Պատերազմի Հաւանականութիւնը Դեռեւս Մեծ Չէ Ազրպէյճանը Հայաստանին Ու Արցախին Հանգիստ Չի Թողնի

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայերը եւ ազրպէյճանցիները 20-րդ դարում միմեանց դէմ պատերազմել են երեք անգամ` 1905-1906 թթ. (հայ-թաթարական բախումներ), 1918-1920 թթ. (Հայաստանի Ա. հանրապետութիւնը եւ մուսաւաթական Ազրպէյճանը) եւ 1991-1994 թթ.: Պայմանականօրէն կարել է ասել, որ այսօր եւ արդէն 20 տարի շարունակ, ընթացքի մէջ հայ-ազրպէյճանական չորրորդ պատերազմը: Հայ-ազրպէյճանական չորրորդ հակամարտութիւնը ստացել է «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ» անուանումը:

1905-1906 թթ. հայ-թաթարական (ազրպէյճանական) արիւնալի բախումների թատերաբեմ են դարձել Պաքուն, Շուշին, Գանձակը, Նախիջեւանը, Երեւանը եւ անգամ Թիֆլիսը: 1918-1920 թթ. Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ հիմնական կռուախնձոր են եղել Արցախը, Զանգեզուր-Սիւնիքը եւ Նախիջեւանը, իսկ 1991-1994-ին` Արցախը:

Հայ-ազրպէյճանական վերջին` երրորդ պատերազմը աւարտուեց 1994-ի մայիսեան անժամկէտ հրադադարով, որը ստորագրեցին Պաքուն, Ստեփանակերտը եւ Երեւանը: Այսօր, հրադադարի ստորագրումից գրեթէ քսան տարի անց, կողմերի միջեւ դեռեւս չի ստորագրուել խաղաղութեան կամ պատերազմի աւարտի մասին պայմանագիր: Հայկական կողմը բազմիցս առաջարկել է, որպէսզի հակամարտութեան մէջ ներքաշուած կողմերը նախքան Արցախի կարգավիճակի, տարածքների, փախստականների ու տեղահանուածների, անվտանգութեան ու հաղորդակցութիւնների հարցերին անդրադառնալը` ստորագրեն չյարձակման մասին պայմանագիր: Ազրպէյճանը, սակայն, մերժում է:

Քանի դեռ Ազրպէյճանը մերժում է այդ առաջարկը, նշանակում է, որ հակամարտութեան լուծման տարբերակներից մէկը տեսնում է նոր պատերազմը: Ազրպէյճանը մերժում է նաեւ հայկական կողմի եւ միջազգային հանրութեան յորդորները` սահմանի եւ շփման գծի երկայնքից հետ քաշել դիպուկահարներին, որոնց գնդակները խլում են մարդկային կեանքեր:

Վերջին շաբաթներին, ինչպէս հաղորդում են հայկական եւ ազրպէյճանական լրատուամիջոցները, պատմում սահմանամերձ գիւղերի բնակիչները եւ զարգացումներին մտահոգութեամբ արձագանգում միջազգային կազմակերպութիւններն ու ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ պետութիւնները, Հայաստան-Ազրպէյճան պետական սահմանի եւ Ազրպէյճան-Արցախ շփման գծի երկայնքով իրադրութիւնը ծայրաստիճան լարուած է:

Յունուարի 26-ին եւ 27-ին ես այցելեցի Տաւուշի մարզի սահմանային Բաղանիս, Ոսկեւան, Ոսկեպար, Կիրանց, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբիւր գիւղերը, զրուցեցի երեք գիւղապետների ու բազմաթիւ բնակիչների հետ: Նրանց պատմելով` ազրպէյճանական կողմից հրաձգութիւնը խաղաղ բնակչութեան ուղղութեամբ աւելի յաճախակի է դարձել, սակայն որեւէ խուճապ չկայ: Այդ մարդկանց եւ նրանց ականջների համար կրակոցների ձայնը դարձել է սովորական երեւոյթ: Նրանց մտահոգում է այն, որ կրակոցների պատճառով չեն կարողանում հանգիստ ապրել, երեխաներին ուղարկել դպրոց, մշակել իրենց այգիների մի մասը եւ արածեցնել անասուններին:

Որքանո՞վ է իրական նոր պատերազմը: Այսօր պատերազմի հաւանականութիւնը մեծ չէ, սակայն, միւս կողմից, Ազրպէյճանը Հայաստանին ու Արցախին հանգիստ չի թողնում: Ազրպէյճանը գոհ չէ Արցախի ներկայ սթաթիւս քոյից եւ սահմանների ու շփման գծի երկայնքով լարուածութիւն ստեղծելով` փորձում է անհանգստութեան եւ նեարդայնութեան մէջ պահել հայերին, ինչպէս նաեւ` միջազգային  հանրութեանը յիշեցնել, որ կայ չկարգաւորուած հակամարտութիւն:

Այսօր Ազրպէյճանի շահերից չի բխում նոր պատերազմը մի քանի հիմնական պատճառներով: Առաջին եւ ամենահիմնականը` Պաքուն չի կարող կանխատեսել Ռուսաստանի կեցուածքը, եթէ հրահրի նոր պատերազմ: Մանաւանդ այսօր, երբ Հայաստանը անդամակցութեան գործընթաց է սկսել դէպի Ռուսաստանի կողմից հովանաւորուող Մաքսային միութեան, Ազրպէյճանը ռիսքի չի դիմի: 2008  թուականի ռուս-վրացական հնգօրեայ պատերազմը կարեւոր դաս էր ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Ազրպէյճանի համար: Ռուսաստանի շահերից չի բխում նոր պատերազմը, քանի որ նրա ձեռքում են Կովկասի բանալիները, մինչդեռ նոր պատերազմի դէպքում պէտք չէ բացառել Մոսկուայի ռազմական դիրքերի թուլացում Կովկասում:

Եթէ Ազրպէյճանը ներքուստ համոզուած լինի, որ պատերազմ սկսելու դէպքում Ռուսաստանը չէզոք դիրք կը գրաւի, ապա գուցէ պատերազմ սկսելու որոշում կայացնի: Հայերը երբեք պէտք չէ յոյսները դնեն ռուսների կամ որեւէ երրորդ այլ պետութեան օժանդակութեան վրայ: Սակայն հաշուի առնելով այն իրողութիւնը, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, Հայաստանը մաս է կազմում Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը, ԱՊՀ-ին, իսկ Մաքսային  միութեան եւ Եւրասիական միութեան հետ անդամակցելու գործընթաց է սկսել, դժուար է պատկերացնել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը հանդուրժի Ազրպէյճանի ռազմական ոտնձգութիւնը Արցախի, առաւել եւս` Հայաստանի հանդէպ:

Վերջերս Ազրպէյճանը միջազգային հսկաների, առաջին հերթին` «Պրիթիշ փեթրոլիումի» հետ ստորագրել է շուրջ երեսուն միլիառ տոլար արժողութեամբ կազային նոր պայմանագիր, ինչը զսպիչ գործօն է նոյն Ազրպէյճանի համար: Խողովակաշարի կառուցումը, դրանցով ուժանիւթի հոսքը խաղաղութիւն է պահանջում: Ազրպէյճանական նաւթային եւ կազային տոլարները լցւում են Ալիեւի եւ նրա ընտանիքի գրպանները, հետեւաբար իշխող վարչակարգը դժուար թէ գնայ այդքան մեծ ռիսքի:

Երրորդ հանգամանքը` Ազրպէյճանը, չնայած վերջին տարիներին ձեռք բերած նոր սպառազինութիւններին, վստահ չէ, որ պատերազմի դէպքում կը կարողանայ ծնկի բերել Արցախը:

Այսպիսով, հաշուի առնելով վերոնշեալ երեք հանգամանքները, Ազրպէյճանը դժուար թէ առաջիկայում գնայ ռազմական արկածախնդրութեան: Սակայն Ազրպէյճանը կարող է Արցախին ու Հայաստանին անհանգստացնել այնպէս, ինչպէս անում է վերջին շաբաթներին` անընդհատ խախտել հրադադարը, կրակ բացել սահմանամերձ գիւղերի քաղաքացիական բնակչութեան վրայ, սպաննել հայ զինուորականների: Սա այն նուազագոյնն է, որ պէտք է սպասել Ազրպէյճանից:

Մինչեւ ե՞րբ են հայ եւ ազրպէյճանցի զինուորականները սպաննուելու դիպուկահարների գնդակներից: Չնայած չկան պաշտօնական ճշգրիտ տուեալներ, սակայն փորձագիտական հաշուարկները ցոյց են տալիս, որ 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր Հայաստանը եւ Արցախը կորցրել են աւելի քան հազար, իսկ Ազրպէյճանը` աւելի քան երկու հազար զինուորական:

Հայաստանը յստակ յայտարարել է, որ Ազրպէյճանի կողմից իւրաքանչիւր սադրանքի դիմաց անհամաչափ ուժ է կիրառելու, այսինքն` եթէ ազրպէյճանական կողմը սպաննում է մէկ հայ զինուորականի, ապա հայկական կողմը սպաննելու է երկու ազրպէյճանցու: Գուցէ սա Ազրպէյճանի յարձակողապաշտութիւնը զսպելու միջոցներից է, բայց լաւագոյն տարբերակը չէ: Հայաստանի եւ Արցախի համար առաջնային պէտք է լինի հնարաւոր նուազագոյնի հասցնել կորուստները, անկախ նրանից, թէ որքան կը լինեն զոհերը հակառակորդի կողմից:

Եթէ մենք ուզում ենք զոհեր չտալ զինուորականների եւ քաղաքացիական անձանց շարքերում, ապա դրանից խուսափելու միակ տարբերակը խաղաղութեան հաստատումն է Ազրպէյճանի հետ, ինչը չի յաջողուել: Սահմանամերձ գիւղերում, որտեղ ես այցելեցի, մարդիկ, բնականաբար, խաղաղութիւն են ուզում: Նրանք հասկանում են, որ եթէ ոչ այս տարի, տասը տարի կամ յիսուն տարի յետոյ, միեւնոյնն է, հարեւանի հետ պէտք է լեզու գտնել: Ո՛չ Ազրպէյճանն է հեռանալու այս  տարածաշրջանից, ո՛չ` Արցախը, ո՛չ էլ Հայաստանը: Հետեւաբար, երկարատեւ կտրուածքով, խաղաղութիւնը այլընտրանք չունի: Ամբողջ խնդիրն այն է, թէ ի՞նչ գին ունի այդ խաղաղութիւնը եւ արդեօ՞ք հակամարտութեան մէջ ներքաշուած կողմերը պատրաստ են վճարել այդ գինը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES