Տաւութօղլուն Արժանացաւ Սառը Ընդունելութեան . Հայաստանը Պատրաստ Է Վաւերացնել Արձանագրութիւնները
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն Հայաստանում պետական մակարդակով արժանացաւ ակնյայտ սառը ընդունելութեան: Այդ սառնութիւնը յատկապէս նկատելի էր, երբ այն համեմատում ենք այն ջերմ ընդունելութեան հետ, որին Երեւանում պետական մակարդակով արժանացան նախագահ Ապտիւլլա Կիւլը 2008-ի սեպտեմբերին, ապա մէկ այլ արտաքին գործերի նախարար` Ալի Պապաճանը 2009-ի ապրիլին:
Տաւութօղլուն սառն ընդունելութեան արժանացաւ ոչ թէ եւ ոչ միայն այն պատճառով, որ մօտենում է 2015-ը, երբ համայն հայութիւնը պատրաստւում է ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցը, այլ որովհետեւ Թուրքիան հրաժարւում է վաւերացնել 2009-ի հոկտեմբերին Ցիւրիխում ստորագրուած հայ-թուրքական երկու արձանագրութիւնները: Հէնց Տաւութօղլուն եւ Նալբանդեանն էին, ովքեր թիկունքում ունենալով մի շարք տէրութիւնների արտաքին գործերի նախարարների, որոնց թւում` Հիլըրի Քլինթընի (Միացեալ Նահանգներ) եւ Սերկէյ Լաւրովի (Ռուսաստան) ներկայութիւնը, ստորագրեցին այդ փաստաթղթերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը դեկտեմբերի 12-ին միօրեայ այցով Հայաստան էր ժամանել` Սեւծովեան տնտեսական համագործակցութիւն (ՍԾՏՀ) կազմակերպութեան խորհրդի նախարարների` Երեւանի հանդիպմանը մասնակցելու նպատակով: 2009-ի ապրիլից ի վեր սա Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է: Սակայն ի տարբերութիւն Պապաճանի, ով արժանացաւ Սերժ Սարգսեանի ընդունելութեանը, մինչեւ վերջին պահը հաստատուած չէր անգամ Նալբանդեան-Տաւութօղլու հանդիպումը:
Ընդհանուր առմամբ, Տաւութօղլուն Երեւանում անցկացրեց մօտ 10 ժամ: Հայաստան այցից մի քանի օր առաջ թուրքական լրատուամիջոցները, հիմնականում նրանք, որոնք վերահսկելի են իշխանութիւնների կողմից, հեղեղուած էին Տաւութօղլուի այցի եւ հայ-թուրքական ու արցախեան հակամարտութեան մասին հրապարակումներով: Այսպէս, թուրքական կողմը փորձում էր միջազգայնօրէն ստեղծել տպաւորութիւն, թէ իբր կայ հայ-թուրքական երկխօսութիւն, իսկ Տաւութօղլուի այցը աւելի շատ ներկայացւում էր երկկողմ յարաբերութիւնների խորապատկերի վրայ, թէեւ ակնյայտ էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ոչ թէ Հայաստան է այցելում, այլ մասնակցում` մի կազմակերպութեան գագաթաժողովի, որն անցկացւում էր Երեւանում:
Հայկական կողմը` պաշտօնական Երեւանն ու իշխանութիւնների կողմից վերահսկելի լրատուամիջոցները, փորձում էին ամէն կերպ կարեւորութիւն չտալ Տաւութօղլուի այցին: Աւելի՛ն. Հայաստանի իշխանութիւնները, թւում է, ամէն կերպ փորձում էին խուսափել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցից: Սակայն Տաւութօղլուն հաստատակամ էր: Նա ժամանեց Երեւան, մասնակցեց ՍԾՏՀ նիստին, մէկուկէս ժամանոց հանդիպում ունեցաւ արտաքին գործերի նախարար Նալբանդեանի հետ, իսկ Երեւանից մեկնելուց առաջ «Մարիոթ Արմենիա» հիւրանոցում ասուլիս տուեց միայն իրեն ուղեկցող թուրք լրագրողների համար:
Այսպիսով, եթէ Տաւութօղլուն խուսափեց հայ լրագրողների տհաճ հարցերից, ապա Նալբանդեանը ասուլիս ընդհանրապէս չտուեց, իսկ արտաքին գործերի նախարարութիւնը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների մէկուկէս ժամանոց հանդիպման մասին տարածեց երկու նախադասութիւնից կազմուած հաղորդագրութիւն. «Էդուարդ Նալբանդեանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական յարաբերութիւնների առանց նախապայմանների կարգաւորման վերաբերեալ: Նախարարներն անդրադարձել են ՍԾՏՀ հետագայ գործունէութեանը եւ ծրագրերին»:
Տաւութօղլուն թուրք լրագրողների հետ զրոյցում ասել է, որ Նալբանդեանի հետ հանդիպումը «շատ ջերմ եւ բարեկամական» է եղել: «Արդէն պարզ է, թէ որքան տարակարծիք ենք տարբեր հարցերի շուրջ, սակայն, չնայած այդ տարբերութիւններին, կարեւորը տարբեր առիթներով աւելի յաճախ հանդիպելը եւ զարգացումներին հետեւելն է: Այս հողերի վրայ մեր ժողովուրդները դարերով ապրել են միասին: Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ մեր յարաբերութիւնները ամենաբարձր մակարդակի լինեն, ինչպէս մեր միւս հարեւանների հետ է: Այս առումով մեր կառավարութիւնները վերջին տարիներին լուրջ ջանքեր են գործադրում», ըստ թուրքական լրատուամիջոցների ասել է Տաւութօղլուն:
Նալբանդեան-Տաւութօղլու հանդիպումը, ինչպէս տեղեկացանք դիւանագիտական աղբիւրներից, անցել է լարուած մթնոլորտում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ջանքերը` ղարաբաղեան հարցում առաջընթացը կապել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին, անցել է ապարդիւն: Սակայն, միւս կողմից, պաշտօնական Երեւանը պատրաստակամ է վաւերացնել եւ կեանքի կոչել դեռ 2009-ին Ցիւրիխում ստորագրուած արձանագրութիւնները: Այդ մասին դեռ Տաւութօղլուի այցի նախօրէին յայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը:
Ի դէպ, Հայաստանի դիւանագիտական բառապաշարում նոր եզրոյթ է գործածւում: Եթէ նախկինում հայ դիւանագէտները օգտագործում էին միայն «արձանագրութիւնների վաւերացում» եզրոյթը, ապա վերջին շրջանում դրան աւելացրել են նաեւ «կեանքի կոչում»-ը: Սա արդէն նշանակում է, որ հայ դիւանագէտները այն աստիճան չեն վստահում թուրքերին, որ մտահոգութիւններ ունեն` արդեօք Թուրքիան կեանքի կը կոչի՞ արձանագրութիւններում նշուած կէտերը, եթէ անգամ այդ փաստաթղթերը վաւերացուեն խորհրդարանում:
Տաւութօղլուի Հայաստան այցի նպատակն էր միջազգայնօրէն տպաւորութիւն ստեղծել, թէ հայ-թուրքական դիւանագիտութիւն եւ երկխօսութիւն կայ, հետեւաբար ցանկալի չէ երրորդ երկրների կողմից 1915-ին անդրադարձը: Թուրքիան փորձելու է ամէն ինչ անել, որպէսզի այդ տպաւորութեամբ մտնի 2014 թուական եւ այդ տպաւորութեամբ դիմաւորի 2015-ը: Բայց այդ հարցում, որքան էլ հեգնական հնչի, Թուրքիային օգնում է հէնց Հայաստանի կեցուածքը, որը հետեւողականօրէն հրաժարւում է յետ կանգնել եւ ստորագրութիւնը վերցնել ցիւրիխեան արձանագրութիւններից:
Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանութիւնները չեն հրաժարւում այդ փաստաթղթերից: Նրանք, ովքեր այս հարցը իշխանութիւններին ուղղելու հնարաւորութիւն ունեն, ներկայացնում են հետեւեալ կերպ: Առաջին. Սերժ Սարգսեանն ու Էդուարդ Նալբանդեանը շարունակում են համոզուած լինել, որ թուրքերի հետ բանակցութիւնների ընթացքում ստորագրուած ցիւրիխեան երկու արձանագրութիւնները առաւելագոյնն են, որը ներկայ պայմաններում կարող են ստանալ հայերը, աւելի պարզ լեզուով` դա է չարեաց փոքրագոյնը: Երկրորդ. նրանք համոզուած են, որ այդ փաստաթղթերում նախապայմաններ չկան ուղղակի կամ անուղղակի իմաստով: Երրորդ. Հայաստանի իշխանութիւնները չեն կարող հրաժարուել այդ փաստաթղթերից` հաշուի առնելով այն ներգրաւուածութիւնը, որ ունեցել են կարգաւորման մէջ դերակատարութիւն ունեցած արեւմտեան պետութիւնները:
Տրամաբանական է, որ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնը ողջունել է Տաւութօղլուի Հայաստան այցը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

