Կոմիտասեան Թանգարանի Բացման Սպասումով
Ներկայացրեց ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մայիս 2012-ի 30-ին կայացած նիստում քննարկել էր Երեւանում Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը: Որոշուել էր այն կառուցել մեծ երգահանի անունը կրող զբօսայգում, պանթէոնի հարեւանութեամբ: Ու թէպէտ բնապահպանները դէմ էին տեղի ընտրութեանը, քանի որ, իրենց բնորոշմամբ, շինարարութիւնը կատարուելու էր հատուող ծառերի հաշուին. այդուամենայնիւ, Երեւանի քաղաքաշինական խորհրդի անդամ ճարտարապետները թանգարանի կառուցման հարցում վիճայարոյց խնդիր չտեսան, եւ խորհուրդը հաւանութիւն տուեց նախագծին: Կառավարութեան 2013թ. յունուարին ընդունած որոշման համաձայն, Արշակունեաց պողոտայի համայնքային սեփականութիւն հանդիսացող համար28 շինութեանը յարակից 3396,0 քառ. մեթր հողամասը նուիրաբերուեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բացառապէս Կոմիտաս վարդապետի թանգարան-հիմնարկ եւ մշակութային կենտրոն կառուցելու նպատակով:
Թանգարանի շէնքային համալիրի նախագիծը հանրութեանը ներկայացնելու յատուկ արարողութեան ժամանակ հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանն ասաց, որ Կոմիտասի անուան թանգարան-հիմնարկը պիտի դառնայ լրջագոյն կենտրոն թէ՛ հայ, թէ՛ օտար ուսումնասիրողների համար: «Կոմիտասը վերհանել է ոչ թէ պարզապէս երգեր, այլ՝ մի ամբողջ քաղաքակրթական շերտ, որը, պէտք է խոստովանենք, մենք դեռ ամբողջովին չենք մարսել, չենք դարձրել հայ եւ համաշխարհային երաժշտասէր հասարակայնութեան լիարժէք սեփականութիւնը: Կոմիտասը պէտք չէ լինի կուռք, որին պաշտում են, բայց չեն ճանաչում», շեշտեց Հայաստանի նախագահը՝ աւելացնելով, որ Կոմիտասին ճանաչելու, նրա ժառանգութեան քարոզչութեանը պէտք է ծառայի թանգարան-հիմնարկը:
Այժմ շինարարական աշխատանքների եռուն շրջան է: Շէնքը զրոյից չի կառուցւում, վերակառուցւում է նախկին մշակոյթի պալատը (ճարտարապետ՝ Կորիւն Յակոբեան): Շէնքի կողքին ու յետնամասում կը լինեն կցակառոյցներ: Շինարարութեան աշխղեկը՝ Յունան Կոստանեանն է, որը ղեկավարել է նաեւ Մատենադարանի նոր մասնաշէնքի շինարարութիւնը: Նրա վկայութեամբ, կատարուել է շէնքի հիմքի ու պատերի ամրացման աշխատանք, երկաթպեթոնէ նոր ծածկ է կառուցուել:
Նախագծի հեղինակ ճարտարապետ Արթուր Մեսչեանը շինհրապարակում լինում է գրեթէ ամէն օր: Հէնց այստեղ էլ կայացաւ նրա հետ մեր զրոյցը: Սկզբից եւեթ նա անդրադարձաւ բնապահպանների մտահոգութեանը եւ վստահեցրեց, որ ոչ մի ծառ չի կտրուել:
«Այսօր շատ տարածուած են այն խօսակցութիւնները, թէ հին կառոյցներ են քանդւում, այս կամ այն շէնքը, շինութիւնը կառուցւում է ծառահատման գնով: Ճարտարապետները կարծես դարձել են ազգի թշնամիներ: Սակայն Կոմիտասի թանգարան-հիմնարկի շէնքի շինարարութեան պարագայում նա, ով յիշում է այս տարածքի անմխիթար վիճակը, կը հաւաստի, որ կատարուել են միայն դրական փոփոխութիւններ: Այն, ինչ կար այստեղ, խայտառակութիւն էր թէ՛ Երեւանի, թէ՛ նրանց համար, ովքեր հանգչում են պանթէոնում: Ճարտարապետութիւնը մի շատ կարեւոր նշանակութիւն ունի՝ նոր կառոյցը մաքրում է իր շուրջը եղած միջավայրը: Գրագէտ մօտեցման դէպքում նոր ստեղծուած արժէքի շուրջ կատարւում են դրական փոփոխութիւններ», ասաց ճանաչուած ճարտարապետը։
Այդպիսի փոփոխութիւնների թւում առանձնացուեց տարիներ շարունակ այգում գործող հացատան կազմաքանդումը, իսկ մշակոյթի պալատի պահպանուած շէնքը վերակառուցելուց յետոյ կը ստանայ այլ որակ՝ կցակառոյցի հետ դառնալով մի համալիր: Ըստ նախագծի, նախկին մշակոյթի ակումբում տեղակայուած կը լինի համերգասրահը, 2-րդ յարկում կը լինեն վարչական սենեակները, այստեղից էլ մուտքը՝ դէպի թանգարան, որը տեղակայուած կը լինի ներքին բակով շէնքին միացող երկյարկ կցակառոյցում: «Ըստ նախագծի, չի լինելու ոչ մի փակ տարածք: Երբ դուք մտնում էք ճեմասրահ, բացուածքի միջից տեսնում էք դահլիճը, դահլիճում՝ բեմի յետեւում, ոչ թէ պատ է, այլ ապակի է, որից այն կողմ ներքին բակն է, ներքին բակի շարունակութեան վրայ երեւում է ցուցասրահի ամենակարեւոր մասը՝ Կոմիտասի երգչախմբի մեծ լուսանկարը: Այսինքն բացուածքներ կան բոլոր ուղղութիւններով: Դա յատուկ է արուած, որովհետեւ Կոմիտասն ինձ համար լոյս է, եւ թանգարանի բոլոր ճարտարապետական տարրերը պէտք է ծառայեն այդ լոյսին», պարզաբանում է Արթուր Մեսչեանը: Կոմիտաս վարդապետն ունի մի հրաշալի բանաստեղծութիւն.
| Բարակ ուղին սողալով, Ոտքիս տակին դողալով, Ճամբի ծայրին բուսել է Կեանքի ծառը շողալով: |
Այդ բարակ ուղին հէնց մուտքն է դէպի Կոմիտասի թանգարան: Թանգարան-հիմնարկի ցուցասրահների ձեւագծումը կատարում է Վենետիկից հրաւիրուած մասնագէտը: Շէնքում լինելու է նաեւ Կոմիտասի արձանը, որի հեղինակը քանդակագործ Գետիկ Բաղդասարեանն է (յիշեցնենք, որ պանթէոնում տեղադրուած Կոմիտասի արձանի հեղինակը Արա Յարութիւնեանն է): Ներքին բակին կոմիտասեան շունչ կը հաղորդի չինարի ծառը:
Արթուր Մեսչեանի գնահատմամբ, շէնքի լաւ թէ վատ, հետաքրքիր թէ ոչ հետաքրքիր լինելուց զատ, կայ կարեւոր մէկ այլ հանգամանք. կը ծառայի՞ թանգարանն իր նպատակին, ինչ-որ փոփոխութիւն կը մտցնի՞ ազգային մշակութային համակարգի մէջ, ովքե՞ր կը լինեն թանգարանի աշխատակիցները, որոնք կը կարողանան իրենց ուսերին տանել կոմիտասեան արժէքների քարոզչութեան ու տարածման ծանր ու պատասխանատու բեռը: Թանգարան այցելողներն ի՞նչ կը տանեն այստեղից իրենց հետ:
Այս հարցերի պատասխանը կը տայ ժամանակը:
Ինչ վերաբերւում է շէնքի ճարտարապետական արժէքին, ապա Ա. Մեսչեանը այնքան էլ ճիշդ չի համարում Մատենադարանի նոր մասնաշէնքի հետ համեմատութիւնը: «Մատենադարանն արդէն ունէր ձեւաւորուած գործառոյթ, թանգարանը նորածին երեխայ է: Ամէն ինչ՝ վարուող քաղաքականութիւնը, մարդիկ, ներսում իշխող շունչը, երաժշտութիւնը պէտք է ծնուեն, իսկ դա դժուար, տաժանակիր աշխատանք է»:
Շինարարութիւնը կատարւում է բարեգործական գումարներով, կառուցապատման ծախսերը հոգում է «Փիւնիկ» մարդկային պաշարների զարգացման հիմնադրամը՝ սուրիահայ բարերար Գաբրիէլ Չեմպերճեանի աջակցութեամբ:
Թանգարան-հիմնարկի բացումը նախատեսուած է կատարել նոյեմբերին: Մինչ այդ շէնքին յարող տարածքում կը կայանայ ծառատունկ: Այսպիսով, առաջիկայում երեւանեան թանգարանների թիւը կ՛աւելանայ եւս մէկով: Կոմիտասի թանգարանի բացումը թերեւս կարող է դառնալ տարուայ մշակութային իրադարձութիւնը:


