Մուշեղ Գալշոյեանի Լոյս Յիշատակին. (Դեկտեմբերի 13-ին Մուշեղ Գալշոյեանի Ծննդեան 80-ամեակն Է)
13 Դեկտեմբերին կ՛ամբողջանայ հրապարակագիր, գրագէտ Մուշեղ Գալշոյեանի ծննդեան 80-ամեակը: Այս առիթով ստորեւ կը հրատարակենք հայ գրականութեան մէջ իր դրոշմը դրած արձակագիրին մասին արտայայտուած կարծիքներ:
«Մուշեղ Գալշոյեանի արձակը բարձր նուաճում է, ինքնուրոյն մի հուն, բխացող մի աղբիւր` ջինջ ու արծաթ, որ իր ճամբան է պեղում, որոնում, հասնելու մի ա՜յլ ակունք` պարկեշտ ու մեկուսի: Նա այլոց նման չէ՛: Ինքը` Գալշոյեա՜ն է»:
ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ
«Մուշեղ Գալշոյեանի տաղանդը իր լիութիւնը կը գտնէ մտածումի կաղապարներէն անդին` յուզումներու, կեանքի ոճի, մարդկային զգացական կապերու հանգոյցներուն մէջ: Ու այդ կալուածին մէջ ինչ որ ինք նուաճած է` մնայուն գեղեցկութիւն մըն է մեր գրականութեան համար»:
ՎԱՀԷ ՕՇԱԿԱՆ
«Մուշեղը հեռացաւ մեզանից ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման շրջանում: Գնաց, իր հետ տանելով իր չգրած տասնեակ գրքերը, գնաց խառնուելու Մեծերին եւ հարստացնելու իր նախնիների մասունքներն ու սրբացնելու հայրենի հողը: Մուշեղ Գալշոյեանի երկնային կեանքն աւելի տեւական է, քանզի իսկական գրողի մահը` սկիզբն է իր անմահութեան: Այն, ինչ նա թողել է մեզ, իր ժողովուրդին` դա ազգային հարստութիւն է եւ իր անմահութեան վկայագիրը: Նա յաւիտեան իր ժողովրդինն է, նրա բոլոր ժամանակների ժամանակակիցը»:
ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍԵԱՆ
«Դու ծնուեցիր` որ քեզանով հարստացնես յաւերժող ճամբորդների յաւիտենական շքերթը: Դու ծնուեցիր` որ երկնքի ջինջ կապոյտը քո խորունկ կապոյտ աչքերով բաժան անես մեզ: Դու ծնուեցիր` որ Ձորի Միրոյին քայլեցնես մեզ հետ, մեր մէջ եւ ընդմիշտ լսելի դարձնես նրա արդար պահանջատիրական ձայնը: Դու ծնուեցիր` որ կոմիտասեան կարօտով ու ոգով մի նոր Ծիրանի ծառ պարարտես` քո սքանչելի կոմիտասեան պատմուածքաշարով: Դու ծնուեցիր` որ հասկացնես մեզ, թէ ծաղկում են ո՛չ միայն ծառ ու ծաղիկներ, այլ ծաղկել ունակ են նաեւ քարերը, հայոց քարերը, միայն պէտք է կարողանալ սիրել եւ գուրգուրել նրանց: Եւ «քարէ սիրտը» աւելի շատ մարդկանց է պատկանում, քան բնութեան այդ էակներին: Դու ծնուեցի՜ր…
… Ո՞վ է ասել, որ տաղանդը միայն ստեղծագործական, միայն արուեստի ոլորտին է պատկանում: Այս Տիեզերակեանքում գոյութիւն ունի նաեւ մէկ այլ Տաղանդ: Բացառիկ եւ անգնահատելի: Դա` մահանալուց յետոյ ապրելու Տաղանդն է: Գնալուց յետոյ` մնալու Տաղանդը: Դու միշտ մեզ հետ ես, Մուշե՛ղ: Եւ բացի այդ… մի օր դու ասացիր. «Ես գիտեմ, այն վայրկեանից յետոյ, երբ մենք մնաս բարով կ՛ասենք աշխարհին եւ կը գնանք, կը լինի մի ակնթարթ բաժանում ու… նորից կը հանդիպենք… Կը հանդիպենք երկնքում, մեր հոգիները երկնքում կը գտնեն իրար եւ այլեւս չեն բաժանուի»:
Այո՛, Մուշե՛ղ: Ոմանց հետ դու արդէն հանդիպեցիր երկնային քո տարածքներում: Ոմանց հետ հանդիպումը դեռ առջեւում է… Կը հանդիպե՛նք, Մուշե՜ղ»:
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Երեւան

