Ո՞վ Է Ազրպէյճանի Պաշտպանութեան Նոր Նախարարը
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ
Իլհամ Ալիեւը պաշտպանութեան նախարար է նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զօրքերի հրամանատար Զաքիր Հասանովին, որն ունի զօրավար-հազարապետի զինուորական կոչում: Virtualaz.org-ը, նորանշանակ նախարարի հետ հարցազրոյց անցկացնելու հնարաւորութիւն չունենալով, փորձել է նրա «դիմանկարը» ստեղծել՝ օգտագործելով տարբեր առիթներով մամուլին յայտնած տեսակէտները:
Ստացուել է բաւական խճողուած պատկեր, չի հասկացւում՝ Հասանովը կո՞ղմ է, որ ազրպէյճանական զինուած ուժերը վերակազմաւորուեն ՕԹԱՆ-ի չափանիշներով, թէ՞ զինուած ուժերի խորհրդային-ռուսաստանեան մոտելի համակիրն է: Ակնյայտ է, որ Հասանովը նոյնպէս կարեւորում է Թուրքիայի հետ ռազմական համագործակցութեան հանգամանքը:
Ինչ վերաբերում է ազրպէյճանական բանակի մարտական հմտութիւններին, ապա, Հասանովի կարծիքով, նա «պէտք է պատրաստ լինի պատերազմելու լեռնային տեղանքում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»: Նորանշանակ նախարարը չի գտնում, որ արհեստավարժ բանակը լաւագոյնն է: Ընդհակառակը՝ «վարձկանները (հէնց այդ բառն է օգտագործել նա – Վ.Ա.) միշտ նայում են գործի նիւթական կողմին, եւ դրանով ամէն ինչ ասուած է»:
Ի հարկէ, պաշտպանութեան նախարար նշանակուելով՝ Հասանովը կարող է փոխել բանակի եւ ռազմական շինարարութեան մասին պատկերացումները: Կարեւոր էլ չէ, թէ նա ինչ եւ երբ է ասել: Առաւել հետաքրքրական է այդ նշանակման արձագանգը:
Ազրպէյճանի զինուած ուժերի Շամխորի զօրամասի հրամանատար Ռովշան Աքպերովը, որի յարաբերութիւնները նախկին նախարարի հետ չափազանց լարուած էին, պաշտպանութեան նոր նախարարի նշանակումն անուանել է «բոլորի համար տօն»: Նրա վկայութեամբ, «բանակային զօրամասերի բոլոր հրամանատարներն ուրախ են, որ ազատուել են Ապիեւից»:
Հարցին, թէ ճի՞շդ է, որ Հասանովի փոխարէն նշանակուելու է ներքին զօրքերի հրամանատար, Աքպերովը պատասխանել է, թէ՝ «տեղեակ չեմ, ինձ այդ մասին ոչինչ չեն ասել»:
Աւելի վաղ որոշ մեկնաբաններ կարծիք էին յայտնել, որ Ապիեւին փոխարինողների «ցուցակ գոյութիւն ունի, որտեղ երեք անուն կայ՝ Ռովշան Աքպերով, Էպրուս Օրուճեւ եւ Վահիտ Ալիեւ»:
Ինչպէս տեսնում ենք, Իլհամ Ալիեւը պաշտպանութեան նախարարի պաշտօնում նշանակել է բոլորովին այլ մարդու, որը կարծես զինուած ուժերի տարբեր խմբաւորումների հետ որեւէ առնչութիւն չի ունեցել: Երէկ, սակայն, Պաքուի ոչ իշխանական լրատուամիջոցներում տեղեկութիւններ են շրջանառուել, որ պաշտպանութեան նորանշանակ նախարարը «Ռամիզ Մեհթիեւի մարդն է»:
Այս կապակցութեամբ haqqin.az-ին մեկնաբանութիւն է արել Ռամիզ Մեհթիեւի փեսան՝ Միլլի մեճլիսի պատգամաւոր Իլհամ Ալիեւը, որի կարծիքով՝ «Ազրպէյճանում իշխանութեան մէջ քլաններ չկան, պաշտպանութեան նախարարին նշանակում է նախագահը, ի՞նչ կապ ունի դրա հետ Ռամիզ Մեհթիեւը»:
Խնդրի ողջ նրբութիւնը նրանում է, որ Սաֆար Ապիեւը Պաքուի իշխող վարչախմբում ունէր արեւմտամէտ գործչի համարում եւ հանդէս էր գալիս ազրպէյճանական բանակը ՕԹԱՆ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ծրագրի օգտին: Ապիեւին էին վերագրւում նաեւ ռազմաարհեստագիտական համագործակցութեան ոլորտում Իսրայէլի հետ վերջին տարիների սերտացած կապերի յաջողութիւնը:
Իսկ Ռամիզ Մեհթիեւը համարւում է «Քրեմլինի դրածոյ»: Եւ եթէ իրականութեանը մօտ է, որ նորանշանակ պաշտպանութեան նախարարը «նրա մարդն է», ապա ենթադրելի՞ է արդեօք, որ Ազրպէյճանը ռազմական գերատեսչութեան առումով նախապատուութիւն է տալիս յարաբերութիւնների «հիւսիսային արեւելումին»: Սա շատ բազմանշանակ կը լինէր…

