Լիբանանի Պասքեթպոլի Ֆետերասիոնի Ընտրութիւններ ՀՄԸՄ-ի Ներկայացուցիչ Ժորժ Սապունճեան Ստանձնեց Հաշուապահի Պաշտօնը
Շաբաթ, 21 դեկտեմբեր 2013-ին, Սանթրալ ակումբին մէջ (Ժունիէ) տեղի ունեցան Լիբանանի պասքեթպոլի նոր ֆետերասիոնին ընտրութիւնները` ներկայութեամբ Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարի գլխաւոր ներկայացուցիչ Մոհամետ Աուէյտաթի եւ նախարարի գործակատար Էլի Շահինի:
Այս ընտրութիւններուն իրենց մասնակցութիւնը բերին ֆետերասիոնին անդամագրուած 129 ակումբներէն 120-ը:
Ուալիտ Նասսարի գլխաւորած 15 անձերէ բաղկացած ցանկը ամբողջութեամբ յաջողեցաւ, մինչ մրցակից կազմը, որ կը գլխաւորէր ֆետերասիոնի նախկին նախագահ Փիեռ Քահիա, ձախողեցաւ իր առաքելութեան մէջ:
ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Ժորժ Սապունճեան, որ մաս կը կազմէր Նասսարի գլխաւորած ցանկին, ընտրուեցաւ նոր ֆետերասիոնի անդամ: Ան ապահովեց 118 ձայն եւ աւարտին տեղի ունեցած պաշտօններու բաժանումին ստանձնեց հաշուապահի պաշտօնը:
Աւարտին նոր ֆետերասիոնը գումարեց իր ժողովը` կատարելով պաշտօններու բաժանում, հետեւեալ ձեւով (փակագիծերուն մէջ նշուած են ֆետերասիոնի ընտրեալ անդամներուն ապահոված ձայները).
Ուալիտ Նասսար (նախագահ, 125 ձայն), Ֆարես Մըտաուար (Ա. փոխնախագահ, 176 ձայն), Նիզար Ռաուաս (Բ. փոխնախագահ, 191 ձայն), Նատեր Պասմէ (Գ. փոխնախագահ, 190 ձայն), Վիգէն Չերչեան (Դ. փոխնախագահ, 122 ձայն), Ղասսան Ֆարես (ընդհանուր քարտուղար, 142 ձայն), Էլի Ֆարհաթ (գանձապահ, 130 ձայն), Ժորժ Սապունճեան (հաշուապահ, 118 ձայն), Նազիհ Պուժի (Լիբանանի ազգային խումբերու տնօրէն, 114 ձայն), Ֆատի Թապեթ (118 ձայն), Մարուն Ժըպրայել (122 ձայն), Ռոժէ Աշքութի (120 ձայն), Ֆուատ Սալիպա (134 ձայն), Հատի Ղըմրաուի (113 ձայն) եւ Ռամի Ֆաուազ (160 ձայն)` խորհրդականներ:
Իսկ պարտեալները ստացան հետեւեալ ձայները. Փիեռ Քահիա (92 ձայն), Տումեթ Քալլապ (83), Միշել Խուրի (77), Ռեմոն Զըղէյպ (74), Ժան Մամօ (79), Ժորժ Ֆրանսիս (71), Յարութիւն Պետրոս Գունտաքճեան (78), Միշել Պէյրութի (89), Տանի Հաքիմ (84), Մոհամետ Ապու Պաքըր (83) եւ Թամմամ Ժարուտի (81):

