Ի՞նչ Էր Մէկուկէս Ժամ Խօսում Նալբանդեանը Տաւութօղլուի Հետ
ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Տաւութօղլուն յայտարարում էր, թէ Երեւան է այցելում Հայաստանի հետ յարաբերութիւնները վերականգնելու եւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման անկեղծ նպատակներով: Սակայն նա դեռ չէր հասցրել առանձնազրոյց ունենալ Հայաստանի իր պաշտօնակից Էդուարդ Նալբանդեանի հետ, երբ Պոլսում լոյս տեսնող «Ակօս» հայկական պարբերականից տեղեկատուութիւն ստացուեց, թէ թուրքական պատմագիտական ընկերութիւնը թուրքական համալսարաններից պահանջել է այն ուսանողների, ասպիրանտների անունները, աշխատանքների վերնագրերը եւ կապ հաստատելու կերպերը, ովքեր ուսումնասիրութիւններ են կատարում Հայկական հարցի վերաբերեալ` սպառնալով կրթաթոշակներից զրկել բոլոր նրանց, ովքեր դարասկզբին կատարուած իրադարձութիւնները կը փորձեն որպէս Ցեղասպանութիւն ներկայացնել:
2009թ. հայ-թուրքական երկու արձանագրութիւնները ստորագրելուց առաջ եւ յետոյ պաշտօնական Անգարան յայտարարում էր, թէ այդ տարիներին տեղի ունեցածը միայն պատմաբանների, այսինքն` գիտական ոլորտի խնդիրն է: Աւելի՛ն, սոյն գաղափարը, որը, ըստ էութեան Ցեղասպանութեան արդիականութիւնը եւ դրա ճանաչման քաղաքական նշանակութիւնը նսեմացնելու եւ պատմութեան «աղբարկղը» նետելուն ուղղուած քայլ է, ընկած է նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնների հիմքում` այդ փաստերն ուսումնասիրելու նպատակով պատմաբաններից կազմուած յանձնաժողով ստեղծելու տեսքով: Թուրքական պատմագիտական ընկերութեան այս նախաձեռնութիւնը, սակայն, ցոյց է տալիս, որ անգամ դրան Անգարան պատրաստ չէ: Պատմագիտութեան համատարած վերահսկողութիւնը, որը չէզոքացնում է իրական գիտութեան ամենակարեւոր սկզբունքը` անաչառութիւնը, աւելորդ անգամ պատռում է թուրքական քաղաքականութեան եւ դիւանագիտութեան դիմակը եւ Հայոց ցեղասպանութիւնը պատմական բանավէճի յաւերժ թեմա դարձնելու անթաքոյց նպատակները:
Այս իրողութիւնը երանգաւորում է ՍԾՏՀԿ արտաքին գործոց նախարարների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործոց նախարարների դռնփակ երկկողմ հանդիպումը: Ի՞նչ էր Նալբանդեանը քննարկում Տաւութօղլուի հետ` Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախաշեմին, երբ սեփական պատմագրութեան նման գրաքննութեամբ Թուրքիան պարզորոշ հասկացնում է իր իրական նպատակները: Պաշտօնական Երեւանը շարունակում է Թուրքիայի հետ իր յարաբերութիւնների հեռանկարը պայմանաւորել 2009-ին ստորագրուած եւ երկու երկրների խորհրդարաններում վաւերացման սպասող զոյգ արձանագրութիւններով: Տաւութօղլուի այցի նախօրէին Հայաստանի արտաքին գործոց նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը յայտարարեց, թէ Թուրքիան կարող է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը նպաստել` առանց որեւէ նախապայմանի վաւերացնելով եւ կեանքի կոչելով 2009թ. Ցիւրիխում ստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնները: Իսկ երբ Տաւութօղլուն արդէն Երեւանում էր, արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը շտապեց շեշտելու, թէ` «Հայաստանի եւ միջազգային հանրութեան դիրքորոշումը յստակ է. հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է տեղի ունենայ առանց որեւիցէ նախապայմանի: Ուստի, թուրքական կողմի` դա այլ հարցերի հետ կապակցելու փորձերը, նախապայմաններ առաջ քաշելը, ապարդիւն են եւ անիմաստ»:
Իսկ համաշխարհային հանրութեան դիրքորոշումը հերթական անգամ այսօր բանաձեւել է Միացեալ Նահանգների պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նա յայտարարելով, թէ Միացեալ Նահանգները ողջունում են Թուրքիայի արտաքին գործոց նախարարի այցը Հայաստան եւ յուսով է, որ դա Երեւանի եւ Անգարայի միջեւ երկխօսութեան հնարաւորութիւն կը տայ, ասել էր. «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային եւ Հայաստանին վաւերացնել արձանագրութիւնները եւ իրականացնել սահմանների բացմանն ուղղուած իրական քայլեր»: Փաստօրէն, հէնց դրա հետ է համահունչ Հայաստանի դիրքորոշումը:
Արձանագրութիւնների վաւերացման խնդիրն օրակարգում պահելու պարագայում Երեւանը չի կարող խուսափել դրանք նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելուց, եւ ամենայն հաւանականութեամբ հէնց դա է եղել Տաւութօղլու-Նալբանդեան մէկուկէս ժամանոց բանակցութիւնների առանցքը:
Ինքնին արդէն նման հանդիպումը ցոյց է տալիս, որ Երեւանի համար այս պահին ամենակարեւորը ոչ այնքան արձանագրութիւններից թէկուզ աստիճանաբար հրաժարուելն է, որքան դրանց հենքի վրայ միջազգային հանրութեան մօտ յարաբերութիւնների կարգաւորման մէջ շահագրգռուած լինելու տպաւորութիւն թողնելը:
Նախագահը հրաժարուեց ընդունել Տաւութօղլուին, եւ այդ մասով Անգարայի ծրագրերը տապալուեցին: Այն փաստը, որ Տաւութօղլուն որոշեց ասուլիս տալ միայն թուրք լրագրողների համար, ցոյց է տալիս, որ նա նաեւ չստացաւ նախատեսած ուղերձները յղելու բաւարար դաշտ կամ ամպիոն: Սակայն սա դեռեւս ոչինչ չի ասում այն մասին, թէ արդեօք Անգարայի եւ Երեւանի միջեւ մեկուսի, գաղտնի բանակցութիւններ չե՞ն վարւում: Արդէն իսկ այն փաստը, որ արտաքին գործերի նախարարների հանդիպումը շուրջ մէկուկէս ժամ է տեւել, ցոյց է տալիս, որ կողմերն ունեցել են քննարկելու շատ յստակ օրակարգ: Դրանով Երեւանը հասկացրեց, որ չի բաւարարուելու Տաւութօղլուի զուտ դիւանագիտական ընդունելութեամբ, իսկ դա, որ տեսանկիւնից էլ նայես, նշանակում է քննարկել այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջադրում է թէ՛ յարաբերութիւնների կարգաւորման եւ թէ արձանագրութիւնների վաւերացման համար: Այսքանով արդէն Նալբանդեանը հակասում է ինքն իրեն եւ այդքանով մեծացնում հայ-թուրքական երկրորդ գիշերային դիւանագիտական հանգրուանի առկայութեան շուրջ եղած կասկածները:
«Երկիր»

