Պոլսի Շեհիր Համալսարանում. «Դուք Եղբայրներ Էք, Բայց Ազրպէյճանը Թուրքիա Չէ»
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը ես անցկացրի Թուրքիայում: Ինչպէս գրել եմ աւելի վաղ, նոյեմբերի 5-ին Պոլսի Կալաթասարայի նշանաւոր «Ճեզէյիր» կենտրոնում թուրքերէնով ներկայացրեցի իմ «Արցախեան օրագիր. կանաչ ու սեւ» եւ անգլերէնով` «Հայերը եւ թուրքերը» (Armenians and Turks) հատորները: Իմ համար այս չափազանց կարեւոր միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպել էին «Անատոլու քիւլթիւր» կենտրոնի ղեկավար Օսման Քաւալան եւ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետ Արա Գոչունեանը: Քաւալան նաեւ ինձ առաջարկեց «Հայ-թուրքական յարաբերութիւնները եւ կովկասեան հակամարտութիւնները» թեմայով դասախօսութեամբ ելոյթ ունենալ Պոլսի ասիական մասում գտնուող Շեհիր համալսարանում: Այդ պատճառով ծրագրուածից երկու օր աւելի մնացի Պոլսում:
Արցախեան հակամարտութեան մասին թուրք ուսանողը, մտաւորականը կամ շարքային քաղաքացին հիմնականում տեղեկանում են ազրպէյճանական եւ թուրքական լրատուամիջոցներից: Հետեւաբար նրանց ստացած տեղեկատուութիւնը միակողմանի է: Հաշուի առնելով այդ իրականութիւնը՝ ես սիրայօժար կերպով համաձայնուեցի ելոյթ ունենալ թուրքական մի համալսարանում, որի հիմնադրումը կապւում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի անուան հետ:
Ներկայացնեմ անգլերէնով ելոյթս` հայերէնի վերածած, որոշ կրճատումներով:
«1993-ի ապրիլի 20-ին նախագահ Թուրկութ Էօզալի յուղարկաւորութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Անգարայում գտնուող հայկական պատուիրակութեանը, որը գլխաւորում էր Լեւոն Տէր Պետրոսեանը, ընդունում է վարչապետ Սուլէյման Տեմիրելը: Տեմիրելը գզրոցից հանում է մի քարտէզ, դնում Տէր Պետրոսեանի առաջ եւ թուրքերէնով ասում. «Սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք, դուք մեր հարեւանն էք: Սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում: Մտահոգութիւններ ունէիք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք: Սա Լաչինն է, սա էլ ձեր հողը չէ, ոչ էլ այնտեղ հայեր էին ապրում, վերցրեցիք եւ ասացիք` անվտանգութեան նպատակներով է, դա էլ հասկացանք: Բայց Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունէք»:
Այսպիսով, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար, Թուրքիան յաջորդ իսկ օրը փակեց Հայաստանի հետ սահմանը: Երբ խօսում ենք թուրք-հայկական շուրջ 300 քիլոմեթր երկարութեամբ սահմանի շրջափակման մասին, նկատի ունենք երկու սահմանադռները. Ալիճան-Մարգարան՝ Երեւանից մի քանի տասնեակ քմ հեռաւորութեան վրայ եւ Տողուքափը-Ախուրեանը` Գիւմրիի մօտ:
Քելբաջարից յետոյ Անգարան թուրք-հայկական յարաբերութիւնները կապեց եւ մինչեւ օրս շարունակում է կապել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ, մի այնպիսի կարգաւորում կամ ներկայ սթաթիւս-քուոյի փոփոխութիւն, որը կը բաւարարէր Ազրպէյճանի նուազագոյն պահանջներն ու ցանկութիւնները: Նախքան Քելբաջարն էլ Թուրքիան ունէր ընդգծուած ազրպէյճանամէտ դիրքորոշում, սակայն ձեռնպահ էր մնում Հայաստանը շրջափակման տակ պահելու ոչ բարեկամական քայլից:
Հայ դիւանագէտները, ովքեր բանակցել են թուրքերի հետ, դժուարանում են պնդել, որ Թուրքիան Հայաստանի հետ կը հաստատէր դիւանագիտական յարաբերութիւններ, եթէ հայկական ուժերի ռազմական յաջողութիւնները սահմանափակուէին Լաչինով: Թուրքերի հետ շփումներ ունեցող հայ դիւանագէտներից ոմանք հակուած են կարծելու, որ թուրքերի համար առաջնայինը ոչ այնքան Ղարաբաղի հարցն է, որքան՝ Թուրքիա-Հայաստան այսօրուայ սահմանների ամրագրումը, այսինքն` Կարսի 1921 թուականի պայմանագրի վերահաստատումը, եւ երկրորդ՝ հայերի կողմից Ցեղասպանութեան պնդումներից եւ միջազգայնօրէն դրա ճանաչմանը հետամուտ լինելուց հրաժարումը:
Այսպիսով, Թուրքիան առաջ է քաշում երեք նախապայման: Բայց դրանցից ո՞րն է առաջնային Թուրքիոյ համար: Փորձեմ բացատրել հայկական տեսանկիւնից: 1991-ի դեկտեմբերին Թուրքիան նախկին խորհրդային մի քանի հանրապետութիւնների հետ միասին ճանաչեց նաեւ Հայաստանի անկախութիւնը, բոլորի հետ հաստատեց դիւանագիտական յարաբերութիւններ՝ բացառութեամբ Հայաստանի:
1990-ականների սկզբին Թուրքիան Հայոց ցեղասպանութեան հարցի հետ կապուած ունէր հետեւեալ մտահոգութիւնը: Եթէ առաջին փուլում հայերը կարեւորում են Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրը, ապա երկրորդ փուլում առաջ կը քաշեն փոխհատուցման, իսկ երրորդ փուլում` տարածքային պահանջներ: Այսպիսով, Թուրքիան Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ուղղակի սպառնալիք է դիտում` ուղղուած իր տարածքային ամբողջականութեանը: Ահա այդ պատճառով է, որ 1991-ին Թուրքիայի կողմից Հայաստանի ճանաչման մասին փաստաթղթում յատուկ յղում էր արւում Կարսի պայմանագրին:
Եկէք վերադառնանք մեր օրերը` ֆութպոլային դիւանագիտութեանն ու ցիւրիխեան արձանագրութիւններին: Եթէ դուք ուշադրութեամբ կարդաք այդ երկու փաստաթղթերը, ապա այնտեղ կը գտնէք թուրքական երեք նախապայմաններից երկուսի բաւարարումը: Մէջբերում եմ. «… հաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպէս սահմանուած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով»: Ճիշդ է, փաստաթղթում չի յիշատակւում Կարսի պայմանագիր անունը, սակայն բոլորիս համար ակնյայտ է, որ հայ-թուրքական վերջին պայմանագիրը, որով գծուել են ներկայ սահմանները, հէնց Կարսի պայմանագիրն է: Պատահական չէ, որ Ահմեթ Տաւութօղլուն ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրումից մի քանի օր անց Թուրքիոյ խորհրդարանում ունեցած իր ծաւալուն ելոյթում եւս բացատրում էր, որ արձանագրութիւնների ստորագրումով վերահաստատւում է Կարսի պայմանագիրը:
Ցիւրիխեան արձանագրութիւններում, եթէ այն ուշադիր կարդաք, կը գտնէք նաեւ կէտ՝ Հայոց ցեղասպանութեան մասին, աւելի ճիշդ` մի կէտ, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան վաւերականութիւնը: Մէջբերում եմ. «… իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած պատմական հարթութեան երկխօսութիւն, այդ թւում` պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն` առկայ խնդիրների սահմանման եւ առաջարկների ձեւակերպման համար»:
Հիմա դուք կարող էք հարց տալ. ինչո՞ւ Թուրքիոյ խորհրդարանը չվաւերացրեց արձանագրութիւնները, եթէ Հայաստանը բաւարարել էր նախապայմաններից երկուսը: Պատասխանը պարզ է, որովհետեւ հայկական կողմը չէր բաւարարել երրորդ նախապայմանը, այն է` Ղարաբաղում չկայ սթաթիւս-քուոյի փոփոխութիւն:
Ֆութպոլային դիւանագիտութիւն օրերին հայկական եւ թուրքական կողմերը իրենց հաշուարկներում երկու մեծագոյն սխալ էին թոյլ տուել, որն էլ ստեղծեց այսօրուայ փակուղին: Սերժ Սարգսեանը կարծում էր, որ Թուրքիան կը բացի սահմանները եւ կը հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ` առանց Ղարաբաղում սթաթիւս-քուոյի փոփոխութեան: Թուրքերը կարծում էին, որ թուրք-հայկական սահմանի բացումը այնքան կարեւոր է եւ կենսական Հայաստանի համար, որ հայկական իշխանութիւնները դրա դիմաց տարածքներ կը զիջեն Ազրպէյճանին: Հաշուարկները երկու կողմից սխալ դուրս եկան:
Եւ վերջում. հնարաւո՞ր է հայ-թուրքական երկխօսութիւն, հնարաւո՞ր է յարաբերութիւններում առաջընթաց: Այո՛, հնարաւոր է, բայց հնարաւոր է բաց սահմանների առկայութեան դէպքում»:
Ելոյթից յետոյ եղան հարցեր: Բնական է, որ հարց տուողները առաջին հերթին շեշտում էին, որ հայ-թուրքական երկխօսութեանը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը խոչընդոտում է «հայկական ուժերի կողմից ազրպէյճանական հողերի բռնագրաւումը»: Ստիպուած եղայ ընդգծելու, որ՝ «դուք` թուրքերը եւ ազրպէյճանցիները, եղբայրներ էք, որ՝ մօտ ժողովուրդներ էք, որ՝ ունէք նոյն կրօնը, գրեթէ նոյն լեզուն, բայց միւս կողմից` Ազրպէյճանը Թուրքիա չէ»:
Յատուկ «Ազդակ»-ի համար