Ձախողուած Գագաթնաժողով. Վիլնիւսից Յետոյ Կեանք Կայ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Եւրոպական Միութեան Արեւելեան գործընկերութեան Վիլնիւսի գագաթաժողովում Հայաստանը, ինչպէս եւ սպասւում էր, հրաժարուեց նախաստորագրել Ընկերակցութեան համաձայնագիրն ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու պայմանագիրը: Աւելի քան հազար էջից կազմուած երկու փաստաթղթերի վրայ հայ եւ եւրոպացի դիւանագէտները աշխատել էին շուրջ երեքուկէս տարի: Սեպտեմբերի 3-ին Մոսկուայում Վլատիմիր Փութինի հետ հանդիպումից յետոյ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Հայաստանը ցանկութիւն ունի միանալ Մաքսային միութեանը (Ռուսաստան, Ղազախստան, Պիելոռուսիա) եւ 2015-ին ստեղծուելիք Եւրասիական միութեանը:
Հաշուի առնելով Ռուսաստանի սպասելի արձագանգը` Հայաստանի համար շահեկան կը լինէր, եթէ այդ երեքուկէս տարիներին յստակ յայտարարէր, որ իր նպատակը Եւրոպական միութեան հետ համագործակցութեան խորացումն է, բայց ոչ` ընկերակցութիւնը: Այս պարագայում Երեւանը գուցէ կարողանար Մոսկուային հաշտեցնել այն մտքի հետ, որ չունենալով ընդհանուր սահման ինչպէս Մաքսային միութեան, այնպէս էլ` Եւրոպական միութեան հետ, տրամաբանական չէ Հայաստանի անդամակցումը այդ կառոյցներից եւ ոչ մէկին: Քաղաքական իմաստով դա արդարացուած կեցուածք կը լինէր ինչպէս Եւրոպական միութեան, այնպէս էլ Ռուսաստանի հանդէպ: Թոյլ տրուած սխալի պատճառով Եւրոպական միութիւնը Հայաստանին ընկալեց որպէս ոչ յուսալի գործընկեր (քանի որ երեքուկէս տարի փաստաթղթերի վրայ աշխատելուց յետոյ Երեւանը մէկ յայտարարութեամբ հրաժարուեց դրանք ստորագրել), իսկ Ռուսաստանը երեքուկէս տարի խանդով ու նեարդայնօրէն էր հետեւում իր ռազմավարական գործընկերոջ եւրոպամէտ քայլերին: Վերջնարդիւնքում, Հայաստանը ոչ իր կամքով (որքան էլ հակառակը ասուի) շարժուեց դէպի Մաքսային միութիւն:
Վիլնիւսը, անկասկած, Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումներից էր: Բայց դա ձախողում էր նաեւ Եւրոպական միութեան համար, որը, ինչպէս եւ Հայաստանը, ճիշտ չէին գնահատել Ռուսաստանի հնարաւոր արձագանգը եւ քայլերը: Այնուամենայնիւ, Վիլնիւսից յետոյ կեանք կայ, եւ Հայաստանը, նրա այսօրուայ եւ ապագայ իշխանութիւնները, պէտք է ճիշդ դասեր քաղեն: Իրականութիւնը ընդունելը եւ դրա հետ հաշտուելը ամօթ բան չէ, իսկ իրականութիւնն այն է, որ Ռուսաստանը, աւելի ճիշդ, այդ երկրի առաջնորդը թոյլ չտուեց, որպէսզի Հայաստանը Եւրոպական միութեան հետ ստորագրի երկու փաստաթղթերը: Նոյն վիճակում յայտնուեց նաեւ Ուքրանիան, որը երկու փաստաթղթերը նախաստորագրել էր մէկ տարի առաջ եւ Վիլնիւսում դրանք պէտք է ստորագրեր:
Արեւելեան գործընկերութեան վեց երկրներից (Ուքրանիա, Պիելոռուսիա, Մոլտովա, Հայաստան, Վրաստան, Ազրպէյճան) միայն Հայաստանը չէր, որ տեղի տուեց Մոսկուայի ճնշումներին: Եւրոպական միութեան համար ամենալուրջ ձախողումը Ուքրանիայի դէպքն էր: Վիլնիւսի գագաթաժողովից մէկ շաբաթ առաջ Ուքրանիայի կառավարութիւնը յայտարարեց, որ չի ստորագրի Ընկերակցութեան համաձայնագիրն ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու պայմանագիրը: Երբ Ուքրանիան է ծնկում Ռուսաստանի առաջ, ապա Հայաստանը չէր կարող Քրեմլինի կամքին հակառակ քայլ կատարել:
Ոեւէ մէկի համար գաղտնիք չէր, որ 2009-ին ստեղծուած Արեւելեան գործընկերութեան ծրագիրը նպատակ էր հետապնդում Ուքրանիային «պոկել» Ռուսաստանից: Եւրոպական միութիւնը, բնականաբար հաւաստիացնում էր, որ Արեւելեան գործընկերութիւնը ուղղուած չէ Ռուսաստանի դէմ: Մոսկուայում ընկալումը բոլորովին այլ էր: Ռուսաստանը բազմիցս հրապարակաւ յայտարարել է, որ Եւրոպական միութիւնը փորձում է Ռուսաստանի անմիջական հարեւան երկրներին ներառել իր ազդեցութեան ոլորտ, ինչպէս դա տեղի է ունեցել նախ Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի, ապա Պալթեան երկրների դէպքում:
Հասկանալու համար, թէ ինչպիսի՛ կարեւորութիւն ունի Ուքրանիան Ռուսաստանի եւ Եւրոպական միութեան համար, բերեմ մի քանի տուեալ: Ուքրանիան տարածքով Եւրոպայի ամենամեծ պետութիւնն է Ռուսաստանից յետոյ, ունի 45 միլիոն բնակչութիւն, ընկած է Ռուսաստանի, Եւրոպայի եւ Սեւ ծովի ռազմավարական կարեւորագոյն եռանկիւնում: Ուքրանիան հիմնականում հարթավայրային երկիր է, հողը բերրի է, իսկ ընդերքը շատ հարուստ` հանածոներով, այդ թւում` երկաթով եւ ածուխով:
Այսօր, սակայն, Ուքրանիան կանգնած է լրջագոյն մարտահրաւէրների առջեւ: Այդ երկիրը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներից: Ուքրանիան տնտեսական այնպիսի թելերով է կապուած Ռուսաստանին, որ Քրեմլինի հակաուքրանական քայլերը կարող են տնտեսական ճգնաժամը աւելի խորացնել` բերելով ներքաղաքական ցնցումների: Միայն կազի գներով Ռուսաստանը կարողանում է զսպել Ուքրանիայի իշխանութիւնների արեւմտեան ձգտումները:
Ուքրանիայի իշխանութիւնները Վիլնիւսի գագաթաժողովի նախօրէին յայտնուել էին երկու կրակի արանքում: Պաշտօնական Քիեւը ակնկալում էր, որ Եւրոպական միութիւնը ֆինանսական օգնութիւն ցոյց կը տայ, եթէ Ուքրանիան Վիլնիւսում ստորագրի երկու փաստաթղթերը: Եւրոպացիները, սակայն, պատրաստ չէին ֆինանսապէս օգնելու եւ փրկելու Ուքրանիայի փլուզուող տնտեսութիւնը: Աւելի՛ն. նրանք այդ երկրի նախագահ Վիքթոր Եանուքովիչից եւ խորհրդարանից ըստ էութեան պահանջում էին բանտից ազատ արձակել երկրի նախկին վարչապետ Եուլիա Թիմոշենքոյին: Եանուքովիչը պատրաստ էր գնալու այդ քայլին, սակայն երբ հասկացաւ, որ եւրոպացիներից չի ստանալու անհրաժեշտ գումարները տնտեսութիւն փրկելու համար, հրաժարուեց ստորագրելուց երկու փաստաթղթերը եւ բանտից ազատ թողնել քաղաքական դրդապատճառներով բանտարկուած նախկին վարչապետին:
Վիլնիւսի գագաթաժողովում Արեւելեան գործընկերութեան վեց երկրներից միայն երկուսը` Մոլտովան եւ Վրաստանը ստորագրեցին, աւելի ճիշդ` նախաստորագրեցին Ընկերակցութեան համաձայնագիրն ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու պայմանագիրը: Երկու երկրներ` Ազրպէյճանն ու Պիելոռուսիան, յստակ յայտարարել էին, որ պատրաստ չեն եւ չեն ցանկանում ստորագրել այդ փաստաթղթերը:
Ռուսաստանը Արեւելեան գործընկերութեան երկրների վրայ ճնշումներ գործադրելու բազմաթիւ գործիքներ ու լծակներ ունի: Ամենախոցելիներից մէկը Ուքրանիան է, որը տնտեսական լրջագոյն խնդիրներից ու մարտահրաւէրներից բացի` ունի քաղաքական խնդիրներ: Այդ երկիրը լեզուով, կրօնով եւ աշխարհահայեացքով բաժանւում է երկու մասի: Ուքրանիայի արեւմտեան հատուածում բնակւում են հիմնականում ուքրանացիներ, իսկ արեւելեան եւ հարաւային հատուածում` հիմնականում ռուսախօս: Ուքրանիայի արեւմուտքում դաւանում են կաթոլիկութիւն, իսկ արեւելքում եւ հարաւում` ռուսական ուղղափառ եկեղեցու հետեւորդներ են: Ուքրանիայի արեւմուտքը կողմնակից է Եւրոպական համարկմանը եւ դէմ է Ռուսաստանին, մինչդեռ արեւելքն ու հարաւը ռուսամէտ է: Աւելի՛ն. հէնց արեւելքում են գտնւում երկրի հիմնական գործարաններն ու հանքերը:
Խոցելի է նաեւ Մոլտովան, որն ունի չկարգաւորուած հակամարտութիւն Մերձտնեսթրում: Աւելի՛ն. Ուքրանիայի եւ Ռումինիայի միջեւ գտնուող այդ երկրում բնակւում են թրքախօս կակաուզներ, որոնք ժամանակ առ ժամանակ ինքնավարութեան խնդիրներ են բարձրացնում: Վրաստանի դէպքում Մոսկուան չունի ճնշումների նախկին լծակները, քանի որ արդէն իսկ ճանաչել է Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի անկախութիւնը, այդ երկրներում հաստատել ռազմակայաններ:
Ամենայն հաւանականութեամբ, Ռուսաստանը շարունակելու ճնշումները Ուքրանիայի, Մոլտովայի եւ Վրաստանի վրայ, որպէսզի նրանք առաւել չխորացնեն համագործակցութիւնը Եւրոպական միութեան հետ: Միւս կողմից, Վիլնիւսի ձախողուած գագաթաժողովում Եւրոպական միութեան առաջնորդները նախազգուշացրել են, որ չեն հանդուրժի Ռուսաստանի միջամտութիւնը Ուքրանիա-Եւրոպական միութիւն հետագայ համարկման գործընթացին:
Յատուկ «Ազդակ»-ի համար

