Դաշնակցական Երիտասարդները Կը Բողոքեն Մինսքի Խմբակի Համանախագահներուն Դիրքորոշումին Դէմ
Այսօր ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահները Երեւանի մէջ հանդիպումներ պիտի ունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ: Այս առիթով դաշնակցական երիտասարդները բողոքի ցոյց պիտի կատարեն արտաքին գործոց նախարարութեան առջեւ` զինադադարի խախտման համար հայկական եւ ազրպէյճանական կողմերը հաւասարապէս մեղադրելու Մինսքի խմբակի դիրքորոշումին դէմ:
Ստորեւ` այս առնչութեամբ հրապարակուած յայտարարութիւնը:
Վերջերս հայ-ազրպէյճանական սահմանին տեղի ունեցող միջադէպերը եւ դրանց վերաբերեալ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանութիւնները մտահոգութիւնների տեղիք են տալիս: Ազրպէյճանական զինուժի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետեւանքով մարդկային կորուստները, ինչպէս նաեւ Ազրպէյճանի իշխանութիւնների ընդգծուած հակահայկական եւ ռազմատենչ յայտարարութիւնները ԵԱՀԿ Մինսքի խմբի կողմից չեն արժանանում համարժէք գնահատականի: Աւելին` Մինսքի խմբի համանախագահների կողմից ազրպէյճանական կողմի գործողութիւնների դիտարկումը հաւասարութեան սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղութեան հաստատմանը, այլեւ խրախուսում եւ միեւնոյն ժամանակ հնարաւորութիւն է տալիս Ազրպէյճանին շարունակելու իր ապակառուցողական եւ տարածաշրջանի ապակայունացման քաղաքականութիւնը:
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսքի խմբից` վերջ տալ կեղծ հաւասարութեան քաղաքականութեանը եւ համապատասխան գնահատական տալ Ազրպէյճանի կողմից պարբերաբար սանձազերծուող նախայարձակումին:
Փետրուարի 5-ին` ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան շէնքում տեղի է ունենալու արտաքին գործերի նախարարի եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հանդիպումը, որի կապակցութեամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը նախատեսում են բողոքի ցոյց: Ցոյցը տեղի կ՛ունենայ արտաքին գործերի նախարարութեան շէնքի դիմաց`ժամը 11:30-ին:
Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններին` անկախ քաղաքական դիրքորոշումից եւ մօտեցումներից, միանալ բողոքի ցոյցին եւ միասնական դիրքորոշում արտայայտել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կեցուածքի վերաբերեալ:
ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ
Երեւան 4 փետրուար, 2014

