«Ես Արդէն Վաղուց Ծնուած Էի»

«Էկոնոմիկա» ամսագրի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր եւ գրականագէտ` Լուսիա Մեհրաբեանի հեղինակութեամբ լոյս տեսած «Ես արդէն վաղուց ծնուած էի» գիրքը նուիրուած է Աննա Պետրոսեանի ստեղծագործական կեանքին, ուր «հեղինակը շեշտը դրել է ընթերցանութեան բացառիկ հնարաւորութիւնների բացայայտման վրայ, ինչի արդիւնքում է, որ «Գիրք», «Գրականութիւն» եւ «Արուեստ» հասկացութիւնները կրթում են միտքն ու հոգին, դաստիարակում եւ մշակոյթի բարձունքներին հասցնում ընթերցողին»:

340 էջերէ բաղկացած այս հատորի առաջին էջի վրայ Լուսիա Մեհրաբեան կ՛ըսէ, թէ «Հայաստանի անցեալի, ներկայի եւ ճակատագրի շուրջ խորհիլ սիրողներու համար» գրուած այս գիրքը «Խօսք է մեր կողքին ապրող, համաշխարհային գրականութեանը վայել գրքեր գրող հայ հեղինակի մասին, ով նախ դերասան էր, ապա` դրամատուրգ, բեմադրիչ, երկու թատրոնների հիմնադիր, բեմագիրներու հեղինակ, կինոբեմադրիչ, ապա` պատմավիպասան ու այժմ նաեւ` պատմիչ:

Խօսք հայրենասէր ու պատուախնդիր հայ գրողի, հայ կնոջ մասին`

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ»

Գիրքի բովանդակութեան եւ ոճի մասին, որոշ ճաշակ մը փոխանցելու համար մեր ընթերցողներուն կը ներկայացնենք յատկանշական հատուած մը` «Թագաւորի փոքր տղան», որ խիստ դաստիարակչական բնոյթ ունի, յատկապէս մեր աշակերտներուն համար:

 

Թագաւորի Փոքր Տղան

Թոռնիկիս` Ժիրայրին

Իմ սիրելի, իմ քաղցրիկ տղայ, ես քեզ կը պատմեմ Փոքր Տղայի մասին, որովհետեւ շատ կարեւոր է, որ դու ճանաչես նրան, ինչպէս որ նա կայ հայոց հնաւանդ հեքիաթներում: Ես կը վառեմ մոմը, մեր սենեակը լոյսով կը լցուի այնքան, որքան անհրաժեշտ է, որ մենք մեզ ճնշուած չզգանք ծանր խաւարից: Ես կը վառեմ նաւթավառը, որ մեր սենեակի քարացած սառնութեան մէջ նա իր ներկայութեամբ մխիթարի մեզ տաքութեամբ բուրող շնչով: Մենք կը նստենք մօտիկ-մօտիկ եւ մեր սեփական ջերմութիւնը նոյնպէս կ՛օգնի մեզ հաշտուելու ցրտի ու խաւարի հետ: Որովհետեւ թագաւորի Փոքր Տղայի մասին պատմելիս շատ կարեւոր է, որ մենք հաշտ լինենք այն բոլոր անյարմարութիւնների հետ, որոնք շրջապատում են մեզ: Դրսում մէկ ձիւն ու մէկ անձրեւ է: Գարունն արդէն ծաղկոտ քղանցքները հաւաքած գալիս է դէպի մեզ եւ ուրախ է անչափ, որ մենք քաջութեամբ ենք տարել ձմրան դաժանութիւնը ու յաղթահարում ենք հիմա նրա վերջին օրերի սառնութիւնը նոյնպէս: Ես  քեզ կը պատմեմ թագաւորի Փոքր Տղայի մասին, որովհետեւ հիմա առաւել, քան երբեւէ, մեր հայրենիքին պէտք են թագաւորի Փոքր Տղայի բնաւորութեան տէր զաւակներ, որոնք բարի են իրենց զօրեղութեամբ եւ զօրեղ են իրենց բարութեամբ: Ես իմ այս պատմութիւնը նուիրում եմ քեզ, քո տասնամեայ հասակին, որովհետեւ ուրիշ էլ ի՞նչ հասակ կարող է հասկանալ իմ պատմութեան բուն իմաստը, եթէ ոչ դու, որ տաս տարեկան ես: Ես կ՛ուզենայի իմ պատմութիւնը պատմել նաեւ մեծահասակներին, բայց վախենում եմ, որ նրանք չհասկանան ինձ եւ մեղադրեն, թէ լուրջ պատմութիւնները թողած` հեքիաթի տղայի մասին եմ խօսում: Բայց դու գիտես. թագաւորի Փոքր Տղայի պատմութիւնը լուրջ պատմութիւն է եւ մեծերին նոյնպէս շատ անհրաժեշտ է իմանալ: Աստուած նրանց հետ, ինձ համար հիմա կարեւորը դու ես եւ բոլոր նրանք, ովքեր տաս տարեկան են կամ մի քիչ աւել:

Ուրեմն` լսի՛ր:

Սկզբից ասեմ, որ թագաւորի Փոքր Տղան վերջում պիտի թագաւոր դառնայ, որովհետեւ թագաւորի միւս որդիները, որոնք իրենց աւագութեամբ իրաւունք ունէին բազմել գահին, չկարողացան արժանանալ ժողովրդի այն մեծ վստահութեանը, որը շատ անհրաժեշտ էր թագաւոր դառնալու համար: Չկարողացան անել այն, ինչ պարտաւոր էին անել, երբ դեռ արքայազն էին եւ ամէն կերպ պիտի ապացուցէին իրենց արժանաւոր լինելը: Ժողովուրդը իր սքանչելի, իմաստուն հեքիաթներում մերժեց թագադրել նրանց, քանզի անարժան գտաւ նրանց: Անարի, վախկոտ, անհաւատարիմ, ստախօս, ուրիշի քաջութիւնը իրենց վերագրող, նաեւ նենգ ու դաժան… Ժողովուրդը խորապէս ատեց սրանց եւ փոխարէնը սիրեց թագաւորի Փոքր Տղային, որովհետեւ նա ոտից-գլուխ հաւատարմութիւն, անձնազոհութիւն, քաջութիւն ու կորով էր: Ինչո՞ւ, երբ հարկաւոր էր պահպանել այգին, որտեղ աճում էր անմահական խնձորի ծառը, դա միայն յաջողւում է թագաւորի Փոքր Տղային: Որովհետեւ, եթէ մեծ եղբայրները անհոգաբար քնում են, թոյլ տալով վիշապին սողալ դէպի ծառը ու խժռել անմահական խնձորները, թագաւորի Փոքր Տղան, երբ զգում է, որ քնել է ուզում, իսկ քնելով պիտի բաց թողնէր թշնամուն հանդիպելու պահը, դանակով վէրք է բացում մարմնի վրայ, աղ ցանում վէրքին եւ իրեն մարմնական սարսափելի ցաւ պատճառելով անքուն մնում: Այսպէս նա կարողանում է կռուել վիշապի դէմ եւ փրկել անմահական խնձորի ծառը…

Իսկ ի՞նչ էր, ի վերջոյ, այս այգին, ուր աճում էր այս հրաշալի ծառը:

Սրբազան հո՛ղ, որը հայրենիքն է: Ծառը պաշտպանել վիշապից` նշանակում է պաշտպանել հէնց հայրենիքը: Որովհետեւ, այն, ինչ գտնւում է հայրենիքում, բազմիմաստ նշանակութիւն է ստանում. ծառը, ջուրը, հողը, քարը, երկինքը, լեռը, աստղերը, տունը, եկեղեցին, խաչքարը, մարդը: Մի խօսքով, չկայ ոչինչ, որ անկարեւոր եւ անարժան լինի պաշտպանութեան համար: Ժողովուրդը ահա այս ամէնի պահապան է կարգել իր սիրելի արքայազնին, վստահ, որ քաջ լինելուց բացի, անձնազոհ է: Սա չէ՛ր միայն վէրք ու մրմուռ պատճառելով սեփական անձին: Ծառը պաշտպանել: Ծառն այստեղ խորհրդանշան է: Կարեւոր ու իմաստալից գործը, մինչեւ վերջ կատարելու համար դեռ որքա՞ն փորձութիւնների միջով պիտի անցնի նա: Շարունակութիւնը շատ աւելի դժուար կատարելի է, որովհետեւ, որպէսզի ծառն ապահով ու անվնաս մնայ, հարկաւոր է ոչնչացնել բոլոր այն թշնամիներին, որոնք ժամանակ առ ժամանակ փորձում են աւեր դարձնել հայրենիքը: Իսկ երկիրը թշնամիներից մաքրելու համար չկայ դիւրին ճանապարհ… Այդ ճանապարհը կարող է նրա համար դառնալ «գնացող, ետ չդարձողի» ճանապարհ, ինչպէս ասում են հեքիաթներում: Նա գիտէ, որ կարող է զոհուել, կարող է իր ջահել գլուխը դնել մեծ կռուի մէջ, բայց նա աներեր գնում է հէնց ա՛յդ ճանապարհով, այն դէպքում, երբ նրա աւագ եղբայրները ընտրում են ուրիշ, իրենց անձի համար ապահով ճանապարհներ, որոնք, փաստօրէն, փախուստի ճանապարհներ են: Փախուստի այդ ճանապարհներին նրանք կորցնում են ամենակարեւորը` մարդկային արժանապատուութիւնը: Եւ դեռ, կարծես, սա քիչ է, երբ նրանց փոքր եղբայրը քաջութեամբ եւ անձնազոհութեամբ կարողանում է յաղթել թշնամիներին` խարդաւանքով նրան նետում են այնպիսի մի տեղ, որտեղից, գիտեն, հնարաւոր չէ դուրս գալ եւ, ստորաբար նրա յաղթանակը իրենց վերագրելով, փորձում են փառաւորապէս նստել գահին:

Թագաւորի Փոքր Տղան իր եղբայրների խարդաւանքի, նախանձի, ատելութեան պատճառով այսպէս յայտնւում է Մութ Աշխարհում, որը մութ էր, որովհետեւ մի ուրիշ գարշելի վիշապ նստել էր Ակնաղբիւրի բերանին եւ կլանում էր Կենաց Ջուրը: Այս վիշապը օրուայ ընթացքում մի քիչ լորձանախառը ջուր էր բաց թողնում, երբ Մութ Աշխարհի բնակիչներից կուլ տալու համար ստանում էր իր հերթական կերակուրը` ջահել մի աղջիկ, կամ ջահել մի պատանի…

Դու հասկանում ես, թագաւորի Փոքր Տղան արդէն պայքարել էր դեւերի ու վիշապների դէմ, ազատել նրանց կողմից գերուածներին եւ ժողովրդից թալանած գանձերը: Իր դաժան, նախանձ, չարակամ եղբայրների պատճառով յայտնուել էր Մութ Աշխարհում եւ, ճիշդն ասած, ոչ մէկը չէր պահանջում, որ հիմա էլ այս մութ աշխարհի համար «գնացող, ետ չդարձողի» ճանապարհով հասնի աղբիւրի ակը պահած վիշապին եւ նորից կեանքի ու մահու կռիւ տայ, սպաննի գարշելի ճիւաղին, մութ, անյոյս աշխարհը ընդմիշտ ազատի իր զաւակներին զոհ տալու անհրաժեշտութիւնից եւ դեռ այդ նոյն աշխարհում մէկ ուրիշ վիշապի երախից, նրան կտոր-կտոր անելով, ազատի արծուի ձագուկներին: Թագաւորի Փոքր Տղան անմեղ մարդկանց, թռչուններին, գազաններին անգամ փրկելու համար պէտք չէ խնայի իր կեանքը:

Ժողովուրդն իր իմաստուն հեքիաթներում իր սիրելի հերոսին դնում է այնպիսի վիճակների մէջ, որ կարողանայ վերջնականապէս հաստատել նրա անսահման բարութիւնը եւ քաջարի սիրտը, նրա զօրեղութիւնը եւ իմաստութիւնը: Ժողովուրդն իր սիրելի հերոսին տանում է ծանր, նրա կեանքն ու արեւը պահանջող փորձութիւնների միջով, նրան բազմաթիւ անգամ հանում է նրանից ուժեղ թշնամիների դէմ, անցկացնում կրակների միջով եւ Մութ Աշխարհների բաւիղներով, նրա դիմաց փռում թշնամու մահաբեր շնչից այրուած ու կործանուած երկիրը, որպէսզի տեսնի` արդեօք իր ընտրեալի սիրտը տոչորւո՞ւմ է ազնիւ ցասումից եւ, արդեօք, իր կեանքը անմնացորդ կարո՞ղ է նա տալ Աշխարհի վրայ Մեծ Արդարութիւն հաստատելու համար: Որովհետեւ ա՛յս դէպքում միայն նա կարող է շահել ժողովրդի սէրը եւ վստահութիւնը:

Ուրիշ ինչպէ՞ս, սիրելի տղաս, ուրիշ ինչպէ՞ս…

Ժողովուրդն իր չքնաղ, իմաստուն հեքիաթներում գահին է հասցրել ու թագադրել Բարութիւնը, Ազնուութիւնը, Արդարութիւնը, Քաջութիւնը, Անձնազոհութիւնը եւ դատապարտել է նենգութիւնը, խարդաւանքը, դաժանութիւնը, չարութիւնը, ստորութիւնը, բամբասանքը, աւազակութիւնը… Գահին կարող է հասնել միայն նա, ով տեսել եւ խորապէս զգացել է իր ժողովրդի ցաւը, տառապանքը, աւերուած, խանձուած, անպտուղ դարձած երկրի տնքոցը, ծարաւը, քաղցը, յուսահատութիւնը, Մութ Աշխարհի սոսկումը… միայն Նա՛ կարող է լինել իր ժողովրդի արդարադատ առաջնորդ-թագաւորը, ով գիտէ իր ժողովրդի բոլոր-բոլոր ցաւերը եւ պատրաստ է ամէն վայրկեան այդ ցաւերին բալասան բերել, եթէ նոյնիսկ նորից ու նորից պահանջուի իր կեանքը:

Իսկ եթէ դուրս գանք հեքիաթների չքնաղ տիրոյթներից եւ մտնենք այսօրուայ մեր կեանքի յորձանո՞ւտը…

Իմ սիրելի, իմ քաղցրիկ տղայ, ամէն ծնողի համար, հաւատա, իր որդին արքայազն է եւ անպայման նման հեքիաթի թագաւորի Փոքր Տղային: Որովհետեւ ի՞նչ ծնող է, որ ուզում է իր զաւակի անարի, վախկոտ, նենգ, ստորաքարշ, չարհոգի, անշնորհակալ, ոչ մի սրբութիւն չճանաչող, այդ թւում նաեւ ծնողական սրբութիւնը ոտնահարող որդի լինելը: Իսկ եթէ յիշես, որ հայրենիքը իր մէջ կրում է «հայր» բառը, եւ մայրենի լեզու հրաշալի արտայայտութիւնը կազմուած է նաեւ «մայր» բառից, ուրեմն կը հասկանաս, թէ թագաւորի Փոքր Տղայի յաւերժական ծնողներն ովքեր են:

… Գիտես, նրանք, որ կռւում էին Արցախում յանուն Սրբազան Երկրի ազատութեան` թագաւորի Փոքր Տղաներ էին: Նրանք ընտրել էին «գնացող, ետ չդարձողի» ճանապարհը` հաստատ մտադրութեամբ, որ ոչնչացնելու են մարդանման վիշապներին, ձեռք են բերելու ազատութիւնը Հազարան Հաւքի, որի քաղցր երգի տակ պիտի նորից յորդի վիշապի երախից ազատուած Անմահական Ջուրը ու պիտի նորից յառնեն հայրենիքի, Մայր Երկրի կախարդական այգիները… Նրանք գնացին «գնացող, ետ չդարձողի» ճանապարհով, եւ շատերը իրօք չվերադարձան, իրենց երիտասարդ կեանքը զոհ տուեցին հայրենիքին` դիւրին դարձնելով յաղթանակը միւսների համար…

Տղաս, մեր այսօրուայ հերոսներին ճանաչելու ու հասկանալու համար խնդրում եմ, կարդա Հայոց հնաւանդ հեքիաթները եւ առասպելները, կարդա մեր հանճարեղ դիւցազնավէպը` «Սասնայ ծռերը»… Կարդա եւ քո երազանքներում աշխատիր հանդիպել թագաւորի Փոքր Տղային եւ միւս հերոսներին:

1995 թ. մարտ»:

 

Ժիրայրը բազմաշնորհ երիտասարդ է: Ուսանողական կեանքը կամաւոր ընդմիջել է` հայոց բանակում տարիքին համապատասխան ժամանակում ծառայելու նպատակով: Տիրապետում է մի քանի լեզուների, համակարգչային աշխարհի գիտակ է եւ շատ օգտակար է եղել զինուորական այն ստորաբաժանմանը, որտեղ անց է կացրել ծառայութեան երկու տարին:

Աննա Պետրոսեանի մեծածաւալ բազմահատորեակը, որը եւ պատմավէպերն են, եւ «Բոլոր ժամանակների Հայաստանը» վկայագիրքը, կանգ է առել յաղթանակի վրայ: Յաղթանակն, այնուամենայնիւ, մենք ձեռք բերեցինք միայն եւ միայն զէնքով: Արցախեան յաղթանակով վերջապէս գերութիւնից մի մաս ազատագրուած հայրենիք ունեցանք:

Այսպէ՛ս նրանք յաղթեցին: Յաղթեցի՛ն` մէկ մէկ ազատագրելով Արցախի գիւղերը, շէները, սրբավայրերը, քաղաքները… եւ ետ շպրտելով թշնամուն Հայաստանի սահմաններից: Յաղթողներից ո՞ւմ անունը տաս եւ ումը` ոչ: Ո՞ւմ սխրանքների մասին պատմես եւ ումը` ոչ… հազար-հազարներ են նրանք` քաջերը եւ քաջերից քաջերը:

… Ես թողնում եմ ողջերի ու զոհուածների լուսանկարների կոյտը սեղանին եւ գնում եմ Եռաբլուր:

Խաղաղ քնած է Եռաբլուրը: Առաւօտի մշուշների մէջ արեւի լոյսը դեռ տատամսելով է թափանցում այստեղ…

… Ես հիմա, այստեղ` Եռաբլուրում, առաւօտի բացուող շքեղ լոյսերի մէջ, զգում եմ նրանց բոլորի հոգիների սխրանքը իմ զգացմունքների ու մտքերի յորձանուտում եւ վերջապէս խաղաղւում է պատերազմից, երկրաշարժից, որդիների կորստից ահագնացած տառապանքը, որ կրել եմ իմ ներսում` կարծես մի ողջ յաւիտենութիւն:

… Ես չգիտէի, որ բոլոր նրանք իմ որդիներն են… Ես չգիտէի, որ երկունքի ցաւով ծնել էի նրանց եւ սնել յորդաբուխ մայրական կաթով, երգել նրանց սնարին օրօրոցի անուշ հայրուրի՜… Ես չգիտէի, որ նրանց բոլորի առաջին ժպիտը ինձ էր նուիրուած եւ թոթովանքը անմեղ շուրթերի` ինձ էր ուղղուած… Ես չգիտէի, որ ցաւից կծկուել է սիրտս, երբ խաղի պահին ընկել են ու վնասել ծունկը… Ես չգիտէի, որ ես եմ պատմել առաջին հրաշապատում հեքիաթը եւ թագաւորի փոքր տղայի լոյս ու մութ աշխարհի ողջ արկածները պատմել եմ նրանց ու ապրել նրանց մանուկ ոգեւորութեան ճշմարիտ յոյզը… Սասնայ ծռերի մասին եմ պատմել… Եւ Դաւթին կռիւ ճամբու դնելիս` Դեղձուն Մեծ մօր օրհնանքն եմ երգել… Ես չգիտէի, որ ձեռքից բռնած դպրոց եմ տարել առաջին անգամ իւրաքանչիւրին եւ հետեւել եմ, որ տառն առաջին եւ տառը վերջին սիրեն այնպէս, ինչպէս սիրել են բոլոր իրենց խաղալիքները… Ես չգիտէի, որ Դաւթի մեծ մօր պէս ճամբու եմ դրել իմ որդիներին դէպի դաժան մարտ` կենաց ու մահու կռիւ մղելու, սրբազան կռիւ` յանուն հայրենիքի եւ խաղաղ մեր Տան:

Արե՛ւ Որդիներ, իմ Թուխ Մանուկնե՛ր:

… Մնաք բարով Արցախեան Մեծ գօտեմարտը յաղթող քաջորդիներ` զոհուածներ եւ ողջեր: Հիմա խաղաղութիւն է, դուք այն ձեռք բերեցիք ձեր Ոգու անընկճելի կամքով եւ նուիրեցիք մեզ: Պիտի կարողանա՞նք փայփայել եւ խնամել այն: Գալիք ժամանակի սրտում է այս պատասխանը: Եւ տայ Աստուած` Գալիքը արժանին կարողանայ հատուցել այս յաղթանակին: Ամէն:

 

 

Share this Article
CATEGORIES