«Առանց Հրաշքների Ոչինչ Չի Լինում». Հարցազրոյց Ֆլորանսում Բնակուող Քանդակագործ Վիգէն Աւետիսի Հետ

Հարցազրոյցը՝ ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

vicken-avedis2Վիգէն Աւետիսի հետ մեր զրոյցը տեղի ունեցաւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում տեղադրուած Ծովինարը՝ Սանասարի եւ Բաղդասարի հետ աղբիւր-յուշաքարի մօտ:  Այն տեղադրուել է 2008թ.: Այսօր, սակայն, յուշարձանի  ջրաւազանը ցամաքել է, շատրուանի ջուրը հիմնականում անջատուած է եւ միացնում են հազուադէպ: Յուշարձանի դիմաց «Քոքա-քոլայի», այսպէս ասած՝ «ներկայացուցչութիւնն» է: Ծովինարն այս ամէնին այնքան ներողամտօրէն է նայում, այնքան հեզութեամբ, կարծես, յուշելով, որ մի օր այդ մարդիկ ամէն ինչ կը հասկանան..

 

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ զգացիք, երբ Ծովինարին տեսաք:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ամէն անգամ Ծովինարին տարբեր ձեւով եմ տեսնում: Նախ շրջակայքն եմ նայում, տեսնում եմ այս «Քոքա-քոլա»-ն, որը օգնում եւ խանգարում է՝ օգնում է «Քոքա-քոլա» ընկերութեան, խանգարում է մեր մշակոյթին, յետոյ նայում եմ Ծովինարի հայեացքին, որն արդէն ինձ յուշում է , թէ ինքը ոնց է զգում, այնուհետ նայում եմ աւազանին, կոտրուած ապակիներին, կոտրուած լուսաւորութեանը, ինչ-որ տեղ հպարտանում եմ, ինչ-որ տեղ տխրում եմ: Ինչպէս մեր Հայաստանի Հանրապետութիւնն է այսօր, ե՛ւ ուրախ, ե՛ւ զուարթ, ե՛ւ տխուր, ե՛ւ անիմաստ, եւ՛ շատ իմաստալից, կարեւոր եւ շատ անկարեւոր: Այդ բոլոր դրական եւ բացասական, բայց հիմնականում սիրով լցուած վիճակում է գտնւում Ծովինարը, որը շատ նման է մեր հանրապետութեանը՝ գեղեցիկ է, բայց տխուր է, հզօր է, բայց անտեսուած է, ուժ եւ միտք ունի, բայց իրեն չեն տալիս այդ հնարաւորութիւնը, որպէսզի իրականացնի: Արուեստի գործի իմաստը հէնց նրանում է, որ նմանուի, ուղեկցի եւ կիսի բոլոր այն զգացմունքները, որ գոյութիւն ունի տուեալ պահին տուեալ քաղաքում:

Հ.- Ծովինարի տխրութիւնը փոխանցուե՞ց ձեզ:

Պ.- Ինչ խօսք, ինչպէս հօր դուստրն է, որ ամուսնացել է,  իր ընտանիքն ունի, իր տրամադրութիւնը, եւ երբ հայրը տեսնում է, որ իր դուստրը տխուր է, չի ասում՝ բաժանուի, արի մեր տուն, ասում է՝ դիմացիր, մի օր քեզ կը հասկանան, կը գնահատեն, լաւ կը լինի: Այդ նոյն զգացողութիւնն է լինում: Գիտէք՝ միայն Հայաստանում չէ, Իտալիայում էլ ունեմ գործեր, որոնցից մի քանիսը տեսնում եմ, որ վատ են զգում: Արուեստի գործը, որ ունի իր ներքին կեանքը, ուժը, միջամտել չեմ կարող, ինքն անձամբ ընկալում է դէպի իրեն եկող ուժը եւ սկսում է սահմանափակել իր տուած ուժը, այդ ժամանակ, ի հարկէ, տխրում է: Այսինքն՝ ինքն ունի շատ ուժ տալու, իսկ ովքեր որ պէտք է ընկալէին, զգային, գնահատէին, քիչ են կամ չկան:

Հ.- Սա ձեր միա՞կ քանդակն է Երեւանում:

Պ.- Այո՛:

Հ.- Իսկ կա՞ն նախագծեր:

Պ.- Նախագծեր շատ ունեմ, ճիշդն ասած, արդէն պատրաստել եմ մի նոր յուշարձան: Ժամանակային առումով յուշարձանի ծնունդը շատ կարեւոր է, յուշարձանն ամէն պահ չի ծնւում, պէտք է հասուննայ պահը, իրականանայ: Օրինակ, Ծովինարի յուշարձանը 10 տարի առաջ էի գծագրել, եկաւ պահը եւ իրականացաւ, հետեւաբար պէտք չէ ստիպել, պէտք չէ արագացնել:

Մօտենում է 2015թ.-ը: Ճիշդն ասած, թուականները, ամիսները, շաբաթուայ օրերը մի քիչ անտեղեակ եմ այդ բաներից: Ինձ, օրինակ, տերեւներն են յուշում, որ աշուն է գալիս կամ՝ երբ ձիւն է գալիս, կամ՝ երբ ծիրանենին ծաղկում է: Ես աւելի շատ տեսողական կապ ունեմ եղանակների հետ: Չեմ էլ յիշում, թէ որ օրն է իմ թռիչքը Իտալիա:  Ինչեւէ, մօտենում է ազգի ամենամեծ ողբերգութեան 100-րդ  տարելիցը, եւ այս պահն էլ համապատասխանեց այն գործին, ինչ սկսել եմ անել: 2012թ. պատուէր ստացայ կերտել մի յուշարձան, որը պատմում է Ցեղասպանութեան, գաղթի մասին եւ այն իրականութեան, որը մեր մէջ, մեզ հետ ապրում է: Դա մեր ազգի ամենացաւալի հատուածն է՝ չճանաչուած ցեղասպանութեան ողբերգութիւնն է, եւ ես սկսեցի աշխատել այդ ծրագրի վրայ: Յուշարձան՝ նուիրուած Ցեղասպանութեան զոհերին: Ցաւօք, նման յուշարձան տեղադրուած չէ Հայաստանում՝ չհաշուած Ծիծեռնակաբերդը:

Հ.- Յուշարձանն արդէն պատրա՞ստ է:

Պ.- Ես արդէն պատրաստել եմ, Ֆլորանսում պիտի ձուլուի եւ բերուի Հայաստան: Ծրագրում եմ  այն տեղադրել Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց: Հիմա եկել եմ Հայաստան, որպէսզի հանդիպեմ կաթողիկոսի հետ, որպէսզի այդ տեղը յատկացուի քանդակին:

Հ.- Իսկ ե՞րբ է տեղադրուելու քանդակը:

Պ.- Յուսով եմ՝ այս գարնանը բացումը կը լինի: Իսկ  2014թ. ամրան սկզբին ծրագրում ենք քանդակի շատ մեծ սիմփոզիում՝ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ: Տարբեր մայր ցամաքներից 100 քանդակագործներ կը հրաւիրենք,  որպէսզի քանդակագործները կերտեն քանդակներ, որոնցից 80-ը կը տեղադրուեն Հայաստանի Հանրապետութեան տարբեր շրջաններում եւ քաղաքներում, իսկ մնացած 20-ը կը նուիրենք Արցախին եւ Ջաւախքին: Ամէն շրջան կ՛ունենայ Ցեղասպանութեան նուիրուած մի յուշարձան՝ կատարուած, ասենք, ճափոնացու, հնդիկի, յոյնի կողմից, որի մօտ ամէն մի հայ ապրիլի 24-ին ծաղիկներ կարող է տեղադրել:

Հ.- Այսօր շատ են խօսում Ցեղասպանութեան ճանաչման մասին: Ինչպիսի՞ն է ձեր մօտեցումը այս հարցին: Ի՞նչ կը տայ ճանաչումը մեզ:

Պ.- Առաջին հերթին՝ հոգու հանգստութիւն: Երբ չարիքն անպատիժ է մնում, նա երբեք հանգիստ չի թողնում քեզ: Յանցագործութիւնն ուշ թէ շուտ պիտի պատժուի, ոնց որ երիտթուրքերը գնդակահարուեցին, որոնք որ կազմակերպել էին Ցեղասպանութիւնը: Նրանք, որոնք միլիոնաւոր հայերի կեանք էին խլել, պէտք է պատժուէին, քանի որ երկրագունդը եւ քաղաքականութիւնը կառավարւում է սատանայի կողմից, հետեւաբար պահեր կան, երբ մարդ պէտք է իր ուսերին վերցնի հաշուեյարդարի պատասխանատուութիւնը: Հաշուեյարդարը վատ իմաստ ունի,  բայց հաշուեյարդարը նաեւ արդիւնք է, որը ծնւում է  արդարութեան պակասից, այսինքն` եթէ չկայ օրէնք, չկայ մարդկութիւն, մարդն իր վրայ է վերցնում պատասխանատուութիւնը կարգաւորելու այն, որպէսզի չարն անպատիժ չմնայ: Երբեմն պէտք է վերցնել պատասխանատուութիւնը քո ուսերին: Ի հարկէ, դրանք քրիստոնէական սկզբունքներ չեն, պէտք է Աստուած  պատժի, բայց կան հրեշտակներ, այնպէս՝ ինչպէս հրեշտակները օգնութեան հասան Թեհլիրեանին, ում մարդասպանութիւնը (ի հարկէ, սպաննուածը մարդ չէր, երկու ոտանի ինչ-որ թուրք էր մարդու կերպարով) արդարացրեց Պերլինի դատարանը: Կարծում եմ՝ այդտեղ կար նաեւ հրեշտակների օգնութիւնը, հետեւաբար սա այն դէպքերից է, երբ Աստծոյ կամքը կայ՝ կեանքի օրօք պատժել յանցագործին:

vicken-avedisՀ.- Այսօր շատ են խօսում աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւնների մասին, նիւթապաշտութեան մասին, աւելի բացասական երանգ ունեցող երեւոյթների մասին: Փոխուե՞լ է արուեստի եւ մարդու շփումը:

Պ.- Մարդու եւ արուեստի շփումը արտաքինից փոխուել է, ներքինից չի կարող փոխուել: Երբեք չի կարող գեղեցիկը տգեղ թուալ, կամ տգեղը՝ գեղեցիկ, իսկ արուեստը գեղեցիկի  փառաբանումն է: Ուղղակի կան գործօններ, ուժեր, որոնք աշխատում են արուեստի դէմ, որ մարդը սկսի չզգալ արուեստը, գեղեցիկը, ճշմարտութիւնը: Յանցագործն ինչի՞ց է վախենում՝ լոյսից, արդարութիւնից, մաքրութիւնից, որի կողքին կանգնելով՝ իրենց ոչնչութիւն է զգում, որպէսզի ոչնչութիւն չզգայ, լոյսն է անջատում, որպէսզի իրենց մերկութիւնը չերեւայ, թաքնւում են, որպէսզի չկանգնեն արդարութեան առաջ, հետեւաբար լոյսի եւ խաւարի այս պայքարը յաւերժական է, միշտ կայ եւ կը լինի:

20-րդ դարի վերջերից արուեստը, եկեղեցին թուլացաւ, թուլացրեցին, այսինքն ուժեր, որոնք ղեկավարում են աշխարհը, վախենում են ճշմարտութիւնից, մարդկութեանը հեռացրեցին ճշմարտութիւնից, եկեղեցուց, արուեստից: Արուեստը աղաւաղուեց, եկեղեցին հեղինակազրկուեց, վատաբանուեց, մի խօսքով՝ արուեց ամէն ինչ, որպէսզի մարդը մոռանայ լոյսի աղբիւրի մասին, այսինքն՝ Աստծոյ, բայց ասում են՝ 21-րդ դարը հոգեւոր վերելքի, արժէքների վերականգման դարաշրջան է լինելու: Ջրհոսի դարաշրջան է, ինչը հաճելի է ինձ համար, քանի որ ես ինքս ջրհոս եմ: Այս դարում պէտք է լինեն մեծ փոփոխութիւններ այդ սպառողական, նիւթական աշխարհում: Նիւթական աշխարհը սպառուել է: Եթէ մի ժամանակ կային իտէաներ, որոնք ստեղծւում էին, որոնց շուրջ հաւաքւում էին, օրինակ՝ ստեղծուեց համայնավարական հասարակարգը, անիշխանութիւն, դրամատիրութիւն եւ այլն, այդ ամէնը վերջացաւ, հիմա առաջարկել են ճգնաժամ, իսկ ճգնաժամը նշանակում է հասարակութեան մի ժամանակաշրջանի աւարտ, երբ ոչինչ չունեն առաջարկելու, եւ առաջարկում են աղքատութիւն: Սա լարուած պահ է: Պատերազմներ են մեր շուրջը՝ հոգեւոր դաշտում, եկեղեցու դէմ, մարդու դէմ… Մի խօսքով՝ ամէնուր… Այս լարուած պահին հարկաւոր է նոր միտք մատուցել, նորովի սկսել ապրել, մտածել, որպէսզի առաւելագոյն քիչ կորուստներով հոգեւոր մարդը կարողանայ շրջանցել այս դժուարը պահը՝ 20-րդ դարի գաղափարաբանական աւարտը: 20-րդ դարը իտէաների դար էր՝ ֆաշականութիւն, ընկերավարութիւն, դրամատիրութիւն, համայնավարութիւն, պոլշեւիկներ…Այդ ամէնը փորձութիւններ էին, որոնց միջով սխալ անցաւ մարդը:

Հ.- Եւ ինչպէ՞ս կ՛աւարտուի այդ պատերազմը:

Պ.- Աստծոյ յաղթանակով, Յիսուսի օգնութեամբ, Սուրբ Հոգու ներկայութեամբ:

Հ.- Ո՞րն էք համարում այսօրուայ մարդու ողբերգութիւնը:

Պ.- Ողբերգութիւն ասուածը փոքր-ինչ թրաժիք է: Կեանքը պէտք չէ բաժանել ողբերգութեան, տրամաների կամ  երջանկութեան: Կեանքն ընդհանրութիւն է, որտեղ կայ ամէն ինչ, եւ մարդն ինքն է ընտրում, թէ որ ուղին աւելի շեշտադրուած կը լինի իր անձնական կեանքում: Պէտք չէ մոռանալ, որ մենք ունենք ազատ ընտրութեան իրաւունք, ինչն ամենակարեւոր բանն է: Յիսուս Քրիստոսն էլ ոչ մէկին չպարտադրեց դառնալ քրիստոնեայ, նոյնիսկ հայերին չպարտադրեց:  Հայերն առանց հարցնելու՝ միանգամից դարձան քրիստոնեաներ, ոչ թէ դարձան, այլ արդէն ապրում էին քրիստոնէական արժէքներով: Չեմ կարծում, թէ Գրիգոր Լուսաւորիչը քրիստոնէութիւն բերեց, քանի որ մոգերը, օրինակ, որ Հայաստանից գնացին Յիսուսին երկրպագելու, Գրիգոր Լուսաւորչից շատ առաջ  հայերը գիտէին, որ պիտի ծնուի Աստծոյ որդին՝ Յիսուս Քրիստոսը, Գրիգոր Լուսաւորիչն ուղղակի պաշտօնականացրեց հայ ազգի քրիստոնէական հաւատքը: Մենք քրիստոնեայ ենք եղել, երբ Ծովինարը Սանասարին ու Բաղդասարին ունեցաւ, երբ սուրբ ջուր մատուցուեց Ծովինարին, երբ Աստծոյ ջրից Ծովինարը յղիացաւ եւ վերջում, ի հարկէ, Փոքր Մհերը, որ մտաւ սարը, որի դուրս գալը կը լինի Յիսուսի յայտնութիւնը: Այսինքն՝ մենք ունեցել ենք այդ ամբողջ նախապատմութիւնը Յիսուս Քրիստոսի ծննդի, որը մոգերի միջոցով երկրպագուեց, եւ ամբողջ աշխարհը խօսում է այդ մասին, եւ չեն ասում, որ մոգերը հայեր են: Աշխարհը պէտք է իմանայ, որ մոգերը հայեր են, եւ ի զուր չէ, որ քրիստոնէութիւնը տարածուեց հէնց հայերի միջոցով, մարգարէները հայեր են: Մենք շատ գործ ունենք անելու, պատմութեան ճշտումներ պէտք է անենք, ապացոյցներ պիտի բերենք, մի խօսքով՝ 21-րդ դարը ճշմարտութեան դար պէտք է լինի:

Հ.- Իսկ ո՞ւմ էք համարում 21-րդ դարի հերոս:

Պ.- Յիսուս Քրիստոսին, այսինքն՝ ճշմարտութեանը, լոյսին: Սուրբ Հոգին մեզ պէտք է ուղեկցի: Հերոսութիւնն այն է, որ պէտք է ընդունել, ընկալել եւ միանալ ճշմարտութեանը, այսինքն՝ Սուրբ Հոգուն: Դա ամենասովորական գործն է, աշխատանքն է, պատճառն է, ինչի համար մարդ ծնւում է: Մարդը ծնւում է,կարելի է ասել` հերոսանալու համար, ուղղակի կան վախի զգացումներ եւ ապահովութեան խնդիրներ, երբ մարդ վախենում է ճշմարտութիւնից, ընտրում է ապահովութիւնը՝ մոռանալով, որ հերոս պէտք է դառնայ: Հերոսանալ՝ նշանակում է ապրել քո սեփական կեանքը (այս պահին միացրեցին շատրուանի ջրերը,-հեղ.):

vicken-avedis3Հ.- Ջրից, կարծես, փոխուեց Ծովինարի հայեացքը:

Պ.- Արդէն յոյս կայ: Գիտէ՞ք ինչ, ջրի խորհուրդը նաեւ յիշողութեան խորհուրդն է, քանի որ ջուրը պահում է  յիշողութիւնը, այսինքն՝ ճշմարտութիւնը: Ճշմարտութիւնը վերադարձաւ:

Հ.- Ո՞րն էք համարում ձեր կեանքի առաքելութիւնը:

Պ.- Միգուցէ՝ մեր այսօրուայ զրոյցը: Ամէն պահը, ամէն վայրկեանը… Առաքելութիւնը հէնց այս պահն է, այս վայրկեանն է: Այս վայրկեանին ինչ կարող ես գործել, գործում ես: Հետեւաբար այս վայրկեանն իմ առաքելութիւնն է, որի համար ես ծնուել եմ:

Հ.- Ի՞նչն է ամենաշատը ցաւ պատճառում ձեզ:

Պ.- Ոչ մի բան էլ ցաւ չի պատճառում. գուցէ անուանեմ՝ ափսոսանք: Ափսոսանքներ կան, բայց գիտէ՞ք՝ ի՛նչն է ափսոսանքի բանաձեւը` շտապողականութիւնը, մենք շտապում ենք, որ այնպէս չեղաւ, ինչպէս սպասում էինք: Հետեւաբար ափսոսանքն էլ շատ ժամանակաւոր է: Ժամանակը գալիս է եւ իրականանում է այն, ինչ որ գալիս է: Մենք ափսոսում ենք, ասում ենք` ինչո՞ւ ուշացաւ, բայց դա ափսոսանք է, որովհետեւ այդ պահին սպասում էինք այդ մարդուն, այդ իրականութեանը, եւ դա նշանակում է, որ համբերութիւն չունենք: Աստծոյ խորհուրդներից մէկը համբերութիւնն է: Պէտք է համբերատար լինել: Աստղերը կը շարուեն այն ուղղութեամբ, որ պիտի շարուէին, կը գայ պահը եւ կը տեսնենք հրաշքները: Այսպիսին է իմ մօտեցումը:

Հ.- Հաւատո՞ւմ էք հրաշքներին:

Պ.- Ես հաւատում եմ, ես սպասում եմ հրաշքներին՝ որովհետեւ առանց հրաշքների ոչինչ չի լինում: Բողբոջը որտեղի՞ց  է գալիս կամ սերմն ինչպէ՞ս  դառնում ծառ: Գիտնականները կարող են բացատրել, բայց գիտնականները չեն կարող ասել, իսկ այդ սերմը որտեղի՞ց է, կամ՝ ձուն ու հաւը… Մի խօսքով՝ դրանք հրաշքներ են: Ախր, այնպէս՝ ինչպէս մենք ապրում ենք հրաշքների աշխարհում, այնպէս էլ պէտք է կարողանանք հրաշքներ գործել՝ հաւատալով բնութեանը, Աստծուն: Աստուած էլ սպասում է մեր հրաշքներին, ասում է՝ հրաշքներ գործէք:: Աստուած էլ է ուզում, որ մենք հրաշագործ լինենք: Սա է դրուած մարդու մէջ՝ բացայայտումներ անել, դա կ՛անուանենք հրաշք թէ առաքելութիւն, նոյն բանն է: Այս քանդակը, որ կայ, արդէն հրաշք է: Այսպիսին է իմ մօտեցումը:

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES