Էրտողանը Հաւաքել Է Թուրք Դեսպաններին Եւ Կոչ Արել` Դիմակայել 2015 Թ. Ընդառաջ Հայկական Սփիւռքի Արշաւին

Erdogan-43Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը հաւաքել է թուրք դեսպաններին եւ խօսել Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին պատրաստուելու մասին, տեղեկացնում է «Սթար կիւնտիմ» կայքը:

Նա տեղեկացրել է, որ հայկական սփիւռքն արդէն սկսել է պատրաստուել:

«Մենք պատմական, գիտական տուեալները մէջտեղ բերելով` պէտք է դիմակայենք այդ քարոզչութեանը: Ա. Համաշխարհային պատերազմը լաւ հասկանալով եւ լաւ ներկայացնելով` ապահովելու ենք, որ 2015թ. այն բոլորը լաւ հասկանան», յայտարարել է Էրտողանը:

Թուրք վարչապետը պնդել է, թէ հայկական սփիւռքը փորձում է աշխարհին միակողմանի ներկայացնել պատմութիւնը:

«Դուք էլ լաւ գիտէք, որ մի երկիր, մի ազգ, եթէ կտրուի իր պատմութիւնից, չի կարողանայ կանգուն մնալ: Ինքն իրեն չի ճանաչի, չի կարողանայ ներկայացնել: Ժողովուրդները ծառի են նման: Նրանց արմատը հողի մէջ է, արմատների միջոցով է կանգուն մնում եւ արմատով ապրում: Արմատ չունեցող, արմատը մոռացող կամ ժխտող ժողովուրդը ոչ միայն իր անցեալը, այլեւ ներկան, ինքնութիւնն էլ կը մերժի եւ անդէմ կը մնայ: Պատմութիւնն աղաւաղելով` գրողները կամ պատմութիւնը մոռացող ժողովուրդներն իրենց ինքնութիւնը, հոգին, արմատները մոռացած դժբախտ ազգեր են»,- ասել է Էրտողանը` միաժամանակ ընդգծելով, որ ինքը թուրք ժողովրդի պատմութիւնը մոռացողներից չէ:

«Թերթ»

Թուրքիան 2015-Ին Ընդառաջ
Կատարելու Է Հետեւեալ Քայլերը

Միջազգային ասպարէզում Թուրքիայի կառավարութեան ու արտաքին գործերի նախարարութեան կողմից իրականացուելիք «լոպիիստ»-ական գործունէութիւնը, դիւանագիտական եւ տնտեսական դիմակայութիւնը նպատակ ունի պատնէշել հայկական սփիւռքի գործողութիւնները: Այս մասին գրում է Թուրքական «Հապեր 7» ելեկտրոնային լրատուականը:

Յիշեցնենք, որ թուրք դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Էրտողանն անդրադարձել էր 2015-ին: ըստ Էրտողանի,  հայկական սփիւռքը ցանկանալու է 1915 թուականի դէպքերը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչն իրենք պէտք չէ թոյլ տան:

Նոյն լրատուականի հաղորդմամբ` Էրտողանի խօսակցութիւնից յետոյ պարզ են դարձել մի շարք քայլեր, որոնք կատարուելու են կառավարութեան կողմից: Ցեղասպանութեան 100-ամեակի նախապատրաստութիւնները ներառում են բազմաթիւ խորհրդաժողովներ, սիմփոզիումներ, գրքերի հրատարակումների եւ վաւերագրական նիւթերի հետ կապուած աշխատանքներ: Աշխարհի բոլոր երկրներում հասարակական կարծիքի վրայ ազդող տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպուելու:

Մշակուող ռազմավարութեան շրջանակներում Թուրքիայի պատմագիտական ընկերութիւնը աշխատում է «Թուրք-հայկական յարաբերութիւնների ժողովածու»-ի վրայ, որը նախատեսւում է աւարտել մինչեւ 2015 թուականը:

Հաղորդւում է նաեւ, որ 2014 թուականի ընթացքում կը գումարուեն 14 տարբեր ժողովներ, որոնց նպատակը կը լինի ծանօթացնել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թուրքական պաշտօնական թեզերին:

«ԷՐՄԵՆԻ ՀԱՊԵՐ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )