«ՀԱՅՈՑ ՕՃԱԽ»Ի ՊԱՇՏՊԱՆԸ ՋԵՄՄԱ ԱՆԱՆԵԱՆ

Ջեմմա Անանեան անունը յայտնի է ինչպէս Հայաստանում, այնպէս էլ սփիւռքում: Նրա գործն ու վաստակն ինքնին լաւագոյն հաւաստիքն են այն բանի, որ հայ կինը կարող է լինել հմուտ քաղաքական գործիչ, մտաւորական, նուիրեալ հայուհի, կատարեալ մայր:

Ջեմմա Անանեանն այսօր դառնում է 80 տարեկան: Տասնամեակների հեռաւորութիւնից նորովի են արժեւորւում Ջեմմա Անանեան հայուհու կատարած մեծածաւալ աշխատանքները հայրենի Տաւուշում, ինչպէս նաեւ նոր գնահատականներ են տրւում նրա գործունէութեանը 1990-ականների պատերազմական տարիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններում դրսեւորած խիզախութիւնների վերաբերեալ: Երեւի թէ հէնց այս տողերով էլ բացայայտւում է Ջեմմա Անանեանի գաղտնիքը, որով նա այդքան համակրելի է, ուժեղ եւ «երկաթէ կնոջ» կերպարին համապատասխան:

«Առաջ աշխատանքը տեւում էր 24 ժամ, հիմա ուժս ու եռանդս այդքան շատ չէ: Ու այն ժամանակ ամուսինս միշտ ասում էր. «Երբեք չասես, որ քեզ վատ ես զգում, դու պեթոնից ես, որ այս ամէնին դիմանում ես», պատմում է տիկին Անանեանը:

Աւելի քան 60 տարի է Ջեմմա Անանեանն աշխատում է: Այլ կերպ չի էլ պատկերացնում իր կեանքը: Այսօր էլ իւրաքանչիւր աշխատանքային օր Ջեմմա Անանեանը շտապում է աշխատանքի: Արդէն մի քանի տարի է նա աշխատում է Հայաստանի սփիւռքի նախարարութիւնում: Այստեղ նոյնպէս տիկին Անանեանը մեծ նուիրումով ու ջանասիրութեամբ աշխատում է ի շահ Հայաստան-սփիւռք կապերի խորացման եւ ի բարօրութիւն Հայաստանի ապագայի:

«Ամէն ինչ այնպէս արագ անցաւ…», մեր զրոյցի ընթացքում ասաց տիկին Ջեմման: 2007 թուականին լոյս տեսաւ նրա «Հայոց օճախ»ը` պատանդ» գիրքը: Թէ ինչո՛ւ նա գրիչն առաւ ձեռքը ու սկսեց գրել, դժուարանում է ասել. «Ես գրող չեմ,- նշում է տիկին Անանեանը, ինչ-որ մտորումներ հանգիստ չէին թողնում ինձ, պտտւում էին ուղեղումս, կարծես ստիպում, որ այդ ամէնը փոխանցուի թղթին: Կար եւս մի պատճառ` ստոյգ տեղեկութիւններ տալ այն իրադարձութիւնների մասին, որոնց մասնակիցն եմ եղել»: Ասելիքը շատ էր, մտքերն ու յոյզերը առաւել շատ եւ գրուեցին հետեւեալ տողերը. «Պայքարում էինք ազրպէյճանական վոհմակների դէմ: Հարիւր հազարից աւելի փախստականներ եմ ընդունել սահմանագլխին` ջարդուած, աւերուած, արիւնլուայ, տկլոր, քաղցած: Հարկաւոր էր բոլոր հարցերը հոգալ: Լինում էին պահեր, որ շատ վախենալու էր, բայց պահն այնպիսին էր, որ չէիր կարող մտածել` վախենա՞մ, թէ՞ չվախենամ: Պէտք էր կատարել, ուրիշ ելք չկար»:

Ջեմմա Անանեանը նշում է, որ սահմանամերձ գիւղերն իր համար միշտ եղել են առաջին գծում: Նշանաբան են ունեցել` սահմանամերձ գիւղում ամէն մի տունը մի ամրոց է մեր ոխերիմ թշնամիների դէմ: Այն հարցին, թէ ո՞ր շինութիւնն է հպարտութիւն պատճառում երկարամեայ վաստակ ունեցող գործչին, զրուցակիցս պատասխանեց. «Ինձ համար ամենասիրուած շինութիւնը «Հայոց օճախ»ն է: Երկրորդը ինձ համար Մակարավանքի կոթողն է, որը ես տեսել եմ աւերուած վիճակով: Մտածեցի դարձնել այն գործող եկեղեցի: Հասայ նրան, որ Մակարավանքը դարձաւ գործող եկեղեցի: Եւ, ի հարկէ, չեմ կարող չյիշել նաեւ այն, որ պատերազմական գործողութիւնների լարուած շրջանում Իջեւանում բացեցինք Երեւանի պետական համալսարանի մասնաճիւղը, որպիսի մեր տարածաշրջանի երիտասարդութիւնը կրթուի»:

Միշտ հարուստ իր ունեցած քչով, յիշելով անցեալը, հպարտանալով անցած  ճանապարհով, յիշողութիւններով, կատարածով եւ քաղաքացիական կենսադիրքով, Ջեմմա Անանեանը զրոյցի վերջում մէջբերեց Պարոյր Սեւակի խօսքը. «Թէ դատարկ է անցեալդ, ի՛նչ իմանաս, յուշն ինչ է…»:

Այսօր Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մէկում` Ջ. Անանեանի հայրենի Իջեւան քաղաքի կենտրոնում տեղադրուեց նուիրեալ հայուհու կիսանդրին: Հազարաւոր հայորդիներ եկել էին Իջեւանի կենտրոնական հրապարակ` շնորհաւորելու իրենց սիրելի ղեկավարի յոբելեանը: Ջեմմա Անանեանը դարձեալ Իջեւանում է, նա դարձեալ յիշեցնում է բոլոր այն մտահոգութիւնների մասին, որոնք կապուած են իր այնքան սիրելի «Հայոց օճախ»ի հետ: Ընդունում է հազարաւոր շնորհաւորանքներ ու բարեմաղթանքներ, իսկ վաղն առաւօտեան դարձեալ աշխատանքի պէտք է գնայ:

ԱՆՆԱ ԱՍԱՏՐԵԱՆ

 

 

Share this Article
CATEGORIES