Հարցազրոյց Արցախի Փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանի Հետ. «Կը Լինի Արցախը, Կը Լինի Եւ Հայաստանը…»

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է Միացեալ Նահանգներ ձեր այցի նպատակը:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Միացեալ Նահանգներ այցիս նպատակն է՝ մեր համայնքին ներկայացնել Արցախի համար ռազմավարական նշանակութեան մի շարք ծրագրեր եւ հայրենակիցներիս բացատրել դրանց իրականացման անհրաժեշտութեան մասին: Ազատագրուած տարածքների վերաբնակեցման հարցը մեր առաջնահերթութիւնն է, եւ այն իրականութիւն դարձնելու նպատակով Արցախում մեկնարկել է վիճակախաղի ծրագիր, որ նախկինում երբեւէ չի եղել: Վիճակախաղն իրականացնելու համար կարեւոր է երկրի բնակչութեան վստահութիւնը իշխանութեան նկատմամբ, եւ այսօր  համոզուած ենք, որ թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում, թէ՛ սփիւռքում կայ այդ վստահութիւնը, եւ ԼՂՀ իշխանութիւններն էլ կը ցուցաբերեն քաղաքական կամք՝  յաջողութեամբ իրականացնելու վիճակախաղը, որ լուծելու է երկու ռազմավարական հարց՝ վերաբնակեցում եւ աշխատատեղերի ստեղծում: Այս վիճակախաղը պետական է, եւ շարունակական է լինելու: Մենք իրականացրել ենք նաեւ օրէնսդրական կարգաւորում, համաձայն որի, այն ունենալու է մենաշնորհ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞ւ որոշուեց վերաբնակեցման ծրագիրն իրականացնելու համար ընտրել այս ճանապարհը:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Առաջին եւ հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ խօսում ենք վերաբնակեցումից, սակայն անցեալում իրականացրած ծրագրերը մեծ ազդեցութիւն չեն ունեցել, եւ բնակչութեան թուի աճ բնական ճանապարհով ի զօրու չենք ապահովել: Այսօր միայն Արցախի պետական պիւտճէի միջոցներով վերաբնակեցում իրականացնելը շատ դժուար է: Լաւագոյն ճանապարհը համայն հայութեանը մասնակից դարձնելն է վերաբնակեցման գործին, եւ այս էր պատճառը, որ որոշուեց կազմակերպել վիճակախաղ: Երկրորդ նպատակը՝ դա Արցախի բնակչութեանն աշխատանքով ապահովելն է: Մինչ այժմ Արցախում չեն իրականացուել այնպիսի ներդրումներ, որոնք կ՛ապահովեն մեծ քանակութեամբ աշխատատեղեր: Այսօր նման լուրջ խնդրի առջեւ են կանգնած Ստեփանակերտի եւ շրջկենտրոնների բնակիչները՝ մանաւանդ կանայք, եւ մեր կարծիքով, վիճակախաղը պէտք է նպաստի նաեւ ներդրումային միջավայրի ստեղծմանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մասնաւորապէս ո՞ր ոլորտների մասին է խօսքը:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Երկար քննարկումներից յետոյ հասկացանք, որ լաւագոյն ոլորտը գորգագործութեան զարգացումն է, որտեղ հնարաւոր է ընդգրկել մեծ քանակութեամբ աշխատողներ, բացի այդ՝ ձեռքի աշխատանք է, որը լաւ է վարձատրւում, եւ վերջապէս, արցախեան գորգը մեր մշակոյթի մաս է կազմում: Վերջին տարիներին Արցախում վերջնականապէս փակուել էին գորգագործական արտադրամասերը, եւ մենք Հայաստանից հրաւիրեցինք լաւագոյն մասնագէտների եւ վերագործարկեցինք այս ճիւղը: Որոշեցինք տարեկան արտադրանքի մեծ մասն էլ իրացնել վիճակախաղի միջոցով եւ, ըստ այդմ, խաղարկութեան են դրուելու Արցախում արտադրուած ձեռագործ գորգերը: Սա նաեւ քաղաքական նշանակութիւն ունի, քանի որ խորհրդային տարիներին Արցախում արտադրուած գորգերը վերջնական մշակում էին ստանում Ազրպէյճանում եւ աշխարհին էին ներկայանում որպէս ազրպէյճանական գորգեր: Դրանից օգտուելով՝ Մեհրիպան Ալիեւան Եւրոպայում գրանցել է արցախեան գորգերի զարդանախշերը որպէս իր երկրի մշակոյթի մաս, եւ այսօր եւրոպական հեռուստաալիքներով կարող էք տեսնել, թէ ինչպէս են քարոզում «ազրպէյճանական զարդանախշերով» գորգերը, որոնք իրականում արցախեան զարդանախշեր են, ունեն հարիւրամեակների պատմութիւն: Զարդանախշերի իրաւունքը յետ նուաճելու համար մենք պէտք է մեծ թափ հաղորդենք գորգագործութեանը, եւ վիճակախաղի միջոցով պէտք է կարողանանք իրացնել գորգերի գործարանի արտադրանքի շուրջ 60 տոկոսը: Վիճակախաղում շահողները, կարելի է ասել, որ դառնալու են իւրատեսակ դեսպաններ, ովքեր քարոզելու են արցախեան գորգերը՝ դա լինեն մեր սփիւռքահայ եղբայրները, թէ օտարներ, թէ Հայաստանի քաղաքացիներ, նշանակութիւն չունի, կարեւորը, որ գորգ արտադրուի եւ այդ արտադրանքը դուրս գայ Արցախի տարածքից եւ ներկայանայ որպէս արցախեան գորգ՝ իր անձնագրով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վիճակախաղը ե՞րբ է մեկնարկել եւ ինչպէ՞ս է ամփոփուելու:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- 2013թ.ի մայիսից շրջանառութեան մէջ է դրուել 300 հազար տոմս, եւ մէկ տոմսի արժէքն է հինգ տոլար: Այս տարուայ դեկտեմբերի 28-ին նախատեսուած խաղարկութեանը նպատակ ունենք շրջանառել 300 գորգ: Վիճակախաղի հասոյթի յիսուն տոկոսն ուղղուելու է վերաբնակեցման ծրագրին, միւս յիսուն տոկոսը՝ շահումային ֆոնտին: Մեր նպատակն է այնպէս անել, որ Արցախում հինգ հարիւր կին ունենայ մշտական աշխատանք գորգագործութեան միջոցով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ վերաբնակեցման գործողութիւնների ծրագիր կա՞յ արդէն:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Այսօր շատ մարդիկ սփիւռքից, նաեւ Հայաստանից ցանկութիւն են յայտնում գալ եւ ապրել Արցախում, եւ պետութիւնը պէտք է ինչ-որ կերպ նպաստի այդ ցանկութեանը, եւ դրա լաւագոյն ձեւը նրանց տանիքով ապահովելն է: Մենք համոզուած ենք, եթէ անգամ տարեկան 1000 տուն կամ բնակարան կառուցենք, ապա 1000 ընտանիք կը տեղափոխուի Արցախ: Վիճակախաղի տոմսերի վաճառքից առաջացած գումարով նախատեսում ենք կառուցել առանձնատներ ազատագրուած տարածքներում՝ Քաշաթաղում եւ Հադրութում, Արաքսի հովտի երկարութեամբ եւ մեր հայրենակիցներին հնարաւորութիւն տալ բնակուելու այնտեղ: Այդ տները պետական կը մնան այնքան ժամանակ, մինչեւ վերաբնակիչը համարկուի եւ դառնայ Արցախի լիարժէք բնակիչ: Օրէնքով սահմանուած  ժամկէտից՝ տասը տարուց յետոյ, բնակիչը կը ստանայ այն սեփականաշնորհելու իրաւունք: Կարեւոր է գիտակցել, որ նշուած տարածքները ռազմավարական նշանակութիւն ունեն, եւ մեր ժողովուրդը պէտք է հաստատ լինի՝ սահմանադրութեամբ ամրագրուած մեր տարածքները շէնացնելու եւ պահելու հարցում: Հայրենիքի նկատմամբ սէրը արտայայտելու լաւագոյն ձեւն է՝ նպաստել այն հայրենակիցներին, ովքեր ցանկութիւն ունեն գալ Արցախ եւ շէնացնել այդ արիւնով ազատագրուած հողը: Ցանկանում եմ յայտնել Քալիֆորնիայի հայ համայնքին, որ նաեւ նրանց աշխուժ մասնակցութեամբ է պայմանաւորուած մեր նպատակների իրականացումը: Վիճակախաղի խաղարկութեան արդիւնքների ամփոփումից յետոյ, տարեվերջին յստակ կ՛իմանանք, թէ որքան գումար է յատկացուելու բնակարանաշինութեանը: Ըստ նախնական հաշուարկների, առնուազն 250 միլիոն դրամ կ՛ուղղուի այդ նպատակին, եւ 2014թ.ի առաջին եռամսեակում կը սկսուի շինարարութիւնը: Իւրաքանչիւր հայ, ով ցանկանում է մասնակից դառնալ ռազմավարական մեծ նշանակութիւն ունեցող այս ծրագրին, պէտք է ձեռք բերի վիճակախաղի տոմս: Համոզուած եմ, որ Քալիֆորնիայի հայ համայնքը աշխուժօրէն մասնակցելու է նախաձեռնութեանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տոմսերի իրացումն այստեղ ինչպէ՞ս է կատարուելու:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Մօտ օրերս կը ստեղծուի նախաձեռնող խումբ, որը կը ստանձնի տոմսերի իրացման գործընթացը: Խմբի գլխաւոր ներկայացուցիչներն են լինելու Հայաստան համահայկական հիմնադրամը եւ ՀՅԴ Քալիֆորնիայի Կենտրոնական կոմիտէն: Խումբը կը տեղեկացնի տոմսերի իրացման մանրամասների մասին: Վաճառքն աւարտուելու է դեկտեմբերի 1-ին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Անդրադառնալով Հայաստան համահայկական հիմնադրամին, արդէն յայտարարուել է, որ 2013թ.ի հեռուստամարաթոնի դրամահաւաքի արդիւնքում հաւաքագրուած միջոցներն ուղղուելու են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ի՞նչ նշանակութիւն ունի այս նախագիծն Արցախի համար:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Իմ այցի նպատակներից մէկն էլ այն է, որ ամերիկահայ համայնքին ներկայացնեմ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարուայ ծրագիրը՝ որպէս ԼՂՀ փոխվարչապետ անմիջական պատասխանատուութիւն ունենալով ռազմավարական ծրագրերի կեանքի կոչման համար: Եթէ գնահատական տամ այս հիմնադրամի նախկին աշխատանքներին, պէտք է նշեմ, որ այն անգին է թէ՛ Գորիս-Ստեփանակերտ եւ թէ՛ Հիւսիս-Հարաւ մայրուղիների դէպքում, քանզի չափազանց կարեւոր ռազմավարական լուծումներ տուեց, որի շնորհիւ մեր երկիրը կարողացաւ յայտարարել, որ պատրաստ է դիմակայելու տարբեր մարտահրաւէրների: Այսօր, երբ Ազրպէյճանը մեծ թափով սպառազինւում եւ ուղղակիօրէն ահաբեկում է մեր հասարակութեանը, մենք պէտք է շարունակենք կեանքի կոչել այնպիսի նախագծեր, որոնց միջոցով մեր երկիրը պատրաստ կը լինի դիմակայելու իւրաքանչիւր նոր մարտահրաւէրի՝ թէ՛ տնտեսական, թէ՛ ուժանիւթային, թէ՛ բնապահպանական հարցերով: Այս առումով, ռազմավարական նշանակութիւն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որը Հայաստանը Արցախին կապող նոր ուղի է, որն անցնելու է Քարվաճառով: Իմ պարտքն եմ համարում յաճախ խօսել այս նախագծի կարեւորութեան մասին եւ հայրենակիցներիս յորդորել՝ ոչինչ չխնայել այն իրականութիւն դարձնելու համար: Ժամանակը մեր օգտին չէ, եւ պէտք է անենք հնարաւորը, որ  2014թ.ին սկսենք եւ առնուազն 2015թ.ին աւարտենք այս այլընտրանքային ճանապարհի շինարարութիւնը: Արցախի 145 հազար բնակչութեամբ պէտք է հրաշքներ գործենք՝ ապացուցելու համար, որ այդ հողի վրայ ապրելու մեր ցանկութիւնը հաստատ է, եւ ոչ մի յարձակում չի կարող ազդել մեր ծրագրերի իրականացման վրայ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանում, ինչպէս նաեւ Արցախում ներդրումներ անելիս սփիւռքահայերի շրջանում մտավախութիւն կայ, որ տարբեր նպատակների համար յատկացուող գումարները կը ծախսուեն ոչ նպատակային: Ի՞նչ կ՛ասէք այս առումով:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Իմ անցեալն ինձ ստիպում է յստակ խօսել, եւ ես յորդորում եմ բոլորին հաւատալ, որ նշուած ծրագրերը պսակուելու են յաղթանակով: Վիճակախաղի դէպքում, այն մէկանգամեայ չի լինելու, եւ կասկածողները կարող են յաջորդին մասնակցել: Վիճակահանութիւնը, որին մասնակցելու են Ստեփանակերտի մանկապարտէզի երեխաները, ուղիղ հեռարձակուելու է հեռուստատեսութեամբ: Չեմ պատկերացնում, թէ ինչպէս կարելի է ռազմավարական նշանակութիւն ունեցող ծրագիրն այնպէս իրականացնել, որ կասկածի տեղիք տայ: Իմ գործունէութեան ընթացքում՝ թէ՛ ռազմի դաշտում, թէ՛ յետպատերազմական շրջանում, բանակաշինութեան ժամանակ ինչ պաշտօն էլ զբաղեցրել եմ, միշտ խօսել եմ փաստերով եւ իւրաքանչիւր ծրագիր իրականութիւն եմ դարձրել:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կը ներկայացնէ՞ ք խնդրեմ Արցախի տնտեսութեան ներկայ վիճակը:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Այսօր Արցախի տնտեսութեան զարգացման գերակայ ուղղութիւնն արդիւնաբերութիւնն է, որն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ հանքարդիւնաբերութիւնն ու սննդի եւ թեթեւ արդիւնաբերութիւնը: Խորհրդային տարիներին զարգացած են եղել սննդի արդիւնաբերութեան տարբեր ճիւղեր, բայց պատերազմի ընթացքում ամէնն աւերուեց: Նախորդ տարիների ընթացքում, մեր տեղացի տղաների ու տարբեր ներդրողների ջանքերով սննդի արդիւնաբերութիւնը նորից սկսեց զարգանալ եւ այսօր այն կայուն զարգացման ճանապարհ է բռնել: Թեթեւ արդիւնաբերութեան ոլորտին անդրադառնալով՝ նշեմ գորգի գործարանների բացումը: Սկսել ենք նաեւ կտորի արտադրութիւն, եւ ստեղծում ենք բամպակեայ կտորեղէն, ունենք հիւսուածեղէնի  արդիւնաբերութեան ճիւղեր: Մի քանի միջազգային յայտնի ապրանքանիշերի հետ պայմանաւորուածութիւն ենք ձեռք բերել, ըստ որի, պետական աջակցութեան շրջանակներում տրամադրում ենք տարածք եւ ստեղծում ենք համապատասխան պայմաններ, որպէսզի նրանք գան եւ սկսեն արտադրել: Թեթեւ արդիւնաբերութեան զարգացմամբ ցանկանում ենք 2-3 տարում շուրջ հինգ հազար աշխատատեղ ստեղծել Ստեփանակերտում եւ յարակից շրջկենտրոններում: Պատրաստւում ենք նաեւ հարկային արտօնութիւններ տրամադրել բոլոր այն ներդրողներին, ովքեր թեթեւ արդիւնաբերութեան ոլորտում կը ստեղծեն աշխատատեղեր:

Միւս բնագաւառը, որի մասին կը ցանկանայի խօսել, զբօսաշրջութիւնն է: Այս ոլորտում աննախադէպ աճ է գրանցուել. եթէ 2011թ.ին Արցախ այցելած օտարերկրացի զբօսաշրջիկների թիւը հինգ հազար էր, ապա 2012-ին 15 հազար օտարերկրացի է եղել Արցախում: Զբօսաշրջութեան առումով, մենք դառնում ենք գրաւիչ եւ համոզուած ենք, որ այս ոլորտի աճը շարունակուելու է: Մենք շարունակելու ենք խրախուսել զբօսաշրջութեան ոլորտում գործող բոլոր կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ զարգացնելու ենք ենթակառուցուածքները՝ վերանորոգուելու են պատմա-մշակութային համալիրները, ճանապարհները, եւ մտադիր ենք զբօսաշրջութիւնը դարձնել տնտեսութեան գերակայ ճիւղերից: Միւս բնագաւառը, որ մենք կարեւորելու ենք, դա ուժանիւթն է: Այստեղ առաջնային նպատակը ինքնաբաւ լինելն է, եւ մենք գրեթէ հասել ենք դրան: Եւս երկու տարի ջրելեկտրակայանների բնագաւառում ներդրումների արդիւնքում, մենք կ՛արտադրենք կրկնակի ելեկտրական հոսանք, աւելի՛ն, քան մեր պահանջարկն է: Ներկայում Արցախում տարեկան սպառում ենք 250 միլիոն քիլովաթ ելեկտրականութիւն, եւ արտադրում ենք 240 միլիոն քիլովաթ ելեկտրականութիւն: 2014թ.ին արդէն կշիռը կը զրոյանայ, իսկ հետագայ տարիներին մենք կը դառնանք ելեկտրականութիւն արտահանող երկիր: Քանի որ միացած ենք Հայաստանի ելեկտրական ցանցերին, ապա խնդիր չենք ունենայ ջրելեկտրակայանների ճանապարհով արտադրուած այլընտրանքային ուժանիւթը արտահանելու Հայաստան, որտեղ այն շատ անհրաժեշտ է: Զարգանում է նաեւ հանքարդիւնաբերութիւնը: Խորհրդային տարիներին միակ հետազօտուած հանքը Դրմբոնինն էր, սակայն այսօր Արցախի հարաւում ոսկու եւ պղնձի նոր հանքեր են շահագործուելու: Համոզուած ենք, որ կարողանալու ենք առաջիկայ տարիներին կայուն տասը տոկոս համախառն ներքին արդիւնքի աճ ապահովել՝ գիւղատնտեսութեան, հանքարդիւնաբերութեան, թեթեւ եւ սննդի արդիւնաբերութիւններով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հանքարդիւնաբերութիւնը Հայաստանում եւ Արցախում մտահոգիչ է, քանզի, ըստ փորձագէտների, չի իրականացւում համապատասխան չափանիշների համաձայն, եւ բնապահպանական աղէտի առիթ կարող է դառնալ:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Մենք մեր իւրաքանչիւր քայլը համաձայնեցնելու ենք մեր բնակչութեան հետ: Այդ ոլորտի զարգացումը պէտք է լինի ժողովրդի կողմից պահանջուած քայլ: Պէտք է հաշուի առնենք նաեւ Արցախին սպառնացող վտանգները եւ մտածենք, թէ ինչպէս ենք կարող դիմակայել դրանց: Եթէ մենք ունենք հնարաւորութիւն եւ միջոցներ, առաւել կատարելագործուած զինուած ուժեր, աւելի զօրեղ բանակ ունենալու համար, պէտք է օգտուենք դրանից: Ազրպէյճանի յոխորտանքները պէտք չէ պատճառ դառնան, որ հայ ժողովուրդը սկսի կասկածել իր ուժերին, եւ ըստ այդմ, պէտք է օգտագործենք մեր իւրաքանչիւր միջոց՝ ապահովութիւն ունենալու համար: Մենք ամէն ինչ անելու ենք բնութեանը վնասներ չհասցնելու համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ն են արտահանման եւ ներմուծման ծաւալները:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Գիւղամթերքների մեծ մասը, եթէ ոչ ամբողջը արտադրւում է Արցախում: Հացահատիկի արտադրանքի մէկ երրորդը, անասնակերի արտադրանքի շուրջ մէկ երրորդը արտահանւում է Հայաստան: 2014թ.ին այս արտադրանքի առնուազն կէսն է  արտահանուելու Հայաստան: Մենք յայտ ենք ներկայացրել եւ ցանկանում ենք լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի մսի արտադրութեան շուկայում, քանզի այսօր Հայաստանը ներմուծում է մսամթերքի մեծ քանակութիւն: Մեզ մնում է գտնել անհատների, ովքեր կը գան Արցախ եւ կը կազմակերպեն այդ արտադրութիւնը: Մեր խնդիրն այսօր լուրջ ագարակային տնտեսութեան ստեղծումն է, երբ մենք ոչ միայն կը լինենք ինքնաբաւ, այլեւ լուրջ նպաստ կ՛ունենանք Հայաստանի տնտեսութեան համար:  Մենք ունենք պահածոների գործարան, որն ունի իր շուկան: «Արցախֆրութ» ընկերութիւնը իր հոնի, մոշի մուրաբաները, նռան օշարակը եւ այլ ապրանքատեսակներ բաւական մեծ ծաւալներով արտահանում է եւ իրացնում հիմնականում Մերձպալթեան երկրներում եւ Ռուսաստանում: Ներկրում ենք սարքեր, որ արտօնեալ պայմաններով տրամադրում ենք մեր հողօգտագործողիներին, որպէսզի կարողանանք առաւելագոյնի հասցնել հողի մշակման արդիւնաւէտութիւնը: Ներկրում ենք նաեւ սերմեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նշեցիք, որ պետութիւնն արտօնութիւններ է տրամադրում խոշոր ներդրող ընկերութիւններին, իսկ ինչպիսի՞ արտօնութիւններ են գործում միջին եւ մանր պիզնըսի դէպքում:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Միջին պիզնըս ունեցող մեր գործարարների շահութահարկը կազմում է ընդամէնը հինգ տոկոս: Մենք բաց ենք բանակցութիւնների համար. օրինակ, եթէ որեւէ ընկերութիւն ստեղծում է յիսուն կամ աւելի աշխատատեղի, կարող ենք ընդհանրապէս ազատել շահութահարկից, յանուն գերակայ նպատակների, որոնց հասնելու համար պատրաստ ենք գնալ զիջումների: Պէտք է հաշուի առնել, որ Ստեփանակերտ քաղաքը Երեւանից 400 քմ հեռաւորութեան վրայ է, չունենք այլընտրանքային ճանապարհներ, ուստի Արցախը գրաւիչ դարձնելու եւ  դժուարութիւնները յաղթահարուելու լաւագոյն միջոցն է, որ ԼՂՀ իշխանութիւնները գնան գործընկերութեան ճանապարհով, լինի պետական մասնակցութիւն: Այդ առումով  երկու ուղի ենք որդեգրել: Առաջին՝ մենք ներդրողին հնարաւորութիւն ենք տալիս ներդրում չանել դրամագլխի մէջ, այլ՝ միայն արհեստագիտութեան մէջ: Մենք տրամադրում ենք տարածք՝ ետգնման տասը տարի ժամկէտով, ստեղծում ենք պիզնըս միջավայր՝ իր ենթակառուցուածքներով, եւ ներդրողին մնում է իր հետ բերել համապատասխան սարքեր եւ սկսել աշխատել: Երկրորդը՝ օրէնսդրական փաթեթներն են, որ պատրաստուել են պիզնըս միջավայրը մրցունակ դարձնելու նպատակով: Ինչ վերաբերում է գիւղատնտեսութեանը եւ հողին, այստեղ էլ ենք մենք ճկուն քաղաքականութիւն վարում: Պարզեցրել ենք հողի տրամադրման ողջ գործընթացը: Տարիներ առաջ վարձակալութեամբ տրամադրում էինք հողը մէկ կամ երկու տարով, այժմ՝ 25 կամ աւելի տարով: Տարեկան մէկ հեկտար հողի վարձավճարը իջեցրել ենք թոյլատրելի նուազագոյնին՝ 6000 դրամ: Նպատակ ունենք միայն Արաքսի հովտում 2013-2014թթ. 10 հազար հեկտար հող վերականգնել անապատացումից եւ դարձնել բերրի հողեր ու տրամադրել բոլոր նրանց, ովքեր ցանկութիւն կ՛ունենան գիւղատնտեսութեամբ եւ հողագործութեամբ զբաղուելու: Այստեղ նոյնպէս շատ արտօնութիւններ ենք տրամադրում, որովհետեւ հասկանում ենք, որ հողը շատ մեծ ներդրում է պահանջում, որպէսզի այն դառնայ բերրի եւ պետութիւնը իր վրայ է վերցրել այդ գործը. կատարում ենք ներդրումներ 100 հեկտար հաշուարկով, որ առնուազն 100 հազար տոլարի ներդրում է պահանջում: Մենք այն անում եւ տրամադրում ենք հող օգտագործողին տասը տարի յետգնման պայմանով: Այս քայլերով, մեր հակառակորդներին եւս մէկ անգամ ասում ենք, որ տէր ենք մեր հողին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ոգեւորութիւնը Արցախի ներկայի եւ ապագայի նկատմամբ, յուսով եմ, կը փոխանցուի մեր ընթերցողներին, եւ իւրաքանչիւր հայ իր ներդրումը կ՛ունենայ մեր հայրենիքի զարգացման գործին:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Արցախի ազատագրուած տարածքները, որի համար հայորդիների արիւնն է թափուել, այսօր արժեւորման կարիք ունի: Իւրաքանչիւր խնդիր ունի իր լուծումը եւ այս դէպքում դրանք կարելի է յաղթահարել, եթէ ողջ ազգը մասնակցի համահայկական նշանակութեան այս վիճակախաղին՝ գիտակցելով, որ Արցախով է որոշւում Հայաստանի ապագան: Կը լինի Արցախը, կը լինի եւ Հայաստանը, չենք կարողանայ դիմակայել՝ չի լինի նաեւ Հայաստանը: Եւ ուրեմն, կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ մասնակցել մեր հայրենիքի հզօրացման գործին՝ միասին վերաբնակեցնել Արցախը:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )