Անհանգիստ Սահման. Տաւուշի Գիւղերը` Ազրպէյճանական Կրակի Տակ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Վերջին շաբաթներին եւ ամիսներին հայ-ազրպէյճանական սահմանի երկայնքով լարուածութիւնը չի թուլանում: Հրադադարի խախտումները խլում են մարդկային կեանքեր երկու կողմերից էլ, զոհուածների եւ վիրաւորների մէջ լինում են նաեւ քաղաքացիական անձինք: Հայաստանի պաշտօնական լրատուութիւնը պնդում է, որ հրադադարը խախտում է Ազրպէյճանը: Ըստ ազրպէյճանական լրահոսի, հրադադարը խախտում են Հայաստանի զինուած ուժերը:
1990 թուականից ի վեր հայ-ազրպէյճանական սահմաններում երբեք էլ հանգիստ չի եղել: Արցախեան պատերազմի տարիներին սահմանի ողջ երկայնքով, բացառութեամբ Հայաստան-Նախիջեւան հատուածի, ծաւալւում էին պատերազմական լուրջ գործողութիւններ` խաղաղ բնակավայրերի հրետակոծումներով եւ քաղաքացիական բնակչութեան սպանութիւններով:
Արդէն երեք ամիս է, որ անվտանգութեան նկատառումներից ելնելով` փակ են Տաւուշի մարզի ճանապարհային երկու հատուածներ: Փաստօրէն Հայաստանը դժուարութիւն ունի ապահովել իր քաղաքացիների անվտանգութիւնը ճանապարհի այդ երկու հատուածներում: Խօսքը Ոսկեպար-Բաղանիս եւ Վազաշէն-Պառաւաքար հատուածների մասին է:
Հայաստանի կառավարութիւնը ճիշդ որոշում է ընդունել. արդէն կառուցւում եւ յունիսին շահագործման կը յանձնուի Պառաւաքար-Վազաշէն ճանապարհին այլընտրանքային նոր` շրջանցիկ ճանապարհը, որն անցնում է համեմատաբար անվտանգ տեղանքով: Անցեալ տարուայ հոկտեմբերի 22-ին ազրպէյճանական զինուժը կրակ էր բացել, որի պատճառով սպաննուել էր մէկ եւ վիրաւորուել երեք զինուոր: 2013 թուականի ընթացքում ճանապարհի այս հատուածում սպաննուել է երեք զինուորական, 11-ը` վիրաւորուել:
Երեւանից Տաւուշի մարզի Բերդի (նախկինում` Շամշադին) շրջան հասնելու համար երեք ճանապարհ կայ, որոնցից հիմնականը անցնում է կեանքի համար վտանգաւոր Պառաւաքար-Վազաշէն հատուածով: Երեւանից Բերդ հնարաւոր է հասնել նաեւ Սեւանայ լճի ափամերձ Ճամբարակի (նախկինում` Կրասնոսելսկ) հատուածով, սակայն Ճամբարակ-Բերդ ճանապարհը դժուարանցանելի է, իսկ երբ ձիւն է գալիս, այն դառնում է շատ վտանգաւոր: Կայ նաեւ երրորդ ճանապարհը, որը չի մօտենում հայ-ազրպէյճանական սահմանին, սակայն այն շատ անմխիթար վիճակում է: Խօսքը Իջեւան-Իծաքար-Նաւուր հատուածի մասին է, որից շատ քչերն են օգտւում: Երկու այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով, յատկապէս ձմրան այս շրջանում, Բերդի շրջանի բնակիչները ստիպուած են օգտուել վտանգաւոր եւ հակառակորդի գնդակոծութեան տակ գտնուող Պառաւաքար-Վազաշէն հատուածից: Անցնող տարուայ հոկտեմբերին արձանագրուած դէպքից յետոյ, երբ սպաննուեց մէկ եւ վիրաւորուեց երեք հայ զինուորական, ոստիկանութիւնը եւ զինուորականները, ըստ էութեան, փակեցին ճանապարհը եւ թոյլ էին տալիս անցնել միայն նրանց, ովքեր ստորագրում էին, որ իշխանութիւնները պատասխանատու չեն իրենց կեանքի համար:
Անցեալ տարուայ հոկտեմբերից փակուել է նաեւ Երեւան-Թիֆլիս մայրուղու Իջեւան-Նոյեմբերեան ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատուածը: Ոսկեպարը եւ Բաղանիսը Նոյեմբերեանի շրջանի սահմանամերձ գիւղերից են: Ճանապարհի այս հատուածը եւս գտնւում է ազրպէյճանական զինուժի կրակի տակ: Քանի որ կայ այլընտրանքային ճանապարհ, որն անվտանգ է, Հայաստանի իշխանութիւնները շատ ճիշդ են վարուել` ժամանակաւորապէս փակելով ճանապարհի վտանգաւոր հատուածը: Խօսքը մարդկային կեանքերի մասին է:
Ընդհանրապէս Հայաստան-Ազրպէյճան եւ Ազրպէյճան-Լեռնային Ղարաբաղ սահմաններում ամէնից վտանգաւոր հատուածներից մէկը հէնց Նոյեմբերեանի շրջանն է: Ազրպէյճանական զինուորական դիրքերը որոշ հատուածներում գերիշխող են: Խորհրդային Միութեան ժամանակ Իջեւան-Նոյեմբերեան ճանապարհի մի հատուածը` Կիրանց-Ոսկեպար, անցնում էր Խորհրդային Ազրպէյճանի տարածքով: 1991-1994 թթ. պատերազմի տարիներին այդ ճանապարհը գրեթէ չէր օգտագործւում: Ճանապարհի այդ հատուածում սպաննուել եւ վիրաւորուել են տասնեակ հայեր, որոնց թւում` քաղաքացիական անձինք:
Հրադադարից յետոյ Կիրանց-Ոսկեպար երկու քիլոմեթր երկարութեամբ ճանապարհահատուածից հայերը սկսեցին կրկին օգտուել, սակայն այն մնում էր վտանգաւոր` ազրպէյճանական զինուժի ուղիղ նշանառութեան տակ: Տարիներ առաջ բարերար Քըրք Քրքորեանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցուեց Կիրանց-Ոսկեպար ութ քիլոմեթր երկարութեամբ շրջանցիկ ճանապարհը, որը ունի տասից աւելի ոլորաններ, սակայն լիովին անվտանգ է: Հին ճանապարհը օգտագործում են հայ զինուորականները:
Սահմանամերձ այս շրջանում վտանգաւոր է նաեւ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի մի հատուածը, քանի որ գտնւում է ազրպէյճանական զինուժի ուղիղ կրակի տակ: Հաշուի առնելով, որ մի օր Ազրպէյճանը կարող է մնայուն կրակի տակ պահել այդ ճանապարհը, հայկական կողմը դրան զուգահեռ կառուցեց բոլորովին նոր ճանապարհ, որը անվտանգ է:
Անցնող հոկտեմբերից Վազաշէն-Պառաւաքար ճանապարհահատուածի հետ միաժամանակ փակուել է նաեւ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը: Հայկական իշխանութիւնները յորդորում են օգտուել Ոսկեպար-Բաղանիսի զուգահեռ կառուցուած նոր ճանապարհից: Նշենք, որ ճանապարհի այս հատուածը ունի ռազմավարական նշանակութիւն: Այս ճանապարհով միմեանց կապւում են ոչ միայն Իջեւանի եւ Նոյեմբերեանի շրջանները, այլեւ` Երեւանը եւ Թիֆլիսը:
Ի դէպ, յունուարի 24-ին Փարիզում կայացած Էդուարդ Նալբանդեան – Էլմար Մամետեարով հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները տարածած յայտարարութեան մէջ «խոր մտահոգութիւն են արտայայտել տարածաշրջանում հրադադարի շարունակական խախտումների առնչութեամբ եւ ընդգծել, որ վերջին զարգացումները ստուերում են բանակցային գործընթացը եւ վտանգում են խաղաղութեան հեռանկարը: Նրանք կողմերին կոչ են արել լիարժէք եւ անվերապահօրէն յարգել հրադադարի համաձայնագրի պահանջները»:
Յատուկ «Ազդակ»-ի համար

