«Ղարաբաղում Ինչ Տեսնում` Նկարում Էինք, Վաւերագրում» Կ՛ըսէ Սամուէլ Թադեւոսեան

Samvel«Երկիր»-ը հարցազրոյց մը կատարած է բեմադրիչ, նկարիչ, վաւերագրող Սամուէլ Թադեւոսեանի հետ, որ Արցախեան ազատագրական պայքարին ընթացքին կատարած իր նկարահանումներու հիման վրայ պատրաստեց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը:

Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը:

Հ.- Երբ սկսուեց արցախեան ազատամարտը, դուք նոր էիք աւարտել շարժապատկերի եւ թատրոնի հիմնարկը եւ աշխատում էիք «Հայֆիլմ» սթիւտիոյում: Փաստօրէն, պատերազմի առաջին իսկ օրերից դուք դարձաք դաշտային նկարիչ. մինչ օրս ձեր նկարները հաւաքում, հաղորդաշարեր էք վարում: Կը պատմէ՞ք, թէ ինչպէ՛ս սկսուեց…

Պ.- Դէ, ի՞նչ կայ պատմելու: Շատերի նման ամպագորգոռ բաներ չեմ ասի: Պարտքի գիտակցութիւն կար, համակարգ էինք մեզանից ներկայացնում, գաղափար կար, որի յետեւից կրնկակոխ գնում էինք: Նախկին համակարգը քանդուել էր, երբ սկսուեց արցախեան շարժումը, ու շատերի նման` Արաբոյի Ռուբոյի, Շաւոյի, Վարդանների, շատ նկարողների պէս ես էլ մտածեցի, որ էս փառաւոր օրերը պիտի յանձնենք ժապաւէնին: Ես մասնագիտութեամբ բեմադրիչ եմ` Մանարեանի դասընթացքն եմ աւարտել: Ի դէպ, ես եւ Գորգիսեան Մոսոն նոյն դասընթացքում ենք եղել: Սկզբից, երբ գնացի Արցախ, պարէտային ժամ էր յայտարարուած Ղարաբաղում: Այն ժամանակ ծածուկ էինք գնում, պատահել է, որ նոյնիսկ առանց անձնագրի ենք գնացել: Լուսանկարներ էինք անում, սկզբից` ղարաբաղեան հանրահաւաքները, յետոյ սեփական միջոցներով ձեռք բերեցի տեսախցիկ, եւ դա մեծ ուրախութիւն էր: Ինչ տեսնում` նկարում էինք, վաւերագրում: Կրկնում եմ` մենակ չեմ եղել, բայց անցնելով պատերազմի ողջ ընթացքը` գրեթէ բոլոր ճակատներում եղել եմ, բացի Շահումեանից, որը տեսնելու բախտ չվիճակուեց, հանգամանքները չտարան այնտեղ: Հսկայական արխիւ հաւաքուեց` կենցաղ, գունդ, պատերազմական իրավիճակ, յաղթանակներ, պարտութիւններ, լաց, ուրախութիւն, մայրեր, սուգ, թաղում եւ այլն: Հետագայում միտք ծագեց մի շարք ստեղծել, որում կը կարողանանք անմահացնել մեր նահատակների սխրանքները, կենսագրութիւնը եւ նրանց թողած խորհուրդը, պատգամը փոխանցել մեր օրերը: 6 տարի յետոյ` 2000-ին, ներկայացրեցի 2 աշխատանք` «Մովսէս Գորգիսեան» եւ «Հրազդանի Աբոն» վաւերագրական ժապաւէնները: Այն ժամանակուայ ազգային հեռուստատեսութեան գեղխորհուրդը հաւանութիւն տուեց, եւ ծրագիրը սկսեցի: 4 տարում ծնուեց 15 ժապաւէն, մենք կարողացանք նուազագոյն միջոցներով 15 ժապաւէն ստեղծել, որից յետոյ, կարծես, չզգացուեց այդ անհրաժեշտութիւնը: Ես ստիպուած` դուրս եկայ Հ1-ից , 3 տարի ոչինչ չծնուեց: 2007-ից վերսկսեցինք շարքը, 15 ժապաւէն եւս թողարկուեց: Այժմ 30 ժապաւէն կայ` «Խոնարհ հերոսներ» խորագրով: Նախկինում շատ հեռուստաալիքներ ժապաւէնների ցուցադրութեան համար դիմում էին ինձ, որ թոյլ տամ աշխատանքները ցոյց տան, իսկ հիմա հակառակն է` ինձանից գումար են պահանջում ժապաւէնները հեռարձակելու համար:

Հ.- Մտածե՞լ էք` ո՛րն է պատճառը:

Պ.- Կարծում եմ` ինչ-որ բարոյական բաներ խարխլուել են, բայց ուրախութեամբ նշեմ, որ Հայաստանում դեռ կայ մի հեռուստաընկերութիւն, որը հեռարձակում է այդ ժապաւէնները, դա «Երկիր Մետիա»-ն է:

Հ.- Կարծեմ` լիամեթրաժ ժապաւէն էլ էք հեղինակել:

Պ.- Այո,  «Հայֆիլմ» սթիւտիոյում իմ 2 բեմագրութիւնները հաւանութեան արժանացան, եւ 2006-ին նկարեցի «Չկրակուած փամփուշտներ» ժապաւէնը, որը պատմում է տաղանդաւոր գրող Աղուան Մինասեանի պատանեկան տարիների եւ անցած մարտական ուղու մասին: Ինձ բախտ է վիճակուել մասնակցել եւ նկարահանել ղարաբաղեան պատերազմական գրեթէ բոլոր գործողութիւնները` ընդհուպ մինչեւ Լաչինի ազատագրումը: Այդ գործողութեանը Սիսիանի ջոկատն էր մասնակցում, որի հետ ես` իմ տեսախցիկով եւ իմ հրամանատար Դուշման Վարդանի հրամանատարութեան ներքոյ, երջանկութիւն ունեցայ մտնելու Լաչին: Շատ ուրախ եմ, որ այդ փառաւոր օրն իմ վաւերանիւթերում կայ, եւ արդիւնքը եղաւ այն, որ այդ նիւթերի հիման վրայ, դժուարութեամբ, բայց կարողացայ ժապաւէն պատրաստել: Անցած տարի Երեւանում տեղի ունեցաւ ժապաւէնի առաջին ցուցադրութիւնը: Յետոյ ժապաւէնը ցուցադրեցի Արցախում, Մոսկուայում, Ժընեւում, Պէյրութում, Տուպայում: Այդ ժապաւէնը, կարծում եմ, ուղղակի ժապաւէն-տարեգրութիւն է:

Հ.- Ձեր ամբողջ արխիւը պահպանուե՞լ է:

page-8-5Պ.- Հետապնդումները նաեւ իմ դուռը բախեցին: Փաստօրէն, վայրը, որտեղ գտնւում էր այդ շրջանի իմ արխիւը, յարձակման ենթարկուեց: Դա 1994 թուականն էր: Արխիւս գտնւում էր ՀՅԴ ԿԿ-ի շէնքում: Սէյֆը, որտեղ պահում էի հում նիւթերս, 2-րդ յարկից առաջին յարկ էին շպրտել, եւ շատ բան փշրուել էր: Բռնագրաւուեց էդ արխիւը, տեսախցիկս կոտրուեց, շատ բաներ կորցրեցի: Այդ ժամանակ նոյնիսկ դիմեցի նախագահին` ասացի` կարելի է չյարգել ինձ եւ իմ աշխատանքը, բայց դրանք հայ ժողովրդինն են, կարեւոր չէ` ով է արել, ինձանից լաւերը թաղուած են, նոյնիսկ եթէ չէք վերադարձնում, ուղղակի բարի աչքի տակ պահէք, դա մեր տարեգրութիւնն է, որովհետեւ ես ուղղակի կռիւ եմ նկարել` Մահմետպէյլիի կռիւը, Զանգելանի, Սէյտահմետլի, որտեղ վիրաւորուեց Մուրատը: Դիւրին չէր մարտի դաշտում նկարահանումներ կատարելը: Առասպելական Պետոն եւ Դուշման Վարդանը նոյնիսկ ինձ պաշտպանելու համար թիկնապահներ էին նշանակել, ասել էին` ինքը զգօն չի, կռուի ժամանակ կողքին եղէք: Ես Ֆիզուլու շրջանում նկարել եմ հրասայլային գրոհ` մերոնք ոնց էին գրոհում, այսինքն, իմ կարծիքով, հրաշալի նիւթ, որի մի մասը յետ չեկաւ, աւելին ասեմ` մեծ մասը դիտմամբ կոտրուած էր եղել, անփոյթ վերաբերմունք էր եղել: Ես երկար վերականգնողական աշխատանքներ արեցի, ինչը թոյլ տուեց ժամանակակից արհեստագիտութիւնը: Ըստ իմ ցուցակի, 30-40 տեսերիզ յետ չեկաւ, որոնց մէջ կային թանկարժէք նկարներ: Դրանք համարում եմ կորած կամ պինդ պահած մի անկիւնում, կարող է` մի օր լոյս աշխարհ գան: Նոյնիսկ Քրիստոսը չկարողացաւ աշխարհը փրկել, ես ո՞նց փրկեմ:

Հ.- Ի՞նչն է այսօր խանգարում, որ հեռուստաընկերութիւններն աւելի շատ ուշադրութիւն դարձնեն այս թեմային: Անցած 20 տարուայ ընթացքում մատների վրայ կարելի է հաշուել բնական արտադրանքը, բայց անհաշուելի են անբնական երեւոյթները:

Պ.- Մենք համընդհանուր արշաւի մէջ ենք, մեր վրայ մշակութային յարձակում է հիմա` բոլոր ճակատներում, այդ թւում` մշակոյթի ոլորտում: Հիմա ես նայում եմ այդ անճաշակ, նոյնիսկ ամօթալի սերիալները եւ մանրապատումները, որոնք իբր երգիծական են համարւում, ես էլ եմ ամաչում: Կարծում եմ` ես էլ եմ մեղաւոր, բայց չեմ բացառում, որ կարող է ներքին հրահանգ լինել` ներքին պահանջ են ստեղծել, որ մեզ ցածրաճաշակ գործերով բարոյալքեն, սա է խնդիրը, որովհետեւ մեզ տեսնում են որպէս կերակուր, որպէս հող, որը կարելի է նուաճել եւ օգտագործել ուրիշ գործեր անելու համար: Եթէ համեմատենք ներկայիս եւ 20 տարի առաջուայ հայ մարդու հոգեկան սանդղակները, մենք բաւական յետ ենք նահանջել, պատճառը հէնց դա է, որ մեր բարոյական ամրանն է խարխլուել: Գալիս են, մարդկանց խաբում են` մէկին մեքենայ են տալիս, մէկին` պաշտօն, միւսին` քաղցր բլիթներ, եւ նրանք համաձայնում են «վարակուել» այդ օտարածին «արուեստով»: Այդ խնդիրն է դրուած` իջեցնել սանդղակը, որովհետեւ բարձր ճաշակ ունեցող մարդը յաւակնոտ է: Դա հին գործելաոճ է, մեզ քայքայում են, որ աւելի հեշտ լինի յետոյ տիրել: Ինչո՞ւ փող տան փամփուշտին ու հրասայլին: Բայց ես վստահ եմ` նրանք, ովքեր սրտով չեն վերաբերւում մեր երկրին, մեր հայրենիքի բախտը նրանց ձեռքերում չէ, բախտը նուիրեալ որդիների ձեռքերում է: Այդ սերունդը կայ, պահում է հայրենիքի սահմանները: Ես անուղղելի լաւատես եմ եւ գիտեմ, որ մենք լաւ օրերի, բարոյական բարձր մակարդակի ենք հասնելու: Մեզանից հեռացնելու ենք օտար մօտեցումները, ապրելաձեւը եւ վերագտնելու ենք մեր դիմագիծը` հային յատուկ մեր ասպետական դիմագիծը:

Share this Article
CATEGORIES