«Կարինէն Ապրել Գիտի»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Երեւանում բացուել էր առաջին կարգի հաշմանդամ աղջկայ ցուցահանդէսը

Կարինէն առաջին կարգի հաշմանդամ է : Նրա եղբօր կնոջ` Նեկտարի պատմելով` Կարինէի մայրը ծննդաբերել էր զոյգ աղջիկ: Աղջիկների ծնուելուց յետոյ պարզուել էր, որ նրանցից մէկի մօտ առկայ է կենտրոնական նեարդային համակարգի խանգարում: Ինչպէս նշում է  Նեկտարը, խորհրդային տարիներին դա խնդիրներ կարող էր առաջացնել ծննդատանը, հետեւաբար երեխային նետում են կեղտոտ հագուստի կողովի մէջ: Սակայն դրան յաջորդող օրը զոյգերից մէկը, որ առողջ էր ծնուել, մահանում է, որից յետոյ բուժքոյրերը գնացել-ստուգել են կեղտոտ շորերի կողովը` տեսնելով, որ հիւանդ երեխան ապրում է: Երեխային յանձնել են մօրը: «Կարինէի ճակատին ապրելն էր գրուած», ասաց Կարինէի եղբօր կինը:

Կարինէն հայեացքը յառել էր այգու կապոյտ ծաղիկներին, որոնք աշնան սառը քամիներին դեռ փորձում էին դիմադրել, կառչել հողին: Այդ ծաղիկները, կարծես,  իրենց տեղն են գտել Կարինէի նկարներում:

Կարինէն նկարել սկսել է 10 տարի առաջ: Նեկտարի ասելով` ժամերով փակւում էր իր սենեակում, եւ ընտանիքի անդամներից ոեւէ մէկը չգիտէր, թէ ինչ է անում այնտեղ: Մօր մահից յետոյ Կարինէն սկսեց թղթի հետ իր երկխօսութիւնը: Նրա երազանքներն էլ գծագրուեցին թղթի սպիտակ մակերեսին` իրենց բազմագոյն երանգներով: Կարինէն նկարում է տուրմի տուփերի, անձեռոցիկների վրայ, եւ արդէն 10 տարի է` նկարում է նոյն նկարներում, թէեւ   մատիտներ շատ է նուէր ստանում: Տնեցիները զարմանում են` ասելով, որ այդ մատիտները կարծես հրաշք լինեն` սպառուել չունեն: Կարինէն հասկանում էր մեր խօսակցութիւնը, եւ հասկանում էր, որ խօսում ենք իր մասին: Յետոյ ժպտում էր, ժպտում էր անկեղծ, ինչպէս իր պարզ նկարներն են, որտեղ թւում է, թէ բարութեան անտեսանելի մատիտի հետքեր կան:

Օրեր առաջ Ֆլորանսում բնակուող քանդակագործ Վիգէն Աւետիսի նախաձեռնութեամբ Երեւանում «Նարեկացի արուեստի միութիւնում» բացուեց Կարինէի նկարների ցուցահանդէսը:

Կարինէի քոյրն էլ` Սաթէ Փարուանեանն էլ անսքօղ յուզմունքով էր խօսում ցուցահանդէսի մասին: «Նա չի ապրել բոլորի կեանքով: Վիգէնն ուզում էր, որ Կարինէին ճանաչեն, որ հիւանդ, հաշմանդամ աղջիկը կարող է ապրել ինչ-որ բանով: Չգիտեմ, սա այնքան յուզիչ պահ է, որ չեմ կարող բացատրել: Շատ անսպասելի էր: Ես այնքան գոհ եմ Վիգէնից: Կարինէն ծնուած օրից հաշմանդամ է եղել, չերեւացող մարդ է եղել, ստեղծել է իր լեզուն, իր ապրելակերպը, բայց քիչ-քիչ սկսել է նկարել», ասաց Կարինէի քոյրը:

Վիգէն Աւետիսն էլ նշեց, որ ինքը վաղուց  էր խոստացել Կարինէին` ցուցահանդէս կազմակերպելու մասին: «Ինքը նկարում էր, բայց ոչ ոք լուրջ չէր ընդունում, որ դրանք, իրօք, արուեստի գործեր են: Մտածում էին` աղջիկ է, նկարում է` լաւն է, լաւը չէ: Նա երբեմն ցոյց էր տալիս իր նկարները, երբեմն ցոյց չէր տալիս, ինձ էր ցոյց տալիս, որովհետեւ գիտէր, որ ես էլ եմ մի քիչ նկարիչ», ասաց Վ. Աւետիսը` յաւելելով. «Ուշադրութիւնը պէտք է լինի ամենափոքրի, ամենաանտեսանելիի հանդէպ: Մենք պէտք է ուշադիր լինենք մէկս միւսի նկատմամբ, եւ այդպէս ճիշդ կ՛ապրենք»:

Սրահում հետեւում էի Կարինէի աչքերին թրթիռներին: Մի տեսակ ամօթխածութիւն կար: «հաւանո՞ւմ ես ցուցահանդէսը», հարցրեցի նրան: Քիչ յետոյ ուսերը թոթուեց, նայեց ինձ ու ժպտաց: Յետոյ սկսեցինք քայլել նկարների շարքի կողքով, փորձում էր բացատրել նկարներում պատկերուածը, որտեղ Մասիսն ու Սիսն էր պատկերել: Ամէն նկարի առաջ կանգ  էինք առնում, նա ուշադիր նայում էր, յետոյ հպանցիկ նայում իմ հայեացքին ու ժպտում…

Կարինէն այն բացառիկ մարդկանցից է, ումից կարելի է ստանալ անսահման բարութիւն, բարութիւնը յորդում է նրա ժպիտից, աչքերից: Ու մի պահ զարմանում ես` խօսելու եւ լսելու դժուարութիւն ունեցող մարդը որքան բարի կարող է լինել… Մինչդեռ յաճախ մեզնից ամէն մէկն ինչ-որ դժուարութեան հանդիպելիս մռայլւում է, բթացնում բարութեան մղումները, ընդվզում նոյնիսկ Աստծու դէմ… Իսկ Կարինէն ժպտում է, թէեւ հազիւ է տեղաշարժւում… Ժպտում է, որովհետեւ հզօր հաւատք ունի ներսում, ժպտում է, որովհետեւ մարդկանց սիրել գիտի, ժպտում է, որովհետեւ տեսնում է արեւի ջերմութեան լեզուն եւ ծաղիկների նազանքով օրօրը…Կարինէն ապրել գիտի…

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )