Հայրենի Սահմանների Աննկուն Պաշտպանները

ՄՀԵՐ ԱՀԵԱՆ

bashdbanՅունուարի 19-ի լոյս 20-ի գիշերը հակառակորդի խափանարարական-հետախուզական խմբի գաղտագողի  յարձակումը յետ մղած ստորաբաժանման մարտական դիրքեր տանող խրամուղին հատելիս առաջնորդող սպաները պատմում էին մարտական գործողութեան տարբեր մանրամասնութիւնների մասին:

Մարտական հերթապահութիւն տանող զինուորական ծառայողների դէմքերին հպարտութեան ու արժանապատուութեան արտայայտութիւն տեսանք, նրանց աչքերում նշմարեցինք հայ զինուորին բնորոշ ոգու արիութիւն:

Նրանց առոյգ պատասխաններից դրական տպաւորութիւնն այլեւս կասկած չի թողնում հայրենիքի պաշտպանների մարտական ոգու եւ հնարաւորութիւնների վերաբերեալ, մանաւանդ` նախօրէին դիրքերից մէկում հակառակորդի խափանարարական-հետախուզական խմբին արժանի հակահարուած տալու համայնապատկերի վրայ:

Մինչեւ դիրքեր հասնելը, ճանապարհին, դէպքը հետաքննող սպաները մտքեր էին փոխանակում` անդրադառնալով դասակի հրամանատարի, աչքի ընկած առանձին զինուորական ծառայողների գործողութիւններին: Հիմա արդէն տեղում այդ պատմութիւններն առարկայանում են, իւրաքանչիւր դիրքապահ, հակառակորդի խափանարարական-հետախուզական խմբին հակահարուած հասցրած զինուորական ծառայող, պատմում է իր արածի ու տեսածի մասին: Ափսոս, որ նոյնն անել չի կարող կրտսեր տասնապետ Արմէն Յովհաննիսեանը, որը լսել էր հակառակորդի` խլացուցիչով զէնքից արձակուած գնդակի սուլոցը եւ անմիջապէս զեկուցել դասակի հրամանատար Սարգիս Թանանեանին: Սակայն, աւելի ուշ, երբ իր զինակից ընկերները շրջանաձեւ պաշտպանութիւն էին բռնել, կրտսեր տասնապետ  Ա. Յովհաննիսեանը զոհուեց` ապացուցելով, որ ներկայ սերունդը եւս պատրաստ է արեան գնով պաշտպանելու հայրենիքը:

Ինչպէս ցոյց տուեց դէպքերի ընթացքը, դասակի հրամանատարը ճիշդ որոշում էր կայացրել` հրամայելով շրջանաձեւ պաշտպանութիւն բռնել եւ հուժկու կրակով դիմաւորել թշնամուն: Անձամբ աւագ տեղակալ Ս. Թանանեանը ձեռքի նռնակներ է նետել հակառակորդի ուղղութեամբ եւ նկատել  նրա շարքերում ծայր առած իրարանցումը: Իսկ գնդացրորդներ, շարքայիններ Արսէն Յովհաննիսեանը եւ Էդիկ Դադամեանը մէկ այլ ուղղութեամբ անհրաժեշտ կրակային պատնէշ են ստեղծել հակառակորդի առաջխաղացման դէմ: Արիաբար են գործել նաեւ նռնակաձիգ, շարքային Մխիթար Վարդանեանը, շարքայիններ Նորայր Մկրտչեանը եւ Սասուն Յակոբեանը: Նրանք, իրաւամբ, հաւատարիմ են մնացել իրենց զինուորական երդմանը եւ չեն ընկրկել  թուաքանակով ու սպառազինութեամբ գերակշռող ուժերով ու գաղտագողի յարձակուած թշնամու առաջ:

Ուշագրաւ էր նաեւ, որ հերոսութիւն կատարած զինուորական ծառայողներն աւելի շատ ու հաճոյքով պատմում էին զինակից ընկերների գործողութիւնների, արիասիրտ պահուածքի մասին: Դասակի հրամանատարը բազմիցս նշեց, որ գնդացրորդ Արսէն Յովհաննիսեանն այդ օրը մեծ գործ է կատարել` հակառակորդին փախուստի մատնելու եւ կրակային հետապնդում իրականացնելու համար: Շարքային Է. Դադամեանը, նռնակաձիգ Մ. Վարդանեանը, շարքայիններ Ս. Յակոբեանը եւ Ն. Մկրտչեանը հիացմունքով են պատմում  մէկը միւսի մասին, գնահատում զինակից ընկերների` ստեղծուած իրավիճակից ելք գտնելու վճռակամութիւնը, հակառակորդին յետ շպրտելու համատեղ ջանքերը, հայրենիքի սահմանները պաշտպանելու անկոտրում կամքը եւ այդ ծայրայեղ պայմաններում հանդէս բերած կամային որակները: Բոլորն էլ գիտակցում են, որ իրենց հմուտ ու կազմակերպուած գործողութիւններով ոչ միայն խափանել են հակառակորդի հերթական լկտի սադրանքը, այլեւ ցոյց են տուել, որ հայ զինուորը հայրենիքի սահմանները պաշտպանում է  վստահաբար, աչալրջօրէն ու երբեւէ  թոյլ չի տայ, որ թշնամու ոտքը պղծի մեր սուրբ հողը… Այն սրբացաւ կրկնակի, քանզի աւագների արեանը խառնուեց մերօրեայ ժամկէտային զինուորական ծառայողի  արիւնը: Դէպքերի մասնակիցների վկայութեամբ, թշնամին բազմակի կորուստներ է ունեցել: Հակառակորդի առաջնագծի սպաների ռատիոխօսակցութիւններն են լսուել, որտեղ նրանք տրտնջում էին, թէ Պաքուից յատուկ նշանակման խումբ է եկել, ապարդիւն խառնաշփոթ գցել եւ ամօթահար  հեռացել, հիմա վրէժի ցասումն իրենց գլխին է թափուելու…

Դիրքում նախօրէի մարտերի հետքերը տեսանելի էին: Նռնականետից, գնդացիրներից ու ինքնաձիգներից բուռն կրակոցները խրամատների եւ դիրքի սպասարկման շինութիւնների պատերին բազմաթիւ հետքեր են թողել… Դիրքային մարտերն այս եւ հարեւան խրամատների ուղղութեամբ շարունակուել են երկար, մինչեւ խափանարար-հետախուզական խմբի ճողոպրելը: Տղաներն ասում են, որ ոսոխը արժանի պատիժ կրեց ու դաս ստացաւ: Իսկ դիրքապահ տղաներն էլ, փաստօրէն, մարտական մկրտութիւն ստացան: Այսուհետ նրանք աւելի հմտօրէն ու ներդաշնակ  են գործելու, որպէսզի հակառակորդի ոչ մի խափանարար ծլկելու հնարաւորութիւն չունենայ:

Նորից ու նորից լսում եմ գործողութեան մասնակից սպայի ու զինուորների ձայնագրութիւնները, իմ աչքի առաջ ամբողջանում է յունուարի 19-ի լոյս 20-ի մարտագործողութեան պատկերը, երբ ժամկէտային զինուորական ծառայողները դասակի հրամանատարի գլխաւորութեամբ չեն կորցրել ոգու արիութիւնը եւ կատարել են իրենց պարտականութիւնները, իսկ  կրտսեր տասնապետ Արմէն Յովհաննիսեանը` նաեւ իր արեան գնով, պաշտպանել  հայրենիքի սահմանը, փաստելով, որ մեր ազատագրական պայքարի հերոսների ու նահատակների ազգանուէր գործի արժանի հետեւորդներն ու շարունակողներն են…

 

«Ազատ Արցախ»

 

Share this Article
CATEGORIES