Հայերի Եւ Ազրպէյճանցիների Շփումներից. Ազրպէյճանցին` Ընկեր, Ազրպէյճանը` Թշնամի
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Իլհամ Սաֆարովը դէպի ինձ մեկնեց հայկական քոնեաքով լի եւ վրացական օղու դատարկ շշերը: Նա ասաց, որ իր ձեռքերը դողում են` յանկարծ քոնեաքը չթափի: Ես հայկական քոնեաքը դատարկեցի վրացական օղու շշի մէջ: Սենեակը լցուեց քոնեաքի բոյրով: «Ա՛յ, ապրես, մի կաթիլ էլ չթափուեց», հայերէնով հիացմունքն արտայայտեց Իլհամը:
Իլհամը Ազրպէյճանի «Ինթերնիուզ» լրագրողական կազմակերպութեան ղեկավարն է եւ յաճախ է շփւում հայ լրագրողների հետ: Հայերէն սովորել է յիսուն տարի առաջ` դպրոցում: Նա եղել է ռուսական դպրոցի` իր դասարանում միակ ազրպէյճանցին, միւսները հիմնականում եղել են հայեր: Այսպէս, Իլհամը սովորել է հայերէն եւ մինչեւ այսօր, թէեւ վերջին երեսուն տարիներին հազուադէպ է օգտագործում, չի մոռացել լեզուն: Նա չի մոռացել նաեւ իր հայ դասընկերներին, որոնք ստիպուած են եղել հեռանալ Ազրպէյճանից: Իլհամը երբեմն հանդիպում է նրանց Ռուսաստանում, իսկ յաճախ` կապւում սքայփով:
Հայկական քոնեաքը, որ ես դատարկում էի վրացական օղու դատարկ շշի մէջ, Իլհամը Վրաստանից Թիֆլիս-Պաքու գնացքով պիտի հասցնէր ժամանակակից ազրպէյճանական գրականութեան դասական Աքրամ Այլիսլիին, ով իր «Քարէ երազներ»-ով ցնցել էր ողջ Ազրպէյճանը` իշխանութիւնների եւ ազգայնականների կողմից արժանանալով դաւաճանութեան պիտակին: Այլիսլին իր վէպ-ռեքուիեմում անդրադարձել էր Նախիջեւանի հայկական Ագուլիս գիւղում 1919-ին կատարուած հայկական ջարդերին: Հայ լրագրող, «Մետիա նախաձեռնութիւնների կենտրոն»-ի ղեկավար Նունէ Սարգսեանն էր որոշել մի շիշ քոնեաք ուղարկել Այլիսլիին, որին անձամբ չէր ճանաչում:
Ազրպէյճանի իշխանութիւնները կոյր ատելութեամբ են լցուած այն ամէնի նկատմամբ, ինչը հայկական է: Վրաց-ազրպէյճանական սահմանի հսկիչ-այցագրային կէտերում այնպիսի մանրամասնութեամբ են ստուգում ճամբորդներին, որ անգամ անհնար է մէկ շիշ քոնեաքի կամ մէկ գրքի տեղափոխումը:
Անցեալում` Հայտար Ալիեւի ժամանակներում, անգամ Իլհամ Ալիեւի նախագահութեան առաջին տարիներին, այդպէս չէր: «Ես իմ հետ Պաքու հայկական քոնեաք էլ եմ տարել, Արցախի թթի օղի էլ եմ տարել», պատմում է ազրպէյճանցի ճանաչուած լրագրող Շահին Ռզայեւը, ում պայուսակից յունիս ամսին հանել էին իմ հեղինակած երկու գրքերը` «Արցախեան օրագիր. կանաչ ու սեւ» եւ «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը»: Շահինը երկար բանակցել էր մաքսատան աշխատակիցների հետ, բայց` անօգուտ: Նա այդ մասին յօդուած գրեց բրիտանական IWPR-ի (Պատերազմի եւ խաղաղութեան հիմնարկի լուսաբանում) կայքում` ամենախիստ բառերով քննադատելով իր երկրի իշխանութիւններին: Թիֆլիսում մեր վերջին հանդիպման ընթացքում նա պատմեց, որ երկու գրքերն էլ վառել են: Այդ մասին նա իմացել էր ծանօթ պաշտօնեաներից:
«Անհեթեթութիւն», միաբերան գոչեցին զրոյցին ներկայ հայ եւ ազրպէյճանցի լրագրողները: Ես Շահինին նուիրեցի երկու օրինակ իմ գրքերից եւ խոստացայ, որ եթէ այս անգամ էլ նրան չյաջողուի դրանք հասցնել տուն եւ դրանք ունենալ իր գրադարանում, ապա միեւնոյնն է, ես գրքերը այլ ճանապարհներով պիտի ուղարկեմ Պաքու: «Քանի որ ես կասկածեալ եմ, գրքերից մէկը դնելու է Թողրուլ Ճուվարլըի, միւսը` Աուազ Հասանովի պայուսակում», շարունակեց Շահինը:
Երեւանի «Մետիա նախաձեռնութիւնների կենտրոն»-ը եւ Պաքուի «Ինթերնիուզ»-ը բրիտանական «Հաշտեցման պաշարներ» կազմակերպութեան ղեկավարութեամբ ու Եւրոպական Միութեան ֆինանսական օժանդակութեամբ նկարահանում են ղարաբաղեան պատերազմի եւ բանակցային գործընթացի մասին երեք մասերից կազմուած երեք ժամանոց փաստագրական ժապաւէն, որից մէկուկէս ժամը հայկական հատուածն է, մէկուկէս ժամը` ազրպէյճանական: Այդ նպատակով, հայ եւ ազրպէյճանցի լրագրողների, փորձագէտների եւ բեմադրիչների փոքր խումբը պարբերաբար հանդիպում է Թիֆլիսում, քննարկում, վիճում:
Ամէն անգամ Թիֆլիսից Երեւան վերադառնալու ճանապարհին ես կանգնում եմ Վրաստանի ազրպէյճանաբնակ Իմիրի գիւղում եւ ճամբեզրին կանգնած առեւտրականներից արեւադարձային մրգեր գնում` մանտարին եւ քիուի, նարինջ եւ նուռ կամ արեւադարձային այլ մրգեր: Արդէն երրորդ անգամ անընդմէջ ես գնումներ եմ կատարում մի ազրպէյճանցուց, ով իր տաղաւարի վրայ հայերէնով խոշոր տառերով գրել է. «բարով եկար»:
Նախորդ անգամ ես այդ տաղաւարի մօտ կանգնել էի Թուրքիայից վերադառնալու ժամանակ: Ընտանիքով էինք: Տաղաւարի տէր տղամարդը, որի անունը չեմ հարցրել, տեսնելով, որ երեխաների հետ եմ, մի քանի քիլոկրամ խառը մրգերով արկղը դրեց մեքենայիս մէջ, երբ նրանից կատարել էի բոլոր գնումները եւ պատրաստւում էի շարժուել:
«Ազրպէյճանցի է՞»,- զարմացել էին երեխաներս: – «Ինչո՞ւ է նա մեզ մրգեր նուիրում: Հնարաւո՞ր է, որ ազրպէյճանցի չէ», հարցնում էին ինձ:
Իրաւամբ, քաղաքականութիւնը եւ քարոզչութիւնը մարդուն, երեխային այն աստիճան են կուրացնում, որ մտածում է` ազրպէյճանցին մարդ չէ, կամ` հայը մարդ չէ, կամ` վրացին մարդ չէ:
Այս անգամ Թիֆլիսից վերադառնում էի մենակ: Կանգնեցի «Բարով եկար» տաղաւարի մօտ եւ մինչեւ անհրաժեշտ գնումներ կատարելը ազրպէյճանցուն, որի անունը կրկին չհարցրեցի, նուիրեցի մէկ շիշ հայկական տնական օղի: Հեռանալիս` այս անգամ նրա մայրը իմ մեքենայի մէջ դրեց մրգերով լի մէկ այլ արկղ` նուէր երեխաներիս:
Ես դէպի Հայաստանի սահման` Սատախլօ-Բագրատաշեն անցակէտ շարժուեցի խառը, տարօրինակ ու անբացատրելի զգացումներով: Ես անգամ գլխապտոյտ զգացի: Արդէն հասել էի տուն, երբ ստացայ Շահին Ռզայեւի` ֆէյսպուքով ուղարկած նամակը: Նա ուրախութեամբ գրել էր, որ յաջողուել է գրքերը հասցնել Պաքու: Մաքսատան աշխատակիցները պայուսակի խորքից գտել էին գրքերը, սակայն վաթսունն անց բեմադրիչ Թողրուլ Ճուվարլըին յաջողուել էր համոզել եւ յետ ստանալ գրքերը: Շահինը գրում էր, որ մէկ ժամ էր պահանջուել, որպէսզի մաքսատան աշխատակիցները համոզուեն` տեղի տալով Թողրուլի` «միջազգային իրավիճակի» մասին դասախօսութեանը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

