Հասե՞լ Է Արդեօք Էրտողանի Կարապի Երգի Ժամանակը

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

erdoԹուրքիայում նոր թափ է հաւաքել փտածութեան գայթակղութիւնը, որում ներգրաւուած են երկրի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի մերձաւոր շրջապատից բարձրաստիճան պաշտօնատարներ:

Դեկտեմբերի 25-ի ողջ օրուայ ընթացքում, մէկը միւսի յետեւից հրաժարական են ներկայացրել կառավարութեան անդամները: Իրենց զբաղեցրած պաշտօնից հրաժարուել են տնտեսութեան եւ ներքին գործերի նախարարներ Մուամմեր Կիւլերն ու Զաֆեր Չաղլայանը, որոնց միացել է նաեւ կենսոլորտի եւ քաղաքաշինութեան նախարար Էրտողան Պայրաքտարը:

Արդէն ուշ երեկոյեան վարչապետ Էրտողանը ներկայացրել է կառավարութեան նոր կազմը, որը համալրուել է 10 նոր նախարարներով: Մասնաւորապէս ներքին գործերի նախարարի պաշտօնում նշանակուել է Էֆքան Ալան, արդարադատութեան նախարարի պաշտօնում` Մուսթաֆա Սենթոփը, փոխադրամիջոցների  նախարարի պաշտօնում` Իսմեթ Եըլմազը, Եւրոմիութեան հարցերով նախարարի պաշտօնում` Օմեր Չելիքը, մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարի պաշտօնում` Մահիր Ունալը, ազգային պաշտպանութեան նախարարի պաշտօնում` Ալփարսլան Քաւաքլիօղլուն:

Ինչպէս «Թերթ» կայքէջն է հաղորդում, այս մակարդակի փտածութեան գայթակղութիւն Թուրքիայում արձանագրւում է Էրտողանի 11-ամեայ կառավարման ընթացքում առաջին անգամ: Յիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայի Ֆինանսական յանցագործութիւնների դէմ պայքարի վարչութիւնն իրականացրել էր «Մեծ կաշառք» գործողութիւնը: Անգարայում եւ Պոլսում 90 հոգի էր ձերբակալուել, այդ թւում նաեւ` հրաժարական ներկայացրած նախարարների որդիները: Թուրքիայի Գլխաւոր դատախազութիւնը գործեր է յարուցել նաեւ տուեալ նախարարների դէմ` խորհրդարանին խնդրելով զրկել նրանց անձեռնմխելիութիւնից:

Վարչապետ Էրտողանը շարունակում է ձերբակալութիւնները կեղտոտ գործողութիւն անուանել` ղեկավարուած դրսից, մասնաւորապէս` Միացեալ Նահանգներում բնակուող մեծահարուստ, իսլամական գաղափարներ դաւանող Ֆեթհուլլա Կիւլենի կողմից: Կիւլենը ղեկավարում է «Հիզմեթ» անուանումով մի շարժում, որը դաւանում է չափաւոր իսլամական գաղափարախօսութիւն:

Վերջին տարիների ընթացքում Կիւլենի շարժումն առանցքային դերակատարութիւն է ունեցել համապետական նշանակութեան բոլոր ընտրութիւններում իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան տարած յաղթանակներում: Երբեմնի դաշնակիցների միջեւ տարաձայնութիւններն ի յայտ եկան այն բանից յետոյ, երբ կառավարութեան որոշումով դադարեցուեց մի շարք ուսումնական հաստատութիւնների գործողութիւնները, որոնք ղեկավարւում եւ ֆինանսաւորւում էին Կիւլենի ղեկավարած շարժման միջոցով:

Ակնյայտ է, որ իշխող ուժին մտահոգում էր աստիճանաբար առաւել անկախ եւ անկառավարելի դարձող «Հիզմեթ» շարժման հզօրացումը, որի ազդեցութիւնն օրըստօրէ աւելի է ընդլայնւում` անցնելով Թուրքիայի սահմանները եւ տարածուելով յատկապէս Միջին Ասիայում, որը համարւում է Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան տիրոյթը:

Փորձագէտների կարծիքով, կառավարութեան կազմի փոփոխութիւնով Ռեճեփ Թայիփ Էրտողանը փորձում է հանդարտեցնել հասարակութեան մօտ բորբոքուած կրքերը, վերականգնել շեշտակի անկում ապրած իր եւ իշխող կուսակցութեան վարկանիշը, ինչպէս նաեւ` ապացուցել, որ շարունակում է տիրապետել իրավիճակին:

Սակայն կասկածից վեր է, որ նման գեղեցկագիտական փոփոխութիւններով հազիւ թէ հնարաւոր լինի հանդարտեցնել հասարակութեան մօտ բորբոքուած կրքերը: Մանաւանդ, որ «Կեզի» զբօսայգու ճակատագրի շուրջ ծաւալուող իրադարձութիւններից յետոյ, այս աննախադէպ գայթակղութիւնը պատեհ առիթ է ընձեռել ընդդիմադիր գործիչներին երկրի խոշորագոյն քաղաքներում կազմակերպելու քաղաքացիական անհնազանդութեան նոր ալիք` վարչապետի եւ կառավարութեան հրաժարականի պահանջով:

Ի դէպ, նման կարծիքի են նաեւ Էրտողանի մերձաւորագոյն դաշնակիցներից ոմանք: «Հրաժարական եմ տալիս, սակայն եթէ ցանկանում էք, որ ժողովուրդը հանգստանայ, դրա համար, կարծում եմ, պէտք է հրաժարական տայ նաեւ վարչապետը», ասել է կենսոլորտի եւ քաղաքաշինութեան արդէն նախկին նախարար Պայրաքտարը:

 

 

 

Share this Article
CATEGORIES