Ազատագրուած Շուշիում Ծնուած Առաջին Երկուորեակ Եղբայրները Ծառայեցին Պատուով

Շ. ՍՏԵՓԱՆԵԱՆ

yeghpayrner«Այսօր զօրացրւում են երկուորեակ զինուորներս: Բայց ինձ համար առաւել ուրախալին ոչ թէ զօրացրուելու փաստն է, որը, այսպէս թէ այնպէս, պէտք էր լինէր, այլ այն, որ աւագ որդիներս երկու տարուայ ընթացքում գլխարկս գետնով չտուեցին` ծառայեցին ու զօրացրւում են առանց որեւէ կարգապահական տուժի»:

Ազատամարտիկ Արթուր Եղիազարեանի ֆէյսպուքեան այս գրառումը ուշադրութիւնս չէր կարող չգրաւել: Թերեւս իր տղային բանակ ուղարկող իւրաքանչիւր ծնողի ցանկութիւնն է, որ որդին հեշտութեամբ յաղթահարի ծառայութեան դժուարութիւնները, ենթարկուի հրամանատարներին, յարմարուի նոր պայմաններին, կողքինին չվնասի, տհաճ պատմութիւնների մէջ չընկնի, կռիւ չսարքի, անփորձանք ծառայի եւ իր «գլխարկը գետնով չտայ»:

Արթուր Եղիազարեանը եռապատիկ անհանգիստ էր, քանի որ, բացի երկուորեակներից, նաեւ կրտսեր որդուն էր բանակ ճանապարհել: Երեք զինուորների հայրը, իրօք, կարող է հպարտանալ` հայրենիքի, ազգի ու շրջապատի համար պիտանի որդիներ է մեծացրել: Դրանում ինքս համոզուեցի, երբ հանդիպեցի զօրացրուած երկուորեակներին`  Արամին ու Արային:

Արամ.- Ազատամարտիկ հայր ունենալը շատ պատուաբեր է եւ պարտաւորեցնող: Մենք փոքրուց լսել ենք նրա պատմութիւնները պատերազմի, իր կռուած ընկերների մասին: Ազատամարտիկի կերպարը օրինակելի էր մեզ համար` օժտուած բոլոր դրական յատկանիշներով: Հօրս պատերազմական պատմութիւնները մեզ սովորեցնում էին լինել բարի, ընկերասէր, պատասխանատու, ազնիւ, գիտակցել պարտքը հայրենիքի հանդէպ: Եւ, ի հարկէ, բացառում էին ամբարտաւանութիւնը, դաժանութիւնը, անհանդուրժողականութիւնը: Բանակն այն միջավայրն է, որտեղ դրսեւորւում են մարդու թէ՛ դրական, թէ՛ բացասական որակներն ու յատկանիշները: Երբ զօրակոչուեցինք, հասկանում էինք` ինչպիսի մեծ պատասխանատուութիւն է դրուած մեր ուսերին. պէտք է պաշտպանէինք այն հողը, որի համար պատերազմել են հայրս եւ նրա ընկերները, պէտք է մեր ծառայութեամբ շարունակէինք ապահովել այն խաղաղութիւնը, որի համար նրանք պայքարել են: Ես վստահ էի, որ մեզ դա կը յաջողուի. չէ՞ որ հայրս էլ էր մեր տարիքին, երբ մեկնեց ռազմաճակատ:

Արա.- Մենք լիովին պատրաստ էինք ծառայութեան: Մեր ծնողների խորհուրդները` լինել գթասիրտ, կողքինի հանդէպ ուշադիր, յարգալից, բարեացակամ, կատարել հրամանատարների հրամանները ճիշդ եւ ժամանակին, նաեւ` չծխել, օգնեցին մեզ հէնց առաջին իսկ օրուանից իւրացնել զինուորական կեանքը: Զօրամասում առաջինն աչքիս ընկաւ ազատամարտի հերոսների յիշատակը յաւերժացնող անկիւնը: Զօրանոցում իմ մահճակալի դիմաց մօրեղբօրս` զոհուած ազատամարտիկ Արգամ Յարութիւնեանի (մեր փոքր եղբայրը նրա անունն է կրում) մահճակալն էր, լուսանկարը: Շատ ոգեւորուած էինք, քանի որ ծառայելու էինք հերոսական պատմութիւն ունեցող զօրամասում:

Արամ.- Մենք դարձանք հետախոյզ-հրետանաւոր: Մինչ բանակ զօրակոչուելը ես եւ Արան սովորում էինք Երեւանի պետական համալսարանի աստուածաբանութեան բաժանմունքում, մեր մասնագիտութիւնը չէր ենթադրում ֆիզիքական գերազանց պատրաստուածութիւն, թուաբանական գիտելիքներ, բայց նոր մասնագիտութիւնը նոր խնդիրներ էր առաջադրում, ուստի մենք սպաների ղեկավարութեամբ լրացրինք այդ բացը: Հաշուարկներ անել, տեղանքում արագ կողմնորոշուել, ֆիզիքապէս ամուր լինել` սրանք էին զինուորական մասնագիտութեան պահանջները:

Արա.- Կարող ենք վստահ ասել, որ բանակում երկրորդ մասնագիտութիւն ենք ձեռք բերել, եւ եթէ անգամ տասը-քսան տարի յետոյ կարիք լինի կիրառելու այն, ապա խնդիր չենք ունենայ: Ծառայութեան ընթացքում հիմնաւոր գիտելիքներ եւ համապատասխան փորձառութիւն ենք ստացել:

Արամ.- Խաղաղութեան պայմաններում ռազմական գործողութիւնների փորձառութիւն կարող ես ձեռք բերել զօրավարժութիւնների ժամանակ: Ծառայութեանս ամենատպաւորիչ դրուագը, թերեւս, անցկացուած զօրավարժութիւնն է, որին առաջին անգամ նաեւ ես մասնակցեցի եւ իմ հաշուարկով սպասարկեցի մարտական կրակը, գերազանց արդիւնք ապահովեցինք: Մինչ զօրակոչուելը երազում էի տեսնել` ինչպէս է կրակում հրետանին, եւ ահա իրականում զգացի հրետանու անփոխարինելիութիւնը: Երբ թիրախը խոցուեց, այնքան ոգեւորուեցի, որ վստահութիւնս` հակառակորդը էլ մեզնից պրծում չունի, կրկնապատկուեց: Զօրավարժութիւնները շատ կարեւոր են, դրանք թոյլ են տալիս պատկերացնելու պատերազմական դաշտը, դրսեւորելու ունակութիւններդ, իւրաքանչիւրը ձգտում է անել առաւելագոյնը, նաեւ հասկանում ես` կազմակերպուածութեան ու կարգապահութեան կարեւորութիւնը բանակում: Չնայած անասելի շոգին` զինուորներից եւ ոչ մէկը չտրտնջաց: Մեր զինուորականների համար ամառ-ձմեռ նշանակութիւն չունի, նրանք մարտունակ են եւ պատրաստ` լիարժէք կատարելու իրենց պարտականութիւնները:

Արա.- Ես այդ զօրավարժութիւնների ժամանակ սպասարկում էի զօրամասի կրակը, վստահեցնում եմ, որ մեր զինուորների մարտական ոգին բարձր է, նրանք տիրապետում են ռազմական սարքերին, մեծ եռանդով եւ նուիրուածութեամբ են ծառայում: Շատ կարեւոր է, որ սպայ-զինուոր փոխյարաբերութիւնները խոցելի չլինեն, ինչն աւելի է ուժեղացնում բանակը: Սպան պէտք է զինուորի համար ուսուցիչ եւ ընկեր լինի, զինուորն էլ իր հերթին պէտք է զերծ մնայ արկածախնդրութիւնից, պատուով ծառայի` սիրի զէնքը, կողքինին, պատուի հրամանատարներին, զօրամասը, լինի համեստ եւ զուսպ:

Արամ.- Հրամանատարների գործը, իրօք, բարդ է, քանի որ բանակ են գալիս նաեւ անկանխատեսելի վարքով, չլսող, կռուարար պատանիներ: Բայց եթէ սպան գրագէտ է, արդարամիտ եւ անկեղծ, նա ի զօրու է շահելու զինուորի վստահութիւնը, իր իսկ անձնական օրինակով կրթելու եւ դաստիարակելու նրան: Բանակում յարաբերութիւնները կառուցւում են վստահութեան հենքի վրայ: Ինձ համար օրինակելի էր իմ դասակի հրամանատարը` տեղակալ Անդրանիկ Զաքարեանը: Ընդամէնը մէկուկէս տարի է, ինչ ծառայում է, բայց հմուտ է եւ հոգատար: Զօրացրուելուց յետոյ էլ նրա հետ կապ եմ պահպանում:

Արա.- Նոյնն էլ ես կարող եմ ասել իմ դասակի հրամանատարի` աւագ տեղակալ Արամ Մխիթարեանի մասին: Մէկ-մէկ զարմանում էի, ինքս ինձ մտածում` մեզնից ընդամէնը մի քանի տարով են մեծ ու այդքան ինքնուրոյն են, կայացած, պարտաճանաչ, կարգապահ: Պատճառը երեւի այն է, որ բանակը, զինուորական կեանքը սովորեցնում է սեփական հոգսը ուրիշի ուսերին չգցել: Մենք էլ աւելի մաքրասէր, ինքնուրոյն ենք դարձել: Եթէ քաղաքացիական կեանքում մայրդ է շորերդ արդուկում, անկողինդ կարգի բերում, ապա բանակում ինքդ ես պատասխանատու թէ՛ հագուկապիդ մաքրութեան, թէ՛ անկողնուդ կոկիկութեան համար: Ճիշդ սնուելն ու կանոնաւոր ֆիզիքական վարժութիւններն էլ օգնում են առողջ լինել. թէ՛ ես, թէ՛ Արամը նիհարել-պնդացել ենք, ձերբազատուել աւելորդ քաշից:

Արամ.- Բանակում սովորեցինք ձգտել աւելիին, չդժգոհել, լաւատեսօրէն նայել կեանքին: Փետրուարից կը շարունակենք ուսումն աստուածաբանութեան բաժանմունքում, կը շարունակենք ապրել եւ արարել խաղաղ պայմաններում, իսկ մեր եղբայրը, մէկ ուրիշի որդին, երրորդի ընկերը կը լրացնեն մեր տեղը շարքում եւ կը շարունակեն յուսալիօրէն պաշտպանել մեր երկիրը:

 

«Հայ զինուոր»

Share this Article
CATEGORIES