Թուրքիոյ Ռազմական Հեռանկարը

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ երկիր է, որի անվտանգութիւնը պաշտպանուած է ՕԹԱՆ-ի անդամ երկրների միջոցով եւ որպէս ՕԹԱՆ-ի անդամ երկիր՝ անվտանգութեան եւ պաշտպանութեան համար օգտւում է Արեւմուտքի ամենաարդիական զինուորական սարքաւորումներից: Բացի այդ, Թուրքիան նաեւ Ամերիկայի դաշնակիցն է Միջին Արեւելքում, տարեկան ռազմական հսկայական օգնութիւններ է ստանում Միացեալ Նահանգներից, Ամերիկան եւ ՕԹԱՆ-ն ռազմական բազմաթիւ խարիսխներ ունեն Թուրքիայում: Սրանց կողքին պէտք է աւելացնել նաեւ Թուրքիոյ եւ Իսրայէլի ռազմական համագործակցութեան հարցը: Ի հարկէ 2009-ից, երբ խզուեց այս երկու երկրների յարաբերութիւնները, Թուրքիոյ՝ Իսրայէլի ռազմական օգնութիւններն էլ նուազեցին: Մինչեւ 2009-ը Թուրքիոյ զինուորականների ու բանակայինների մեծ մասի վերապատրաստուածութիւնը յանձնուած էր Իսրայէլին:

Բայց ներկայումս Թուրքիոյ իշխանութիւնները որոշել են, որ օտար երկրների ռազմական սարքաւորումներից օգտուող ու սպառող եւ յաճախորդ լինելու վիճակից դուրս գան ու իրենք դառնան ռազմական սարքաւորումներ արտադրող երկիր: Տասնամեակներ Թուրքիան իրեն վտանգուած էր զգում իր հարեւան երկրների կողմից Պաղ պատերազմի օրերին եւ Խորհրդային Միութիւնից պաշտպանուելու համար անցել էր Արեւմուտքի եւ ՕԹԱՆ-ի պաշտպանութեան քողի տակ: Իրան-Իրաք պատերազմի ժամանակ (1980-ական թուականներին) եւս Թուրքիան իրեն վտանգուած էր զգում այս երկու հարեւանների կողմից, եւ հիմա էլ Սուրիոյ տագնապը, որը Թուրքիան իր համար սպառնալիք է համարում:

Բացի այն, որ Թուրքիոյ իշխանութիւնները որոշել են ռազմական սարքաւորումների սպառողական վիճակից դուրս գալ եւ դառնալ արտադրող, նաեւ ծրագրում են այս տարածաշրջանում եւ համաշխարհային իմաստով էլ դառնալ մեծ ուժ: Այդ նպատակին հասնելու համար նրանք դիմում են ցանկացած միջոցների՝ նոյնիսկ մոռանալով իրենց արեւմտեան բարեկամներին: Թուրք վերլուծաբանները այն կարծիքին են, որ Թուրքիան ուզում է ցոյց տալ, թէ ո՛չ կախուած է Եւրոպայից եւ ո՛չ էլ Միացեալ Նահանգներից ու կարող է նաեւ իր կարիքները հոգալ Արեւելքից:

Սա է իրողութիւնը, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիան որոշել է ռազմական սարքաւորումներ գնել Չինաստանից: Խօսքը վերաբերում է HQ-9 (կամ FD-2000) հրթիռային պաշտպանողական համակարգի (ցամաքից օդ հակահրթիռներ) գնմանը, որը թուրքերը որոշել են գնել չինացիներից: Այս հարցը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Թուրքիոյ արեւմտեան բարեկամների ու ՕԹԱՆ-ի երկրների մօտ: Նրանք գտնում են, որ Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ երկիր է եւ ողջ ռազմական սարքաւորումները արեւմտեան են, իսկ Չինաստանը ՕԹԱՆ-ի անդամ երկիր չէ, եւ չինական հրթիռները ՕԹԱՆ-ի կողմից դիտւում են որպէս հակառակորդի սարքեր, ուստի չի կարելի թշնամու սարքերը ներառել ՕԹԱՆ-ի համակարգի մէջ: Այսպիսով, ՕԹԱՆ-ի անվտանգութիւնը կ՛ընկնի հարցականի տակ, բացի այդ, կիպեռնեթիկային եւ համակարգչային յարձակումների հաւանականութիւնը ՕԹԱՆ-ի դէմ աւելի է բարձրանալու: Պէտք է աւելացնել, որ ապագայ 20 տարիներում Արեւմուտքի կողմից Չինաստանը դիտւում է որպէս իրենց համար սպառնալիք երկիր:

Թուրքական կողմը չինական հրթիռների գնումը հիմնաւորում է այն հանգամանքով, որ դրանք աւելի էժան են, քան՝ արեւելեան նմանատիպ հրթիռները, արեւմտեանը արժէ 4 միլիառ տոլար, իսկ չինականը՝ 3.4 միլիառ տոլար:

Բացի այդ, չինական կողմը խոստացել է Թուրքիոյ տրամադրել նաեւ այդ հրթիռների արտադրման արհեստագիտութիւնը, եւ քանի որ Թուրքիան որոշել է ինքը դառնալ զինուորական ուժ եւ արտադրող, ուստի յարմար է նկատում այս գործարքը: Իսկ արդեօք շահաւէ՞տ է այս առեւտուրը Չինաստանի համար, քանի որ Չինաստանը փորձում է Միջին Արեւելքում իր ազդեցութիւնն ունենալ եւ համագործակցութիւնները ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ: Սա եւս պատճառ է, որպէսզի Արեւմուտքը բողոքի չինական հրթիռները գնելու դէմ: Իսկ ՕԹԱՆ-ի պատասխանատուները այն կարծիքին են, որ Թուրքիան կախուած է ՕԹԱՆ-ից եւ չի կարող իր պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը ապահովել, եթէ չլինի ՕԹԱՆ-ն եւ այդ պատճառով հաւանական է, որ հրթիռային առեւտրի մէջ չմտնի Չինաստանի հետ:

* * *

Թուրքիան իր յառաջիկայ տարուայ (2014) պիւտճէում նաեւ յաւելում է նախատեսել պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտների համար: Այս տարուայ (2013 թ.) նախատեսուած գումարը, որը ծախսուել է պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի համար, 45.3 միլիառ թուրքական լիրա էր: Յաջորդ տարուայ համար այս գումարը բարձրացուել է 49.6 միլիառ լիրայի՝ շուրջ 9.5 տոկոս յաւելում կրելով: Այս գումարը յատկացուելու է արդիականացնելու եւ ուժեղացնելու համար հետեւեալ կառոյցները՝ պաշտպանութեան նախարարութիւն, ոստիկանութիւն, ծովափնեայ անվտանգութեան ուժեր, ժանդարմերիա (գիւղական եւ ոչ քաղաքային ոստիկանութիւն), եւ ազգային անվտանգութեան կազմակերպութիւն:

 

 

Share this Article
CATEGORIES