Ինչպէ՞ս Դառնալ Ուժեղ

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Սարդարապատ կոչուող եւ Հոկտեմբեր վերանուանուած կիսակայարանի շուրջ նոր-նոր կառուցուող քաղաքը ռազմական քարտէզի վրայ կիսաանապատային, անկենդան տարածք էր նկարուած, եւ հարբեցողութեան մեղքով պատժուած կապիտան Ռագոզինին աքսորողներն աւելի յարմար բնակավայր չէին կարող յօրինել: Նրանք ի՛նչ իմանային, որ ռուս վերջին ցարի օրօք կազմուած ռազմական քարտէզի անապատային այդ հատուածում խաղողի անծայրածիր այգիներ էին յայտնուել: Նրանք ինչ իմանային, որ այդ տարածքի հողերը աներեւակայելի պտղաբեր էին եւ բերրի. մատդ էլ թէ տնկէիր ու ջուր տայիր` կը բուսնէր, ծիլ կը  տար: Եւ, ուրեմն, հարբեցողութեան համար պատժուած կապիտան Ռագոզինը ուղղակի մօր փորն էր ընկել` մoր ծիծը բերանում:

Որսի շան հոտառութիւն ունէր կապիտան Ռագոզինի ձին. ոտքերը չռած` մեխւում էր որեւէ տան դիմաց, որտեղից գինու հոտ էր առնում, փնչացնում էր, վրնջում, մինչեւ տանտէրը, ճարահատեալ, մի թաս գինի էր դուրս բերում: Գինու համը եթէ դուր էր գալիս, Ռագոզինը երկրորդն էր պահանջում, երրորդը, եթէ չէր հաւանում, թասը երկինք էր շպրտում ու մտրակն օդում շվշուացնելով քրքջում էր, երբ ընկնող ու գինու ցփոններ անձրեւող թասը խփուած ճնճղուկի պէս հողին էր զարկւում:

– Պազո՛ր,- բղաւում էր նա,- տի ժէ արմեանին, բլեած, տի ժէ նէ տուրոկ…

(Խայտառակութի՜ւն,- բղաւում էր նա, չէ՞ որ դու հայ ես, ապուշ, դու հո թուրք չես…):

Խոտանուած գինի հրամցնող տան դիմաց նրա ձին երկրորդ անգամ չէր չռում ոտքերը, իսկ եթէ չռում էր, ապա միայն միզելու համար: Միզում էր հուժկու շիթով` փոս գցելով փողոցի տափանած գետինը, եւ մինչ փրփրակալած փոսորակը կը ցամաքէր, Ռագոզինը յորդորում էր տանտիրոջը համտեսել ձիու մէզը եւ համոզուել, որ հրամցուած գինին նոյն համն ունի: Վիրաւորական էր, ի հարկէ, բայց նաեւ տնաքանդութիւն էր անարատ գինին կամովին լցնել առաւօտները փսկած, երեկոները տռզած Ռագոզինի անյագուրդ փորը: Մէկը մէկից օրինակ վերցնելով` մեր թաղի բոլոր գինետէրերը Ռագոզինի համար նախատեսած գինու մէջ սկսեցին ջուր խառնել` անձրեւի, առուի, ջրհորի` ինչ պատահէր:

Փողոցի փոսորակներն աւելացան, Ռագոզինի ձին դարձաւ անզուսպ շռռան ու մոլորուեց իր իսկ մեզի հոտերի մէջ: Աստիճանաբար նա կորցնում էր հոտառութիւնը եւ աւելի յաճախ վրիպում, քան` խփում ճիշդ նպատակակէտին: Եւ մի օր հոտառութիւնը ի սպառ կորցրած Ռագոզինի ձին ոտքերը չռեց մեր տան դիմաց: Փնչացրեց, վրնջաց, ետեւի ոտքերին ելաւ եւ այն է` պիտի արշաւէր մեր տան վրայ, երբ դարպասի բացուածքում յայտնուեց կարճահասակ հայրս: Ձեռքին գինու թաս չկար: Իր առաքելութիւնն աւարտած ձին խաղաղուեց, չորս ոտքի վրայ կանգնեց` փնչալու, վրնջալու հերթը փոխանցելով հեծեալին:

– Մենք գինի չունենք,- ասաց հայրս:

– Տի չտօ՞,- ապշեց Ռագոզինը,- իզդիվա՞եշսեա՞:

(Դու ի՞նչ է,- ապշեց Ռագոզինը,- ձեռ ես առնում):

– Չունենք,- կրկնեց հայրս,- մենք թան ենք խմում:

– Տի, բլեած, ժալեյեշ վինա պոբեդիտելյու վայնի՞… Էտոյ տուոյ դոլգ դած վինոյ Ռագոզինու:

(Դու, ապո՛ւշ, ափսոսո՞ւմ ես գինին պատերազմի յաղթողի համար, դա քո պարտքն է գինի տալ Ռագոզինին:

– Դու գերմանացուն ես յաղթել,- հանգիստ ասաց հայրս,- նա է պարտաւոր քեզ գինի տալ: Տեղին է, – ասաց հայրս ռուսերէն,- չէր խանգարի, որ ինձ էլ տար: – Գօտկու տակից նա դուրս քաշեց շապիկի փէշերը ու բարձրացրեց այնքան, որ մերկացած փորի վրայ երեւար վիրահատութեան երկար, որդանման սպին:

Ռագոզինը ցած թռաւ ձիուց, շորորալով հասաւ հօրս ու խուտուտ առաջացնող նրբութեամբ ցուցամատը քսեց վիրահատութեան երկար ու որդանման հետքին: Յետոյ գօտկատեղից իր շապիկի փէշերը հանեց, բացեց փորը, որի վրայ վիրահատութեան ճիշդ նոյն երկար ու որդանման սպին էր պսպղում: Տարբերութիւնն այն էր, որ հօրս սպին կարծես անցնում էր անտառով, իսկ Ռագոզինի փորը համատարած տափաստան էր:

– Սմոտրի կակոյ օդինակովիյ պոչերկ,- հիացաւ Ռագոզինը:- Տի պոմնի՞շ ֆամիլիյու դոկտորա…

(Տե՛ս` որքան նոյն ձեռագիրն է,- հիացաւ Ռագոզինը:- Դու յիշո՞ւմ ես դոկտորի ազգանունը):

– Չէ՜,- ասաց հայրս:- Բայց դէմքը յիշում եմ: Քանի դեռ նրա մատները գնդակ էին փնտռում իմ աղիքներում, ես նրա դէմքին էի նայում… Ակնոցաւոր էր, ակնոցի ապակիները քրտնում էին, իսկ ճակատի ձախ մասում դօդօշի գլխի մեծութեան խալ կար: Դօդօշի էլ մաշկ ունէր խալը…

– Բրատ տի մոյ,- յայտնագործութեան հաճոյքից ճչաց Ռագոզինը,- էտոյ ժէ Օսիպ Մոիսէյիչ… Ցարստվօ եմու նեբեսնոյէ… Ռաստրելեալի սուկի… Զա չտո՞… Սկաժի մնէ, զայ չտո՞… Ա պոչեմու վի` արմիանէ նէ լիւբիծէ եւրէյեւ… Վի ժէ օչեն պոխոժէ…

(Դու ի՞նչ է,- զարմացաւ Ռագոզինը,- դու չե՞ս վախենում, որ իմ ձին կը հասցնի որ պէտք է: Կամ` թռչունը):

Ընկուզենուց իջած կաչաղակը նստեց հօրս ուսին, կչկչաց ու մի փետուր բաց թողնելով` կրկին ծառը ելաւ: Հօրս թուաց, թէ կաչաղակը ծռտել է ուսին: Փետուրը ձեռքն առաւ, աւլեց ուսը:

– Մենք միայն թուրքին չենք սիրում,- ասաց հայրս,- իսկ հրեաներից նեղացած ենք, ինչպէս եւ` գերմանացիներից, անգլիացիներից, եթէ կ՛ուզես` ձեզանից էլ…

– Տի չտօ՞,- զարմացաւ Ռագոզինը,- տի նէ բայիշսեա՞յ չտօյ մոյ կօն դոնիսեօտ կուդայ նադոյ: Իլի սորոկայ:

(Դու ի՞նչ է,- զարմացաւ Ռագոզինը,- դու չե՞ս վախենում, որ իմ ձին կը հասցնի ուր պէտք է: Կամ` թռչունը):

– Վախենում եմ,- խոստովանեց հայրս,- բայց ճիշդ խօսքը որ գալիս է լեզուիդ, պիտի ասես, կուլ չտաս…

– Նէ բալտայ, բրատ, տի մնէ նռաւիշսեայ, նոյ պոչեմո՞ւ ու տեբեա նետ վինայ:

(Աւելորդ մի՛ խօսիր, եղբայր, դու ինձ դուր ես գալիս, բայց ինչո՞ւ դու գինի չունես):

Հայրս, առանց հաշուելու, գրպանում ունեցած փողը տուեց ինձ, աչքով հասկացրեց, որ հարեւան Սաքոյի տուն գնամ ու գինի բերեմ:

– Կ՛ասես` մեզ համար է,- պատուիրեց հայրս ու Ռագոզինին տուն հրաւիրեց: Ձին, թիկնապահի նման, հետեւեց Ռագոզինին եւ դոփդոփեց մեր բակում` վախեցնելով յատկապէս այն հաւերին, որոնք, ուր որ է, ձու պիտի ածէին: Մէկը նոյնիսկ, դուրս փախաւ դռնակը կիսաբաց հաւաբնից ու ձուն ածեց ճանապարհին: Ռագոզինի ձիուն շատ հետաքրքրեց հաւի քամակից դուրս պրծած ողորկ այդ ճերմակութիւնը, եւ նա սմբակի տակ գցեց, ճխլեց տաքուկ հաւկիթը:

– Գրուբիյան,- ձիուն նախատեց Ռագոզինը,- չտո՞յ տի սեբեայ պոզուոլեայեշ…

(Լկտի՛,- ձիուն նախատեց Ռագոզինը,- դու այդ ի՞նչ ես քեզ թոյլ տալիս…):

Ընկուզենու տակ յարմարեցուած սեղանի մօտ նստելով` Ռագոզինը հայեացք գցեց մինչեւ տանիք հասնող կանաչ վազերին, խակ, բայց արդէն կազմաւորուած ողկոյզներին եւ մի պահ հիասթափուեց հօրիցս: Բայց հայրս շտապեց բացատրել, որ դրանք սեղանի, ուտելու տեսակից են, որ դրանք չեն ճզմւում ու չեն վերածւում գինու: Եւ մինչ ես Սաքոյի մառանում կարասից գինի էի լցնում հետս տարած դոյլը, հայրս պատմութեան գիրկն ընկած` պարծենում էր, որ իր նախահայրերը հարիւր եւ աւելի տեսակ խաղող են աճեցրել Արարատեան կոչուող այս դաշտավայրում:

– Հիմա, ցաւօք, պակասել է տեսականին, իսկ այ փոխարքայ Վորոնցով Դաշկովի  օրօք հարիւրից աւելին են եղել:

– Ա տի պոչո՞մ զնայեշ,- կասկածեց Ռագոզինը եւ լպստեց շրթները: Նա արդէն նկատել էր, որ հարեւան բակից դէպի մեր բակն է շարժւում գինով լի դոյլը, որի շրթին նստած կաչաղակը մերթ ընդ մերթ կտցում էր գինին ու գլխիկը վեր տնկած` կուլ տալիս արբեցնող հեղուկը:

(Իսկ դու որտեղի՞ց գիտես,- կասկածեց Ռագոզինը…):

– Բեսարաբիայի իր կալուածքում այգի հիմնելիս,- ասաց հայրս,- փոխարքան այնտեղ աքսորուած Ներսէս Աշտարակեցուն խնդրել էր Էջմիածնից բերել տալ հայկական մի քանի խաղողի տեսակ…

– Օն տոժէ բիլ պեանիցէյ,- հարցրեց Ռագոզինը,- էտոտ վաշ Ներսէս…

(Նա էլ էր յարբեցող,- հարցրեց Ռագոզինը,- այդ ձեր Ներսէսը):

– Չէ՜,- խնդաց հայրս,- Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն էր, որ յետոյ պիտի կաթողիկոս օծուէր…

– Կայուս, կայուս (մեղա՜յ, մեղա՜յ),- Ռագոզինը մի քանի անգամ ռուսավարի խաչակնքեց ու բռնակով թիթեղեայ բաժակը խոթեց դոյլը` թեթեւակի հրելով արդէն հարբած, դոյլի շրթին ճօճուող կաչաղակին: – Քիշ-քիշ,- ուշացած հրահանգեց նա: Կաչաղակն արդէն ճռուողում էր ընկուզենու սաղարթում եւ չէր հասկանում, թէ իր կտցած ընկոյզը ինչո՞ւ վայր չի ընկնում: Հարբած էր, կարծում էր` արդէն աշուն է:

– Փոխարէնը,- շարունակեց հայրս,- փոխարքան խոստացել էր հայերին տալ թէյի տնկանիւթ, որ Չինաստանից, թէ Հնդկաստանից էր ստացել: Էջմիածնից ուղարկում են հարիւր տեսակի խաղողի որթատունկ, իսկ փոխարքայի խոստացածը լցնում են խոշոր մի արկղ, բարձում նաւը: Ճանապարհին նաւը, ցաւօք, խորտակւում է եւ մինչեւ օրս էլ Սեւ ծովի յատակին է, իսկ տնկանիւթով արկղը ինքնուրոյն նաւարկելով, բարեյաջող ափ է դուրս գալիս: Վրաց մի իշխան Աստծու կողմից ուղարկուած պարգեւ է համարում ափ ելածը, եւ այդ օրից Վրաստանում տարածւում են թէյի մշակութիւնները:

– Տի սկազոչնիկ, բլեած,- բլբլացրեց Ռագոզինը,- տի տակ ինտերեսնօ ռասկազիւայեշ, չտոյ եա զաբիւայու պռօ վինօ:

(Դու հեքիաթներ պատմում, ապո՛ւշ,- բլբլացրեց Ռագոզինը,- դու այնքան հետաքրքիր ես պատմում, որ ես մոռանում եմ գինու մասին:

– Պատմածս հեքիաթ չէ,- ասաց հայրս,- իրական պատմութիւն է: Ու այս ու նման պատմութիւններն իմանալով է, որ մենք չենք սիրում թուրքերին ու նեղացած ենք հրեաներից, գերմանացիներից, անգլիացիներից, նոյնիսկ` ձեզնից… Մի թիզ ծովափ թէ ունենայինք, մեր տնկանի՞ւթը տեղ կը հասնէր: Միայն տնկանիւթը: Երբ ուզում, փակում են մեր ճանապարհները, երբ ուզում` թալանում են մեր ապրանքը…

– Վոտ էտօ վինօ,- ծպծպացնում էր Ռագոզինը,- Պրելեստ…. Ա վի չտօ, վորոբուշկի՞… Պոչեմո՞ւ օտդալի սվոյի դորոգի ի սվոյի մորեա… Սիլնիմ նադօ բիծ, բրատ… վ էտոմ միրէ կտօ՞ լիւբիտ սլաբիխ…

(Այս գինին հրաշք է,- ծպծպացնում էր Ռագոզինը:- Հրա՜շք: Իսկ դուք ի՞նչ էք այ ճնճղուկներ… Ինչո՞ւ տուեցիք ձեր ճանապարհները ձեր ծովերը… Պէտք է ուժեղ անել, եղբայր… Այս աշխարհում ո՞վ է սիրում թոյլերին…):

– Ոչ ոք,- համաձայնեց հայրս:- Թոյլին ես էլ չեմ սիրում: Թոյլին ամենաշատը խղճում են… Բայց ինչպէ՞ս ուժեղ դառնանք` չգիտեմ:

– Դաննի մոմենտ ի եա նէ զնայու,- խոստովանեց Ռագոզինը:- Կակ ուզնայու, սոոբշչու տեբէ…

(Այս պահին ես չգիտեմ,- խոստովանեց Ռագոզինը: Հէնց որ իմանամ, քեզ կը տեղեկացնեմ):

Ո՛չ հոտառութիւնը իսպառ կորցրած ձին եւ ո՛չ էլ ընկոյզի հասունանալուն սպասող կաչաղակը, հասկանալի է, չէին կարող տեղ հասցնել Ռագոզինի ու հօրս զրոյցի մանրամասները: Այլ ականջ էր պահ մտած մեր բակում: Հօրս վրայ մեղադրանքը հիմնաւորելու համար նախ կապիտան Ռագոզինին էին հրաւիրել ուր որ հարկն է եւ ընթերցել մեր բակում պահ մտած ականջի մատնագիրը: Ռագոզինը ներքուստ հիացել էր մատնագրի ճշգրտութեամբ եւ երեւակայել, թէ նման հազուագիւտ շնորհքով օժտուած ականջը ինչեր կարող էր անել այս աշխարհում: Թիթեռների զրոյցը կարող էր ունկնդրել ու փորձել վերծանել նրանց լեզուն: Կարող էր հպուել հողին ու լսել, թէ ինչեր են կատարւում ընդերքում. որտեղ է ջուր կարկաչում, որտեղ նաւթ գոյեանում եւ որտեղ են կուտակւում երկրին սպառնացող լիցքերը: Հապա տիեզերքից եկող, սովորական ականջի համար անորսալի ձայները… Նրա հիացմունքն աստիճանաբար վերածուել էր ափսոսանքի եւ մեծ կորուստ ապրող մարդու նման արհամարհելով մնացեալ բոլոր մանր ու չնչին վտանգները, յայտարարել էր, որ այդ «ականջը» թէեւ լաւ է լսել, բայց չի տեսել ոչինչ: Կոյր է եղել: Նա լսել է բառեր, բառեր, բայց չի տեսել, թէ ով է արտասանել այդ բառերը:

– Էտօ եա գովորիլ պրօ եւրէյեւ, պրօ նեմցով, պրօ անգլիչան, ի պրօ ռուսկիխ տոժէ… Էտօ եա գովորիլ, չտօ նադօ սիլնիմ բիծ…

(Դա ես ասել եմ հրեաների, գերմանացիների, անգլիացիների եւ ռուսների մասին… Ասելիքս այն է, որ պէտք է ուժեղ լինել)

Հօրս հարկ չէին համարել հարցաքննութեան կանչել, իսկ կապիտան Ռագոզինին այս անգամ աքսորել էին Հեռաւոր Արեւելք, որտեղից, տարիներ անց, հայրս մի երկտող ստացաւ.

«Բրատ տի մոյ,- գրել էր Ռագոզինը,- չտոբի ստած սիլնիմ, նէ նադօ ռազբաւլեած վինօ վոդոյ: Վի ժէ արմեանէ, բլեած…»:

(Եղբայրս,- գրել էր Ռագոզինը,- ուժեղ լինելու համար պէտք չէ գինիին ջուր խառնել, մանաւանդ որ դուք հայ էք…»):

 

 

Share this Article
CATEGORIES