Յո՞ Երթաս, «Ապահով Հայաստան». Ամէն Օր Հայաստանից Հեռանում Եւ Չի Վերադառնում 90 Մարդ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակել է 2013 թուականի հանրապետութեան ընկերային-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները: Համաձայն պաշտօնական տուեալների, 2013-ին Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել աւելի քան 31 հազար քաղաքացի: Սա նշանակում է, որ ամէն Աստուծոյ օր «ապահով Հայաստան»-ից (Սերժ Սարգսեանի նախընտրական կարգախօսն էր մէկ տարի առաջ կայացած նախագահական ընտրութիւններում) արտագաղթում է 90 հայ կամ աւելի քան 20 ընտանիք:

Երկրի իրական վիճակը բնութագրող ամէնից առարկայական ցուցիչներից գլխաւորը գաղթն է` քաղաքացիների տեղաշարժը: Սերժ Սարգսեանի նախագահութեան վեց տարիներին, ըստ պաշտօնական տուեալների, Հայաստանից արտագաղթել է շուրջ 213 հազար քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան շուրջ 8 տոկոսը:

Սերժ Սարգսեանը եւ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցութիւնը 2008-ի նախագահական ընտրութիւններում ընտրել էին «Առա՛ջ, Հայաստան», 2012-ի խորհրդարանական  ընտրութիւններում` «Քե՛զ համար, Հայաստան», իսկ 2013-ի նախագահական ընտրութիւններում` «Ապահով Հայաստան» կարգախօսները:

2008-ին Հայաստանից արտագաղթել է աւելի քան 23 հազար, 2009-ին` 25 հազար, 2010-ին` գրեթէ 47 հազար, 2011-ին` շուրջ 44 հազար, 2012-ին` գրեթէ 43 հազար քաղաքացի: Անցնող` 2013-ին, նախորդ երեք տարիների համեմատ արտագաղթի չափերը փոքր-ինչ նուազել են, սակայն 31 հազարը եւս մեծ թիւ է: Դա Հայաստանի բնակչութեան աւելի քան մէկ տոկոսն է:

Եթէ Հայաստանը չունենար թշնամաբար տրամադրուած հարեւաններ, գուցէ արտագաղթի թեման այնքան ցաւալի չլինէր: Առաջիկայ տարիներին Հայաստանը լուրջ խնդիր է ունենալու բանակի համալրման հարցում: Քսանհինգ տարի առաջ` Խորհրդային Միութեան փլուզման նախօրէին,  Հայաստանի բնակչութեան թիւը շուրջ 3,5 միլիոն էր, իսկ Ազրպէյճանի բնակչութիւնը` շուրջ 7  միլիոն: Այսօր Հայաստանի բնակչութիւնը նուազում եւ մօտեցել է 2,5 միլիոնի, իսկ Ազրպէյճանում շուտով կը հասնի 10 միլիոնի:

Հայաստանից շարունակուող արտագաղթի հետ մէկտեղ տեղի է ունենում հանրապետութեան ծերացում: Արտագաղթում է հիմնականում երիտասարդ կամ միջին հասակի աշխատունակ բնակչութիւնը: Որպէսզի հասկանալի լինի, թէ ինչպէս է ծերանում Հայաստանը, բերենք եւս մի քանի վիճակագրական տուեալներ: Այսպէս, եթէ 1989 թուականին` Խորհրդային Միութեան փլուզման նախօրէին, Հայաստանում ծնուել է շուրջ 80 հազար երեխայ, ապա 2013-ին` շուրջ 42 հազար: Ահագնացող չափերով նուազում է նաեւ ամուսնութիւնների թիւը: 2013-ին գրանցուել է ընդամէնը 18 հազար ամուսնութիւն:

Հայաստանի անկախութեան ողջ ընթացքում արտագաղթը դադարել է միայն 2004-2006 թուականներին: Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանում արձանագրւում էր երկնիշ տնտեսական աճ: Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսեանը Հայաստանի տնտեսական աճը որակել էր «շինարարական փուչիկ»` առաջ բերելով երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի հրապարակային զայրոյթը: Անկախ Քոչարեանի հանդէպ վերաբերմունքից, փաստ է, որ նրա նախագահութեան տասը տարիներից երեքում ոչ միայն դադարել է արտագաղթը, այլ գրանցուել է ներգաղթ: 2004-ին Հայաստան է վերադարձել աւել քան 2 հազար, 2005-ին` գրեթէ 13 հազար, 2006-ին` շուրջ 22 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, այդ երեք տարիներին տուն է վերադարձել շուրջ 37 հազար մարդ:

Քոչարեանի նախագահութեան միւս եօթ տարիներին Հայաստանից արձանագրուել է արտագաղթ, ճիշդ է` շատ աւելի փոքր ծաւալներով: 1998-ին արտագաղթը կազմել է 24 հազար, 1999-ին` 7 հազար, 2000-ին` աւելի քան 57 հազար, 2001-ին` աւելի քան 60 հազար, 2002-ին` գրեթէ 3 հազար, 2003-ին` 10 հազար: 2004-2006 թթ. շուրջ 37 հազար ներգաղթից յետոյ 2007-ին` Քոչարեանի նախագահութեան վերջին տարում Հայաստանից արտագաղթը կազմել է ընդամէնը 3 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, Քոչարեանի նախագահութեան տասը տարիներին Հայաստանից արտագաղթը կազմել է գրեթէ 130 հազար: Սերժ Սարգսեանի նախագահութեան վեց տարիներին, ըստ պաշտօնական տուեալների, Հայաստանից արտագաղթել է շուրջ 213 հազար քաղաքացի:

Որքա՞ն է կազմել արտագաղթը առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան տարիներին` 1992-1997 թուականներին: Տէր Պետրոսեանը ընտրուել է 1991-ի հոկտեմբերին, իսկ պաշտօնը ստանձնել` նոյեմբերի կէսերին, հետեւաբար` 1991 թուականի եւ դրան նախորդող տարուայ տուեալները կը ներկայացնենք առանձին:

1992-1997 թուականներին Հայաստանից արտագաղթը կազմել է 586 հազար, ինչը չափազանց մեծ թիւ է: Սակայն պէտք է նկատի ունենալ, որ արտագաղթի նման ծաւալները պայմանաւորուած էին ոչ միայն այն հանգամանքով, որ Հայաստանը պատերազմի, մթի ու ցրտի տարիներն էր ապրում, այլ նաեւ նրանով, որ արտագաղթածների մի ստուար հատուած Հայաստանի քաղաքացիներ չէին: Նրանք Խորհրդային Ազրպէյճանից մազապուրծ փրկուած հայեր էին, որոնք ժամանակաւոր ապաստան գտան Հայաստանում, սակայն հետագայ մի քանի տարիներին հեռացան հանրապետութիւնից, հիմնականում` Ռուսաստան:

1990-ին Հայաստան ժամանածների եւ Հայաստանից հեռացածների յարաբերակցութիւնը կազմել է 376 հազար: Այսինքն այդ տարուայ ընթացքում Հայաստանի բնակչութիւնն աւելացել է 376 հազարով: Մէկ տարուայ ընթացքում, անգամ ամենաբարձր ծնելիութեան պայմաններում, չէր կարող բնական աճը կազմել  376 հազար: Այս թուի մէջ աւելի քան 300 հազարը Ազրպէյճանից արտաքսուած հայութիւնն է: 1991-ին Հայաստանից արտագաղթել է շուրջ 300 հազար մարդ: Այսպիսով, Ազրպէյճանից ստիպողաբար Հայաստան տեղափոխուած հայութիւնը գրեթէ ամբողջութեամբ լքեց հանրապետութիւնը:

Հայաստանում արտագաղթի ամենամեծ ծաւալը գրանցուեց 1992-1994 թուականներին, որոնք ճշգրտօրէն համընկնում են արիւնալի պատերազմի, ցրտի ու մթի տարիներին: 1992-ին Հայաստանից հեռացել է աւելի քան 228 հազար, 1993-ին` 141 հազար, 1994-ին` գրեթէ 128 հազար քաղաքացի: Պատերազմի աւարտից յետոյ արտագաղթի ծաւալները կտրուկ նուազեցին: 1995-ին Հայաստանից արտագաղթել է աւելի քան 37 հազար, 1996-ին` աւելի քան 20 հազար, 1997-ին` աւելի քան 31 հազար:

Հայաստանի եւ սփիւռքի օրակարգի թիւ մէկ խնդիրը պէտք է լինի արտագաղթի թեման: Անգամ 2015-ի Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի տարում համայն հայութեան թիւ մէկ թեման պէտք է լինի արտագաղթը եւ դրա առաջն առնելու որոնումները: Եթէ 2015-ին Հայաստանը  կարողանայ դադարեցնել արտագաղթը, ապա դա կը լինի մէկուկէս միլիոն նահատակների յարգանքի տուրքը:

Ես այդպէս եմ մտածում: Իսկ ի՞նչ էք մտածում դուք:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )