում եմ սովորել եւ իւրացնել հայկական մշակոյթը, լեզուն, կրօնական արարողութիւնները»:

Կասկած չկայ, որ Ուղուրն անկեղծ է, սակայն ինձ յուզում է այն հարցը, թէ 23 տարեկանից յետոյ ի՞նչն է նրան ստիպում ասել՝ «Ես հայ եմ»: «Այս տարիքից յետոյ եթէ իմանաս, որ կենսաբանական ծնողներդ ուրիշ անձինք են, այնուամենայնիւ նրանց հարազատի պէս չես ընդունի» համանմանութեամբ իմ մտքերը ամփոփելով, երբ հարցնում եմ նրան՝ «Արդեօք «Ես հայ եմ» արտայայտութիւնը ըմբոստութեա՞ն իմաստ է կրում քեզ համար», Ուղուրը պատասխանում է. «Այո՛, պետութեան վարած քաղաքականութեան եւ հասարակութեան ճնշումների դէմ հանդէս գալով՝ ուզում եմ ասել՝ ես հայ եմ»:

«Ակօս»

  Թագմանեց Մելինէ Անումեանը
«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )